AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-05 21:49:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2379, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՅԱՆԱՅԻ ԼՈՒՅՍԻ ՄԻՋՈՎ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամերիկյան գրական անդաստանում լռեց մի հայկական ձայնՙ այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն խրոխտ, այնքա՜ն հայանվեր... Նրա փխրուն ուսերին բեռնված 83 տարիներն անգամ մեզ թույլ չեն տալիս ասել, թե Դայանա Տեր-Հովհաննեսյանը կյանքից հեռացավ ծեր տարիքումՙ այնքա՜ն կյանքով լի էր նա ու հավերժ կանացի...

Մենք ծանոթացանք հեռավոր 1994 թվականի հունիսին, երբ նա եկել էր Հայաստանՙ թարգմանելու հայ պոեզիա եւ կազմելու երկու ժողովածու (մեկըՙ հայ բանաստեղծուհիների գործերի): Մի լուսաշող առավոտ Աշխենիս հետ, որը մեկ ամսից դառնալու էր կյանքիս ընկերուհին, առանց նախապես պայմանավորվելու, գնացինք Երեւանի համալսարանի հյուրատուն, թակեցինք նրա սենյակի դուռը. նա մեզ դիմավորեց լուսանկարներից ծանոթ ջերմ ժպիտովՙ հարյուր տարվա ծանոթի, ավելի՛նՙ մտերիմի պես...

- Տիկի՛ն Դայանա...,- սկսեցի ես:

- Դի՛գին մի՛ ըսեր,- ասաց նա իր ամերիկյան առոգանությամբ, եւ այդ պահից նա մնաց պարզապես Դայանա...

Անսպասելի (եւ անծանո՛թ) հյուրերի այցը նրան ո՛չ շփոթեցրեց, ո՛չ էլ տարօրինակ թվաց: Մեկ րոպե մեզ լուռ ժպտալուց ու մեր տարած ծաղիկներով ու գրքով զբաղվելուց հետո սկսեց խոսել ու խոսել: Պարզ, բարեսիրտ, անմիջական, ժպտուն, երբեմնՙ արտակենտրոն, հումորով, խոսքաշեն, դյուրահավատ, գերզգայուն, ավելի քան շիտակ, փխրուն, բայց միաժամանակՙ ուժեղ... Արդեն վաթսուն տարեկան էր, բայց տեսքով ու պահվածքովՙ աղջկական, գրեթե աղջնակային, ուստիեւ շրջանցում էր ամեն թեմա, որ կարող էր մատնել իր տարիքը:

- Ամերիկայի մէջ բանաստեղծութիւն շատ չեն սիրեր,- առաջին իսկ հանդիպմանը ասաց նա:

Հմայիչ էր իր երկար մազերով ու կանաչ աչքերով: Հիշեցի նրա ժողովածուներից մեկի վերնագիրըՙ «Սեւ աչքերՙ կանաչ աչքերի խորքում»... Արտաքինովՙ ոչ հայկական, սակայն զտարյուն հայ, որը ծանր էր տանում իր ժողովրդի դժվարին ներկան: Ասես մեղավոր էր զգում, որ ինքն ապրում է ապահով Ամերիկայում, իսկ Հայաստանում մարդիկ ստիպված են ամենօրյա դժվարություններ հաղթահարելՙ գոյատեւման համար...

Դայանայիՙ երեք ամսվա կեցության ընթացքում սկսեցի պարբերաբար այցելել նրան, առաջարկել հին ու նոր բանաստեղծներից տարբեր գործեր, հայ բանաստեղծություններիՙ իմ կատարած անգլերեն տողացի թարգմանություններ, հրավիրել մշակութային միջոցառումների... Այդպես սկիզբ առավ մեր այնքա՜ն թանկ ընկերությունը: Դայանայի սերն ու բարեկամությունը տարածվեց նաեւ ընտանիքիս անդամների, զավակներիս վրա, տարիներ շարունակ նամակագրեցինք, օգտակար եղա նրան տարբեր հարցերով, նրա մի քանի բանաստեղծություն թարգմանեցի հայերեն ու ռուսերեն, նաեւ հյուրընկալվեցի նրա ջերմ հարկի ներքո...

