AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018



ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Տեղադրվել է` 2018-01-19 00:39:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1913, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՌՆԱԼ ՔԱՀԱՆԱ, ԿԱՄ ԿՈՐՑՆԵԼ ՕԼԳԱՅԻՆ

Նարինե ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, Հովհ. Թումանյանի անվ. տուն-թանգարանի տնօրեն

Հովհ. Թումանյանի կյանքում 1887թ. սեպտեմբերին տեղի ունեցավ կարեւոր եւ խիստ էական իրադարձությունՙ նա սիրահարվեց լրջորեն եւ առհավետ: Օրիորդը Մարիամ Մաճկալյանն էր: Նա առավել հայտնի է իր ավազանի անունովՙ Օլգա: Հանդիպումը տեղի ունեցավ Թիֆլիսի Խարփուխ թաղում, որտեղ պատահաբար կողք-կողքի բնակվում էին Հովհաննեսը եւ Մարիամի մեծ մայրը: Այդ օրը նրանք միաժամանակ դուրս եկան տնից, հանդիպեցին փողոցում եւ նայեցին միմյանց աչքերի մեջ: «Մյուս օրը կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երեւույթին, նա երեկ հետեւել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տունՙ ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել Հովհաննես քահանա Տեր Մարտիրոսյանը...»: (Օ. Թումանյանի հուշերից):

Հովհ. քահանա Տեր-Մարտիրոսյանը Օլգայի խորթ հայրն էրՙ Քամոյան եկեղեցու սպասավորը եւ Հայոց Հոգեւոր կոնսիստորիայի անդամը, որտեղ նույնՙ 1887թ., 16 ռուբլի 66 կոպեկ աշխատավարձով աշխատանքի էր անցել Հովհաննես Թումանյանը:

«Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց եւ գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ուներ»: (Օ. Թ.):

Այդ օրերին Հովհաննեսը գրեց մի սիրային ոտանավորՙ նվիրված Օրիորդին, բայց այդ մասին խոստովանեց 3 տարի անց միայնՙ Թիֆլիսից Շուլավեր ուղարկած նամակում...

Ես ուզում եմ մի հրատապ

Սաստիկ սիրով ինձ տանջել,

Նրա կրծքին անարատ

Բոցավառվել ու հանգչել...

Մի քանի ամիս անցՙ 1888թ. հունվարի 1-ին, Հովհաննեսը եկավ շնորհավորելու Օլգայի եւ նրա ընտանիքի Կաղանդը:

«Օհանեսը ամեն օր գալիս էր, երբեմն մնում էր ճաշի: Մայրս նրան շատ էր սիրում, ավելի, քան ես: Խոսում էինք գրականությունից: Հարցնում էրՙ ինչ գրքեր եմ կարդացել...»: (Օ. Թ.):

1888թ. մարտի 24-ին չորս քահանա եւ մի վարդապետ նշանեցին ջահելներին: Այդ առիթով Թումանյանը 16 ռուբլով գնեց իր առաջին կոստյումը:

«Այդ օրը մի բանաստեղծություն գրեց «Արծվիկ» վերնագրով: Չորս տող էր, բերեց, կարդաց: Ես չգիտեի, որ նա ոտանավորներ է գրում: ...պատահում էր մի հանգի, մի բառի պատճառով ոտանավորը թողնում էր կիսատ. «Էս զահրումարը մի բառի պատճառով մնաց...»»: (Օ. Թ.):

Օլգայի հայրացուն Թումանյանի հետ կապված հեռահար նպատակներ ուներՙ երիտասարդին քահանա դարձնել: Եւ հապշտապ պատրաստեց ամուսնական պայմանագիրը: Մինչ Հովհաննեսը կծանոթանար պայամագրում ամրագրված իր անբեկանելի պարտավորություններին, ինչպես հարկն է, դարպասում էր սիրելի նշանածին:

