AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018



ՍՈՒՐ ԳՐՉՈՎ

Տեղադրվել է` 2018-04-13 10:59:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3061, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԼԵՏԻՆՈ, ՀԱՄԼԵՏԻՆՈ...

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Թատերագետ

Ասում ենՙ շեքսպիրյան դերակատարման տակից պատվով դուրս եկողը որեւէ կերպար խաղալ կկարողանա: Հայ Շեքսպիրականի յոթը պրակներն էլ փաստում են, որ ելիզավետյան շրջանի այս դրամատուրգի ավանդույթները մեզանում ամոթալի վիճակում չեն եղել: Անշուշտ, ոչ էլ նրա դրամատուրգիայի հաջողված դերակատարումներն են կարմիր գրքից դասալքված: Այդուամենայնիվ, կա հանճարեղ անգլիացու ստեղծագործական ժառանգության մեջ մի ինքնահատուկ կերպար, որն, անպատմելի գայթակղիչ լինելով հանդերձ, մեծ մասամբ տապալման վտանգ է պարունակում: Ասվածը լավագույնս ապացուցեց անտեղի աղմուկով փքած չալդրանյանական վեհափուչիկը: Իհարկե, ներքուստ համլետազուրկ բեմադրությունն այդ նոր չի եղել ու տեւական ժամանակ հետո միգուցեՙ չանդրադառնայինք Վարդան Մկրտչյանի ձախավեր դերակատարմանը, եթե ի լուր թատերական եւ թատերասեր աշխարհի չհնչեր նրա խաղի հանդեպ եղած նախարարական կարեւորումը: Չէ՞ որ Արմեն Ամիրյանի այդօրինակ բարձրաձայնումներն, ինչ-որ առումով հանրության համար ճաշակ թելադրող ազդեցություն ունեն: Առավելեւս, որ շարքային արժեքի տվյալ բեմադրությունը պետական մրցանակի էլ է ներկայացված եղել: Հետեւաբար, քննենք Համազգային թատրոնի խաղացանկի ողբերգական միավորն ըստ անհրաժեշտիՙ չխորշելով տարանշանակ բացահայտումներից: Հատկապես, որ առարկությունների համար առանձնապես հեռուն գնալու կարիք չկա: Բավական է նկատի ունեալ այն, որ Վ.Մկրտչյանի հուզակամային պատկանելությունը Համլետի խառնվածքի հետ կոնտրաստային հարաբերությունների մեջ է: Արդյունքումՙ ընդվզուն բողոքավորների միջավայրում ուսանած գահաժառանգի մտահոգեկան կշիռն այս հմայազուրկ դերասացի քաշային կարգի համար գերռեկորդային է: Մանրամասնեմ:

Վերածննդի ժամանակաշրջանի թատրոնում միջտեսարանային հատվածներում օրինաչափ է եղել լվի նման ուրախ-զվարթ թռվռացող խեղկատակների եւ ծաղրածուների ներկայությունն ու համանման վարքաձեւերը: Գրոտեսկային ու սատիրային արտահայտչականության հնարավորություն, որը ժանրային միախառնումների սիրահար Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործական զինանոցում, կարելի է ասելՙ առավել հաջողված կիրառություն է ստանում ողբերգական տիրույթում: Երեւի թե այն պատճառով, որ Մակբեթի համար անիմաստ շառաչով ու կատաղությամբ լցված կյանքը հենց հիմարի՞ պատմած մի հեքիաթ է: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Լիրի ինքնագիտակցման որպես արդյունավետ սպասարկու խեղկատակին կարգեր: Ողբերգության կատակերգական գաղափարազեղումներից պակաս հայտնի չէ Յորիկի գանգի վերհանումը: Ծաղրածուի նպատակամետ հիշատակումը, որ շավղաշեղ ժամանակի լինելության ժամսլաքի եւ չգոյության վայրկենասլաքի ողբերգակատակերգական երկխոսությունը աղեկտուր զանգազարկի ու կենսախինդ բոժոժների խլրտուն խառնաղմուկի վերաճի: Մթնող օրվանից մինչեւ լուսացող գիշերը մնացյալ լռության ճռինչին ձայնակցելու նախապայամանով: Թերեւս, այս անհանգրվան հանգամանքների գիտակցումն էր համլետյան ինքնաքննման էկզիստենցիալ տողատակերը ներըմպած Վ.Վիսոցկուն ասել տալիս, որ դրախտը լոկ խեղկատակների բնակատեղին է: Որոշ առաջադեմ բեմադրիչ-ռեժիսորների էլ առթում Վ. Շեքսպիրի արքունական ցավերի բեմական ընթերցումը բալագանային առոգանությամբ իրականացնել:

Նկատի ունենանք նաեւ, որ պալատական վերնախավին անսքող ծաղրի ենթարկող Համլետն ինքը վերոհիշյալ գանգի հասցեատիրոջ ուսերի վրա է մեծացել: Եվ քանի որ հորը սպանել են, մորն էլՙ տիրել, օրեստյան վրեժի երկսայրումներով գիտակցաբար է իրեն վտանգում: Թուլակամ Գերտրուդի ծաղրամիտ տղայի քայլը համարձակ է, որովհետեւ արքունիքի փտածո նվիրակարգի համաձայնՙ գարշելի իրականությունը մեծամեծերի երեսին հեգնալից շպրտելու իրավունքը միայն խենթակերպ խեղկատակներն ունեն: Իսկ թե հանկարծ ազնվական ծագման տեր մեկն է խիզախում սրամտորեն համարձակախոսել, տեղնուտեղը հոտային հիերարխիան է ալեկոծվում: Կալանատան պայթունավտանգ կոյաջրերը վկաՙ չակերտյալ ընտրախավն իր իսկ ճահճի նեխահոտից երեսպաշտորեն կատաղում է: Մեղադրվելիսՙ անմիջապես միջանցիկ գործողության ներկայացուցչին հասցեագրված խելապակասության զրպարտչական պիտակով է հակադարձում: Նույն բախտին եւ արժանացավ Կլավդիոսի չարաբաստիկ եղբորորդինՙ գրեթե գրիբոեդովյան խելքից պատուհասված Չացկու նախատիպը դառնալով:

Արդ, հիշողություններս լարելով փորձենք մտաբերել, թե կարիերիստական սանդուղքի ճարպիկ պրակտիկներից Վարդան Մկրտչյանը երբեւէ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հրապարակայնորեն քննադատած կա՞: Փոխարենը լրատվական արխիվում փոքր ինչ փութաջանորեն քչփորելիսՙ իշխանությանն ուղղված նրա շողոքորթախառն շոյանքների պակասը դժվար թե զգացվի: Նշանակում է, կյանքի մակերեսի բերկրանքները նախընտրել է մտքի ընդերքի տառապալից մաքառումներից: Ու քանի որ մեր վարած ապրելակերպը յուրաքանչյուրիս հոգեկան նկարագրի լակմուսի թուղթն է, ուստի անհամարձակ չինովնիկին խորթ կլինեն Օֆելյայի մտամուխ սիրեցյալի հոգեկան որակները: Վստահաբար, Համլետի հակապատկեր տնօրենը չի՛ համապատասխանի իր հավակնած դերի կենսական նյութին: Չի՛ ունենա վեհության կատարելատիպ կերպարի հոգեկան առանձնահատկությանն ու հոգեվիճակին անհրաժեշտ զգայական փորձառությունը: Բնականաբար, անգամ մեծ ցանկության դեպքումՙ դերատեսակի էությունը զգալով հասկանալու ու համապատասխանաբար վերարտադրելու հնարավորությունը: Պարզորոշ է նաեւ, որ նման ներուժով այդպիսի կենսագրական բեռի տակ մտնելը ոչ այլ ինչ էՙ քան ինքնախաբ մոլորյալի արկածախնդրություն:

Այսինքն, կասկածելի հանգամանքների բերումով չինովնիկ են դառնում (Հայաստանում հասցե օրացույցով պաշտոն ձեռք գցելու նախադրյալներից մեկը դեռեւս ինտենսիվ քծնանքն է), ու մի վեցանոց կատարածու են պահում, իրենց թվում է, թե իրենք արդեն սպասավոր ունեցող իշխան են: Այն էլՙ ոչ ավել, ոչ պակասՙ Համլետ: Եթե այդպես լիներ, ազգականիս Թագավորական պուդել ցեղատեսակի շունն էլ խելացիությամբ հայտնի Գերմանական հովվաշուն կդառնար, ինչ է թե մտածկոտ աչքունքի խաթրեն տերն իրեն Համլետ անունով էր կնքել

