AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 12-01-2018



ԱՐՑԱԽՈՒՄ

Տեղադրվել է` 2018-01-11 21:47:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2174, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆԱՐԵԿԱՑԻ-ՇՈՒՇԻ» ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Արցախի բարձր լեռներում, արծվի բույնի պես բազմած քաղաք-ամրոց Շուշին XX դարի սկզբներին զարգացած մշակութային եւ առեւտրաարդյունաբերական կյանքով լիարժեք քաղաք էր: Այստեղ հրատարակվում էին 20 հայերեն ու 2 ռուսերեն ամսագիր եւ թերթ, գործում էին 6 դպրոցներ, ռեալական ուսումնարան, Հարավային Կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոց: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական թատրոնում բեմադրվում էին հայկական ու եվրոպական հեղինակների պիեսներ: 570 արհեստանոցներում արտադրվում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղյան մետաքս եւ գորգեր, ոսկերչական զարդեր եւ այլ շքեղ առարկաներ:

«Կովկասի կոնսերվատորիա» համարվող Շուշային կործանարար վնաս հասցվեց 1920 թվականին, երբ ադրբեջանական եւ թուրքական զորքերը ներխուժեցին քաղաք: Շուշին կորցրեց իր մշակութային արժեքները` վերածվելով գավառական, խուլ բնակավայրի: Երկարամյա գերությունից Շուշին ազատագրվեց 1992 թվականին, եւ կյանքի կոչվեց Շուշիի վերականգնման ծրագիրը: Այսօր այստեղ գործում են արվեստի կենտրոններ, Կերպարվեստի պետական թանգարանը: Շուշին դարձել է Արցախի վերածննդի խորհրդանիշը:

2006 թվականին սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ Շուշիում գտնվող կիսավեր մի շինություն բարեկարգվեց եւ բացվեց իր բնույթով բացառիկ մշակութային մի կենտրոնՙ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը, հայ մշակույթի լավագույն արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, առաջին քայլերն անող շնորհալի երիտասարդներին նեցուկ կանգնելու առաքելությամբ: Այն հոգեւոր մի կենտրոն է, որը հայ եւ այլազգի հյուրերին է ներկայացնում հայկական մշակույթիՙ մոռացությունից փրկված լավագույն ժառանգությունները:

Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ, հանդիպում են մեր օրերի արվեստագետն ու արցախցի արվեստասերը: Բազմաթիվ ստեղծագործող անհատներ են մասնակցում ՆԱՄ-ի միջոցառումներին, հանդես գալիս որպես արվեստում առաջին քայլերն անող սկսնակ, երիտասարդ ստեղծագործողներին իր փորձն ու գիտելիքները փոխանցող վարպետ կամ նոր արժեքներ որոնող օտարերկրացի, ով հենց այս միջավայրում է բացահայտում հայկական մշակույթի իրական արժեքները: Նարեկացի արվեստի միությունում մուտքն ազատ է բոլորի համար:

«Դասական Շուշի» խորագիրը կրող համերգը, կրելով շարունակական բնույթ, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ է հավաքում արվեստասեր արցախցիներին` վայելելու դասական երաժշտությունՙ Կոմիտասի, Շոպենի, Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններըՙ Ստեփանակերտի Սայաթ-Նովա երաժշտական ուսումնարանի սաների, ինչպես նաեւ այլ երաժիշտների կատարմամբ:

Այստեղ հյուրընկալվում են նաեւ օտարերկրացի արվեստագետներ: Ճապոնուհի Յուկիմի Օտագիրին , ով ժամանակակից արվեստի ինստիտուտի ռեզիդենտն է, ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում ներկայացրեց իր անիմացիոն աշխատանքներից մի քանիսը եւ ցանկացողների հետ անցկացրեց վարպետության դաս: Յուկիմին հետաքրքրված է կապիտալիստական հասարակության մեջ կանացիության նոստալգիայի խնդրով: Ըստ նրա կանացիության նոստալգիան այսօր դարձել է իրական խնդիր, քանի որ այն ժամանակակից արագընթաց կյանքի ազդեցությամբ կանայք հակված են առաջնություն տալ իրենց կարիերային եւ երկրորդ պլան մղել կնոջը վերապահված դերը ընտանիքում:

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում կայացավ «Վարդավառ: Գանձասար 777» փաստագրական, խաղարկային, կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Գանձասարի օծման 777 -ամյակին: Ֆիլմի սցենարի հեղինակը Նառա Ավետիսյանն է: Ֆիլմը նկարահանվել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադրիՙ Նարեկ Հարությունյանի աջակցությամբ, Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունից հրավիրված նկարահանման ռեժիսոր Գայանե Խաչատրյանի եւ օպերատոր Դավիթ Բերբերյանի մասնակցությամբ:

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում 2016 թվականից գործում է տիկնիկային թատրոնի խմբակ: Այստեղ փոքրիկ սաները հաղորդակցվում են տիկնիկային բեմարվեստին եւ ծանոթանում տիկնիկավարության գաղտնիքներին: Տիկնիկային թատրոնի խմբակի հիմնադիրներից մեկիՙ Հայկ Պապյանի գլխավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի թատերական խմբակի սաները, մասնակցելով «Նռան Հատիկ-2017» մանկապատանեկան թատերական փառատոնին, արժանացան պատվոգրիՙ Ռեդյարդ Քիփլինիգի «Փղիկը» խամաճիկային բեմադրության համար:

ՆԱՄ Շուշիի կենտրոնն իր հարկի տակ համախմբելով շուշեցի շնորհալի երեխաներինՙ իրականացնում է ուսուցողական ծրագրերՙ կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասացի, ասմունքի, երգի, ինչպես նաեւ կավագործության բաց դասընթացներ արհեստավարժ խեցեգործի հետ: Այստեղ գործում է նաեւ հայկական գորգագործության, կարպետագործության խմբակ, որտեղ փոքրիկ սաները ծանոթանում են հայկական գորգագործության դարավոր գաղտիքներին, գորգ գործելու հմտություններին, գորգագործության առանձնահատկություններին, զարդանախշերի ճիշտ օգտագործման տեխնիկային: Սովորում են ինչպես ճիշտ համադրել գույները ու դազգահների վրա ստանում հայկական գորգի զարմանահրաշ նախշերը:

Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Արցախյան երիտասարդ եւ մանուկ կարպետագործներ» ծրագրի շրջանակում գործած կարպետների ցուցահանդեսը: Ծրագիրը նպատակ ուներ լուծելու Շուշիի եւ հարակից շրջանների երեխաների զբաղվածության խնդիրն ու երիտասարդներին տրամադրելու արհեստի ձեռքբերման հնարավորություն: Ցուցահանդեսի ընթացքում «Արցախյան երիտասարդ եւ մանուկ կարպետագործներ» ծրագրի մասնակիցները փոքր շրջանակների վրա գործում եւ հյուրերին էին ներկայացնում տեղում կատարած աշխատանքները: Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում շարունակում է զարգանալ, եւ խմբակի դռները բաց են բոլորի առաջՙ առանց տարիքային սահմանափակման:

ՆԱՄ Շուշիի մասնաճյուղը հրաշալի հարթակ է նաեւ Արցախի գյուղական համայնքներում գործող արվեստի դպրոցների սաների համար, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքները կամ հանդես գալու ներկայացմամբ, երաժշտական կատարումներով:

Վերջերս այստեղ հյուրընկալվեցին Արցախի Տող գյուղի արվեստի դպրոցի սաները եւ հանդես եկան Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացմամբ, հայկական ժողովրդական, աշուղական երգերի համերգային ծրագրով:

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում վերջերս ստեղծված «Նարեկացի-Շուշի» նվագախմբի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ են ժողովրդական գործիքներՙ սանթուր, քանոն, թառ, դուդուկ, շվի, բլուլ, դհոլ, կոպալ դհոլ, դափ, ուդ, բուբեն, բամբիռ (մեծ), բամբիռ (փոքր), լիտավր-թաս եւ նոտակալներ:

Սիրիահայ Քեշկերյանների ընտանիքի փոքրիկ աղջնակըՙ 9-ամյա Ալիսան, հաճախում է «Նարեկացի» արվեստի միության Սեւան Նագգաշյանի անվան նկարչական խմբակ: Տեղեկանալով «Նարեկացի-Շուշի» նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրաբերելու անհրաժեշտության մասին, Ալիսան ցանկացավ իր փոքրիկ քանոնը նվիրել նվագախմբինՙ իր ներդրումն ունենալով ազգային մշակույթի ծաղկեցմանն ուղղված այս հրաշալի նախաձեռնությանը: «Նարեկացի» արվեստի միությունը մեծ երախտագիտությամբ ընդունեց Քեշկերյանների ընտանիքի կողմից արված նվիրատվությունը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լեւոն Սարդարյանը , քանոնահար Ռուզաննա Գրիգորյանը քանոնը հանձնեցին փոքրիկ Աստղիկին , ով մեծ ոգեւորությամբ օրեր առաջ գրանցվել էր քանոնի խմբակում, սակայն նվագել սովորելու համար գործիք չուներ: Ողջունելի է փոքրիկ այս աղջնակի սերն ու անշահախնդիր վերաբերմունքն արվեստասեր իր հասակակիցների նկատմամբ:

ՆԱՄ-ը երախտագիտությամբ կընդունի նորաստեղծ նվագախմբին ուղղված յուրաքանչյուր նվիրատվությունՙ ի նպաստ Շուշիի մշակութային վերածննդիՙ ՆԱՄ-ի հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված գործունեությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.