1994-ին առաջին անգամ Դայանային տարա Գրականության եւ արվեստի թանգարան: Այստեղ նա ծանոթացավ հորսՙ թանգարանի այն ժամանակվա տնօրեն Հենրիկ Բախչինյանի եւ լուսահոգի գրաքննադատ Ալբերտ Կոստանյանի հետ: Պարոն Ալբերտը, որ խիստ ու ճաշակավոր քննադատ էր ու գովեստների մեջՙ ոչ շռայլ, հետո ինձ հետ մասնավոր զրույցում բարձր գնահատականներ տվեց Դայանայի պոեզիային:

Թանգարանում Դայանան ցանկացավ տեսնել իր պաշտելի բանաստեղծիՙ Դանիել Վարուժանի ձեռագրերը: Երբ ֆոնդապահը բերեց մի քանի նմուշ, Դայանան, ի տես այդ անգին մասունքների, չկարողացավ արցունքները զսպել... թեեւ Վարուժանի ձեռագրի մի պատառիկ ամեն օր իր աչքի առջեւ էրՙ շրջանակված ու կախված իր հյուրասենյակի պատին...

Առհասարակ, շուտ էր հուզվում: Այդպես հուզվեց Դանիել Երաժիշտի ղեկավարած «Շարական» համույթի համերգինՙ լսելով մեր հոգեւոր ու ժողովրդական երգերի բյուրեղյա մշակումներն ու վճիտ կատարումները...

Նրա մոտ անընդհատ մարդիկ էին գալիս: Բոլորին ընդունում էր անկեղծ ժպիտով եւ ժամանակ էր տրամադրում: Դժվար տարի էր, բայց հյուրերն իրենց հետ բերում էին տեսակ-տեսակ ճաշեր ու տարբեր ուտելիքներ, որոնց մեծ մասին մեր ասկետիկ Դայանան մատով չէր դիպչում....

Դայանայի մոտ ծանոթացա բանաստեղծուհիներ Մարո Մարգարյանի, Մետաքսեի, թատերագետ Լեւոն Հախվերդյանի եւ այլոց հետ, իսկ նրա միջոցով ձեռք բերեցի երկու հիանալի ընկերՙ ի դեմս թարգմանական գործում նրան մեծապես օգնող մեր համալսարանի անգլիական ֆակուլտետի ուսանողներ Գոհար Բարսեղյանի եւ Արմինե Փիլոյանի, որոնք եւս մինչեւ վերջ մնացին Դայանայի մտերիմները...

Զրուցասեր Դայանան հայախառն անգլերենով երկա՜ր պատմում էր ու պատմումՙ թե՛ իմ ու թե՛ իր բացած թեմաներով: Չէր խոսում իր մասին հայտնի բանաստեղծների ու քննադատների դրվատալից կարծիքների շուրջ: Չէր պատմում իր ստացած մի շարք գրական մրցանակների մասին: Չէր հիշատակում իր գրած երկու հայապատում թատերախաղերը, որոնք ներկայացվել էին ամերիկյան բազմաթիվ համալսարաններումՙ պոեզիայի եւ երաժշտության միջոցով պատմելով հայոց պատմությունը: Բայց միշտ հիշում էր հորըՙ Խարբերդի ոսկեղեն դաշտի Դատեմ գյուղում ծնված, Սեբաստացի Մուրադի զինակից Հովհաննես Տեր-Հովհաննեսյանին, որն իր ժողովրդին պատուհասած Մեծ զուլումից հետո հասել էր Երեւան եւ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ուղարկվել ԱՄՆՙ գյուղատնտեսություն ուսանելու: Նրա ճանապարհն անցել էր Ճապոնիայով, որտեղ նա, այդ երկրում հայտնված շատ հայերի պես, վայելել էր ազգային գործիչ եւ բարերար Դիանա Աբգարի բարեհաճ վերաբերմունքը եւ տարիներ անց նրա պատվին իր դստերն անվանել էր Դայանա: Հովհաննեսը հայախոս է եղել եւ անգամՙ հայերեն գիրք հեղինակել, իսկ մայրըՙ նույնպես դատեմցի ծնողների զավակ Մարիամ Իսրայելյանը, ամերիկածին հայուհի էր...

Ես ծնվեցի

երկար ու դժվարին երկունքից հետո...

Ինձ ծնվել օգնեցին

Նարեկացին, Սիամանթոն ու Վարուժանը,

որոնք որոշեցին, որ արժե

ինձ լույս աշխարհ բերել...

