ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 2012-04-20

ԻՏԱԼԱԿԱՆ ՍԿԱՖԱՏԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 17-ին իտալական Սկաֆատիի քաղաքային խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

Ապրիլի 13-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Սկաֆատի քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ, ինչպես նաեւ մասնակցել քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Սկաֆատիի քաղաքապետը հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշել , որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես», հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն եւ պատիվ է հայկական մշակույթին նվիրված նման միջոցառման իրականացումը»:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից (ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա) հայազգի 16 նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ:

Ա. Հ.


http://www.azg.am/AM/2012042003

© AZG Daily, 2008