Այստեղ նույնիսկ ռեժիսորական ձեռքբերումներըՙ տրամադրող երաժշտական եւ զգեստային ձեւավորումները, բեմանկարչական աշխատանքն ու բեմատարածական լուծումները չեն կոծկի բեմադրական կոպտագույն սխալը: Առանցքային կերպարի դերակատարի հուզակամային դեֆիցիտի անտեսումը, ինչի արդյունքում խաղը դուրս է ընկնում էյդետիկ հիշողությանդ լուսանցքից: Թե՞ Վարդան Աճեմյանն էր այդքան միամիտ, որ աչքի տակ Խորեն Աբրահամյանի պես դերասան ունենալով, այնուհանդերձ, հանճարեղ Հրաչյա Ներսիսյանի որդունՙ հանրահռչակ համալսարանական դասախոս Լեւոն Ներսիսյանին էր այդ դերն առաջարկել: Մերժումը ստանալու պատճառով այդպես էլ չբեմադրեց բոլոր ժամանակների պիեսը: Բայց հանճարեղ ռեժիսորն ո՞վ էր, որ Վիգեն Չալդրանյանի չափ թատրոնի նրբություններից հասկանար, օրիգինալության շառլատաններին հաճո ձայնի տոնի չափազանցումը իրական ներքին լարումից տարբերեր: Կարեւորն այն է, որ լծակատեր դերասՊանի խաղային հիստերիան ու էմոցիոնալ աննշանությունը, ինքնագով կիսաստվածի աչքին շեքսպիրյան կրքեր Էին թվում: Ուրեմն, մոխրավուն քաղաքական աստառի կամոք բացենք ներթատրոնական բյուրոկրատիայի քաղցկեղածին փակագծերը:

Ամոթ չլինի հարցնելը. բեմադրման ընթացքում Համազգային թատրոնում Վարդան Մկրտչյանի պաշտոնական դիրքի բացակայության դեպքում Վիգեն Չալդրանյանը կվստահե՞ր նրան արդյոք դերերի դերը: Խի՛ստ կասկածելի է: Իսկ, առհասարակ, Սոս Սարգսյանի դերասանական կուրսի օժտվածության ետնապահն այս կլինե՞ր արդյոք Համազգային թատրոնի տնօրեն, եթե Հենրիկ Հովհաննիսյանի ձեռամբ կարված գիտաթիկնոց չունենար: Ե՛վս կասկածելի է: Գուցե իզմեր դիզած անտիհամլետը միամտաբար կարծել էՙթատրոնի մասնագետները, հիշելով գերագույն սերիալասերից ժառանգած իր թատերագիտական գիտելիքները, կվարանե՞ն արժանի գնահատական տալ այդ անտանելի դերատապալմանը: Կդժվարանանք կտրականապես հերքել: Ու հայ թատրոնի պատմության մեջ ամենեւին էլ նորույթ չէ ամեն տեսակ լպստած անիմաստությունը անգերազանցելի սթրադվորդցու քմահաճ պնչին քսելը: Իր ժամանակին էլ Հովհաննես Թումանյանն է Համլետ հորջորջված բեմական թյուրիմացությունից անասելի զազրել: Այնուհետեւ, համապատասխան ֆելիետոնային հոդվածով խայտառակ թատերախմբին հուշել, թե խեցգետինները որտեղ են նախընտրում ձմեռել: Հետեւապես, եթե մի հրաշքով Գիքորի հեղինակը տեսներՙ ինչպես են մեր օրերում հակահամլետյան վախկոտությունն ու մոխրագույնությունը պարտադրում Դանեմարքայի իշխանին, Մեծ լոռեցին, հավանաբար, Սասունցի Դավթի իր մշակումի մի հատվածը բառափոխելով, կակնարկեր.

Մի բոզ նապաստակ բեմ է

ընկել Հենրիկի գրկից,

Իրեն թվում էՙ թռել է ինքը

Համլետի քթից:

Ուղղակի Շեքսպիրը մեր խրոխտ խելապուտուկների պատկերացրածից մի քիչ ավելի տաղանդավոր տղա դուրս եկավ, եւ նրանք չկարողացան ստիպել Համլետին ճատրակը թեւատակինՙ աղոթել Նժդեհին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ սրախոս կերպարի բացառիկ ներքինի խաղային ելակետը, ո՛չ վերադասի մատից ծծած ինքնակարեւորման զգացողությունն է, ո՛չ էլՙ ներքին կարգի հրահանգով անցանկալի ինչ-որ մեկի հասցեին արհեստականորեն ծիծաղելը: Այլապես, Ալլա Պուգաչովայի կատարմամբ Арлекино երգը հոմերոսյան քրքիջ կեղծողների մասնագիտական ինքնաոչնչացման ճամփի ընկեր կդառնա:

Հ.Գ. Վարդան Մկրտչյանը, Վիլյամ Շեքսպիրի շիրմին այցելելիս, տեսնեսՙ Գլոբուս թատրոնի համահիմնադրից ներողամտություն հայցե՞ց, որ նրա գլուխգործոցն էդպես անողոքաբար էլ չասենք, թե ինչ արեց:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.