Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է Շառլ Ազնավուրին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր նախագահական նստավայրում ընդունել է հայկական ծագմամբ ֆրանսիացի նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Նշանավոր կատարողը նախագահի հետ կիսվել է Ախալցխայում վերականգնված ամրոցի տպավորություններից, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Իսկ երեկ Շառլ Ազնավուրը տպավորիչ համերգով է հանդես եկել Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման արարողության ժամանակ:
Համերգից հետո ամրոցի տարածքում աստղ է բացվել Շառլ Ազնավուրի անվամբ: Համերգին ներկա են եղել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ հետ: Շառլ Ազնավուրը կատարել է իր մի շարք նշանավոր երգերը:
Ազնավուրի համերգը տեւել է կես ժամ եւ ուղեկցվել է հանդիսատեսի բուռն ծափողջյուների եւ օվացիաների ներքո: Բեմից դիմելով հանդիսատեսին` Ազնավուրը ասել է, որ <<Այժմ ես կկատարեմ մի երգ, որը ոչ ֆրանսիական է,ոչ վրացական եւ ոչ էլ հայկական...: Ինչպես գիտեք իմ հայրը ծնվել է Ախալցխայում, այնպես որ ես եւ դուք գրեթե համաերկրացիներ ենք: Եթե իմ հայրը չհեռանար այլ երկիր, ես Վրաստանում կլինեի եւ կապրեի ձեզ հետ միասին>>: 2012-08-17 15:45:28 |