AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 26-01-2018



ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-01-25 22:39:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1539, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

100-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

Նաիր ՅԱՆ

Այս տարի համապետական ու համազգային նշանակության տոն ենք նշելուՙ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100 ամյակները: Հոբելյանի կապակցությամբ իրականանալու են պետական ու մասնավոր նախաձեռնություններ, գիտաժողովներ, հրատարակվելու են գրքեր: Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի Առաջին Հանրապետությանն եւ մայիսյան հերոսամարտերի 100 ամյակի կապակցությամբ մի քանի ժողովածուներով հրատարակելու եւ առանձին ցուցահանդեսներով ներկայացնելու են վկայություններ ու փաստաթղթեր: Լույս կընծայվի 4 աշխատություն, որոնցից մեկըՙ ռուսերեն ստվարածավալ հանրագիտարան: Ինչո՞ւ ռուսերեն, որովհետեւ փաստաթղթերը բացառապես ռուսերեն են: Դրանք Հայաստանի Առաջին Հանրապետության բանակիՙ թվով շուրջ 3.000 սպաների մասին տեղեկություններ ենՙ սկսած նրանց ծննդյան թվից մինչեւ մահ: Սպաների մեծ մասը 1937-ին գնդակահարվել է, բայց մի քանիսը, օրինակՙ Հովհաննես Բաղրամյանը, բարեբախտաբար, փրկվել է: Հայ սպաները գնդակահարվել են ներկայիս Ազգային անվտանգության շենքի նկուղում. գնդակահարման վայրը հետագայում դարձել է հրաձգարան, որտեղ կրակել էին սովորում ապագա չեկիստները: Իսկ հայ սպաների գերեզմանը, ասում են, ներկայիս Հրազդան մարզադաշտի տակ է: Սովետական տարիներին միտումնավոր կերպով է մարզադաշտը կառուցվել հենց այդ վայրումՙ հետքերը քողարկելու, Հայաստանի Առաջին Հանրապետության սպաների ոսկորները կորցնելու, ցեմենտ-բետոնով ծածկելու եւ հետագա սերունդներից նրանց գերեզմանը թաքցնելու համար:

Բոլոր սպաների մարտական կենսագրությունները կապված են Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի հետ: Խորհրդային տարիներին մեր մեջ սերմանել էին, դասագրքերում էլ այդպես էր գրված, թե այդ ճակատամարտերում կռվեցին ու հաղթեցին գյուղացիները: Իրականում թուրքերին կազմակերպված ու լավ մշակված դիմադրություն են ցույց տվել հայ սպաներըՙ Սիլիկյանի, Փիրումյանների ղեկավարությամբ: Բացի անձնական տվյալներից, առանձին փաստաթղթերով ներկայացվելու է, թե ճակատամարտերի ընթացքում որ սպան ինչ դեր է կատարել:

Երկրորդ ժողովածուում ներկայացվելու է Հայասատնի Հանրապետության քաղաքական պատմություննՙ ըստ արխիվային փաստաթղթերի: Նման մի ժողովածու ԳԱԱ-ի հետ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել էր դեռ 2001 թվականինՙ ընդամենը 100 օրինակով: Այս տարի ժողովածուն կվերահրատարակվիՙ վերափոխված, համալրված նոր նութերով. վերջին 20 տարում աշխարհի տարբեր երկրների արխիվներից ձեռք են բերվել մեծ քանակությամբ նոր փաստաթղթեր, որոնք կներառվեն այդ գրքում: Այսուհետեւ ցանկացած ուսումնասիրող կարող է իր բոլոր հարցերի պատասխանները գտնել այդտեղ ու սեփական եզրակացություններն անել: Ոչ մի փաստաթուղթ մեկնաբանված չէ. դա թողնված է հետազոտողներին եւ ուսումնասիրողներին, միայն առանձին ներկայացված կլինեն ծանոթագրություններ պատմական անձանց, իրադարձությունների ու վայրերի մասին:

