ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ |
| «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2012-01-28 Մշակույթ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸՙ ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐՅԱՆՑԻՆ![]() 1962 թ. հունվարի 25-ին իտալական Բարի քաղաքում անհայտության եւ աղքատության մեջ մահացավ հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցը: Նրա աճյունը ամփոփվեց ճամփեզրի մի անշուք հողաթմբի տակ: 2012 թ. հունվարի 25-ին իտալական Կազամասիմա քաղաքապետարանի եւ Բարիի Հրանտ Նազարյանցի գործունեության ուսումնասիրման կենտրոնը նշեց, ինչպես խմբագրության ստացած տեղեկության մեջ է գրված, Պուլիայի հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի մահվան 50-րդ տարելիցըՙ մի շարք հատուկ միջոցառումներով եւ կոնֆերանսներով: Այս իրադարձությունը նշանավորվեց նաեւ Իտալական փոստային ծառայության մշակած եւ թողարկած անվավեր համարելու հատուկ փոստային կնիքով, որը կիրառվեց հիշատակային բացիկների վրա, Կազամասիմա քաղաքապետարանում ժամանակավոր գործող փոստային բաժանմունքում, այդ օրը: Իտալիայից ստացված այս լուրը ազգային տարբեր զգացումների առիթ տալով, ուրախալի անակնկալի հետ նաեւ ամոթալի էրՙ մեր անտարբերությամբ: Հրանտ Նազարյանցը արեւմտահայ այն բանաստեղծներից է, որը հայ գրականագիտության ուսումնասիրողների ուշադրությունից հանիրավի դուրս է թողնվել, երկար ժամանակ անտեսվել, թեպետ նա ստեղծագործել ու գրական գործունեություն ծավալել է Պոլսի գրական ամենաբուռն զարգացումների շրջանում, երբ գրական միջավայրը ծավալվում էր Միսաք Մեծարենցի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի, Տիրան Չրաքչյանի, Վահան Թեքեյանի եւ մյուսների ստեղծագործական ոգու վերընթացներով: Եվ նա այս միջավայրում աննկատ գործող մշակ չէր. արեւմտահայ պարբերական մամուլի էջերին նրա անունը բազմիցս ներկա է եղելՙ թարգմանություններով, բանաստեղծություններով, հոդվածներով, խմբագրել ու հիմնել է պարբերականներ: Հրանտ Նազարյանցը հայկական սիմվոլիզմի ամենավառ արտահայտված քերթողներից մեկն է: Այդուհանդերձ, նա մնացել է հայ գրական լուսանցքներում, նրա անունը գրեթե չի հիշատակել ոչ արեւմտահայ, ոչ արեւելահայ պարբերական մամուլը, գրականության ուսումնասիրողները չեն անդրադարձել նրա ժառանգությանը. մնացել է անցյալի մոռացված էջերին: «Անտառի հզորությունն ու գեղեցկությունը, հարստությունն ու հմայքը միայն հսկա կաղնիները չեն. ամեն մի թուփ, շիվ ու ծառ եւ խոնարհ թփի տակ ծվարած անտես ու աննկատ, համեստ ու անանուն ծաղիկը իր յուրատեսակ մասն է ավելացնում անտառի գեղեցկությանը, անտառը կայանում է - գոյություն ունի անտառային ողջ աշխարհի բազմաձեւ ու բազմագույն ամբողջությամբ: Եվ գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրը պետք է լինի տեսնել ու բացահայտել յուրաքանչյուր տաղանդավոր գրողի ստեղծագործության խորքը, հմայքը, յուրահատկությունները եւ կարողանա գրողին ու իր գրականությունը տեսնել հայ գրական