Պատմում էր, որ գրեթե ամեն օր բանաստեղծություն է գրում: Անակնկալի եկավՙ իմանալով, որ կարդացել եմ իր առաջին տպագրված բանաստեղծությունըՙ 1945-ին, «Հայրենիք ուիքլիում», երբ ընդամենը 11 տարեկան էր: «Մոռացի՛ր, դա մանկական բան էր»: Բայց մոռանա՞լ արդյոք առաջին թոթովանքները... Պատմում էր իր ճանաչած գրողների մասին, որոնցից ոմանք ամերիկյան պոեզիայի դասականներ էին, մեզ ծանոթՙ արտասահմանյան գրականության դասերից: Երբեմն հիշում էր այլ անգլիագիր հայ հեղինակների, որոնց մեծ մասը, ի տարբերություն իրեն, չեն մտել ամերիկյան գրականությունՙ տպագրված չլինելով ամերիկյան գրական մամուլում եւ հրատարակչություններում: Պատմում էր Նոր Անգլիա (Նյու Ինգլենդ) նահանգի բանաստեղծության ակումբի եւ իր հիմնած Դանիել Վարուժանի անվան գրական մրցանակի մասին, որ հարուցել էր որոշ թուրքասեր ամերիկացիների վրդովմունքը: Պատմում էր Թիֆլիսում Փարաջանովի հետ իր անլեգալ հանդիպման մասին (որը գրի եմ առել եւ հրատարակել «Ազգ»-ում): Պատմում էր իր դուստրերիՙ Մարոյի ու Սոնայի մասին, դժգոհ էր, որ վերջինս հայի հետ չի ամուսնացել ու հույս էր հայտնում, որ կբաժանվի: Ինքն էլ այդպես ամուսնալուծվել էր ամերիկացի ամուսնուցՙ Ջիմ Դալիից, երբ վերջինս մի անգամ անզգուշորեն էր արտահայտվել հայերի մասին: Չնայած որ այս նույն Ջիմ Դալին Դայանայի սիրտը նվաճելու համար հայերենի դասերի էր գնացել: Մենք շատ էինք սիրում նրա այն պատմությունը, թե ինչպես մի անգամ հայկական մի հավաքի ժամանակ իր ամուսնուն հայի տեղ դնելովՙ մի հայուհի հարցրել է. «Իսկ ձեր կինը հա՞յ է»: «Անշուշտ,- պատասխանել է Ջիմը,- ես երբեք չէի ամուսնանա օտարի հետ» (օտար բառը ասել է հայերեն):

Հայ լինելՙ նշանակում է ընտրել

խեթական եւ ուրարտական արմատներ:

Հայ մնալՙ նշանակում է ուտել

պատմության արգելված պտուղները:

Դայանայի պոեզիայի, իսկ այնուհետեւՙ հմայիչ մարդկային նկարագրի հանդեպ իմ սիրուն երեւի նաեւ նպաստել էր երդվյալ սարոյանասեր լինելս, քանի որ կարդացել էի, որ Վիլյամ Սարոյանը Դայանային անվանել է «անսովոր եւ մեծ տաղանդ»: «Կարդացե՛ք Դայանային եւ ցնծացե՛ք,- շարունակել է Մեծ բիթլիսցին,- նրա պոեզիան շատ քնարական է, շատ ամերիկյան, շատ համամարդկային եւ... բացարձակապես հայկական»: Իսկապես, ո՞ր օտարալեզու հայ բանաստեղծի գործերում են այսքան առատորեն գործածված հայերեն բառերն ու արտահայտությունները, հիշատակված հայոց հին ու նոր պատմության, բանահյուսության, գրականության կերպարները, իր հին ու նոր գրչեղբայրների անունները... Դայանային խնդրեցի պատմել Սարոյանի հետ իր հանդիպումների մասին, սղագրեցի նրա պատմածը, որը եւ հրատարակում եմ ստորեւ.

