AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 12-01-2018



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-01-11 21:47:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2982, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՆԱ ՄԱՐԻԿՅԱՆ. «ԻՄ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամեն անգամ հաճույքով եմ մտնում մեր պարարվեստի քոլեջ (որն իներցիայով շարունակում եմ ուսումնարան կոչել), իսկ վերջերս այնտեղ իրականացված հիմնարար նորոգությունից հետոՙ է՛լ ավելի հաճույքով: Եվ ամեն անգամ հպարտությամբ եմ լցվումՙ նրա միջանցքներում տեսնելով այդ կրթօջախի սյուները հանդիսացող հայ բալետի պատմությունը կերտած երախտավորներին:

Այս անգամ իմ զրույցը նրանցից մեկիՙ պարուհի եւ պարուսույց, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանի հետ է...

- Տիկի՛ն Մարիկյան, որքան գիտեմՙ Դուք Սփյուռքից հայրենադարձված մեր միակ բալետային գործիչն եք: Որտեղի՞ց են Ձեր արմատները:

- Հայրսՙ Գրիգոր Մարիկյանը եւ մայրսՙ Մարի Երկաթը, պոլսեցիներ էին: Մայրս դաշնակահարի կրթություն էր ստացել, սակայն հայրենադարձվելուց հետո նվիրվեց տիկնիկագործությանը: Նրա հայկական ազգային տարազներով տիկնիկները շատ ինքնատիպ ու գեղեցիկ էին, պատրաստում էր ձեռագործով. մի անգամ Ֆրանսիայում միջազգային մրցույթում դրանք գրավել են առաջին եւ երկրորդ տեղերը (երրորդ տեղը գրավել են մի ճապոնացու աշխատանքները): 1915-ին, երբ ցեղասպանությունը սկսվել է, պապիկիս սպանությունից հետո մեծ մայրս իր երեք տղաներին փախցրել է Պոլսից: Տեր Զորի ճանապարհով նրանք ոտքով մեծ տանջանքներով հասել են Եգիպտոս: Հայրս հետո մեկնեց Ֆրանսիա, որտեղ ճարտարապետական կրթություն ստացավ: Նա հայերեն չգիտեր: Երբ Ֆրանսիայից եկավ Եգիպտոս եւ ծանոթացավ մորս հետ, մայրս նրան սովորեցրեց հայերեն, այնպես որ հետագայում հայրս ինձ ընտիր ձեռագրով հայերեն նամակներ էր գրում: Նա մեզ հետ չհայրենադարձվեց, քանի որ ասում էր. «Ես չեմ գնա մի երկիր, որտեղ մտնել կա, իսկ որտեղից դուրս գալՙ չկա»: Ես հորս ընդամենը մեկ անգամ հանդիպեցի 1972 թվականին, Բեյրութում, 26 տարվա բաժանումից հետո: Շատ հուզիչ էր, թեեւ ես նրան այլ կերպ էի պատկերացնում...

- Ձեր առաջին ելույթը տեղի է ունեցել դեռեւս ձեր ծննդավայր Ալեքսանդրիայում, երբ դուք չորս տարեկան էիք, եւ մի պարահանդեսի ժամանակ ինքնեկ մղումով նետվել եք պարահարթակ ու ձեր պարի համար մրցանակի եք արժանացել: Կմանրամասնե՞ք այս պատմությունը:

- 1940-ական թվականներին մենք Եգիպտոսում գրեթե գաղափար չունեինք բալետային արվեստից, չնայած մայրս տեսել էր Աննա Պավլովայի պարը, երբ նա հյուրախաղերով եկել էր Կահիրե: Տատիկսՙ գրող Պայծառ Երկաթը, հաճախ էր մեր տանը հավաքույթներ կազմակերպում, որոնց ժամանակ երգում էր, ես ու զարմուհիներս էլ սիրում էինք պարել նրա երգի տակ: Մեծ մայրս նկատում էր, որ իմ պարը մի քիչ այլ տեսակ է, ավելի համահունչ իր երգեցողությանը: Ձեր նշած ելույթս տեղի է ունեցել Ալեքսանդրիայի «Տիգրան Երկաթ» միության կազմակերպած «բալ դ,անֆանի»ՙ երեխաների պարահանդեսի ժամանակ: Երաժշտությունը հնչեց, երեխաները սկսեցին պարել, ես էլ ինքնամոռաց մտա պարի մեջ, եւ իմ պարը տեսնելովՙ շատերն ասացին մորս. «Մարի՛, Մարի՛, աղջիկդ բալերինա պիտի ըլլա»: Այդ երեկո ես ամենից շատ աչքի ընկա, եւ մրցույթից դուրս ինձ մրցանակ նվեր տվեցին ոսկե ականջօղեր:

- Փաստորեն, ձեր մոր ծանոթները միանգամայն ճիշտ էին: Սակայն դուք երեւի պարուհի չդառնայիք, եթե չհայրենադարձվեիք:

- Այո, քանի որ, ինչպես ասացի, Եգիպտոսում բալետը դեռեւս անհայտ աշխարհ էր: 1947-ին առաջին քարավանով հայրենադարձվեց մորեղբայրսՙ երգիչ Միհրան Երկաթը, իսկ ես ու մայրս Հայաստան եկանք երկրորդ քարավանովՙ 1948-ին: Վեց տարեկանս նոր էր բոլորել, բայց ես բավական հիշողություններ ունեմ Եգիպտոսի հետ կապված: Արդեն նույն 1948 թվականին էլ Երեւանում մորեղբայրս առաջարկեց մորս ինձ տանել պարարվեստի ուսումնարան: Չնայած դեռ փոքր էի, բայց ուսումնարանի տնօրենըՙ հիանալի բարիտոն Ալեքսանդր Կարատով-Կարապետյանը, հարգելով մորեղբորսՙ ինձ ընդունեց: Ես սիրեցի իմ մասնագիտությունը, եւ ամենակարեւորըՙ իմ մասնագիտությունն էլ սիրեց ինձ: Այդպես ամբողջ կյանքս անցնում է բալետում, թատրոնումՙ 25 տարի, ուսումնարանում էլՙ արդեն 31 տարի: Թատրոնում մենակատար էի, արժանացել եմ մրցանակների, կոչումների, մեդալների, որոնց մասին չարժե խոսել, դրանց երբեք ուշադրություն չեմ դարձրել:

- 1950-ականների Երեւանում դեռատի աղջկա համար դժվար չէ՞ր բալետի պարուհի լինելը:

- Ոչ միայն 1950-ականներին, հաջորդ տասնամյակներին էլ: Անձամբ ես որեւէ խոչընդոտ չեմ ունեցել, քանի որ ընտանիքս բոլորն արվեստագետներ էին, դրսից եկած, իսկ ամուսինսՙ Սիգիզմունդ Ներսիսյանը, երաժիշտ կատարող էր, նվագախմբում նվագում էր հարվածային գործիքներ, հետո հիմնադրեց եւ տարիներ շարունակ ղեկավարեց թիվ 1 արվեստի դպրոցը, հիմաՙ Ղազարոս Սարյանի անվան: Բայց ահա նրա մայրըՙ սկեսուրս, որը հիանալի անձնավորություն էր, իր շրջապատին այդպես էլ երբեք չասաց, որ ես բալետի պարուհի եմ, միշտ ասում էրՙ նա հայկական պարեր է պարում... Իհարկե, կամաց-կամաց ժողովրդի մտայնությունը փոխվեց, բայց սրանից 50-60 տարի առաջ իսկապես շատ դժվար էր մեր երկրում բալետի պարուհու համար:

- Կարծիք կա, որ հայ աղջիկների մեծամասնությունը չունի բալետին համապատասխանող ֆիզիկական տվյալներ...

- Այո՛, ի տարբերություն, ասենք, եվրոպացիների կամ ռուսների: Հայտնի է, որ երբ Մարիուս Պետիպան Ֆրանսիայից մեկնեց Ռուսաստան, զարմացավ ռուս ազգի ֆիզիկականի վրա, որն ասես ստեղծված է բալետի համար, ու մնաց Ռուսաստանում: Դասական պարի համար շատ կարեւոր է մարդու արտաքինը, իսկ մեր հայուհիների մեծամասնությունն ունի բալետին չհամապատասխանող գծեր, գիրանալու հակում, ինչը հակացուցված է բալետին: Ոչինչ, մերոնք էլ ուրիշ համով-հոտով կողմեր ունեն, մեզ մոտ էլ առատ են ձայնային փայլուն տվյալներ ունեցողները: Սակայն, մյուս կողմից, երաժշտականությամբ, զգացմունքներով, ընդունակություններով մեր աղջիկները շատ էլ համապատասխանում են բալետին: Այդ կարծիքն ավելի վերաբերում է մեր անցյալի՛ պարուհիներին, որովհետեւ նոր սերունդների մեջ արդեն շատ են բալետային տվյալներով, հասակով, շնորհալի աղջիկները, նրանք շատ չեն, բայց լավագույններն ունենք...

- Իսկ տղանե՞րը:

- Մեր տղաներն իրենց արտաքինով կարծես թե ավելի բալետային են, նրանք ավելի աչքի են ընկնում իրենց զգացմունքներով, շատ կրակոտ են, բայց գրագիտության տեսակետից չեմ կարող ասել, թե առավել են մեր աղջիկներից:

- Ո՞րն եք համարում ձեր ստեղծագործական կյանքի գագաթնակետը:

- Երբեք չեմ կարող ասել, որ ես հասա գագաթնակետին:

- Բայց դուք հայ բալետի ոսկեդարիՙ 1960-70-ականների ամենավառ դեմքերից եք, ձեզ անվանել են «եթերային պարուհի»...

