AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2571, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԴԱՐՁ 9 ՏԱՐԻ ԱՆՑ

Նաիր ՅԱՆ

Շատերը կհիշեն 2008 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ողբերգական դեպքը. 120 հոգանոց ստեղծագործական կազմը, որի մեծ մասը երեխաներ էին, հոբելյանական համերգի վերջին փորձն էին անում: Մայիսի 26-ն էր. երկու օրից մեծ շուքով պետք է նշվեր Սարդարապատի հերոսամարտի - Հայաստանի առաջին հանրապետության 90 ամյակները: Բացի բեմական դեկորներից, վեր-ում ամրացված էին 3,5 տոննա կշռով երկաթե սարքավորումներ, որոնք նախատեսված էին հսկայական լուսարձակների համար: Փորձի ժամանակ ուժգին քամի է սկսվում ու 3,5 տոննա կշռով սարքավորումները շուռ տալիս, իսկ ներք-ում երեխաներն ու արտիստներն էին: Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը մի ակնթարթում կողմնորոշվելովՙ մարմնով ծածկում է մի քանի երեխայի ու ընկնող երկաթների հարվածն իր վրա վերցնում: Բոլորն իրար են անցնում, փորձում առաջին օգնությունը ցույց տալ, շտապօգնություն կանչում: Տեղում պարզվում է, որ Արտակ Կիրակոսյանի ոտքն է ջարդվել, ունի նաեւ սալջարդեր, սակայն պարզվում է, որ երեխաներից մեկը, որ Արտակից հեռու է եղել, մահացել է:

2008-ի մայիսի 26-ը Արտակ Կիրակոսյանի կյանքի հունը լիովին փոխել է: Դժբախտ պատահարի պատճառով Արտակն ստացել էր նաեւ ողնուղեղի ծանր վնասվածք, որը նրան զրկել է քայլելու հնարավորությունից: Ամիսներ անցՙ 2009-ի փետրվարին, մեր երգիչ-երգչուհիները կազմակերպել են բարեգործական համերգ, որի հասույթն ուղղվել է Արտակ Կիրակոսյանի բուժմանը: Արտակը տեղափոխվել է Գերմանիա ու արդեն 9 տարի ընտանիքուվ ապրում է այնտեղ, որտեղ էլ անցնում է նրա բուժումը:

9 տարվա ընդմիջումից հետո Արտակ Կիրակոսյանը նոյեմբերի սկզբներին վերադարձավ Հայաստան: Ցավոք, ոչ ընդմիշտ: Նպատակը հայրենիքում համերգով հանդես գալն էր: Մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Արտակ Կիրակոսյան եւ ընկերներ» երեկոն: Համերգից առաջ արտիստը պատմեց Գերմանիայում անցած 9 տարիների մասին. նա այնտեղ է զուտ բուժման նպատակով: «Այն խնդիրները, որոնք Գերմանիայում են լուծվում, եթե հնարավոր լինի լուծել Հայաստանում, ես ու ընտանիքս անմիջապես հայրենիք կվերադառնանք: Մեծ որդիս 11 տարեկան էր, երբ մեկնեցինք. մինչեւ հիմա նա չի հարմարվում է այդտեղի կյանքին, խորթություն, օտարություն է զգում, փոքր տղասՙ ընդհակառակը: Շաբաթական 4 օր տարբեր թերապիաներ եմ ստանում. նման բուժում այստեղ հնարավոր չէ ստանալ, բայց կարոտը, ընկերներիս հետ շփման անհրաժեշտությունը, իմ սիրելի օպերային թատրոնի հետ ընդհատված կապն ինձ հանգիստ չեն տալիս: Ինձ համար շատ դժվար է պատկերացնել օպերային թատրոնն առանց ինձ: Երբ մտածում եմ, որ նոր ներկայացումներ են բեմադրվում, իսկ ես այստեղ չեմ, չեմ երգում, ներքուստ շատ վատ եմ զգում ինձ: Դա խանդ կամ նախանձ չէ, ուղղակի մարդկայնորեն դժվար է հարմարվել իրավիճակի հետ ու ֆիզիկական կարգավիճակի պատճառով ստիպված լինել թողնել բեմն ու օպերային արվեստը»,- պատմեց Արտակ Կիրակոսյանը:

Պարզվում էՙ Գերմանիայում պրոֆեսիոնալ երգչախմբեր չկան. մեծ մասամբ սիրողական են, ու երգչախմբում երգելու համար երգիչը պետք է վճարի: Արտակը շատ դռներ է թակել, հետաքրքրվելՙ արդյո՞ք որեւէ թատրոն չի ընդունի իրեն: Ինքը երգել է ուզում. չի կարող չերգել, չի կարող միայն բուժման կուրսեով սահմանափակվել: Պարզվել էՙ Բեռլինի կոմեդիայի թատրոնում մի մենեգիչ կա, որը նույնպես սայլակի վրա է: Բայց թատրոնից տեղեկացրել են, որ առայժմ նոր երգչի տեղ չունեն, եթե ունենան, Արտակին կընդունեն աշխատանքի: Զարմանալի է, որ դեմոկրատական, մարդու իրավունքների պաշտպան Գերմանիայում հաշմանդամություն ունեցող մարդկանց երգչախումբ գոյություն չունի: Օպերային թատրոններում քիչ հավանական է, որ սայլակավոր կերպարի դերերգեր լինեն, իսկ երգչախմբերերի դռները փակ են սայլակավոր երգիչների համար: «Դասական երգչի կոկորդը, ձայնալարերը շատ քմահաճ ու կամակոր են. ամեն օր մարզվել են ուզում. իսկ դա հնարավոր է ակտիվ աշխատանքի, փորձերի դեպքում: Skipe-ով կապվում եմ կոնսերվատորիայի իմ վարպետների հետ, ձայնի մշակում եմ անցնում, բայց այդպես աշխատելն արդյունավետ չէ: Ընդամենը մի քանի օր է, ինչ մենահամերգիս առիթով Հայաստանում եմ, օրս լիարժեք եմ ապրում. ձայնագրությունից փորձի, փորձիցՙ ձայնագրություն: Այսպիսի աշխույժ, եռուն կյանք եմ երազում: Նկատել եմ, որ այս տարիների ընթացքում ձայնիս դիապազոնն իջել է. դա բնական է, մարզումներս քիչ են ու հանարվոր էլ չէ ավելի հաճախակի անել: Ի վերջո, կանգնած երգելը բոլորովին ուրիշ է. երգիչը պիտի կանգնած երգի, իսկ ես մշտապես նստած եմ սայլակին: Ֆիզիոթերապիան շատ անհրաժեշտ է, որպեսզի մկաններս աշխատեն, շարժվեն. դրանից է կախված ձայնիս արտաբերումը»,- բուժման ընթացքի մասին պատմեց Արտակը:

Ողնուղեղի վերականգնման առնչությամբ շատ բժիշկներ են կարծիք հայտնել, ասել են, որ ժամանակի խնդիր է, բայց եւ դժվար է ասելՙ վերականգնումը մասա՞մբ կլինի, ամբողջակա՞ն, թե՞... Արտակը վստահ է, որ ինքը կհաղթի բոլոր թերահավատներին ու լիարժեք բուժվածՙ ոտքի կկանգնի: Եթե Արտակի ոտքի մատներից գոնե մեկը սկսի շարժվել, ուրեմն ամեն ինչ հրաշալի ընթացք կստանա, վսահությունը կամրամպնդվի, որ նա կկարողանա ոտքի կանգնել:

Երբ հետ է նայում, թե ինչ եղավ 9 տարի առաջ, հասկանում էՙ փորձություն էր, որի միջով ինքն ու իր ընտանիքն անցան: Մայիսի 26-ի չարաբաստիկ դեպքից քսան օր առաջ Արտակ Կիրակոսյանը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշի» հերթական բեմադրության մեջ Սարո էր երգել: Սարոն նրա այցեքարտն էր. պատմում է, որ հանդիսատեսն իրեն այդ դերով է ճանաչել, բայց երգել է նաեւ «Աիդա», «Տրուբադուրներ», «Տրավիատա» օպերաներում: 2008-ի հունիսին Արտակը պետք է մեկներ Գերմանիա. «Տրավիատա» օպերայում Ալֆրեդի դերերգի հրավեր էր ստացել: «Ճակատագրի խաղ էր. հունիսին ես մեկնեցի Գերմանիա, բայց ոչ թե ողջ ու առողջ բեմին կանգնելու եւ Ալֆրեդ երգելու, այլ բուժվելու նպատակով: Երբ հիշում եմ այդ օրերը, թե ինչ ծանր ժամանակներ եմ ապրել, ինձ հետ նաեւ ընտանիքս: Կինս, երեխաներս, մայրս, ընկերներս օգնեցին, որ չկոտրվեմ, ապրեմ: Բայց բոլորից առաջ ու բոլորից բացի, իմ հավատն ինձ ուժ տվեց, որ պայքարեմ ու հաղթահարեմ հոգեբանական ծանր պահերը: Ես «Նարեկով» եմ վերադարձել կյանք: Օրերս հեռուստաընկերություններից մեկն ինձ հարցազրույցի էր հրավիրել: Տաղավարից դուրս եկա ու տեսա, որ երկու երիտասարդ ինձ են սպասում: Իմացել էին, որ Հայաստանում եմ, եկեկ էին ինձ տեսնելու: Նրանք այն երեխաներից երկուսն էին, որոնց Սարդարապատում պաշտպանել էի: Շատ ուրախ ու ոգեւորված էի: Նրանք շարունակում են պարել, արվեստով զբաղվել: Միայն ափոս, որ այն աղջնակը մահացավ: Եթե հնարավոր լիներ հետ տալ ժամանակը, նույնը կանեի, բայց այնպես, որ նրան էլ կարողանայի փրկել»,- ասաց Արտակը:

Երեւանյան համերգն Արտակ Կիրակոսյանի երախտագիտության խոսքն էր նրանց, ովքեր զորավիգ են եղել, ուժ ու հավատ ներշնչել իրեն: Ինչքան երգելու առիթ է ունենում Արտակը, բոլոր ելույթներն սկսում է Շուբերտի «Ավե Մարիայով»: երեւանյան համերգն էլ այդպես սկսեց. հաջորդեց Ալեքսեյ Հեքիմյանի խորհրդանշական «Բարի արագիլը»: Հետո, ինչպես եւ նախատեսված էր, Արտակ Կիրակոսյանը կատարեց իր ընկերներիՙ մեր երգիչ-երգչուհիների երկացանկից մեկական երգ: Դա արտիստի շնորհակալությունն էր նրանցՙ ժամանակին իրեն օգնության ձեռք մեկնելու համար: Արտակը սայլակով բեմ մտավ. դահլիճն ինքնաբերաբար ոտքի կանգնեց: Հանդիսատեսի առաջ ոչ ավել, ոչ պակաս հերոս էր կանգնած, այո՛, կանգնած:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.