«Երբ Վիլյամ Սարոյանն առաջին անգամ եկել է Բոստոնՙ իմ քաղաքը, այցելել է «Հայրենիքի» խմբագրություն, տեսակցել ծնողներիս հետ, ճաշել նրանց հետ, սակայն այդ ժամանակ ես չեմ հանդիպել նրան: 1979-ին լույս տեսավ հայ պոեզիայից կատարած իմ թարգմանությունների ժողովածուն: «Քոլամբիա փրես» հրատարակչությունն ասաց, որ պետք է կարծիք ներկայացնել, եւ գիրքն ուղարկել է Սարոյանին: Վերջինս նամակ է ուղարկել հրատարակչությանըՙ խնդրելով իմ հասցեն: Շուտով նամակ ստացա Սարոյանից, որտեղ նա գրել էր. «Գիտե՞ս, ես առաջին անգամ քո թարգմանությունները տեսել եմ Փարիզում, «Քրիշչըն սայընս մոնիթորում»: Հետագայում Վահագն Դավթյանն ինձ պատմեց, որ Սարոյանը Փարիզից զանգահարել է իրեն եւ կարդացել իմ անգլերեն թարգմանությունները: Ինձ համար մեծ պատիվ էր, որ նա շատ բարձր էր գնահատում կատարածս աշխատանքը: Մենք նամակագրություն սկսեցինք, թեեւ ես քաշվում էի գրել նրան: Մի անգամ էլ Սարոյանին հանդիպեցի ՀԲԸՄ-ի ճաշկերույթի ժամանակ, բայց մեզ մենակ չթողեցին. սակայն հետո մի տասնհինգ րոպե հնարավորություն ունեցանք զբոսնել եւ զրուցել: Մի անգամ էլ հրավիրեցի իմ տուն, էսկալոպ կոչվող սունկի ճաշ պատրաստեցի, որը նա շատ հավանեց: Նա ինձ ասաց, որ միասին մեկնենք Հայաստան: 1981-ին ինձ հրավիրեցին Հայաստան, սակայն Սարոյանն արդեն հիվանդ էր: Ինքնաթիռով վերադառնում էի Երեւանից Մոսկվա, երբ ուղեկցորդուհին ինձ հայտնեց, որ Սարոյանը մահացել է... Աշխարհը մթնեց, չհասկացա, թե ինչպես հասա Ամերիկա... Երբ արդեն տանն էի, Նյու Յորքից զանգահարեց գրականագետ Նոնա Բալաքյանն ու ասաց, որ Սուրբ Վարդան եկեղեցում մասնակցեմ Սարոյանի հիշատակի միջոցառմանը: Ասացի, որ չեմ կարող գալՙ խիստ զբաղված լինելով «Ոսկե վարդի» մրցանակաբաշխությամբ: Նոնան ինձ ասաց. «Գիտե՞ս, որ Սարոյանն իր մահվան մահճում տվել է մեր անունները»: «Ի՞նչ նկատի ունես»,- զարմացա ես: Նոնան պատասխանեց. «Նա ասել է. «Ես հպարտ եմ այդ երեք հայերով»... եւ տվել է իմ, քո ու Ալան Հովհաննեսի անունները»: Պատկերացրո՛ւ, թե որքան լաց եղաՙ այդ մասին իմանալով...»:

Այդ տարի այնքան սովորել էինք Դայանայի ներկայությանը, որ նրա մեկնումից հետո բանաստեղծ Յուրի Սահակյանն ասաց. «Երեւանը հիմա ի՛նչ դատարկ է թվում առանց Դայանայի»: Առջեւում եւս մեկ դժվարին ձմեռ էր, եւ Դայանան օվկիանոսի այն կողմից ժամանակ առ ժամանակ դրամական օգնություն էր ուղարկում Հայաստանի իր գրչընկերներինՙ ինքն էլ չլինելով ունեւոր, այն դեպքում, երբ նրանից անհամեմատ հարուստ գրական գործիչներ, որ երբեմն գալիս էին Հայաստանՙ իրենց փառքը վայելելու, երբեւէ նման բան չէին անում...

Հաջորդ անգամ նա Հայաստան եկավ 1999-ին, իր պես անուշ քրոջՙ Հելենի հետ: Շարունակում էր հայ բանաստեղծների թարգմանությունների գործը: Մի անգամ նրա հետ հանդիպում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում: Ջերմ, անկաշկանդ մթնոլորտ էր:

Հանդիպումից հետո, երբ արդեն դուրս էինք եկել, նրան մոտեցավ միջոցառմանը ներկա մի երիտասարդ բանաստեղծուհի ու նետեց. «Դու կարգին հայերեն չգիտե՛ս, դու իրավունք չունե՛ս հայ բանաստեղծություն թարգմանել»: Իր պարտքը համարեց մարդուն շշպռել, շրջվեց ու գնաց: Դայանան ասես փուլ եկավ, սկսեց արտասվել: Մենք քայլում էինք ու փորձում սփոփել զգայուն տիկնոջը, նա հանդարտ էր, բայց զգացվում էր, որ մեջը մի բան փշուր-փշուր է եղել: Եվ հանկարծ չգիտես որտեղից մեր առջեւ հայտնվեց մի փոքրիկ տղա, ձեռքի ծաղկեփունջը տվեց Դայանային ու փախավ: Կարծես Աստված կազմակերպեց այդ միզանսցենը: Դայանայի տրամադրությունը միանգամից լավացավ...

