AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:02:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2563, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԳՈՂ ՁԵՌՔԵՐՈՎ ՄԱՐԴԸ

Նաիր ՅԱՆ

«Դիրիժորի ձեռքերը պետք է լինեն 60 տարեկանից ոչ պակաս, որ չափ տվողին երգչախումբն էլ, հանդիսատեսն էլ հավատան, որ չափ տալը միայն չափ տալ չլինի, այլ երաժշտությունը յուրովի, մինչեւ անտակ խորքերը մեկնաբանել, հոգուդ միջով անց կացնել, մատներիդ ծայրով դուրս հանել»,- իր աշխատասենյակի պատին փակցված նկարին նայելովՙ մի օր ասաց Հովհաննես Չեքիջյանը : Նկարը գոբելեն աշխատանք է. մի կին կտավին թելերով հյուսել է դիրիժորի ձեռքերն ու ծննդյան առիթով նվիրել նրան: Դա 15 տարի առաջ էրՙ Հովհաննես Չեքիջյանի 75 ամյակին: Շատերը գիտեն ու շատերն են նկատել, որ մաեստրոն երբեմն համերգներ է չափ տալիս ոչ թե ձեռքերով, այլ աչքերով:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90 եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ստեղծման 80 ամյակներին նվիրված հոբելյանական համերգ, Հանրապետության նախագահի եւ Ամենայն հայոց հայրապետի ներկայությամբ: Ինչպես նախորդ հոբելյաններին, այս անգամ էլ մաեստրոն բեմին էր իր հարազատ երգչախմբի հետ:

Մոսկվան թվաց մռայլ ու անհրապույր

1961-ին պոլսահայ Հովհաննես Չեքիջյանը, որ Թուրքիայում համբավավոր դիրիժոր էր, թողնում է Ստամբուլը: Մոսկվայից աշխատանքային հրավեր էր ստացել. տիկնոջ հետ մեկնում է ԽՍՀՄ կարմիր մայրաքաղաք:

Մոսկվան, սակայն, պոլսահայ զույգին դուր չեկավ: Ռուսները փորձեցին համոզել. «Մնացեք, այստեղ Դուք կղեկավարեք մոսկովյան հայտնի երգչախմբերից մեկը, բնակարան կտանք, բարձր աշխատավարձ: Ի՞նչ Երեւան, ի՞նչ բան. շատերը երազում են Երեւանից Մոսկվա գալ, իսկ դուք...»: Մոսկվա ոտք դնելուն պես նա անմիջապես նկատել էր կուսակցական, քաղաքական նիստուկացն ու ներքին խաղերը: Հետն էլ ռուսերեն չգիտեր: Երիտասարդ դիրիժորի որոշումն անբեկանելի էրՙ Ստամբուլ չի վերադառնա, կգնա Երեւան: Հիշում է. «Մոսկվայից օդանավով եկանք Երեւան: Օդանավակայան ասվածը մի դաշտ էր, մեջտեղում պարան կապված: Օդանավում բոլորն ուրախ էին, ոգեւորված, որովհետեւ առաջին անգամ ինքնաթիռն առանց վայրէջքի Մոսկվայից թռել էր Երեւան: Բոլորն իրար ճանաչում էին. միայն ես էի անծանոթ, ես էի, որ ոչ մեկին չէի ճանաչում:

Երեւանՙ անծանոթ ու մինչեւ կյանքի վերջ

Երեւանում նրան ոչ ոք չէր ճանաչում. սովետական երկրում Ստամբուլի մշակութային կյանքից ու այդ մշակութային կյանքում լուրջ դեր ունեցող Հովահաննես Չեքիջյանի մասին ո՞վ տեղեկություն ուներ: Դիրիժորների մրցույթ էր հայտարավել. մասնակցեց նաեւ հայրենադարձ Հովհաննես Չեքիջյանն ու հաղթեց: Հանձնաժողովը բոլոր դիրիժորների մեջ նախապատվությունը նրան տվեց: Այսօրվա պես հիշում է 1961 թվականի սեպտեմբերի 4-ին եղավ պաշտոնական հրամանըՙ Հովհաննես Չեքիջյանին նշանակել Սովետական Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր: «Այդ հրամանը 1961 թվականից մինչեւ հիմա ուժի մեջ է: Ու ինչքան էդպես կմնա. կախված է մեր մշակույթի նախարարից»,- կատակում է մաեստրոն: Կապելլան այն ժամանակ 43 հոգուց էր կազմված, հետո դարձավ 100:

«Եղել են շատ դժվարին տարիներ. ցուրտ ու մութ ժամանակներում ես հնարավորություն ունեի տեղափոխվել այլ երկիրՙ ապրելու եւ աշխատելու: Բայց մեկ վայրկյան անգամ չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին. բոլոր առաջարկներն ու հրավերները մերժել եմ: Կարծում եմՙ մեծ-մեծ խոսեցած չեմ լինի, եթե ասեմ, որ իմ գործունեության հիմքում հայրենասիրություն կա: Բայց ես միշտ երազանքներ եմ ունեցել. հիմա էլ ունեմ, որ կապելլան ելույթ ունենա այն երկրներում, որտեղ դեռ բախտ չի վիճակվել գտնվել: Կուզեի, որ որպես պետական խումբՙ ֆինանսական խնդիրներ չունենանք»,- մաեստրոյի խոսքերն են:

90-ը 80-ի մեջ տեղավորած

- 80 տարին նշանակալից, ծանրակշիռ տարիք է. այդ 80-ից 67-ը իմն է, այսինքնՙ 67 տարի ես եմ ղեկավարում կապելլան: Ու այդ ընթացքում 866 արտասահմանյան համերգ ենք ունեցել: Մեր պարագայում պետք է ոչ թե նշել այն երկրները, որտեղ ելույթ ենք ունեցել, այլ այն երկրները, որտեղ ելույթ չենք ունեցելՙ Ավստրալիա, Հարավային Ամերիկա եւ Կանադա: 60-ից ավելի սիմֆոնիկ նվագախմբերի հետ ենք համագործակցել, 27 լեզվով երգել ենքՙ ամեն երկրում, ամեն ազգի առաջ կատարելով թեկուզ մի երգ տեղացիների լեզվով: Ի դեպ, կապելլան ամբողջ երկացանկը կատարում է անգիր, իսկ երգերի թիվը 1000-ն անցնում է:

- 100 հոգանոց երգչախումբ ղեկավարելը հեշտ չէ, բավական մեծ դժվարություն է ընկած իմ ուսերին, մանավանդ որ շատ աչքեր կան մեզ վրա սեւեռված. պետական խումբ ենք, դրանից է: Բայց, փառք Աստծո, դեռ ոչ մի համերգից գլուխներս կախ բեմից իջած չկանք, միշտ պատվով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները: Մեր երգչախմբի յուրաքանչյուր անդամն զգում է այն մեծ պատասխանատվությունը, որ կոչվում է խմբերգային արվեստ ներկայացնել ու հայ երգը տարածել աշխարհով մեկ: Հատկապես օտար երկրներում այդ առաքելությունը խորապես գիտակցելով ենք բեմ բարձրացել: Մեր արտասահմանյան համերգներին մեծ մասամբ օտարազգիներ են լինում ու շատ հրեաներ: Օտարները հայ երգին հազվադեպ են ծանոթ լինում, իսկ մենք պետք է այնպես երգենք ու մեր արվեստը ներկայացնենք, որ նրանք մինչեւ հոգու խորքը տպավորվեն, սիրեն ու գերվեն մեր երգով: Մի ամբողջ երեկո երգում ենք համաշխարհային դասականներին ու ամենանվիրական պատառիկը պահում ենք վերջումՙ Կոմիտաս: Դուք պետք է տեսնեք, թե օտարազգի հանդիսատեսն ինչպես է անակնկալի գալիսՙ այս ի՞նչ է, ո՞վ է. զարմանում են, որովհետեւ կոմիտասյան երգեր մինչ այդ չեն լսել: Ու մի քանի վայրկյանում հուզվում են. երգը մի քանի րոպե է տեւում, իսկ նրանք երկար մնում են այդ պարզ, մաքուր, զուլալ մեղեդու ազդեցության տակ:

