AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-24 21:17:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2506, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍՆԵՐԻ, ՇԵՔՍՊԻՐԻ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ՏՈՒՏՈՒՑ ԲԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...

ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Հրաշալի Հովհաննեսները

«Ծնվել եմ 1868 թվականին եւ մինչեւ այսօր դեռ չեմ մեռել, թեեւ մեռնելու համար ունեցել եմ բազմազան ու խիստ բարենպաստ առիթներ, մի քիչ համառ ու հաստակող ծերուկ եմ ես»: (Հ.Ք. )

Իմ կընունքին երկինքըՙ ժամ, արեւըՙ ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերնՙ ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողըՙ մյուռոն կենսավետ,

Ու կընքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ: (Հ.Թ.)

Ընտանեկան միջավայր, ազգային ոգի

Սերը հայրենիքի եւ հայության նկատմամաբ Հովհաննես Իգիթխանյան-Քաջազնունու մեջ ներարկվել էր ընտանիքում: Նրա հայրը ՙ Մաթեւոս Տեր Հովհաննիսյան-Իգիթխանյանը զարգացած մարդ էր, ուսուցիչ եւ հոգեւորական: Նա հսկա գրադարան ուներ տանը, Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող գրեթե բոլոր գրքերով եւ հանդեսներով: «Հյուսիսափայլի» ողջ հավաքածուն Ստ.Նազարյանի եւ Մ.Նալբանդյանի հոդվածներով նույնպես այստեղ էին եւ, ամենայն հավանականությամբ, դրանք իրենց չափով սնել էին Հովհաննես Քաջազնունու քաղաքական միտքը: «Տերտերս»,- այսպես էր հումորով եւ սիրով հոգեւորական հորը կոչում որդին:

Հովհաննեսի մայրը գիշերները բարձրաձայն ընթերցում էր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին»: Այն մեծագույն տպավորություն էր գործել հատկապես Հովհաննեսի վրա եւ, հնարավոր է, որ նպաստած լիներ հետագայում տղայի ազգային հարցերում տեսակետների եւ սկզբունքների ձեւավորմանը:

Տեր Թադեւոս քահանա Թումանյանը Լոռու շրջանի առաջադեմ մարդկանցից էր, Դսեղ գյուղի աչքի ընկնող հասարակական գործիչներից: «Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր եւ ազնվականՙ բառի բովանդակ մտքով: Չափազանց մարդասեր ու առատաձեռն , առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն: Թեեւ քահանա էր, բայց նշանավոր հրացանաձիգ էր եւ ձի նստող» :

Տեր Թադեւոսը, ավազանի անունովՙ Ասլանը, նաեւ զարգացած եւ կարդացած մարդ էր: 1858թ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջին տպագրությունը նրա գրադարանի պատվավոր տեղում էր: «Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի եւ անտառների նահապետ քաջ Հովակիմն էՙ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խ.Աբովյանը» : (Ավ.Իսահակյանի հուշերից):

Իսկ «Հյուսիսափայլի» համարները մի ձեռք սպիտակեղենի հետ 19-ամյա Թումանյանի միակ հարստությունն էր, որով նա մուտք գործեց աներհայրիկի օջախ:

Երկու Հովհաննեսները միմյանցից այնքան տարբեր էին եւ միեւնույն ժամանակՙ այնքան նման: Օրինակՙ քաղաքական եւ գրական հարցերի շուրջ բանավեճերում նրանց համոզմունքներն ու տեսլականները, որպես կանոն, հակոտնյա էին: Թեեւ Շեքսպիրի հարցում դրանք նույնական էին:

Շեքսպիրը

Քաջազնունու համար գրականության չափանիշը Շեքսպիրն էր: Կյանքի փիլիսոփայության բանալին նա գտնում էր այդ հսկայի տողերի մեջ եւ հաճախ էլ տողերի տակ: «Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրության առջեւ եւ չգիտեմ որ կողմ գնալՙ Շեքսպիրի, թե՞ Էրզրումի» : (Հ.Ք.)

