ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԿԵՐՈՋԸ

ՀԱՍՑԵ:
ԾԱԾԿԱԳԻՐ:
ԹԵՄԱ:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 2009-06-06

ԿԵՍԿԱՏԱԿ-ԿԵՍԼՈՒՐՋ

ՄԻ ԲԱՆ ԷԼ ԴՈՒՔ ԱՍԵՔ

Եկեք ընդունենք, որ Հայաստանում ընտրություն անցկացնել հնարավոր չէ:

Հնարավորը հնարավոր է` միայն հայաստանյան տարբերակով: Անպայման դժգոհություններ, լարված իրավիճակ լինելու են: Եվ ոչ առանց հիմքի: Հաղթողները խիստ մասնագիտացել են հաղթելու մեջ, պարտվողները` դժգոհելու եւ բողոքարկելու մեջ: Չի ստացվում, հո զոռով չէ: Էդ ժողովրդավարություն բառից էլ պիտի հրաժարվել: Եթե դա իսկապես լավ բան լիներ, ժողովրդավարության հայրերից մեկը չէր ասի. «Ժողովրդավարությունն էլ մի բան չէ, բայց մարդկությունն առայժմ դրանից ավելի լավ բան չի հայտնագործել»: Չի հայտնագործել, թող հայտնագործի, ո՞վ ձեռքը բռնեց: Քաղցկեղի բուժումը, կարելի է ասել, արդեն հայտնագործել է, խոզի, թռչունի գրիպինը` նույնպես, թող մի քիչ զոռ տար ուղեղին այդ մի հայտնագործությունն էլ աներ: Թե չէ ինչքան պիտի տառապենք էս սուտուփուչ ժողովրդավարություն կոչվածի ձեռը; Ուրիշների մասին չխոսենք, բայց մենք` հայերս, իսկապես տառապում ենք: Մի ընտրության շորշոփը դեռ չանցած, մյուսն է գալիս, մեկը մյուսից խայտառակ: Ազգովին թշնամացանք, ատելությունը միմյանց նկատմամբ դարձել է հանց հանապազօրյա հաց, էլ չեմ ասում, որ էդ խեղճ լրագրողների ծեծուջարդը, մեղա, Աստված, ինչպես բանաստեղծը կասեր` «Թուրքիո մեջ, երբ որ հայ մը մորթեն, կարծես թե հավ մը մորթեն»: Եթե հայի փոխարեն գրենք` «լրագրող մը», իրավիճակի փոփոխությունը շատ մեծ չի լինի Հայաստանի մեջ:

Ձեր համբերությունը չչարաշահեմ եւ միանգամից ասեմ, որ ես հակված չեմ գույները խտացնելու, պարզապես շտապեմ տեղեկացնել, որ այս հարցում ես ունեմ մի լուրջ առաջարկություն: Առաջարկում եմ վերացնել ընտրություն կոչվածը: Եկեք այլեւս չընտրենք գյուղի, քաղաքի, պառլամենտի, երկրի նախագահներ: Մեր մեջ ասած, էդ նախագահ բառն էլ սրտովս չէ: Չգիտեմ ինչու ինձ թվում է` նախագահ բառը առաջացել է «նախ», «ագահ» բառերից կամ էլ նախագահի խելքն ու միտքը նախ գահին է, գահը կորցնելու ահին է, հետո` վերջում, նոր բարին է:

Առաջարկությանս իմաստը սա է` ընտրության փոխարեն անցկացնենք թեստավորում: Դպրոցների օրինակով գահի բոլոր հավակնորդները անցնում են թեստավորման միջով: Իհարկե, կան դժվարություններ, որոնք հարկ է հաղթահարել: Առաջին դժվարությունը թեստավորողներին թեստավորելն է: Երկրորդը` թեստերը Անգլիայում տպագրելն է, չնայած մերոնք Անգլիայի ճանապարհներին լավ ծանոթ են, դա անհաղթահարելի դժվարություն պետք չէ համարել: Երրորդը դատախազությանը կից հատուկ քննչական մարմնի ստեղծումն է` թեստերի գաղտնիությունը պահպանելու նպատակով: Սրանք բոլորն էլ լուծվող հարցեր են:

Հիմա ներկայացնեմ իմ այս առաջարկության տեխնիկատնտեսական հիմնավորումները, դրական ու բացասական կողմերը:

Նախ` դրականը.

* ֆինանսատնտեսական ճգնաժամի այս պայմաններում սա գտած բան է`

միլիոնների ու միլիարդների խնայողություն,

* մարդկային նյարդերի առողջացման համընդհանուր ծրագրի իրականացում,

* ազգի կրթության ասպարեզում հեղափոխական բարեփոխում,

* զբաղվածության եւ գործազրկության խնդրի համալիր լուծում (անգործներն ու գործազուրկները կրոսվորդներ ու սկանվորդներ լուծելու փոխարեն կսկսեն թեստեր լուծել, ձեռի հետ էլ ՀԴՄ կտրոններ հավաքել),

* հոգեբանական մթնոլորտի առողջացում,

* քաղաքական կայունության հաստատում,

* լրագրողներ ծեծողների թվի նվազում:

Բացասականը.