Այստեղ նշեմ, որ Դայանան ինքն էլ չէր թաքցնում, որ իր հայերենն ուժեղ չէ, որ ինքը միշտ թարգմանել է տողացիներից կամ բառարանովՙ դրանք համեմատելով բնագրերի հետ (երբեմնՙ այլոց օգնությամբ): Ինչ խոսք, անաչառ լինելու համար ասենք, որ հաճախ նա շատ է հեռացել բնագրիցՙ երբեմն գրելով լրիվ նոր բանաստեղծություն: (Նման կերպ վարվել են, ի դեպ, հայ պոեզիան ռուսերեն թարգմանած շատ թարգմանիչներ): Նրա համար առաջնայինը ոչ թե բանաստեղծությունը բառացի փոխանցելն էր, այլ ստեղծագործության տրամադրությունն անգլերենով վերարտադրելը: Իր հետ վարածս երեք հարցազրույցներից առաջինում նա ասել է. «Ես ի ծնե եղել եմ երկլեզու: Երկու լեզուներով էլ խոսում էին մեր տանը, սակայն աստիճանաբար անգլերենը սկսեց գերիշխել: Ես ուսանել եմ Հարվարդի համալսարանում հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ: Եվ սկսել եմ թարգմանել հայերենից հորս հետ միասին»: Առաջին գործը եղել են շարականներ, որոնց հաջորդել են մի քանի բանաստեղծություն Վարուժանի «Հացին երգը» ժողովածուից: Հարցրի, թե որն է իր թարգմանական սկզբունքը. «Թարգմանությունը չպետք է լինի բառ առ բառ: Այն պետք է լինի երաժշտություն առ երաժշտություն: Թարգմանիչը երեք պարտականություն ունի: Առաջինըՙ բանաստեղծության հանդեպ: Թարգմանիչը պետք է այն հնարավորինս գեղեցիկ դարձնի - հնարավորինսՙ բնագրին հարազատ: Երկրորդըՙ ընթերցողի հանդեպ, որը պետք է բանաստեղծությունը ճանաչի այնպես, ինչպես որ գրել է հեղինակը: Եվ երրորդըՙ թարգմանվող հեղինակի հանդեպ: Թարգմանիչը պարտավոր է ապահովել հնարավոր լավագույն բանաստեղծությունը երկրորդ լեզվով, քանի որ թարգմանվող գրողի հեղինակությունը նրա ձեռքերում է» :

Ի դեպ, 1994-ի այցի ժամանակ Դայանայի հայերենն այնպես բացվեց, որ նա մինչեւ անգամ փորձեց հայերեն թարգմանել իր հումորով բանաստեղծական երկտողըՙ «Man might have been a lot wiser If Eve came first as supervisor», որ հնչեց այսպես. «Մարդը պիտի ըլլար աւելի արժանաւոր, Եթէ Եւան ծներ իբրեւ դիրիժոր»: Երբ բացատրեցի, որ դիրիժոր բառը տեղին չէ, երկուսով ծիծաղեցինք, ու նա նույն հանգով նոր բառ գտավ, որը հիմա չեմ հիշում...

Իր թարգմանությունների վիճելիությամբ հանդերձՙ նրա վաստակը մեծ է եւ անուրանալի: Թեկուզ անգլերենովՙ նա հայ պոեզիան է ներկայացրել աշխարհի տարբեր բանաստեղծական փառատոներում (վերջին անգամՙ Թայվանում): Քսանհինգից ավելի ինքնուրույն եւ թարգմանական գրքերի հեղինակ Դայանա Տեր-Հովհաննեսյանն առանձին հատորներով աշխարհի թիվ մեկ լեզվով է «խոսեցրել» Նարեկացուն, Վարուժանին, Տերյանին, Չարենցին, Թեքեյանին, իսկ ժողովածուներովՙ հարյուրից ավելի հայ բանաստեղծների գործերը (միայն կին բանաստեղծներիՙ վաթսունից ավելի)... Հաստատ երբեւէ չենք ունեցել հայ պոեզիան թարգմանած ավելի բեղմնավոր անգլիագիր հեղինակ...