կյանքի ընդհանուր ընթացքի մեջ»: 2008 թ. «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունների կողմից լույս ընծայվեց Հրանտ Նազարյանցի «Աստեղահեւ մենութիւն» ժողովածուն, որը կազմել, առաջաբանը եւ ծանոթագրությունը գրել է Երվանդ (Յուրի) Տեր-Խաչատրյանը: Վերոհիշյալ մեջբերումը գրքի առաջաբանից է, եւ կարծում ենք գրականագետի ուսանելի այս խոսքը պետք է որ հետեւորդներ ունենա, ի դեմս գրական նոր սերնդի: Ժողովածուն բովանդակում է «Խաչուած երազներ» գիրքը (որը Հր. Նազարյանցի կյանքի ընթացքում հրատարակված հայերեն բանաստեղծությունների միակ գիրքն է), արեւմտահայ մամուլի էջերում մնացած բանաստեղծություններ, չափածո եւ արձակ թարգմանություններ, դիմանկարներ, էսսեներ, հոդվածներ, նամակներ` իր երկերի հայերեն ամբողջական 1-ին հրատարակությունը: Մեկ տարի անց, 2009թ. նույն հրատարակչության կողմից լույս ընծայված ֆրանսահայ գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանի «Հայկական ֆուտուրիզմ» ծավալուն աշխատության մեջ հեղինակը առանձին բաժնով («Գիսաստղը - Հրանտ Նազարեանց») ներկայացնում է գրական այս ուղղության մեջ Հրանտ Նազարյանցի առաջնային եւ կարեւոր դերը: Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում ծնված Հրանտ Նազարյանցը սովորել է Ռեթեոս Պերպերյանի վարժարանում, երիտասարդ տարիքում մեկնել է Փարիզ, ապա Լոնդոնՙ կրթության պակասը լրացնելու: Վերադարձին շատ արագ մտել է Պոլսի հայ գրական միջավայր. իր առաջին հրապարակումը մամուլում թարգմանական էր, 1904-ին, ապա եւ հայտնվեց բանաստեղծությամբ: Առաջին տպագիր գիրքը լույս է տեսնում 1912-ինՙ «Խաչուած երազներ» (տիտղոսաթերթը նկարել եւ կլիշեն Վենետիկում պատրաստել էր Կոստան Զարյանը) խորագրով, արժանանում գրական միջավայրի ուշադրությանը, Ռուբեն Զարդարյանի, Մերուժան Պարսամյանի, Դանիել Վարուժանի դրվատական խոսքերին: Գրական-գեղագիտական կողմնորոշումների ու չափանիշների, մտածողության ընդհանրությունը նրան մտերմացնում է բարձրաճաշակ ու ազնվակիրթ Կոստան Զարյանի հետ: Երկուսով գրական հրավեր-հավատո հանգանակ են հրապարակում, փորձում նոր գաղափարներ, նոր շարժում ներմուծել, փոփոխություն իրականացնել պոլսահայ մտավորական միջավայրում: Բանաստեղծական այն զգացումները, գեղագիտական վերաբերմունքը, լուսամիտ գաղափարներն ու ձգտումները, որով ապրում էին այսպիսի անձինք, իրականության հետ գրեթե եզրեր չէին կարող ունենալ, հոգեւոր այդ կապը խզված էր, չկար. նրանք այլ հուն էին մտած, այսպես ասած, իրականությանը այլընթաց էին: Այս ճաշակն ու մտածողությունն էլ սակայն գտնում է համախոհություն. արեւմտահայ բանաստեղծության մեկ այլ առեղծվածային կերպար, հոգեկերտվածքով բարդ ու ճակատագրով դժբախտ Եղիա Տեմիրճիպաշյանը մեծապես ազդել է Հր. Նազարյանցի վրա: Նա կիսել է Եղիայի կյանքի ամենածանր օրերը, հոդվածով առաջարկ է արել տոնել մտավորականի գրական գործունեության հոբելյանը, բանաստեղծի ինքնասպանությունից հետո Մաղաքիա Օրմանյանից հանդիսավոր հուղարկավորության թույլտվություն է ստացել, հետագայում զբաղվել նրա գրական ժառանգությամբ. հրատարակել է «Եղիա Տեմիրճիպաշյանի սիրային նամակները. 