AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-04-13 10:59:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1488, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ գրականության եւ առհասարակ հայ մշակույթի պատմության առանցքային խնդիրներից է, այսպես կոչված, հայկական Վերածննդի հարցը: Այս կապակցությամբ երբեմն առաջ են քաշվում, մեղմ ասած, ոչ ճիշտ կարծիքներ ու տեսակետներ, որոնց հեղինակները քաջատեղյակ չեն հարցի պատմությանը եւ ամենակարեւորըՙ միջնադարյան հայ (եւ ոչ միայն հայ) գրականության եւ արվեստի առանձնահատկություններին ու օրինաչափություններին: Նկատի ունենալով «Ազգ» թերթի լայն լսարանը, այս հարցում կողմնորոշվելու համար ներկայացնում ենք սույն հոդվածըՙ ուղղելով առավելապես համապատասխան դասախոսական եւ ուսանողական շրջանակներին:

Հայոց համար ճակատագրական է եղել 11-րդ դարը: Դարի սկզբներին Բագրատունիների կենտրոնական թագավորության, այլեւ Վասպուրականի, Սյունիքի, Լոռու (Կյուրիկյանների) եւ Կարսի թագավորությունների սահմաններում բուռն վերելք է ապրել հայ տնտեսական ու մշակութային կյանքը: Պետական խնամածությամբ կառուցված ու վերակառուցված վանքերում, մասնավորապեսՙ Սանահինում, Հաղպատում, Տաթեւում, Մշո Առաքելոցում ծավալվել են դպրությունն ու մատենագրությունը: Հիմնականում ազգային դարավոր ավանդույթների վերակենդանացմամբ ու զարգացմամբ նոր որակի են հասել գիտութան տարբեր ճյուղերը, արվեստներն ու գրականությունը:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքային կյանքի ծաղկումը եւ առեւտրի ու արհեստագործության զարգացումն աստիճանաբար սկիզբ են դրել նոր տնտեսական ու հասարական երեւույթների ձեւավորմանը: Վաճառաշահ քաղաքներում «վաշխից եւ տոկոսաց օրէնք եդան». գրում է դարի պատմիչ Արիստակես Լաստիվերտցին , «եւ յարգի եղեւ արծաթսիրութիւն քան զաստուածսիրութիւն» («Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ», Թիֆլիս, 1912, էջ 79):

Հասարակական նոր հարաբերությունները, բնականաբար, սկսել էին առաջ բերել նաեւ նոր կենցաղավարություն, մտածողություն ու հոգեբանություն: Ինչպես գրում է Մ. Աբեղյանը, «Մինչդեռ քրիստոնյա աշխարհի ուրիշ կողմերում դեռ ընդհանրապես իշխում էր թանձր միջնադարը, 11-րդ դարի առաջին կեսին արդեն մեր կյանքի ու մտածողության մեջ մտել էր մի հեղաշրջում, որով կրոնա-ճգնավորական ոգին տակավ առ տակավ տեղի էր տալիս մի ուրիշ ոգու դիմաց, եւ առաջ էր գալիս ինքնուրույն վերածնություն, որից չէր կարող չազդվել եւ հոգեւորականը» ( Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Դ, Երեւան, 1970, էջ 17):

Վերածնություն եզրաբառն այստեղ գործածված է Վերածնունդ-Ռենեսանս իմաստով: Սա ճիշտ էր, բայց ՙ մասամբ: Ճիշտ էր, եթե նկատի ունենանք սոսկ Վերածնունդի, որպես համաքրիստոնեական մշակույթի նոր դարաշրջանի, սաղմնավորումն ու սկզբնավորումը: Բանն այն է, որ 10-11-րդ դարերում հայկական մշակույթը, հատկապես ճարտարապետությունը, երաժշտությունը եւ բանաստեղծությունըՙ ամենից առաջավորն էին ժամանակի քրիստոնեական աշխարհում, նաեւՙ բյուզանդականի համեմատ: Իսկ Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդների մշակույթն այդ ժամանակ դեռեւս գտնվում էր կազմավորման կամ նախնական փուլերում :

Արդեն կեսհազարամյա չափազանց արգասավոր ուղի անցած հայ միջնադարյան մշակույթը, թեկուզեւ հաճախ ծանր մաքառումներով ու ոգորումներով, հասել էր մի վիճակի, որ կարող էր ստեղծված հոգեւոր-մտավոր հարուստ ժառանգության եւ նշված տնտեսական-հասարակական զարգացող կյանքի հիման վրա միջնադարյան համակարգից թեւակոխել այն համակարգը, որին Արեւմտյան Եվրոպայի ժողովուրդները, համապատասխան առաջընթաց ապրելուց հետո, քրիստոնեական մշակույթի զարգացման համընդհանուր օրինաչափությամբ, հասան 14-15-րդ դարերում: Այդ դարաշրջանը արվեստի եւ գրականության մեջ ենթադրում էր միջնադարյան միստիցիզմից եւ սխոլաստիկայից անցում դեպի կենդանի իրականություն, այն էՙ բնության եւ մարդու պատկերում, զուտ աստվածակենտրոնությունից աստիճանական անցում մարդակենտրոնության (անտրոպոցենտրիզմի) եւ վերածննդյան հումանիզմին:

10-րդ դարի վերջերին եւ 11-րդ դարի սկզբին հանդես եկած Գրիգոր Նարեկացին համաշխարհային առումով աննախադեպ իր հանճարեղ ստեղծագործությամբ նշանավորեց միջնադարյան գրականության գագաթնակետը եւ նորՙ Վերածննդյան դարաշրջանի սկզբնավորումը կամ նախապատրաստումը. այնՙ ինչ 13-րդ դարում կատարեց Դանտե Ալիգիերինՙ Վերածննդի նոր սկզբնավորողի ու առաջատարի դերը ստանձնած Իտալիայում:

Մեծագույն ցավով պիտի արձանագրել, սակայն, որ հայ իրականության մեջ 10-րդ դարի վերջերին սաղմնավորված եւ 11-րդ դարի առաջին տասնամյակներին սկզբնավորված Վերածննդյան շարժումը լիովին դադարեց: Հիմնական պատճառը սելջուկ թուրքերի իրար հաջորդած երեք ավերիչ արշավանքներն էին Հայաստանում (նշելի են նաեւ Բյուզանդիայի վարած նենգ քաղաքականությունն ու մեր իշխանական որոշ գործիչների ազգադավ քայլերը): Դրանց հետեւանքով Հայաստանում սկիզբ է առել զանգվածային արտագաղթը, որ դարեր շարունակ պատուհասել է մեր ժողովրդին եւ, որը, ցավոք, շարունակվում է նաեւ այսօր: Երկիրը հայաթափ անող այդ երեւույթին մեր մատենագրության մեջ առաջինն ըստ ամենայնի անդրադարձել է ողբագիր պատմիչ Արիստակես Լաստիվերտցին, որի բնութագրմամբ, հայերը «ցրուեցան զօրէն մոլորական աստեղաց» («Պատմութիւն», էջ 2):

Պիտի խոստովանել մեր ժողովրդի համար ահավոր այն պատմական (դժբախտաբար, նաեւ արդիական) իրողությունը, որ ուղիղ մեկ հազարամյակ թուրքական վայրագ ցեղերն, ըստ ամենայնի, կասեցրել են հայ ազգային բնականոն կյանքն ու զարգացումը:

Եվ այսպես, հայ իրականության մեջ օրինաչափորեն ծլարձակած Վերածնունդը հիմնականում թուրքական ծանր հարվածների ներքո խեղդվեց իր խանձարուրի մեջ: Հետեւաբար հայկական Վերածնունդ հասկացությունը, որպես ամբողջական ու կայացած համակարգ, պատմականորեն անճիշտ է, իրականությանը ոչ համապատասխան, անգամՙ «Հայկական վերածնությունն ինքնուրույն է» աբեղյանական ձեւակերպմամբ (հտ. Դ, էջ 20): Այդ «ինքնուրույն հայկական վերածնությունը» Մ. Աբեղյանը տարածել է 11-17-րդ դարերի գրականության վրաՙ որպես հայ հին գրականության երրորդ շրջան: Հայկական Վերածննդի աբեղյանական տեսությունը տարբեր սրբագրումներով ու փաստարկումներով ընդունել են մի շարք ուսումնասիրողներ (Մկրտիչ Մկրյան, Վազգեն Չալոյան, Վաչե Նալբանդյան, Հրանտ Թամրազյան եւ այլք):

Ինչպես գրում է Հրանտ Թամրազյանը, «Մեզանում, հասկանալի պատճառներով, վերածնությունը ավարտուն պատկեր չի ստացել, այսինքնՙ չի անցել եվրոպական վերածնության տեւական ու բնական ճանապարհը, ի վերջո կիսատ է մնացել» (Հ. Թամրազյան, Հայ քննադատություն, Բ, Երեւան, 1985, էջ 49): Ոչ թե ի վերջո, այլ ի սկզբանե կիսատ է մնացել, ավելի ճիշտՙ սկզբնավորվելովՙ ընդհատվել է: Հետեւաբար ընդունելի չէ նաեւ գրականագետի հաջորդ այն կարծիքը, թե «Սակայն վերածնունդը սկիզբ է առել ու ծաղկել պատմագրության, փիլիսոփայության, ճարտարապետության եւ մանավանդ գեղարվեստական գրականության ամենաանմիջական եւ զգայուն տեսակիՙ բանաստեղծության մեջ... Եվրոպայից առաջ ստեղծվել է աշխարհիկ պատմագրություն ու փիլիսոփայություն»: Ավարտուն պատկեր չստացած, այն էՙ չկայացած մշակութային համակարգի մեջ ինչպե՞ս կարող էին ծաղկել գիտության, արվեստի ու գրականության առանձին ճյուղեր, մանավանդ որ «հայկական Վերածնունդ» կոչված դարաշրջանից առաջ, 5-10-րդ դարերում արդեն առավել ծաղկել են մեր պատմագրությունն ու փիլիսոփայությունը, որոնք պակաս աշխարհիկ չեն:

Հարցին մասամբ անդրադարձել է արժանահիշատակ նարեկացիագետ Պողոս Խաչատրյանը, որի ընդունելի բնութագրմամբ, «հայկական վերածնությունը, հակառակ բարեհաջող սկզբի, հետագայում լիարժեք զարգացում չունեցավ, չհասավ իր օրինաչափ բարձրակետին... Կիսկատար մնալու պատճառը օտար նվաճողների շարունակական արշավանքներն էին...» (Պ. Խաչատրյան, Գրիգոր Նարեկացին եւ հայ միջնադարը, Երեւան, 1996, էջ 7):

Խնդիրը խորապես ուսումնասիրել է մեր մյուս անվանի նարեկացիագետըՙ Արշալույս Ղազինյանը, ըստ որի «10-15-րդ դարերի հայ մշակոյթը զարգացած ֆէոդալիզմի դարաշրջանի մշակոյթ էր: Հայ մշակոյթը զարգանում էր ժամանակի համաշխարհային մշակոյթի զարգացմանը համընթաց, եվ այդ վերելքն այլ բան չէր, քան արուեստի, գրականութեան ու գիտութեան աշխարհականացման նոր աստիճանՙ նորպլատոնականութեան աշխարհընկալման եւ գեղագիտական սկզբունքների հիման վրայ: Այդ վերելքն իր բարձրակէտին հասաւ 14-րդ դարի երկրորդ կէսին: Հայ մշակոյթի բարձրագոյն աստիճանը հասաւ նախավերածնության մակարդակին եւ, դժբախտաբար, ընդհատուեց օտար նուաճողների տիրապետութեան հաստատմամբ Հայաստանում» (Ա. Ղազինեան, Գրիգոր Նարեկացի. Բանաստեղծական արուեստը, Անթիլիաս, 1995, էջ 73): Այստեղ առարկելի է սոսկ այն, որ հայ մշակույթն իր նախավերածնության մակարդակին հասավ 14-րդ դարի երկրորդ կեսին. ինչպես նշեցինք, նա այդ մակարդակին հասել էր արդեն 11-րդ դարի սկզբներին:

Այսպես թե այնպես, նշված արգելառիթ պայմանների հետեւանքով, Վերածնունդը չի կայացել մեզանում: Ուստիեւ, ցավոք, մենք չունեցանք մեր Բոկաչոն, Սերվանտեսը, Ռաբլեն ու Շեքսպիրը, մեր Դա Վինչին ու Միքելանջելոն, որոնք սկզբնավորեցին արեւմտաեվրոպական նոր գրականությունն ու արվեստը: Մեր մշակույթը լիապես չհասավ մարդակենտրոնության, այլ հանդես եկավ աստվածակենտրոնությանը զուգահեռ ու զուգակցվածՙ տարբեր համամասնությամբ: Ուստի մեր իրականությունն ու մշակույթը մնացին միջնադարյան, որը ձգվեց մինչեւ 18-րդ դարի կեսերը ներառյալ:

Այս ամենով հանդերձ, սակայն, անհրաժեշտ է նշել եւ ճանաչելով իմանալ, որ հայ հանճարը միջնադարյան համակարգում, հատկապես բանաստեղծության ասպարեզում, մեծն Գրիգոր Նարեկացուց հետո ծնել է համաշխարհային մակարդակի առաջնակարգ դեմքեր, ինչպիսին են խոշորագույն հոգեւոր երգիչ Ներսես Շնորհալին, իր տեսակը չունեցող աստվածամարտ բանաստեղծ Ֆրիկը, մեծ սիրերգուներ Հովհաննես Թլկուրանցին եւ Սայաթ-Նովան...

Ավարտելուց առաջ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք: Սելջուկ թուրքերի արշավանքների հետեւանքով հայկական Վերածննդի կասեցումը ընդամենը չարյաց սկիզբն էր: Այդ արշավանքների հետեւանքում Հայաստանում եւ հարակից տարածաշրջաններում հաստատվեց թուրքական տարրը, տիրապետեցին հատկապես օղուզական վայրագ վաչկատուն ցեղերըՙ օսման թուրքերը եւ կովկասյան թաթարներ հորջորջված արդի ադրբեջանցիները: Դարեր շարունակ օղակելով Հայաստանը եւ ծրագրելով ու մասամբ իրագործելով հայության բնաջնջումը, նրանք բռնազավթեցին հայկական տարածքները, ոչնչացրին կամ յուրացրեցին հայ մշակութային արժեքներըՙ կասեցնելով հայության առաջընթացը բոլոր բնագավառներում:

Եվ այսօր էլ շարունակվում է իր կենսունակությունը տակավին պահպանած մեր ժողովրդի արդեն հազարամյա ոգորումը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.