- Այո, այդ տարիներին մենք ունեինք հիանալի երկացանկ, հիանալի հնարավորություններՙ աշխատելու տարբեր երկրների բալետմայստերների հետ, տարին երկու-երեք պրեմիերա էինք ունենում: Դա շատ հետաքրքական բեմական շրջան էր: Դրանից հետո մտնելով ուսումնարանՙ չեմ կարող ասել, թե դա պակաս էր: Երիտասարդության հետ կապված էր բեմը, հասունության հետՙ դասավանդումը: Ես երեւի ուսուցիչ եմ ծնվել, այնքան ինձ գրավեց մանկավարժական աշխատանքը: Իմ ուսուցիչ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը մի անգամ ինձ ասաց. «Դպրոցում շատ կան դասատուներ, իսկ դու ուսուցիչ ես»: Շատ եմ ուրախանում իմ աշակերտների հաջողություններով, ինչի որ ես չհասա, ուզում եմ, որ նրանք հասնեն: Չգիտեմ, ես գագաթնակետ չունեմ: Իմ գագաթնակետն ամենօրյա աշխատանքն է:

- Ֆրանսիացի մեծանուն բալետմայստեր Մորիս Բեժարն իր հուշերում սիրով պատմել է իր ուսուցչուհուՙ հայազգի պարուսույց մադամ Ռուզանի մասին, թե որքան խիստ է եղել նա, ինչպես է պատժել իր սաներինՙ մի լավ կսմթելով, անընդհատ կրկնել տալով նույն շարժումը կամ կարգադրելով իր համար սուրճ պատրաստել: Իսկ ինչպիսի՞ ուսուցչուհի է Աննա Մարիկյանը:

- Ինձ էլ են համարում խիստ ուսուցչուհի, ոմանք նույնիսկ անունս դրել են Մառոզՙ սառնամանիք (ծիծաղում ենք): Բայց ես այդ մադամ Ռուզանի նման երբեք աշակերտի վրա ձեռք չեմ բարձրացնում կամ չեմ պատժում սխալի համար, միմիայնՙ ծուլության համար: Իսկ պատիժն էլ ընդամենը ծույլ աշակերտին դասասենյակից վռնդելն է, այն էլ միայնՙ չափահասներին: Իմ խստությունը հենց այնպես չէ, կնշանակի, որ աշակերտից սպասելիքներ ունեմ եւ չեմ ուզում, որ ծուլության պատճառով նա կորչի-գնա: Եվ գնահատողը գնահատում է:

- Այո՛, ձեր սանուհի Աննա Հարությունյանը ինձ տված հարցազրույցում ասաց. «Հպարտ եմ, որ եղել եմ Աննա Մարիկյանի սանը, որի պես մանկավարժ չի եղել ու չի էլ լինի»: Իսկ ձեր սաների մեջ ովքե՞ր են ձեր, այսպես ասած, մանկավարժական հպարտությունը:

- Լավ աշակերտուհիներ շատ եմ ունեցել, իսկ հիմա կուզեմ առանձնացնել հետեւյալ անուններըՙ Սոնա Խաչատրյան, որը հաջողությամբ մասնակցեց բալետի միջազգային մրցույթների Լոզանում ու Պետերբուրգում, Ալբինա Ղազարյան, որը դափնեկիր դարձավ Սոչիում Գրիգորովիչի մրցույթում ու հիմա պարում է ԱՄՆ-ում, եւ ձեր նշած անունըՙ Աննա Հարությունյան, որը հիմա ապրում ու աշխատում է Ավստրալիայում:

- Բալետի մասնագիտությունը հաճախ շարունակվում է սերունդների մեջ...

- Որդիսՙ Արսեն Ներսիսյանը, գնաց հոր ուղղությամբ. ջազ երաժիշտ է, գործիքավորող, նվագում է հարվածային գործիքներ եւ սաքսոֆոն: Նա ամուսնացավ Մաքսիմ Մարտիրոսյանի դստեր հետ: Թոռնուհիսՙ Անի Ներսիսյանը, չնայած սովորեց մեր պարարվեստի ուսումնարանում, բայց ուսումը շարունակեց Չայկովսկու անվան դպրոցումՙ որպես դաշնակահար ու հիմա մեր ուսումնարանում կոնցերտմեյստեր է աշխատում: Նա ամուսնացած է մեր բալետի մենապարող Ռուբեն Մուրադյանի հետ: Իսկ նրանց աղջիկը, որի անունն, ի դեպ, Աննա է, չնայած ընդամենը երեք տարեկան է, բայց նկատելի պարային տվյալներ ունի ու արդեն ցույց է տվել իր հակումները պարի հանդեպ:

- Դե ինչ, «բալետային գեներն» անում են իրենց գործը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.