1886-1889» գրքույկը իր առաջաբանով: Նմանապես սատարել է արեւմտահայ մեկ այլ տարաբախտ բանաստեղծի, հոգեպես կարեկից եղել Հերանուշ Արշակյանին: Եվ մահից հետո իր միջոցներով հրատարակել է բանաստեղծությունները: Վահան Մալեզյանին գրած նամակում նրան անվանում է փափուկ բանաստեղծուհի, խնդրում է նրա ուշադրությունը այդ «տխրանուշ մեռելածաղկին վրայ»: Իր ժամանակի ամենազարգացած մտավորականներից մեկըՙ Հրանտ Նազարյանցը չէր կարող անմասն մնալ հայ հասարակությանը բնորոշ հիվանդությունից: Ծայր առած գրական հալածանքները, նրա հասցեին մամուլում վիրավորական հրապարակումները, նաեւ ընտանեկան հանգամանքները, դժվարին կացությունը նրան ընդմիշտ հեռացրին Պոլսից ու պոլսահայ գրական միջավայրից: Հայության սեւ մղձավանջից 2 տարի առաջ, 1913-ին նա մեկնեց Իտալիա եւ կյանքի վերջին 48 տարին ապրեց Բարի քաղաքում, որտեղՙ օտարության մեջ նրան սպասում էին մերթ անապահով, մերթ բարվոք օրեր: Նա ապրում է հայ գրական կյանքից ու միջավայրից կտրված, բացառապես իտալական միջավայրում: Բարին դառնում է իր երկրորդ հայրենիքը, այստեղ սակայն զարգացած կիրթ մտավորականի նրա կերպարը ոչ միայն ջերմորեն է ընդունվում, նաեւ գնահատվում է: Նա գրական գործունեության հիրավի բեղմնավոր ժամանակներ է ապրում: Իտալացի հայտնի գրողների թարգմանությամբ հաջորդաբար լույս են տեսնում նրա ժողովածուները, ֆրանսերեն թարգմանվում է «Խաչուած երազներ»-ը եւ տպագրվում մամուլում: Ավելի ուշ իտալերենով հրատարակվում են բանաստեղծի «Վահագն» ժողովածուն, «Երեք պոեմ» ծավալուն գիրքը, ապա թարգմանվում «Տիեզերական ողբերգության մեծ երգը»: Այդ շրջանում ուսումնասիրում է Պ. Դուրյանի գրականությունը, նրան նվիրված աշխատություններ է գրում, իտալերեն է թարգմանում «Թատրոն կամ թշվառներ» պիեսը, բազմաթիվ այլ ուսումնասիրություններ կատարում: Իտալացի գրող Ռոբերտո Սարվազիի հետ խմբագրում է Fantasma ամսագիրը, որտեղ հրատարակում է հայ բանաստեղծների գործեր, խմբագրական աշխատանքներ է տանում իտալական կարեւոր հանդեսներում: Հրանտ Նազարյանցը ընտրվում է Իտալիայի ակադեմիայի անդամ, նշանակվում բանաստեղծության մասնաճյուղի նախագահ, իտալացի մտավորականները նրան ներկայացնում են Շվեդական ակադեմիային իբրեւ Նոբելյան մրցանակի թեկնածու: Այսպես են գնահատել հայ բանաստեղծին իտալական հողում, որին նա նվիրեց իր մտավորական կյանքի 48 տարիները, տրվեց աշխարհի հարուստ այդ մշակույթին, դարձավ նրա մի մասնիկըՙ տարածելով նաեւ իր ազգային մշակույթը, գրականությունը: Ահա այսպես. բանաստեղծի մահից 50 տարի անց իտալացիները նման պատշաճ հարգանքով են հիշատակում նրա անունը, նրա լուսավոր գործունեությունը: Իսկ մե՞նք, մենք մոռանում ենք, մոռանում աններելիորեն, աղքատացնում անցյալի մեր ժառանգությունն ու մեր այսօրը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Նկար 1. Գործ` իտալացի հեղինակի, 1915թ. http://www.azg.am/AM/2012012815 © AZG Daily, 2008 |