AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



ԱՌԱՔՅԱԼՆԵՐ

Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2047, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԸՙ ԼԵՈ ՍԱՐԳՍՅԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անցած հունիսի 8-ին Բոսթոնում վախճանվեց Լեո Սարգսյան անունով մի հայորդի: ԱՄՆ-ում նա շատ հայտնի չէր, սակայն նրա անունն իսկական լեգենդ էր Աֆրիկա մայրցամաքում: Միլիոնավոր աֆրիկացիներ նրան գիտեին որպես «Աֆրիկայի երաժշտության մարդը», որն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի միջոցով առաջին անգամ աշխարհում հանրահռչակել է աֆրիկյան երաժշտությունը...

Էթնոերաժշտագետ, հնչյունային ռեժիսոր, երաժիշտ, նկարիչ, աֆրիկյան երաժշտական ժառանգության անխոնջ պահապան եւ քարոզիչ Լեո Սարգսյանը ծնվել էր 1921-ին, գաղթականաշատ Լորենս քաղաքում (Մասաչուսեթս): Ծնողները ԱՄՆ-ում հաստատվել էին 1900-ականների սկզբին: Մանկուց հակում է ցույց տվել դեպի նկարչությունը եւ երաժշտությունը, դպրոցական նվագախմբում նվագել է կլառնետ, իսկ քաղաքի հայ երաժիշտներից ուսանել է միջինարեւելյան երաժշտության տեսություն: Որոշ ժամանակ անց նա դարձել է Բոսթոնի գեղարվեստի Վեսպեր Ջորջ դպրոցի թոշակառու: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան բանակի կազմում նա ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում եւ Գերմանիայում, զբաղվել քարտեզներ գծագրելով: Վերադառնալով ԱՄՆՙ 1949-ին ամուսնացել է Մերի Անտոնյանի հետ, որը նույնպես Լորենսից էր եւ նույնպես ծառայել էր ամերիկյան բանակումՙ նավային հաղորդակցության բնագավառում: Մի քանի տարի Լեոն աշխատել է Նյու Յորքումՙ որպես գովազդներ պատկերազարդող, իսկ երեկոները տեղի Հանրային գրադարանում ուսումնասիրել է Միջին Արեւելքի, Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան Ասիայի, Չինաստանի եւ Ճապոնիայի երաժշտությունը: Մայրենի հայերենից եւ անգլերենից բացի նա տիրապետել է ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, որոշ չափովՙ արաբերեն լեզուներին:

1950-ականների սկզբին Հոլիվուդի «Տեմպո ռիքորդզ» ընկերության ղեկավար Իրվինգ Ֆոգելը Լեոյին առաջարկել է աշխատել իր ընկերությունում եւ վերապատրաստել է նրան որպես հնչյունային ճարտարագետ: Կնոջ հետ տեղափոխվելով Քալիֆորնիաՙ Լեոն ամբողջովին նվիրվել է երաժշտության ձայնագրման գործին: Նա է խմբագրել ժամանակին ժողովրդականություն վայելող «Քաղցրիկ Ջորջա Բրաուն» երգի առաջին ձայնագրությունը, մասնակցել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկայի թագուհին» հայտնի ֆիլմի ֆոնային երաժշտության ձայնագրմանը:

Շուտով «Տեմպո ռիքորդսը» Սարգսյանին ուղարկել է Պակիստան, Աֆղանստան եւ Բանգլադեշՙ կինոյում եւ այլուր տեղի երաժշտությունն ուսումնասիրելու եւ ձայնագրելու նպատակով: Աֆղանստանում Լեոն ընկերացել է թագավոր Մոհամմեդ Զահիր շահի հետ, ձայնագրել անապատաբնակ ցեղերի երգերը, որոնք երբեւէ չէին լսվել Աֆղանստանից դուրս: Պատմական Հերաթ քաղաքում նա կատարել է իր գործունեության ամենից հազվագյուտ ձայնագրություններից մեկըՙ մի 90-ն անց մարդու, որը եղել է Աֆղանստանի էմիրի պալատական երգիչը նախքան էմիրի մահը 1919 թվականին...

1959-ին «Տեմպո ռիքորդսը» Սարգսյանին գործուղել է Արեւմտյան Աֆրիկաՙ գրառելու նորանկախ Գանա, Գվինեա, Փղոսկրի Ափ եւ Լիբերիա պետությունների երաժշտությունը: Գվինեայում անցկացրած երեք տարիների ընթացքում (որտեղ նա ընկերացել է երկրի նախագահ Տուրեի հետ) Լեոն իր գործընկեր Էլ Հաջ Սիդիքի Դիաբատեի հետ ճամփորդել է ողջ երկրում եւ ձայնագրել բոլոր ավանդական ու ժամանակակից խմբերին: Եվ այսպես, ավելի քան քսանհինգ տարի Լեոն իրականացրել է հարյուրավոր ժամեր տեւող 10.000-ից ավելի բնօրինակ ձայնագրություններ ավելի քան երեսունութ նորանկախ աֆրիկյան երկրներումՙ դառնալով «Ամերիկայի ձայնի» յուրահատուկ դեսպանն Աֆրիկայում եւ աֆրիկյան երաժշտության հանրահռչակման ռահվիրաներից:

1961 թվականին, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրի կատարած այցելության ժամանակ Ամերիկյան լրատվական գործակալության տնօրեն, լեգենդար ռադիոհաղորդավար Էդուարդ Ռ. Մըրոուն Լեոյին առաջարկել է աշխատանք Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանում: Չորս տարի անց, 1965-ին, Լեոն սկսել է վարել «Երաժշտության ժամանակը Աֆրիկայում» շաբաթական կեսժամանոց ծրագիրը, որը ներկայացրել է ողջ Աֆրիկայի ավանդական եւ ժամանակակից երաժշտությունը: Ռադիոհաղորդման ընթացքում նա երբեմն հյուրընկալել է նշանավոր աֆրիկացիների (օրինակՙ Սվազիլենդի թագուհուն): Լեո Սարգսյանը սկսել է նամակներ ստանալ Աֆրիկայի անգլիախոս երկրներից: Մարդիկ գրում էին, որ ծանոթ չեն եղել աֆրիկյան մյուս երկրների երաժշտությանը: Լեոյի համար հուզիչ է եղել տեսնել, որ իրեն գրում են այնպիսի աղքատ երկրներից, որտեղ տարեկան աշխատավարձը 25 դոլար է, մինչդեռ մարդիկ դրոշմանիշի համար վճարում էին հիսուն սենթ: Եվ Սարգսյանը բարեխղճորեն պատասխանում էր յուրաքանչյուր նամակի... Տարեցտարի նրա համբավն աճում էր սեւ Աֆրիկայի երկրներում, նրան օվացիաներով դիմավորում էին օդակայաններում, իսկ նախագահները ոստիկանական թիկնազոր էին տրամադրում նրան: Լեո Սարգսյանը փորձում էր մնալ ապաքաղաքականացված, սակայն եթե որեւէ տարածաշրջանում ազգամիջյան հակասություներ էին լինում, նա հեռարձակում էր հակամարտող երկու կողմի երաժշտությունըՙ ազդանշան տալով, որ ԱՄՆ-ն տեղյակ է տվյալ խնդրից:

Ու թեեւ Սարգսյանն էթնոերաժշտագետի մասնագիտացում չէր ստացել, նա հրավիրվում է մասնակցելու միջազգային գիտաժողովներիՙ պատմելով աֆրիկյան երաժշտության հանդեպ իր սիրո մասին, թե ինչպես է գյուղ առ գյուղ շրջել եւ առաջին անգամ պատմության մեջ սերունդներին ի պահ է տվել աֆրիկյան տարբեր ժողովուրդների երգն ու նվագը... Հիսուն տարի անց նրա ռադիոհաղորդումը շարունակել է հեռարձակվել ամեն շաբաթավերջիՙ մնալով «Ամերիկայի ձայնի» ամենաերկար անգլալեզու ծրագիրը: Սարգսյանի մեկ այլ մեծ ներդրումն էլ եղել է Տանզանիայի, Կոմորյան կղզիների, Չադի, Բուրկինա Ֆասոյի, Բուրունդիի, Կամերունի եւ այլ երկրների ռադիոկայանների համար հնչյունային ռեժիսորների պատրաստումը: Բացի այդ, իր ճամփորդությունների ընթացքում նա մշտապես նկարել է, ստեղծել աֆրիկյան թագավորների, նախագահների եւ տեղացի բնակչության դիմանկարներ, հրատարակել «Լեո Սարգսյանի Աֆրիկայի դեմքերը» պատկերագիրքը:

Այն հարցին, թե ինչ է աֆրիկյան երաժշտությունն իր համար, նա ասել է. «Իմ ամբողջ կյանքն էՙ մանկությունից մինչեւ այսօր եւ գուցե ապագայում էլ: Ես դեռ կզբաղվեմ իմ արվեստով եւ կպարեմ իմ երաժշտության տակ: Էլ ի՞նչ: Դա կիրք է»:

Իսկ մեզՙ հայերիս համար հատկապես կարեւոր է իմանալ, որ մոլի աֆրիկասեր Լեո Սարգսյանը, որը նվագել է տարբեր երաժշտական գործիքներ, նախապատվությունը տվել է հայկական քանոնին: Նա բազմիցս ելույթներ է ունեցել հայ երաժիշտների հետ եւ հրավիրվել է հայ երաժշտություն կատարելու Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում եւ Սմիթսոնիանի երաժշտական գործիքների դահլիճում:

Կյանքի մեծ մասն Աֆրիկայում ապրելուց հետո Լեո եւ Մերի Սարգսյանները հաստատվեցին Բոսթոնումՙ մնալով Աֆրիկայի ու աֆրիկյան մշակույթի սիրահարներ: 2005-ին Վաշինգտոնում բացվել է «Աֆրիկյան երաժշտության Լեո Սարգսեան գրադարանը», որտեղ հավաքված են բազմաթիվ ձայնագրություններ եւ հրատարակություններ: Սարգսյանն «Ամերիկայի ձայն»-ում մնաց մինչեւ 2012 թվականը, 91 տարեկանը: 2014 թվականին Միչիգանի համալսարանը երկարաժամկետ փոխառությամբ «Ամերիկայի ձայնից» ձեռք է բերել աֆրիկյան երաժշտության նրա մեծ հավաքածունՙ թվայնացնելու նպատակով...

Լեո Սարգսյանը չափազանց համեստ, ընկերական, ինքնավստահ, խանդավառ անձ էր, շրջապատի համար միշտ ցանկալի: Նա մահացավ 97 տարեկանում եւ թաղվեց Մասաչուսեթսի Նորթ Անդոր քաղաքումՙ զինվորական պատիվներով... «Լեոն մշտապես քեզ զգացնել էր տալիս, որ դու յուրահատուկ ես: Թվում էր, թե նա ոչ մեկի առավել կամ պակաս չի վերաբերումՙ ելնելով նրա սոցիալական վիճակից, տարիքից կամ մեկ այլ բանից: Նա իսկական ջենթլմեն էր, լավատես էր ու սիրում էր գեղեցիկ բաները կյանքում»,- ասել է էթնոերաժշտագետ Հեթըր Մաքսվելը, որը փոխարինել է Սարգսյանին «Աֆրիկայի երաժշտության ժամանակը» ռադիոծրագրում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.