Ըստ Թումանյանի, Շեքսպիրը մի չափ է ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: «Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է» :

Հանդիպումը

Հովհ. Քաջազնունու Հուշատետրակի էջերից մեկում մատիտով նշված կյանքի կարեւորագույն փաստերի մեջ արձանագրված էՙ «Ծանոթացել եմ Թումանյանի հետ 80-ական թվականների վերջին...: ...Մենք բարեկամ ենք եղել բառիս ամենալավ իմաստովՙ ահա պարզ իրականությունը: Ավելի քան 30 տարվա ընթացքում ապրել ենք մտերմաբար, ունեցել ենք աղմկալի վիճաբանություններ, պատահել է, որ փիս հայհոյել ենք իրար, բայց երբեք, ոչ մի օր չենք դադարել անկեղծ ու սրտագին բարեկամներ լինելուց: Եվ իմ անցյալ կյանքի ամենահիանալի էջերից մեկը եղել է Հ.Թումանյանի բարեկամությունը» : (Հ.Ք.)

Քաջազնունին անթաքույց խոստովանել է, որ եթե Օհաննեսի փոխարեն մեկ ուրիշը լիներ, ապա, հատկապես 1907-09 թթ. քաղաքական իրադարձությունների շուրջ բանավեճերից հետո, ինչպես ինքն է ասումՙ մի կարճ մնաս բարով կասեր եւ վերջ կդներ ամեն տեսակի բարեկամության : Բայց Թումանյանի հմայքը կախարդել էր նաեւ նրան: «Իրոք սիրելի էր Թումանյանը բառիս ամենաբարձր իմաստով: Նա իրան սիրել էր տալիս իբրեւ մի դյութիչ երեւույթ, իբրեւ մի գեղեցիկ հոգի: Անկարելի բան էր մի քիչ ճանաչել նրան ու չսիրել» : Իր անձնական, մասնավոր տպավորությամբ նկատված թերությունների մասին գրում է, թե դրանք «...կարծես սազ էին գալիս իրան, ամբողջացնում էին դեմքը, ինքնահատուկ գունավորում ու հրապույր էին տալիս եւ եթե չլինեին կամ վերացվեինՙ կարծես մի բան կպակասեր Օհաննեսից» : Խորաթափանց եւ նրբազգաց Քաջազնունին նկատել էր իր բարեկամի բացառիկության դրոշմը եւ գնահատել այն: «Կան մարդիկ, որոնց չեն հարմարվում ընդհանուր չափանիշները: Եթե ուզում եք հասկանալ սրանց ու արդարացիորեն արժեքացնել, պետք է մոտենաք հատուկ չափանիշով: Այս կարգի մարդկանցից էր եւ Օհաննես Թումանյանը» :

Քաջազնունինՙ բարձր գնահատելով Թումանյանի գրական մուծումները մեր աղքատիկ գրականության մեջ , անվանել է դրանք գոհարներ: Բայց այս գնահատականը երբեք չկաշկանդեց նրան ստեղծագործական ինչ-ինչ հարցերում համամիտ չլինել բանաստեղծի հետ, բանավիճել նրա հետ, քննադատել նրան:

Շուտով նա ստանձնեց Թումանյանի երկերի հատորյակի կազմման եւ խմբագրման աշխատանքները: Գիրքը լույս տեսավ 1908թ Բաքվում :

1908թ. Թիֆլիսից Ժնեւՙ իր ընկերներից մեկինՙ Փիլիպոս Վարդազարյանին, Թումանյանը գրում է. «Բաքվեցիք գիրքս տպում են, մի շատ դժար ժամանակի վրա հասան մարդիկ: Գիրքս Քաջազնունին է խմբագրում: «Դեպի Անհունն» ու «Պոետն ու Մուսան» դուրս են ձգել: Արդեն տպարանումն է» :

Իմիջիայլոց «Դեպի Անհունը» հենց այն պոեմն էր, որ Քաջազնունու համար դարձել էր քննադատության թիրախ: «Մարդն ու բանաստեղծը ես չեմ կարողացել բաժանել միմյանցից» ,- խոստովանել է Քաջազնունին: Եվ հենց այս անքակտելի միասնությունը հաստատող մի շարք անուշիկ հուշեր է գրառել նա իր աշակերտական տետրակի էջերին: Եվ այսպեսՙ