«...Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձեւի: Գիշերը, ուշ ընթրիքից հետո, չէր ուզում տուն գնալ, ասացՙ գիշերը մեյդանով մեծ մկներ են վազում, վախենում եմ: Մայրս ասացՙ մնա մեզ մոտ: Մնաց: Երկու օրից հետո գնաց ու վերադարձավ. տանտիրուհին... ասել էրՙ որտեղ երկու գիշեր մնացել ես, էլի գնա էնտեղ: Դե ինչ պետք է ասեինք: Ասինքՙ գնա, շորերդ բեր»: (Օ. Թ.):

Իր ողջ ունեցվածքովՙ մի ձեռք սպիտակեղեն, «Վերք Հայաստանին» եւ «Հյուսիսափայլի» մի համար, Հովհաննեսը մտավ Նորաշեն փողոցի 28 տան դռնից իբրեւ ընտանիքի լիիրավ անդամ: Աներհայրիկն անմիջապես դեմ տվեց իր կողմից կազմված ամուսնական պայմանագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա գրաված էր, որՙ կնության առնելով Օլգա Մաճկալյանին, փեսան պարտավորվում է քահանա դառնալ: Հովհաննեսը կամովին ստորագրեց այն: Ամուսնության հարցը մի քիչ ձգձգվում էր: Նախ, Զատկից հետո 40 օր պիտի անցներ, այսինքնՙ Համբարձան օրը պիտի գար, որ եկեղեցին արտոներ պսակադրությունը: Օրը եկավ, բայց մի զավեշտալի-դրամատիկ դիպված հետաձգեց ամուսնությունը: Բայց եւ փրկեց Թումանյանին վերահաս մահից: Նախՙ Հովհաննեսը անկողին ընկավ այն բանից հետո, երբ Դսեղից եկած բարեկամի հետ մի լավ գարեջուր խմելուց հետո ահագին քանակությամբ կեռաս կերավ: Կոնյակ, կաթիլներ, դեղահատեր, բժիշկ... ոչինչ չօգնեց: Հովհաննեսի սիրտը Սուրբ Գրիգորի աղբյուրի ջուրն էր ուզում: Եվ իսկապես նա ապաքինվեց միայն Դսեղ գալով: Բայց դա շատ երկար տեւեց, հարսանիքն ինքնըստինքյան հետաձգվեց: Սա բախտորոշ հիվանդություն էրՙ Աստվածատուր հիվանդություն: Բանն այն է, որ Հովհաննեսը, որ, իմիջիայլոց, քաղաքական գաղտնի խմբակների անդամ էր, Ալեքսանդր Գոլոշյանի հետ ծրագրել էր զինված ջոկատով Պարսկաստանով անցնել Տաճկահայաստանՙ հայրենիքն ազատագրելու: Դրա համար նույնիսկ վերարկուն էր վաճառել ատրճանակ գնելու նպատակով: Բայց անմեղ կեռասից առաջացած անսպասելի հիվանդությունը ձախողեց նրա մեկնումը: Եվ փառք Աստծո: Մեկնողները, այդ թվում եւ Ալ. Գոլոշյանը, սպանվեցին ճանապարհին: Բուժման նպատակով նշանածից ամիսների բաժանումը պատճառ դարձավ տարաբնույթ խոսակցությունների եւ դժգոհությունների: Եվ դրանց հիմնական հեղինակը օրիորդ Մաճկալյանի մայրն էր:

«Հարգելի մայր... քանի որ Ձեր հատկությանց մեջ առաջին տեղը կիրքն է բռնում, ես դեռ շատ անմխիթար դեպքերի եմ սպասում: ....Ընտանեկան խռովությունն ավելի սոսկալի է ինձ համար, քան անակնկալ մահը նույն իսկ այս հասակում: Հետեւաբար ես տանող չեմ ոչ մի բռնություն, ոչ մի բարոյական ճնշում»: (Հատված Շուշանիկ Մաճկալյանին գրած նամակիցՙ 1888.09.15, Դսեղ-Թիֆլիս) :

