AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



ՄԵՐ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1625, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՊԸ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր արվեստագետների մեկ-երկու սերունդի բախտը ամենեւին չբերեց. մեր կյանքի վերջին երեք տասնամյակը ամենեւին էլ մշակությի, գրականության եւ արվեստի ժամանակ չեղավ: Մեր վերջին երկու նախագահը, բարեբախտաբարՙ նախկին, բացարձակապես տգետ մարդիկ էին, «բարեւ ձեզ»-ը թղթից էին կարդում եւ Հայաստանում ուղղակի սպանեցին մշակույթը: Ավելին, երգն ու երաժշտությունը ուղղորդեցին մահմեդական-մուսուլմանական կաղկանձների ճանապարհով, ըստ իրենց քիմքի, խելքի ու մակարդակի:

Իսկական արվեստը, իսկական գրականությունը դարձան լուսանցքային: Այդ դժնդակ տարիներին, երբ իսկական մշակույթը արտաքսվեց հանրային կյանքից եւ մանավանդ հեռուստատեսության էկրաններից ու ծրագրերից, շատերը անմարդկային իրականությունից փրկվելու այլ ելք չգտան, քան ապավինելու սեփական ստեղծագործությանը: «Շատերը» բառը այստեղ, իհարկե, շատ հարաբերական է: Նրանք գերադասեցին մնալ լուսանցքում, քան թե դառնալ էժանագին ապրանք բարոյալքված հասարակության մեջ, ուր իշխում էին քծնանքը, ստորաքարշությունը, հակաարվեստն ու հակամշակույթը: Եվ չնայած դրան, մեր իսկական արվեստագետները, ֆրանսիական հայտնի գրողի հերոսի պես, անտրտունջ շարունակեցին աշխատել, շարունակեցին կառուցել եւ ամբողջացնել իրենց աշխարհը, այնտեղ ներդնելով իրենց ներաշխարհի ողջ հարստությունը, իրենց լուսավոր պատկերացումները կյանքի եւ աշխարհի մասին, հոգեկան կապեր ստեղծելով հայ մշակութային անցյալի եւ դասական արվեստի հետ: Հայաստանի չեղյալ արվեստաբանությունը, որ բաղկացած է հիմնականում ռըսախոս քաղքենիներից, նրանց չի տեսել եւ չի տեսնում: Բայց նրանք կան, եւ նրանք լուրջ արվեստ են ստեղծում:

Եվ նրանցից մեկն էլ գեղանկարիչ Հարություն Հարությունյանն է:

Ես չեմ խոսելու Հարություն Հարությունյանի անցած ճանապարհի մասին. դա հետաքրքրական եւ արգասաբեր ընթացք է եւ արժանի է մանրամասն ու հանգամանալից խոսքի: Ես այդ ընթացքի եւ ճանապարհի ականատեսներից մեկն եմ եւ կարող եմ վկայել դա: Ես ուզում եմ խոսել նկարչի վերջին տարիների աշխատանքների մասին, որոնք նոր որակ են ոչ միայն արվեստագետի ստեղծագործական կյանքում, այլեւ մեր արդի գեղանկարչության մեջ:

Վերջին տարիներին, ավելի ճիշտՙ վերջին մեկուկես-երկու տասնամյակում նկարիչը տենդագին աշխատել է: Այդպես աշխատում են, երբ ստեղծագործությունը ծնվում է առանց ճիգի, բնական ու ինքնաբուխ ձեւով, մանավանդ երբ արվեստագետը ասելիք ունի: Այդ պարագային արվեստագետըՙ նկարիչը կամ գրողը, չի էլ մտածում ոճի կամ տեխնիկայի մասին: Նա նկարում է,- թող թույլ տրվի լեզվական սխալը կամ անհեթեթությունը,- ինչպես նկարվում է: Ձեռագիրը միշտ անձնական է, անձից անբաժանելի, ոճը միշտ անհատական է, եթե արվեստագետը կարողանում է ստեղծել գեղարվեստական մտածողության իր համակարգը:

Հարություն Հարությունյանը ժամանակակից մարդ է եւ, իհարկե, լավ գիտի, թե ինչ են անում նկարիչները դրսերում, զանազան համբուրգներում: Բայց նրան առավելապես հուզում են հայ մշակութային ավանդները, իր նկարչության ակունքներից մեկը հայ միջնադարյան արվեստն է եւ հայ մանրանկարչությունը: Նրան ոգեշնչում է հայկական կյանքի ծիսական եւ արարողական կյանքի բանաստեղծական խորհրդավորությունը: Նայեք իր «Նվագածուներ», «Երգասացներ» եւ մյուս նկարաշարքերի դեմքերը: Թվում է, նրանք դուրս են լողացել հեռավոր անցյալի մութ խորքերից, իրենց հետ բերելով իրենց ժամանակի պոեզիան եւ կենցաղային կյանքի ողջ հմայքը:

Խոսքը նմանակելու մասին չէ, այլ դարերի միջով եկող մշակութային մտածողության ձայներն ու հրահանգները լսելու կարողության: Իր կտավներում նա փորձում է մեզ փոխանցել հայկական անցյալի, հայկական հոգեկան-մշակութային կյանքի գեղեցկության այն թրթիռները, ջերմության ալիքները, հուզական պատկերները, որոնք հասնում են իրեն, եւ որ տեսնում է ինքը: Պատմական վայրը կամ հուշարձանը Հարություն Հարությունյանի կտավներում սոսկ խորհրդանիշ չէ, այլ պատմական բնապատկերի անտրոհելի մաս: Նայեք իր «Անիական» շարքի կտավները («Կուսանաց եկեղեցին», «Մայր տաճարի լույսը», «Հովվի եկեղեցու շարականները», մյուսները). նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն տեսողական գեղեցկություն է ներկայացնում, այլեւ դիտողին հարկադրում է ետ նայելու, վերադառնալու դեպի իր սկիզբը, որոնելու իր կապերը անցյալի հետ: Բանն այն է, որ սա նոր ժամանակների հայ գեղանկարչության արդեն մշակված, որոշակի ավանդույթ ներկայացնող մոտեցումն է: Հարություն Հարությունյանի մի շարք կտավները այդ ավանդույթի ինքնօրինակ շարունակումն են («Թոնրի ծուխը», «Լավաշի բույրը» եւ այլ գործեր):

Հարություն Հարությունյանի նախասիրություններից մեկը կրոնական նկարչությունն է: Հայաստանը քրիստոնեության առաջին երկրներից մեկն է եւ բնականաբար ունեցել է իր կրոնական նկարչությունը, մարդու, բնության, աշխարհի վերաբերյալ իր կրոնական ըմբռնումները կերպարվեստի միջոցով արտահայտելու իր կերպն ու փորձը: Դրա լավագույն վկայությունը մեր հնագույն որմնանկարներն են նույնքան հնագույն եկեղեցիներում: Սակայն, ցավոք սրտի, նոր ժամանակների կրոնական նկարչությունից շատ քիչ բան է պահպանվել: Եվ այնուամենայնիվ, ավանդույթը կա եւ շարունակվում է: Չնայած տասնամյակների մշակութային ավերումներին, մարդկային հոգեկան եւ բարոյական կատարելության ըմբռնումն ու ձգտումը դրան ապրել է հայ մշակույթի խորքերում եւ երբեմն-երբեմն առկայծել է առանձին արվեստագետների գործերում: Հետաքրքրական է, եւ բոլորովին ոչ պատահական, երբ որ անդրսահմանային պատկերագրքերի հանդեպ մոգական հմայքի ու կախարդանքի այս ժամանակներում նկարիչը կրոնական նկարչության ճանապարհով գնում է դեպի մարդու որոնումը, մարդու հոգեկան գեղեցկության գեղանկարչական պատկերումը. նկարչի կտավները այդ գեղեցկության թրթռուն պահերի գեղարվեստական արձանագրումներն են («Նոյյան տապան», «Դեպի Եգիպտոս», «Ավետում», «Իմ պարտեզի հրեշտակները», ուրիշ գործեր):

Հարություն Հարությունյանին խորթ չէ, իհարկե, գեղանկարչական արդիական մտածողության լեզուն. իր բազմաթիվ հորինվածքների, բնապատկերների եւ նատյուրմորտների մեջ առկա է ժամանակակից մարդըՙ իր տեսողականությամբ, իր աշխարհընկալումով, իր սերերով եւ հրապուրանքներով, իր գայթակղություններով ու նաեւ վրիպումներով, սխալներով, կորուստներով... Ահա, հենց սա էլ, ժամանակների այս կենդանի կապը, ազգային գիտակցության եւ արդիականության բնականոն միասնականությունը Հարություն Հարությունյանի նկարչության թերեւս ամենաարժեքավոր հատկանիշն է, որ ինքնին արժանի է հարգանքի եւ մասնագիտական լուրջ դիտարկման:

Եվ այսքանից հետո, կարծում եմ, ավելորդ է ասել, որ նկարիչը հրաշալի տիրապետում է նկարչական արհեստ-արվեստի նրբություններին, տոնային նկարչության վարպետ է, բայց եւ գիտի մաքուր գույնի հնչողության եւ գունային հարաբերությունների գաղտնիքները:

Հարություն Հարությունյանը հեղինակ է հրաշալի նկարչության, որ այսօրվա հայ կերպարվեստի արժեքավոր եւ արժանի դրսեւորումն է:

Նկար 2. «ՀՐԱԺԵՇՏ ԱՂԹԱՄԱՐԻՆ»

Նկար 3. «ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ»

Նկար 4. «ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ»

Նկար 5. «ՊԱՐ»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.