«Մի անգամ ռուս գրող Տանի (Բոգորազի) հետ գնում ենք երեքով Ռազմավիրական ճանապարհով Թիֆլիսից Վլադիկավկազ: Ամառվա տաք ու պայծառ օրեր էին: ...Օհաննեսը առաջին անգամ էր տեսնում Մեծ Կովկասը: Հանկարծակիի էր եկել ու մի քիչ շվարել: Մինչ այդ նա տեսել էր միայն Լոռվա լեռները եւ ըստ այնմ կազմել իր գաղափարը սարի ու ձորի մասին: Այժմ Կովկասի վիթխարի, ահարկու զանգվածները տակնուվրա էին արել իր հասկացողությունները... Երբ Կազբեկ կայարանից իջնում էինք Դարյալի կիրճը, հանկարծ դիմեց ինձ .

- Գիտե՞ս ինչ է: Ասում եմ, էս երկիրը Աստված ստեղծել է առաջին օրերում, երբ նյութը առատ է եղել ու ինքն էլ դեռ անփորձ, չի իմացել չափն ու սահմանը...Թե չէՙ էս բարձրության սա՞ր կլինի, էս խորության ձո՞ր կլինի:

Ես թարգմանեցի Բոգորոզին Թումանյանի ասածը: Սա լիաբերան ծիծաղեց:

- Չէ, ճիշտ չէ՞, վրա բերեց Օհաննեսը իր համարյա ռուսերենով,- եթե անփորձ չլիներ, էսպես բան կանե՞ր.... Լինում են երիտասարդ, անհաշիվ տանտիկիններ, որ ճաշը հյուրերին բաժանելիս... առաջին պնակները լցնում են լեփ-լեցուն, իսկ վերջիններին ոչինչ չի մնում...»:

Տուտուց-տուտուց բաների մասին

Թումանյանը պարծենում էր, թե ազնվական ծագում ունի, որ իր նախնիները Տարոնից են, Մամիկոնյան Տնից, թե զրույցներ կան պահպանված այս առումով: Քաջազնունին թերահավատորեն էր վերաբերվում այս ամենին, անգամՙ հեգնանքով:

«Չգիտեմ, կա՞ր արդյոք որեւէ պատմական ճշմարտություն այդ «հին զրույցների» մեջ: Գրազ կգամ, որ չգիտեր նաեւ ինքըՙ Թումանյանը: Բայց գիտեմ հաստատապես, որ ազնիվ լինելու համար Ամենայն հայոց բանաստեղծ Օհաննես Թումանյանը ոչ մի կարիք չուներ Մամիկոնյաններից կամ նույնիսկ Նաբուքոդոնսոր արքայից սերվելու. Նա ինքը ազնիվ էր ոտից գլուխ, ազնիվ էր այն իսկական, լիակշիռ ազնվությունով, որը տալիս էր մարդուն նուրբ ու վեհ հոգին, բարձր միտքը, լայն սիրտն ու մեծ գործը» :

Քաջազնունուՙ ազնվական ծագման անկարեւորության մասին բերվող փաստարկներն այնքան զորավոր էին, որ Թումանյանը ընկրկում է եւ զենքերը վայր դնում.

- Տուտուց-տուտուց խոսքեր են, տեղն եկավ, հիշեցի :

Իր «Անկապ հուշեր»-ի վերջում (այսպես է վերնագրել Հովհ. Քաջազնունին), խոստովանում է, որ հեշտ բան չի սիրածդ մարդու մասին խոսելը: Եվ Թումանյանի հիշատակը այնքան թանկ է իր համար, որ «անարգած կլինեի նույն այդ հիշատակը, ապա եւ արջի ծառայություն մատուցած, եթե փորձ անեի գեղեցկացնել նրա դեմքը, մի բան ստվերի տակ թաքցնել, մի ուրիշ բան ինձանից ավելացնել կամ եղածը ծաղկեցնել... Թումանյանը գեղեցիկ էր ու սիրելի հենց այնպես, ինչպես էրՙ իր թերություններով ու թուլություններով հանդերձ, եւ ոչ մի սրբագրչի բարեկամական ուղղումների կարիք չուներ, եւ եթե վերեւում տված իմ դիմագիծը այդ չի ասում, ընթերցողը լավ կանի, որ պակասը վերագրի ոչ թե մոդելին, այլ, պարզապես, գծողի ապիկարությանը» :