Այնուամենայնիվ 1888 դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հովհ.Թումանյանի եւ Օլգա- Մարիամ Մաճկալյանի պսակադրությունը, եւ սկսվեցին քահանա դառնալու պարտավորության մասին հիշեցումները: Եվ իսկապես, Հովհաննեսը իբրեւ տիրացու մտավ եկեղեցի: Չուզելովՙ սպասավորեց Թիֆլիսի տարբեր եկեղեցիներում: Մի անգամ Նորաշենի եկեղեցում արարողության ժամանակ մի անհաջող բան տեղի ունեցավ. «Տեր Դավիթը Ավետարանը քթովս խփեց, պատահաբարՙ քիթս արնեց»:

Էլի ուրիշ արկածներ գրանցվեցին Հովհաննես տիրացուի հաշվին: Բայց նա պոետ էր հոգով եւ կոչումով: Ընկերները հորդորում էին գրակա՛ն ասպարեզ իջնել: Պոետական աշխարհում սավառնելով, թե՞ դիտավորյալ-խորամանկաբար, նա սկսեց հաճախակի շփոթել պսակի եւ թաղման արարողությունների երգեցողությունները: Հարսանքավորների եւ հանգուցյալների հարազատների զգացմունքերը չվիրավորելու համար, եկեղեցին շուտով տիրացու Հովհաննեսին ճանապարհ դրեց դեպի աշխարհիկ կյանք: Դե, նրա ուզածն էլ դա էր:

Բայց Օլգայի հայրացուն դեռ կհիշեցնի պայմանը: Անկեղծ լինելով ասենք, որ փեսային հոգեւորական դարձնելու հիմքում որեւէ հոգեւոր մղում չկար: Դա զուտ հաշվարկ էր: Քահանա Տեր-Մարտիրոսյանը որդի չուներ եւ անհանգիստ էր ի Վերին Երուսաղեմ ճանապարհվելուց հետո իր կալվածքների եւ ունեցվածքի տնօրինության եւ, ինչու չէ, բազմապատկման ապագայով:

19-րդ դարի ավարտը Թումանյանի համար լի էր դժվարություններով եւ նեղություններով : 1898-ին հոր մահը, Դեսղի իրենց հողերի բռնազավթումը, 6-րդ երեխայի ծնունդը, առողջական խնդիրները, գժտությունները կնոջ ընտանիքի հետ. «Հոգեկան վրդովմունքների, տանջանքների ու հոգնածության հետ միաժամանակ ֆիզիկապես էլ քայքայվել եմ, ընկել եմ բոլորովին, մի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարծեմ օգնությունն էլ զուր կլինի, օրհնությունն էլ»: Ժամանակի ընթացքում փոխանակ բարեկեցիկ ապրելու եւ առավել շատ ստեղծագործելու հնարավորություններն ավելանային, հակառակն էր տեղի ունենում: Նա ավելի էր խրվում նյութական հաշիվների մեջ: Հոգին մի բան էր ուզում, կյանքը մեկ այլ բան էր առաջարկում: Նրա առջեւ մեկ խնդիր կարՙ փրկել ընտանիքը կենցաղային անախորժություններից, հաշիվները փակել պարտատերերի հետ եւ գոյատեւել: Հովհաննես քահանա Տեր-Մարտիրոսյանի համար պատեհ առիթ ստեղծվեց Թումանյանին կրկին հիշեցնելու քահանա դառնալու անհրաժեշտության մասին:

«Վերջերս այնպիսի տագնապների մեջ ընկա, որ վերջապես որոշեցի ( ինք), չգիտեմ այս բառը ինչպես գրեմ, քահանա դառնալ»:

Թումանյանին փարաջայով չտեսնելու համար, գործի լծվեցին նրա լավագույն ընկերներ-մեկենասներըՙ իշխանուհի Մարիամը, Ֆիլիպ Վարդազարյանը, Արիստակես Զարգարյանը եւ Թումանյանին դուրս բերեցին կենցաղային նվաստացնող իրավիճակից: Ամուսնական պայմանագրի համապատասխան կետը ուժը մեկընդմիշտ կորցրած ճանաչվեց:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.