AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 18:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 7719, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՌՔԸ ՄԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող պարուհի, դերասանուհի, բժշկուհի Եվգենյա Արիստակյան-Պոլյակինայի (1890, Բաքու - 1970, Երեւան) հուշագրությունը, գրված 1948-ին, մեծ քանակությամբ փաստացի նյութ է պարունակում անցյալի հայ մտավորականների եւ արվեստագետների, Մոսկվայի, Կոստանդնուպոլսի եւ Կահիրեի հայ համայնքների գեղարվեստական եւ կուսակցական կյանքի մասին:

Հրատարակության պատրաստելով այդ հուշագրությունըՙ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված, որը վերաբերում է 1921 թվականին Հովհաննես Թումանյանիՙ Կոստանդնուպոլիս կատարած այցելությանը եւ մասնավորապեսՙ հայ գրող, խմբագրուհի Հայկանուշ Մառքի հետ նրա հանդիպմանը, որը մի փոքրիկ հավելում է Ամենայն հայոց բանաստեղծի կենսագրականին:

***

Մեր պարերը, մեծ հաջողություն գտած լինելովՙ ես պարում էի բոլոր հայկական ձեռնարկված հանդեսներում: Հիշում եմ իմ «Հայաստան» պարին մեր հայտնի Հ. Թումանյանի ներկայությունը: Բանաստեղծ վարպետը եկած էր Պոլիս 1921-ին: «Արծվիկ» անունով մեկ սրահում նորան ի պատիվ կազմակերպեցին մի երեկույթ, ուր հրավիրված էին ուրիշ դերասաններ: Երբ ես սկսեցի պարել «Հայաստանը», հիշում եմ, ինչպես Հ. Թումանյանը վեր կացավ տեղից եւ դիտեց պարը մինչեւ վերջ ոտքի վրա եւ ինքն առաջինը բուռն ծափահարեց: Նա ծափահարում էր իր սիրելի Հայրենիքի պատկերացումին, իսկ ես պարած ժամանակ տեսնում էի նրաՙ դեռ թարմ մնացած դեմքը, սպիտակած փոքրիկ միրուքը եւ բեղերը եւ այն ոգեւորությունը, որով նա դիտում էր ինձ, կարծես նա զգում էր, որ այդ գիշեր ես պարում էի միայն նրա համար, մեր անզուգական «Անուշի», «Թմկաբերդի առումի» ստեղծագործ տաղանդի համար:

Ճիշտ այդ ժամանակ ես շատ մոտիկ ընկերացած էի տիկին Հայկանուշ Մառքի հետ: «Հայ կին» ամսագրի խմբագիրն էր նա: Նա ամուսնացած էր «Նոր օր»(1) թերթի խմբագրի(2) հետ: Դա մի հրապուրիչ կին էր, շատ հառաջադեմ եւ կամքի տեր էր: Այն ժամանակվա Պոլսում թերթ հրատարակել մի կնոջ կողմիցՙ շատ զարմանալի եւ դժվար գործ է(3), որովհետեւ այնտեղի կիների մեծամասնությունը նախընտրում էր պճնվել, զարդարվել եւ համով մուրաբաներ եփել (մուրաբային այնտեղ անուշ էին ասում, ինչ որ մեր ականջին տարօրինակ էր հնչում): Հայկանուշ Մառքը այդ թերթը հրատարակում էր ոչ թե իր անձնական հաճույքի համար կամ որպեսզի իր մասին խոսեն, փառաբանեն, ո՛չ, նա լավ էր տեսնում իր շրջապատի պարապությունը, պակասները, պահանջները եւ գրում էր այդ պակասները փարատելու համար: Նա խորհուրդների մաս եւս ուներ իր թերթում, հրավիրած էր ամենալավ գրիչ ունեցողները, մեծամասնությամբՙ կիներ: Նրա թերթում գրում էին Սիպիլը(4), Եսայանը(5) եւ ուրիշ շատ հանրածանոթ այր մարդիկ, ինչպես է Պեշիկթաշլյանը(6) կամ Կառվարենցը(7), երկուսն էլՙ այն ժամանակվա բանաստեղծներ:

Հայկանուշ Մառքի միակ զբաղումն էր այդ թերթը: Նա զավակ չուներ, դեռ երիտասարդ էր եւ շատ հմայիչ, միջահասակ, խոշոր տխուր աչքերով, երկար թարթիչներ, գեղեցիկ դիմագծով, սեւ, գանգուր, փափուկ մազերով նա աչքի էր ընկնում ամենուր: Ես շատ էի սիրում նորա մելամաղձոտ աչքերը ու զգում էի, որ մի մեծ թախիծ էր պահված այդ աչքերի խորքում: Ես նրան երբեք չեմ տեսած բաց գույն հագուստ հագած, նա միշտ հագնում էր մուգ գույներ, սեւ կամ թունդ կապույտ: Նա տանտիկին չէր, ինչպես Պոլսո կանանց մեծամասնությունը, նորա սեղանի վրա անուշեղեն հաճախ չէր գտնվի, բայց փոշիով ծածկված ես շատ եմ տեսել, եւ ամեն մի անկյունումՙ գիրք կամ տետրակ եւ թերթ: Ինքը եւս գրում էր: Նրա գրիչն էլ մելամաղձոտ էր, ինչպես իր հայացքը: Շատ ձգող ուժ ուներ եւ մի քանի տողով արտահայտում էր հոգեբանական մի մեծ տագնապ: Ես նորան համեմատել եմ դանիացի մի գրագետի հետ, որը փոքիկ նովելլաներ էր գրում եւ որու անունը Պետեր Ալտենբերգ(8) էր: Հայկանուշ Մառքի հետ շատ մտերիմ լինելովՙ ես հաճախ այցելում էի նորան: Նա բնակվում էր Պերայի վրա, իսկ եսՙ Շիշլի, մի քանի հարուստ ընտանիքներում երեխաներին պարի դաս էի տալիս եւ վերադարձիս անպայման պիտի հանդիպեի տիկին Մառքին:

Այնպես պատահեց, որ ես մի քանի օր չկարողացա իրեն տեսնել: Երբ եկա, նա հարձակվեց վրաս, շատ վրդովված, կարող եմ ասել, մինչեւ անգամՙ այլայլած: «Ի՞նչ է պատահել, Հայկանուշ»: «Ի՞նչ պիտի պատահի, ո՞ւր ես, ջանիկս, ո՞ւր ես, ես խայտառակվեցի, խայտառակվեցի», բացականչեց նա եւ սկսեց պատմել, թե ինչպես մեկ քանի օր առաջ Հ. Թումանյանը, նոր եկած Պոլիս, իրեն այցելության եկած է: Թումանյանի այդ անսպասելի ժեստը նորա վրա շատ էր ազդել եւ զարմացրելՙ մեծ հաճույք պատճառելով նրան:

Անշուշտ, Հ. Թումանյանը, իմանալով որ նա թերթի խմբագիր է, հետաքրքրվել եւ իր պարտքն է համարել գնալ նրա մոտ: Հայկանուշ Մառքը, ըստ արեւմտյան սովորության, անմիջապես մի փոքրիկ, սեւ սուրճ է հյուրասիրում Հ. Թումանյանին: Մեր պոետը վարժված չէ սեւ սուրճ խմելու ամեն վայրկյան, ուստիեւ մերժում է: Հայկանուշը շփոթված բերում է անմիջապես մի օշարակՙ սիրոպ: Թումանյանը այդ էլ չի խմում, եւ երբ Հայկանուշը պնդում է, նա անկեղծորեն պատասխանում է. «Բայց ես ծարավ չեմ, տիկին»: Այդ է, որ այդ աստիճան վրդովեցնում է Հայկանուշին, եւ նա անընդհատ ինձ հարցնում էր. «Ախ, ըսե, ըսե, ի՞նչ պիտի հյուրասիրեի, ամոթով մնացի, ախ, ինչո՞ւ չեկար, որ ըսեիր, թե ձեզ մոտ ինչպես կհյուրասիրեն մեկը»: Ես նրան հանգստացրիՙ ասելով, թե ինչպես նա ինքը, այնպես էլ Հ. Թումանյանը, ոչ մի կարեւորություն չի տա հյուրասիրության թերություններին:

1. Իրականումՙ «Նոր լուր»:

2. Վահան Թոշիկյան (1880, Կ.Պոլիս - 1954, Կարս):

3. Հեղինակին հայտնի չէ, որ Մառքից վաթսուն տարի առաջ մեկ այլ պոլսահայուհիՙ Էլպիս Կեսարացյան (1830, Կ. Պոլիս - 1913, անդ), 1861 թվականին Պոլսում հրատարակել է «Կիթառ» պարբերականը:

4. Սիպիլ (Զապել Ասատուր, 1863, Կ.Պոլիս - 1934, անդ):

5. Զապել Եսայան (1878, Կ.Պոլիս - 1943):

6. Նշան Պեշիկթաշլյան (1893, Կ.Պոլիս - 1972, Փարիզ):

7. Գեւորգ Կառվարենց (1892, Կ.Պոլիս -1946, Վենետիկ):

8. Ալտենբերգը (1859-1919) իրականում ավստրիացի էր:

Նկար 2. Հովհաննես Թումանյանի գծանկարըՙ Փանոս Թերլեմեզյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.