Քաղաքական միեւնույն հետապնդումների թիրախում

Ցարական իշխանությունները հետապնդում են Հովհ. Թումանյանինՙ ազգային գործունեության համար: Ոստիկանական գաղտնի ծառայությունների ցուցակում նրա կեղծանունը Ժոկեյ էր: Վերջապես ձերբակալում են 1908-09թթ.: 5000 ռուբլի գրավի դիմաց փոխվում է խափանման միջոցը: 1911-12թթ. տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի կալանավայր ՙ դատավարության: Ճանաչվում է անմեղ եւ դատարանի դահլիճից ազատ արձակվում:

Նույն մեղադրանքով 1909թ. ձերբակալվում է նաեւ Քաջազնունին: 10000 ռուբլի գրավի դիմաց ազատ է արձակվում:

Ապաՙ խուսափելով Ս.Պետերբուրգում կայանլիք դատավարությունից, փախչում է արտասահման:

Զինվորները

«Ամենամեծ բաղձանքս էՙ անձամբ ու ֆիզիքապես մասնակից լինել կռիվներին, մեր հերոս զինվորների կողքին կանգնածՙ նրանց հետ միասին պաշտպանել հայրենիքի անկախությունը եւ ՙ եթե բախտ ունեցաՙ մեռնել պատերազմի դաշտում: Եվ դա ամենալավ մահն է, որ դուք կարող էիք ցանկանալ ձեր հայրիկի համար»: (Հ.Ք.ՙ նամակ զավակներին, 1920, օգ.30 )

«Մեր ֆրոնտի նոր աղետը սարսափելի ազդել է վրաս: Անպիտան տաճիկը շարունակ նորանոր հարվածներ է տալիս մեր ժողովրդի թարմ վերքերին :

Ինչեւիցե: Իհարկե, դրանից էլ կազատվեք, կշենանաք էլ, եւ երանի թե մի օր էլ իրենք ազատվեն թուրքությունից ու աշխարհքներ ավերելու սովորությունից: Էսօր քիչ էր մնում, թե ճանապարհ ընկնեի դեպի ֆրոնտ» : (Հ.Թ. Նամակ դստերըՙ Աշխենին, 1920, սեպ. 30)

Թումանյանը չի հասցնում մեկնել ճակատ, հայկական զորքերի նահանջի մասին լուրն առնելու պատճառով:

Նրանց որդիները

«Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են»: (Հ.Թումանյանըՙ Անդրանիկ զորավարին, 1917թ., դեկտ. 23)

Մուշեղ Թումանյանը 1916թ կամավոր մեկնել է Արեւմտյան Հայաստանՙ ծառայել է Իգդիրում, Դիադինում եւ այլուր:

Արտավազդ Թումանյանը առաջին աշխարհամարտի տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից հետո Միջազգային կարմիր խաչի կովկասյան կոմիտեում անցել է կամավորական աշխատանքի: Իր ժողովրդի ամենածանր տարիներին ծառայել է Ջուղայում, Իգդիրում, Խոյում, Բերկրի -Կալայում, 1916-ին նշանակվել է Վանի կազմակերպության լիազոր ներկայացուցիչ:

Համլիկ Թումանյանը 1916թ. զորակոչվել է բանակ, ծառայության անցել Թիֆլիսի կայարանում, Ալեքսանդրապոլում

Արեգ Թումանյանը ցեղասպանության տարիներին կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1918թ. էրզրումի մարտերին մասնակցելու համար պարգեւատրվել է Գեորգիեւյան խաչով: Ընդամենը 17 տարեկան էր:

Երբ 1914թ. Հովհ. Քաջազնունու ավագ որդինՙ անչափահաս Արամը, ծնողներին հայտարարեց, թե ուզում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հայրը ոչ թե բարկացավ կամ սաստեց որդուն, այլ խոստացավ բարեխոսել կամավորական բյուրոյում: Մայրն էլ ասացՙ «Թող գնա, մյուս գնացողները նույնպես մայրեր ունեն» : Մայիս ամսին Արամն ավարտեց դպրոցը եւ հայրը նրան տարավ երկաթգծի կայարանՙ Թիֆլիսից Երեւան ճանապարհելու համար: Հիշում է Սիմոն Վրացյանը. «Կայարանում նրանք պինդ սեղմեցին ձեռքները եւ վերջ: Տնաշեն, գոնե համբուրվեք: Քաջազնունին ասաց,- Դեռ ժամանակը չէ, կհամբուրվենք, երբ հաղթությամբ վերադառնա պատերազմից» :

