ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԿԵՐՈՋԸ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2010-05-21ԱՀՆ ՈՒ ՇԱՀԸԱյլաբանություն Ահն ու Շահը թեեւ միշտ համագործակցել են, բայց վերջերս հաշտ չէին իրար հետ: - Ես եմ աշխարհը կառավարում, իմ ահից են կարգուկանոնի ենթարկվում, ես չլինեմՙ մարդիկ իրար կհոշոտեն,- հպարտորեն ու տիրաբար խոսեց Ահը: - Սխալվում ես, կոլեգա, առանց շահի երկար չես ձգի, մարդիկ քեզ առերես են ենթարկվում, այսօր կընդունեն մեծությունդ, վաղն ամեն հնարք կգործադրեն օր առաջ քեզանից ազատվելու համար,- համոզիչ տոնով առարկեց Շահը: - Դու չէ, որ պիտի ինձ սովորեցնես կյանքի դրվածքը, ես քեզանից լավ գիտեմՙ ինչը ինչից հետո է, լավ կանեսՙ քեզ կոռեկտ պահես, թե չէ դու էլ ձեռիցս չես պրծնի,- Շահին ահաբեկեց Ահը: - Ընկե՛ր, մենք միշտ իրար հետ ենք եղել, մի մոռացիր, որ մենք գործընկերներ ենք, եթե դու ինձ հետ չլինես, ոտքդ հաստատ քարին կառնի,- Ահին շահագրգռեց Շահը: - Լսի՛ր, էսքան ժամանակ դու դեռ չես համոզվել, որ իմ դեմ խաղ չկա,- հոխորտալ սկսեց Ահը: - Գիտեմ, գիտեմ, բայց իմացած եղիր, որ քեզանից ու ինձանից բացի աշխարհում կան նաեւ ուրիշ ուժեր, որոնք մի օր չէ, մի օր, մեկ էլ տեսար, մի բան սարքեցին մեր գլխին,- համոզել սկսեց Շահը: - Օրինակ ի՞նչ: - Ինչ ասես` դավադրություն, ահաբեկչություն, հեղափոխություն: - Ես օրորոցում կխեղդեմ հեղափոխությունը, ես նրա ձայնը քոքից կկտրեմ,- աչքերը զայրացկոտ ոլորեց Ահը: - Ձայնը կտրելու համար պետք չէ օրորոցում խեղդել մանուկին, պարզապես պետք է ծծակը բերանը դնել եւ վերջ,- աչքերը խորամանկորեն կկոցեց Շահը: - Ծծակ դնելն իմ գործը չէ, իմ գործը խեղդելն է: Ծծակ դնելը քո գործն է: - Խեղդելուց հետո ծծակ դնելն անիմաստ է: - Ես զահլա չունեմ քեզ հետ վիճելու, վերջ, ես պիտի խեղդեմ, ինձ դրա համար են կոչում տալիս: - Այդ դեպքում մոռացիր, որ ես քո կոալիցիոն գործընկերն եմ, կգնամ հեղափոխականների մոտ, մեղքերիս թողություն կխնդրեմ, առանց Շահի ոչ մեկը յոլա չի գնա, ոնց լինիՙ նրանք իմ կարիքը կզգան: - Գնում եսՙ գնա՛, գիտես հեղափոխականներն Ահի կարիքը չե՞ն զգալու: - Ընկե՛ր, ոնց գցում- բռնում եմ, մենք միշտ իրար հետ ենք լինելու, արի՛ իրար չնեղացնենք, պետք չէ, որ մեր միջեւ ուրիշները մտնեն: - Ճիշտ ես ասում, մենք որ իրար հետ լինենք, ոչ մեկը մեզ չի կարող խեղճացնել: - Այ հիմա իրար հասկացանք: Բայց մենք չպիտի մոռանանք մի կարեւոր բան: Մեզ երբեմն օրենքներով կարող են խեղճացնել: - Չմտածես, օրենքներ գրողն էլ, կատարողն էլ մենք ենք: Ահն ու Շահը գրկախառնվեցին պինդ եւ որոշեցին այսուհետեւ միշտ թեւանցուկ ու համաքայլ անցնել կյանքի փորձությունների միջով: ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան http://www.azg.am/AM/2010052121 © AZG Daily, 2008 |