Երրորդ ժողովածուն Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է Ռուսաստանի գործընկերների հետ, որովհետեւ 2018 թվականը նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակն է: Գիրքը կոչվում է «Կովկասյան ռազմաճակատ»ՙ դարձյալ ռուսերեն: Լույս է տեսնելու Մոսկվայում: Կովկասյան ռազմաճակատի մասին առաջին անգամ կներկայացվեն փաստաթղթեր ռուսական, հայկական եւ վրացական արխիվներից: Հայտնի է, որ Կովկասի կենտրոնն այդ տարիներին Թիֆլիսն է եղել, եւ փաստաթղթերի մեծ մասն էլ մինչեւ հիմա պահվում է այնտեղ: Գրքում ցուցադրվելու են ոչ միայն ռազմական գործողությունները, այլեւ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների կիրառած քաղաքականությունը:

Հրատարակվելիք 4-րդ ժողովածուն «Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» խորագրով է: Պետություն չունենալու պայմաններում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին հսկայական դեր է կատարել: Գիրքը լույս է սփռելու, թե Առաջին Հանրապետության ժամանակներում նոր իշխանությունների հետ ինչպիսի փոխհարաբերություններ է ունեցել, ինչ դեր է կատարել Հայ եկեղեցին:

Գեւորգ 5-րդ Սուրենյանցի մասին որպես կաթողիկոսիՙ մեր պատմագրության մեջ տարբեր կարծիքներ կան: Բայց նրա դիրքը, համառ պահանջըՙ Էջմիածինը չի հանձնվելու. եթե թուրքերը գրավելու են Էջմիածինը, իսկ հայկական բանակը չի պաշտպանելու սուրբ քաղաքը, ուրեմն ինքը Մայր տաճարի խորանի առաջ պատրաստ է զոհվել, պատմական դեր է կատարել: Սիլիկյանը Գեւորգ 5-րդին առաջարկել է թողնել Էջմիածինն ու գնալ Սեւան կամ Բյուրական, այնուհետեւ Արամ Մանուկյանն է փորձել բանակցել ու համոզել նրան. ապարդյուն: Կաթողիկոսիՙ եկեղեցու խորանի առաջ զոհվելու պատրաստակամությունը քաղաքական ու ռազմական գործիչների որոշումները կտրուկ փոխել է: Սննդամթերք, զինամթերք, ջուր են տեղափոխել Երեւանից Էջմիածին, որպեսզի կռվող զինվորները շարունակեն դիմադրությունն ու չհանձնեն Էջմիածինը. այս ամենի մասին վկայում են արխիվային փաստաթղթերը:

Հրատարակվելու է նաեւ գիրքՙ «Կիլիկիանՙ 1918-23 թթ.» վերնագրով: Այդ տարիների պատմական դեպքերի մասին եւս բազմաթիվ արխիվային նյութեր կան, թե ինչպես ֆրանսիական զորքերն ազատագրեցին Կիլիկիան. հայ բնակչությունը վերադարձավ այնտեղ, ստեղծեց ինքնավարություն, բայց քեմալական զորքերի ու Ֆրանսիայի դավաճանական քաղաքականության պատճառով Կիլիկիան կորցրինք երկրորդ անգամ: Կիլիկիայի հայությունը գաղթեց Սիրիա, Լիբանանՙ ստեղծելուվ հայկական երկու մեծ գաղթօջախ: Բացի այդ, նախատեսվում է հրատարակել Հայ եկեղեցուն նվիրված 4 ժողովածու, որոնցում առանձին անդրադարձներ կլինեն հայոց կաթողիկոսների կյանքին ու գործունեությանըՙ Խրիմյան Հայրիկին, Գեւորգ 4-րդին, նաեւ Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Թանգյանին, որը թեմը ղեկավարել է 1912-47 թթ.:

Հրապարակվելու են նաեւ անգլիական արխիվները. դրանք արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստաթղթեր են, որոնք կապ ունեն մեր տարածաշրջանում Անգլիայի կատարած ակտիվ ու ոչ հայանպաստ դերի հետ: Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի հարցում անգլիացիները միշտ պաշտպանել են Ադրբեջանի շահերը: Այդ փաստաթղթերը հայտնաբերված են եւ կհրատարակվեն: Հայաստանի արխիվում եղած ԱՄՆ-ի արխիվների փասաթղթերը, որոնք ժապավենի վրա մեր երկիր են բերվել դեռեւս 1980-ականներին, մինչեւ հիմա ուսումնասիրված չեն եղել: Ժողովածուն կլրացվի նաեւ ԱՄՆ-ի արխիվային վկայություններով: Ավստրիայից, Ռուսաստանից եւս նոր նյութեր են ստացվել: 100 ամյակի կապակցությամբ հրատարակվող արխիվային նյութերում նոր գաղտնազերծումներ չկան: Սակայն Ռուսաստանի արխիվներում դեռ կա Չիչերինի վերաբերյալ չգաղտնազերծված թղթապանակ: Հայտնի է, որ Չիչերինը 1920-21 թթ. զբաղված էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությամբ, Անդրկովկաս-Հայաստան-Թուրքիա հարաբերություններով: Դժբախտաբար, այդ արխիվի վրա գրված է «Հույժ գաղտնի», եւ ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ է պարունակում այդ թղթապանակը:

Ի՞նչ էր տիրում մայիսյան հերոսամարտերից առաջ: Կոտրված մեջքով, ցեղասպանություն տեսած, ծվեն-ծվեն եղած հայ ժողովուրդն ինչպե՞ս համախմբվեց, ո՞րն էր բռունցքվելու դրդապատճառը: Երզնկան ընկել էր, Էրզրումի պաշտպանությունըՙ ձախողվել: 1918 թվականի հունվար-փետրվարին թուրքերը շարժվում էին Արեւելյան Հայաստանՙ վերջնականապես բնաջնջելու հայ ժողովրդին: Գաղտնիք չէ, որ հատուկ ծրագրված նպատակադրում կար Ալեքսանդրապոլ-Երեւան ուղղությամբ հարձակվելովՙ գրավել Երեւանը եւ շարժվել Զանգեզուրՙ միանալու թուրքական երկրոդ բանակային խմբավորմանը, որը գործելու էր Սպիտակի ուղղությամբ: Թուրքական մեկ այլ զորամիավորում էլ Ապարանից էր մտնելու: Նրանց նվաճողական ծրագրի մեջ էին նաեւ Նախիջեւանն ու Ատրպատականը: Իսկ երրորդ բանակային խմբավորման ուղղությունը Վորոնցովկայով առաջանալն ու Բաքու հասնելն էր: Ռազմական ծրագրերի բուն նպատակն էր գրավել ամբողջ Արելյան Հայաստանը, Ատրպատականը, միավորել թուրքական բոլոր ուժերը եւ իրականացնել պանթուրքիստական մեծ ծրագիրը: 1918-ին իշխանության գլուխ անցած Անդրկովկասյան Սեյմում որոշում կայացնողները մենշեւիկներն էինՙ վրացի ղեկավարներով, որոնք Կարսն առանց կռվի թուրքերին հանձնելու հրաման արձակեցին: Իսկ դրան հաջորդեց Ալեքսանդրապոլի անկումը. թուրքական հիմնական ուժերը շարժվեցին Երեւան: Հենց այդ վճռորոշ օրերին էր, որ Սարդարապատի ուղղությամբ շարժվող թուրքական բանակային խմբավորման դեմ մեր ժողովուրդը միասնաբար պայքարեց եւ հաղթեց: Այդ հաղթանակը, որ հրաշքի էր նման, պատմաբաններն իրենց տեսանկյունից են մեկնաբանում, ռազմական պատմությունն ուսումնասիրած հոգեբաններնՙ իրենց: Իհարկե, մարտական գործողությունների, դիմադրություն ցույց տալու, հարձակում գործելու տակտիկայի ու կազմակերպվածության համար պարտական ենք հրամանատարներին ու սպաներին, իսկ ամուր թիկունքի ստեղծումն ու ղեկավարումըՙ Արամ Մանուկյանին: Հայ ժողովրդը միավորվեց, բոլոր ուժերը կենտրոնացրեց ռազմի դաշտում ու հաղթեց: Մայիսյան հաղթանակները կուսակցականացնելը ճիշտ չէ: Մարտի դաշտում հրամանատարը զորավար է, ոչ թե կուսակցական անձ: Իսկ նրա ներշնչանքի աղբյուրը, դժվար է կարծել, թե իր կուսակցական թեզերը եղած լինեն:

Մայիսյան հերոսամարտերի հաջողությունը գաղտնիք չունի: Երբ բարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ բահ բռնած գյուղացին ներքին բնազդով, մղումով ու գիտակցումով հասկանում են, որ անդարձ կորցնում են հայրենիքի նաեւ այս փոքր ծվենը, որ ազգովին են դառնալու թուրքական յաթաղանի զոհը, իսկ նրանց աչքի առաջ էր 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն ու ողջ մնացածների գաղթը, անգամ թուրքական հրոսակներն են անզոր դառնում նրանց առաջ: Հայաստանը ղեկավարողները հասկացել էին, որ եթե ուզենան, եթե կուսակցական շահերը ստորադասեն հայրենիքի շահին, ապա կարող են համախմբված գործել, զինված պայքար մղել, մարտի կոչ անել ու հմտորեն մարտ ղեկավարել: Եթե այդքան համառություն ու համարձակություն ունենային եւ զինված, կազմակերպված պայքար մղեին նաեւ Արեւմտահայաստանում, եթե հեռատես ու շրջահայաց լինեին, թուրքերի հետ ընկերանային, բայց նաեւ զինեին մեր քաղաքներն ու գյուղերը, ապա 1,5 միլիոն հայ անլեզու աղավնու պես չէր մորթվի: Եթե մեր մեծահարուստները ոչ թե իրենց ունեցվածքը եվրոպական ու թուրքական բանկերում թթու դնեին, այլ զենք գնեին եւ պատրաստվեին հակահարվածի, ապա նրանց ոսկին ու փողերը վերջում թուրքերին ու եվրոպացիներին չէին մնա: Իսկ նույն պատմությունը ցույց է տալիս, որ այն վայրերում, ինչպես Վանում, Ջեբել Մուսայում, Հաճընում եւ այլուր, որտեղ հայերն ունեցել են համարձակ ու ռազմատենչ ղեկավարներ ու դիմադրություն են ցույց տվել, այնտեղ մեր կորուստներն անհամեմատ քիչ են եղել: Ուրեմն եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայոց հաղթանակը ինքներս մեզ անպարտ, ուժեղ զգալու եւ ներշնչելու, հույսներս միայն մեզ վրա դնելու մեջ է: Այնտեղ, որտեղ պայքար է մղվել հանուն հայրենիքի, մենք հաղթել ենք ամենաանհավանական պայմաններում անգամ: Դրա մերօրյա վկայությունը եւս կաՙ 2016-ի ապրիլյան պատերազմը: Լույսի պես պարզ էր, որ եթե Արեւելահայաստանը պաշարած թուրքերն այս անգամ էլ հաղթեն, եթե նրանց այս անգամ էլ դիմադրություն ցույց չտրվի, ապա ցեղասպանության երկրորդ փուլն է իրականացվելու, իսկ Հայաստանի իշխանությունները թուրքական դատաստանից խուսափելու ճար չեն ունենալուՙ ինչ կուսակցության էլ պատկանեն:

Պատմությունն արձանագրում էՙ որքանով ճիշտ, որքանովՙ ոչ, 100 տարի հետո այնքան էլ էական չէ, որովհետեւ միեւնույն է, բացարձակ ճշմարիտ ոչինչ չկա: Կարեւորը պատմության թեկուզ ոչ բացարձակ ճշմարիտ դասերից հետեւություններ անելն ու դրանք ներկայում եւ ապագայում կիրառելու ունակությունն է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.