Երկվորյակներ Աշոտը եւ Ռուբենըՙ ջրի 2 կաթիլ, նույնպես կամավոր մեկնեցին պատերազմ:

Երկու դժբախտ հայր

Իբրեւ հայր նրանք նույն վիշտը ունեինՙ երկուսն էլ պատերազմում զավակ էին կորցրել:

Արտավազդ Թումանյանը զոհվեց 1918թ. 24 տարեկան հասակում, Վանի երկրորդ գաղթի ժամանակ Համադանի սահմանին:

Աշոտ Քաջազնունին 1918թ. ընկավ Ղարաքիլիսայի կռիվներում:

«Մի բան միայն գիտեմ հաստատապես եւ ուզում եմ, որ դու եւս գիտենաս, որովհետեւ դրա մեջ մեծ մխիթարություն կա. եթե Աշոտը սպանված է , ուրեմն սպանված է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռվի ժամանակ, իր զինվորական , քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպանված է հերոսաբար, զենքը ձեռքին, մի այնպիսի փառավոր կռվի մեջ, որի մասին իրենքՙ տաճիկները , խոսում են հիացմունքով ու պատկառանքով: Մեր փոքրաթիվ զորքերը չորս օր անընդհատ կռվել են առյուծների պեսՙ իրենցից շատ գերազանց ուժերի դեմ եւ նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց հետո: Ողջ է դուրս եկել Աշոտը այդ կռվից, թե՞ սպանվել է - երկու դեպքում էլ նա վաստակել է հայրենիքի սերը, հարգանքը ու երախտագիտությունը. նա կռվել է մինչեւ վերջ եւ գուցե իր մատաղ կյանքի գնով բարձր է պահել զինվորական պատիվը: Էլ չեմ կարող գրել»: (Հ.Ք կնոջը գրած նամակից, 1918, սեպ.14)

Ռուբեն Քաջազնունին գերի ընկավ Կարսում, փրկվեց 1921թ. գերիների փոխանակման ժամանակ:

Արամ Քաջազնունին կամավոր մեկնեց ճակատ, զոհվեց 1920-ին Զանգիբասարի կռիվներում:

1938

Երբ աշակերտական տետրակի 59 էջերի վրա Հովհաննես Քաջազնունին ի պահ էր տալիս իր դժվար, դժբախտ կյանքի հուշերը, բնավ չէր պատկերացնի, որ ապրելու մնացել է ընդամենը 2 տարի: Եվ որ մեռնելու համար անցյալում ունեցած, «բազմազան ու խիստ բարենպաստ առիթները» խամրելու են բոլշեւիկյան տեռորի հանդեպ: 1938թ. նրան գնդակահարեցին:

Երբ 1923թ. Մարտին Թումանյանը պառկած էր Մոսկվայի Օստրումովի հիվանդանոցումՙ սպասելով մահվանը, մեկ փափագ ուներ. Արտավազդըՙ 1918թ. Վանում զոհված իր տղան, ողջ լիներ, կամ գոնե դին գտնվեր եւ հողին հանձնվեր իր կողքին: Այդ ժամանակ նա բնավ չէր պատկերացնի, որ իր մահից տարին անցՙ 1938թ., իր մյուս երեք զավակներին բաժին է հասնելու Արտավազդի ճակատագիրըՙ միայն օսմանյան տեռորի փոխարեն, գործելու է բոլշեւիկյան տեռորը: Ինչպես Արտավազդը թուրք-պարսկական սահմանինՙ Մուշեղը, Համլիկը եւ Արեգը եւս անթաղ մնալու են անծայրածիր Ռուսաստանի ինչ-որ անկյուններում:

Եվ այսպեսՙ ավարտվեց հասավ երկու հրաշալի Հովհաննեսներիՙ Ամենայն հայոց բանաստեղծի եւ Հայաստանի հանրապետության առաջին վարչապետիՙ ԲԱՐՈՅԱԿԱՆ այս բացառիկ տիպարների եւ նրանց ընտանիքների երջանկությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.