Կոմիտասՙ Չեքիջյանների ընտանիքում ու Չեքիջյանի ղեկավարած կապելլայում

- Կոմիտասը մեր պարծանքն է, Կոմիտասին շատ ենք պարտական, որովհետեւ այնտեղ, որտեղ Կոմիտաս ենք կատարում, նրանով լիցքավորված իջնում ենք բեմից: Ասենքՙ կատարում ենք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, ավարտում ենք ու անմիջապես երգում Կոմիտաս: Դասական ծավալուն ստեղծագործության կողքինՙ Կոմիտասՙ «Գութանի երգ»: Այնքան տարբեր ու առանձնահատուկ է Կոմիտասը. մեր ազգային երաժշտարվեստը լավագույնս ներկարացնում է հենց նաՙ այդ պարզ, զուլալ, անկրկնելի մեծությունը: Մի նրբություն ասեմ. եթե դրսում մի ամբողջ համերգ երգենք միայն Կոմիտաս, այնքան մեծ ազդեցություն չի ունենա, որքան եթե կատարենք համաշխարհային դասականներին, իսկ վերջումՙ Կոմիտաս: Հանդիսատեսն ուղղակի ցնցվում է: Կոմիտասին պրոպագանդելու ամենաճիշտ ձեւը Կոմիտասին օտար կոմպոզիտորների մեծ կտավների կողքին դնելն է: Կոմիտասը միայն նոտաներով չես կատարի. դա երաժշտություն չի լինի, Կոմիտաս չի լինի, այլ սոլֆեջիո: Կոմիտասի մեկնաբանը լինելու համար պետք է նրան շատ մոտ կանգնած լինես, շատ խորն ուսումնասիրած լինես:

Հայրս Կոմիտասի սաներից էր: Մի լուսանկար կա. Կոմիտասի երգչախումբն է, ձախից չորրորդը հայրս է: Կոմիտասի աշակերտները շատ են եղել մեր տանը. մեր տանը հնչել են նրա երգերըՙ հենց Կոմիտասի սովորեցրած ու մատուցած ձեւով: Մի անգամ նա մեր տանը հյուրընկալվել է: Հայրս պատմում է, որ շատ պինդ, առողջ, հումորասեր մարդ է եղել: Մեր տանը պառկել է անկողնումՙ բաց պատուհանի տակ: Գիշերը ցուրտ է եղել, ձյուն է եկել: Նա միայն սավան է ուզել. առավոտյան արթանցել է, ձյունը սավանի վրայից թափ տվել ու անկողնուց վեր կացել:

Կապելլայի հետ մեկ ամբողջություն դառնալիս

Կապելլայում երգիչ ունենք, որի գործունեությունն իմ դիրիժորական տարիքից մի տարով մեծ է: Նա ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանն է, որին որպես մեր երգչախմբի զարդՙ պահում ենք: Պատկերացնո՞ւմ եքՙ նա 68 տարի երգում է կապելլայում:

- Հենց մոտենում եմ երգչախմբին, նրանցից բոլորովին ուրիշ ձայն է դուրս գալիս: Ես հո նրանց կոկորդները չե՞մ փոխում: Պարզապեն նրանք սկսում են իմ ձեռագրով երգել: Ամեն դիրիժոր իր ձեռագիրն ունիՙ մեկը մյուսից տարբեր, բայց իմը ոչ ոք կրկնել չի կարող: Ոչ թե ինձնց լավը ոչ ոք չի կարող լինել, այլ ինձ նման ոչ ոք չի կարող լինել: Եթե կապելլայում ուրիշ մեկը փոխարինի ինձ, լրիվ ուրիշ հնչողություն կլինի:

Դիրիժորը պետք է հասուն երաժիշտ լինի: Կատարելություն չկա այս գործում. միշտ լավից լավը կա: Միայն չափ տալը չի իմ գործը, այլ որ երգչախմբում ամեն ոք իր ձեւով, յուրովի մեկնաբանի երգը, համադրվի կողքինի հետ, ու արդյունքում հնչի մեկ հավաքական ձայն: Կապելլայում երգողը պետք է տիրապետի միասնական երգելու արվեստին: Եղել են դեպքեր, երբ երգչի ձայնը հրաշալի է եղել, բայց չի կարողացել խմբի մեջ երգել: Երգչախմբում պետք է բոլորը համերաշխ լինեն, եթե իրար հետ վիճեն, երեկոյան նրանց կոկորդից բոլորովին ուրիշ ձայն դուրս կգա: Մտեք իմ դրության մեջ, խնդրում եմ. 100 հայ մեկ տեղում պետք է մտածի մեկ մարդու պես ու երգի մեկ մարդու պես: Հնարավո՞ր է նման բան: Ես հասել եմ դրան: Համերգներից մեկի փորձին բեմի բանվորներից մեկն իմ մասին ասել է. «Հալալ է էդ մարդուն. ձեռքի մի շարժումով հիսուն կին միանգամից ձայնները կտրեցին»:

Կատարսիս եւ մեծեր

- Երգչախմբում բոլորը նվիրյալներ են. դրսում ուրիշ մարդ են, ներսումՙ բոլորովին ուրիշ: Նրանք գիտեն, որ պիտի այնպես երգեն, որ ունկնդրին փոխեն, մաքրեն, նրա ներսը սրբեն: Ես հիշում եմ Վահրամ Փափազյանի «Օթելլոն». խաղում էր մի փայտաշեն տնակում: Երեք անգամ տեսել եմ նրա Օթելլոն: Երբ ներկայացումն ավարտվում էր, բոլորս մի տեսակ փոխված, մաքրագործված էինք հեռանում թատրոնից: Մենք էլ ենք աշխատում, որ նույն մարդը համերգից առաջ ուրիշ լինի, համերգից հետոՙ լրիվ ուրիշ: Մեր ամեն համերգը քննություն է մեզ համար:

Ինձ համար չկան մանրուքներ. ամեն ինչ կարեւոր էՙ այդ օրն արեւո՞տ է, թե՞ անձրեւոտ, դահլիճի լուսավորությունն ինչպիսի՞ն է, աթոռնրն ի՞նչ գույնի են: 20-րդ շարքում նստած հանդիսատեսն ընկալե՞ց երգը, գոհ մնա՞ց համերգից:

- Ինձնից առաջ պետական երգչախումբը ղեկավարել է մեծ վարպետ Արամ Տեր-Հովհաննիսյանը : Արմատացած կարծիք կար, որ նրան գերազանցել հնարավոր չէ: Տարիներն ապացուցեցին, իմ երկար տարիների տքնաջան աշխատանքն ապացուցեց, որ ես նրան գերազանցել եմ: Հատկապես Կոմիտասի մեկնաբան լինելով եմ գերազանցել. ռուսական վոկալի դպրոցի սկզբունքներով ու կոկորդով Կոմիտաս չի կարելի երգել:

- Առնո Բաբաջանյանի հետ լավ ընկերներ ենք եղել: Հակոբ Հակոբյանի հետ Փարիզում միասին սովորել ենք: Երվանդ Քոչարը գալիս էր մեր համերգներին. շատ բծախնդիր մարդ էր ու գնահատում էր մեր համերգները: Գարզուն սիրում էր մեր երգչախումբը. նրա մակագրությամբ մի նկար ունեմ: Մարտիրոս Սարյանն ուզում էր իմ դիմանկարը ստեղծել. համեստություն արեցի, հրաժարվեցի. հիմա շատ եմ զղջում: Օհան Դուրյանն է շատ բարձր կարծիք հայտնել մեր երգչախմբի մասին, նաեւ Շոստակովիչը: Օհան Դուրյանի ու իմ միջեւ շատ են ցանկացել գժտություն մտցնել, բայց չի ստացվել:

Երգող ձեռքերով մարդն այնքան դյուրին է պատմում իր անցյալի մասին, ասես ընդամենը երեկ տեսած ֆիլմն է վերհիշում: 90-ն ուղղակի թիվ է, եթե հաշվի առնենք, որ նա մտադիր է մորը քաշել, որը 109 տարի է ապրել: «Չգիտեմՙ ոնց անցան իմ տարիները. բայց իմ տարիքում մարդը զառամյալ ծերունի է: Թեեւ ես ինձ այդքան չեմ զգում»,- իրավամբ ասում է մաեստրոն: Երբ նրան հարցնեքՙ ինչպե՞ս եք, մաեստրո, կպատասխանիՙ կանայք չեն բողոքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.