* թեստերի մեջ հմտացած որոշակի արկածախնդիրներ կարող են հաջողության հասնել (ի դեպ, ընտրական այսօրվա գործող համակարգով էլ արկածախնդիրների հաջողությունը չի բացառվում),

* գործազրկություն է առաջանում ներկա ընտրական համակարգում ընդգրկված անձանց համար,

* հեռուստատեսությունները զրկվում են քաղաքական գովազդի գումարներից, ինչի հետեւանքով խամրում են հեռուստատեսային էկրանները,

* լրագրողական թեմատիկայի եւ խոսքի ազատության սահմանափակում:

Դրականն ու բացասականը դեբետ կրեդիտ անելուց հետո կպարզվի, որ բալանսը դրական ուղղվածություն ունի:

Մոռացա մի բան էլ հիշատակել դրականի եւ բացասականի առումով: Խոսքս նախընտրական քարոզչության մասին է: Ընտրական գործող համակարգում քարոզչության ընթացքում հանրությունը ապրում է ռոմանտիկ հույզերով, նման սիրահարված այն պատանուն, որն ուր որ է հանդիպելու է երազների դիցուհուն: Ընտրությունից հետո, սակայն, երազի դիցուհին չի հայտնվում, եւ գորշ իրականությունը դարձյալ նույնն է մնում:

Իմ առաջարկած փոփոխությամբ ռոմանտիզմը չքանում է հենց սկզբից եւ իր տեղը զիջում չոր ու ցամաք պրագմատիզմին: Լավ է, թե վատ, ինքներդ դատեք:

Մի բան էլ ասեմ, հերիք չէ՞, ինչքան վզներս ծռած Արեւմուտք նայեցինք, եկեք հիմա էլ Արեւելք նայենք: Ղրղզստանի չափ էլ չկանք, գուցե եւ չկանք, պետք չէ երեւակայել: Նրանք նախագահ ընտրելիս թեկնածուներից մայրենի լեզվի իմացության քննություն են վերցնում: Եթե մենք էլ ժամանակին այդ ճանապարհով գնայինք, երբեւիցե պառլամենտ չէին մտնի անսխալ մի բարդ համադասական նախադասություն կազմելու անընդունակ պատգամավորները, որոնց բառապաշարի ֆոնդում իշխողը գողական բառարաններից վերցված բառերն են: Սա չի նշանակում, որ նախագահներ պիտի ընտրվեն միայն հայերենը, գրաբարը կամ յոթ լեզուներ իմացողները: Մի կողմից էլ լավն այն է, որ կվերանան այն խոսակցությունները, թե ազգի ընտրյալները բժիշկներ, տնտեսագետներ, հազարափեշակ սուպերմեններ են, այդ պատճառով էլ հայերենին լավ չեն տիրապետում: Գուցե նրանք իրենց մասնագիտությանն էլ լավ չեն տիրապետում, այդ պատճառով են փախել-եկել այս ասպարեզ: Կամ, գուցե, որտեղ հացՙ այնտեղ կաց:

Ասելիքս այն է, որ միայն հայերենի իմացությունը ստուգող թեստով պետք չէ սահմանափակվել: Պակաս կարեւոր չեն նաեւ արյան ու մեզի անալիզները: Հայտնի է, որ երբեմն միայն ընտրվելուց հետո է պարզվում, որ նախագահի մեզը պղտոր է եւ մեր հարկատուների հաշվին պիտի պարզեցվի, էլ չենք ասում, որ հիվանդ միզածորանից առողջ մտքեր չեն հոսում: Թեստավորման ժամանակ այս հարցերին արժանի ուշադրություն պիտի դարձվի:

Տուռնիկից կախվելու եւ վազքի նորմայի հանձնումը ցանկալի է, բայց պարտադիր չէ, վերջին հաշվով մենք նախագահ ենք ընտրում, ոչ թե գլադիատոր: Պարզ չէ՞, որ եթե տուռնիկին մեծ տեղ հատկացվի, հաղթողները դարձյալ սափրագլուխները կդառնան, իսկ դրանից ոչ միայն հասարակությունը չի շահի, այլեւ մազերի շամպունի բիզնեսով զբաղվողները մեծ վնասներ կկրեն: Չնայած տեղեր կան, որ գլադիատոր-սափրագլուխները պետք են, օրինակ, փաստահավաք խմբում, ինչպես կարծում է ՄԻ պաշտպանը:

Եզրափակելով խոսքս` ասեմ, որ պետք չէ կուրորեն ընդունել եվրոպացիների «ժողովրդավարությունը», որը ձրիաբար տվեցին մեզ: Լավ բան լիներ, հենց այնպես, ձրի չէին տա, ով չգիտի, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Կամ եթե ինչ-ինչ նպատակներով պետք է ընդունել, ապա եթե եվրոպացին ասանկ կըսե, դուք անանկ հասկցեք: Մի՞թե էդ եվրոդիտորդներից մինչեւ օրս գլուխ չհանեցիք: Եկեք հույսը մեր վրա դնենք եւ աշխարհին ցույց տանք, թե ինչպիսին պիտի լինի իսկական ժողովրդավարությունը, որը երբեք փակ սահմաններ չունի, ինչպես մեր հարեւանները, որը երբեք նալբանդի նման ե՛ւ նալին, ե՛ւ մեխին չի հարվածի, ինչպես Եվրոհանձնաժողովը:

Առաջարկությունս լուրջ կընդունեք, թե չեք ընդունի, ձեր գործն է: Բայց այսպես շարունակել չի լինի, մի բան էլ դուք ասեք:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


http://www.azg.am/AM/2009060616

© AZG Daily, 2008