Նա կրկին Հայաստան այցելեց 2002 եւ 2007 թվականներին. վերջին անգամՙ 2013-ի գարնանը, դստերՙ Մարոյի հետ: Նա մշտապես պարգեւում էր մեզ ոգեղենությամբ, հումորով եւ թախիծով լի հանդիպումներ ու զրույցներ: 2011 թվականին, երբ երեք ամսով գտնվում էի ԱՄՆ-ում, մեկ շաբաթ հյուրընկալվեցի Բոստոնի իր տանը: Ավելի էր նիհարել, կուչ եկել, մազերն այլեւս երկար չէին, բայց էլի նույն Դայանան էր, որը մայրական հոգատարությամբ շրջապատեց կարոտաբաղձիս: Երկհարկանի տուն էր, երկրորդ հարկում դուստրն էր ապրում ընտանիքով: Մի սենյակում մարդու հասակի չափ գրքեր ու ձեռագրեր էին լցված: Իսկ արխիվի մի մասն էլ ձեղնահարկում է եղել, որոնք ամբողջովին ոչնչացրել էին սկյուռները: Այդ պատճառով Դայանան ատելով ատում էր այդ անուշիկ գազանիկներին: Մանրամասն հարցնում էր Հայաստանի ներքին վիճակից, վրդովվում մեր երկրում տիրող անօրենություններից, ամեն անգամ աչքերը լցվում էինՙ ի լուր հայրենակիցների թշվառ գոյության, հատկապեսՙ գյուղերում... Մի անգամ միասին գնացինք Նոր Անգլիայի բանաստեղծական ակումբի հավաքին: Այստեղ առաջին անգամ Դայանային տեսա բուն ամերիկյան միջավայրում: Ինչպե՜ս էին բոլորը սիրում-հարգում-պատվում իրենց ակումբի երկարամյա անփոփոխ նախագահին: Այդ փոքրիկ, նրբագեղ հայուհին, բեմում նստած, հմայում էր բոլորին իր խարիզմայով եւ մեղմ, բայց ինքնավստահ խոսքով: Ակումբի անդամներից մեկըՙ տարեց սեւամորթ մի պարոն, իմանալով, որ Հայաստանից եմ, սկսեց գովաբանել Դայանայի մարդկային եւ բանաստեղծական նկարագիրը ու հաճույքով հիշել Հայաստան կատարած իր ուղեւորությունը...

Բանաստեղծուհու հետ իմ երրորդ հարցազրույցի վերջին հարցն էր. «Դայանա, այս հարցը, կարծում եմ, քեզ հաճախ են տալիս: Մտածե՞լ ես հուշերդ գրելու մասին: Չէ՞ որ դու ճանաչել եւ համագործակցել ես շատ մեծ անունների հետ, ոչ միայն հայերի, այլեւ միջազգային դեմքերիՙ Ջոն Ափդայք, Ալան Գինզբերգ, Անդրեյ Վոզնեսենսկի, Բելա Ախմադուլինա, Չեսլավ Միլոշ, Եվգենի Եվտուշենկո, Շիմուս Հենի, այս տարվա Նոբելյան մրցանակակիրըՙ Թումաս Թրանսթրյոմեր...» :

Գրել հուշերՙ նշանակում է հաշտվել տարիքի հետ, ինչը Դայանան երբեք չէր անի: Բայց, այնուամենայնիվ, ես շատ հուսով եմ, որ մի օր մենք կիմանանք, որ Դայանան կյանքի վերջին տարիներին աշխատել է իր ինքնակենսագրության եւ հուշերի հատորի վրա...

Իր լավագույն բանաստեղծություններից մեկը Դայանա Տեր-Հովհաննեսյանն ավարտել է այսպես.

Երբ հայրդ մահանում է,

ասում են հայերը,

նրա արեւն անցնում է քեզ:

Եվ դու արդեն քայլում ես նրա

լույսի միջով:

Հիմա Դայանայի արեւն անցել է նրան սիրողներին, եւ մենք այսուհետ քայլելու ենք նրա լույսի միջովՙ մեր սրտերում ու մեր մտքերում պահելով նրա այնքա՜ն ջերմ հիշատակը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.