«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 2008-12-04

Միջազգային

«ԻՄ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ` ՄՆԱԼ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՈՒՄ»

Հարցազրույց Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոյի հետ

- Պրն հյուպատոս, ինչպես եք գնահատում հայերի վիճակը Իսպանիայում: Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհը ֆինանսական մեծ ճգնաժամի մեջ է, ինչն անշուշտ վատ է անդրադառնում ոչ միայն Եվրոպայի բնիկ ժողովուրդների, այլեւ այն ազգերի ներկայացուցիչների վրա, ովքեր եկել են Եվրոպաՙ իրենց կյանքը կառուցելու: Ակնհայտ է, որ եվրոպական պետություններում, այս դեպքում` Իսպանիայում, իրավիճակը բավականին լուրջ է: Ֆինանսական առկա ճգնաժամը առաջ է բերել գործազրկություն, ինչն անկասկած իր ազդեցությունն է ունենում ոչ միայն իսպանացիների, այլեւ մոտավորապես 45 հազար իսպանաբնակ հայերի վրա: Չնայած հայերը հեշտությամբ են աշխատանք ձեռք բերում իրենց աշխատասիրության եւ իմացության շնորհիվ, այնուամենայնիվ գործազրկությունը խոչընդոտ է բոլորի համար: Գործազրկության դեպքում որոշ հայեր հնարավորություն ունեն Իսպանիայում ունեցած իրենց աշխատանքային ստաժի դիմաց մի քանի ամիս գումար ստանալուՙ կենցաղային ծախսերը հոգալու համար, որը կարող է տեւել 3-4 ամիսՙ կախված իրենց աշխատանքային տարիներից, բայց դա ժամանակավոր է. այդ ամիսներից հետո նրանք էլ կհայտնվեն գործազուրկների արդեն հզոր բանակում: Իսպանիայում շինարարությունը կանգ է առել, իսկ դա այն դաշտն էր, որտեղ աշխատում էին հայերը, գյուղատնտեսության բնագավառում նույնպես առաջացել են դժվարություններ: Եթե առաջ բերքահավաքներին շատ աշխատանք կար անելու, այսօր, հաշվի առնելով արտահանման դժվարությունները, աշխատանքային տեղերը պակասել են, անշուշտ այստեղ էլ հայերը կորցրել են իրենց աշխատանքը:

- Ինձՙ որպես Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոսի, վերջերս Հայաստանից ժամանած լրագրողների տված հարցերից մեկը հետեւյալն էր. «Նպատակահարմա՞ր է, որ հայերը թողնեն Հայաստանը եւ գան Իսպանիա»: Ես պատասխանեցի, որ հայերը պետք է շատ զգույշ լինեն, քանի որ այսօր արտոնություն ունեցող որեւէ երկիր չկա: Շատ հնարավոր է, որ հայերը թողնեն իրենց սեփական երկիրը, մեկնեն զարգացած եվրոպական երկիր եւ իրենց խնդիրները լուծելու փոխարեն հանդիպեն լուրջ բարդությունների, ուստի իմ խորհուրդն է, որ մարդիկ իրենց օջախներից չշարժվեն, քանզի այսօր` ֆինանսական այս անկման ժամանակ կարող են մեծ խոչընդոտների հանդիպել:

Ահա այս խնդիրն էին ուսումնասիրում հայ լրագրողները, թե ինչ կարգավիճակում են հայ էմիգրանտները եվրոպական երկրներում, այս դեպքում` Իսպանիայում, եւ ինչ խնդիրներ ունեն: Իսկ խնդիրը հետեւյալն էՙ աշխատանքի պակաս, այսինքն` չկա փող աշխատելու հնարավորությունՙ ընտանիքի հոգսերը հոգալու համար: Իմ խորհուրդն է, որ յուրաքանչյուրը մնա իր երկրում, իր օջախում: Բնականաբար, այս ճգնաժամը ժամանակավոր է, որքան կտեւի` ոչ ոք չի կարող ասել, բայց այս պահին զուր է արտոնյալ երկիր փնտրելը: Ռեպորտաժը, որ կազմեցին լրագրողները, իրականությունն է, քանի որ այն հայերի իրական կյանքն է Իսպանիայում:

- Պրն հյուպատոս, Դուք նույնպես Ձեր լուման ունեք այն հարցում, որ իսպանաբնակ հայերը Հայ առաքելական եկեղեցու կարիքն ունեն Իսպանիայում: Դուք գիտեք, որ նոյեմբերի 20-ին Իսպանիա ժամանեց Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Մի քանի խոսք այդ մասին:

- Բազմիցս ենք խոսել այս հարցի վերաբերյալ եւ որքան էլ խոսենք` միշտ խոսելու ցանկություն կունենանք: Մինչ այս Իսպանիայում կայացած Հայ առաքելական եկեղեցական բոլոր արարողությունները գրկաբաց են ընդունել իսպանաբնակ հայերը: Հայ ժողովուրդը հոգեւոր խոր աշխարհ ունի, քրիստոնեական հարուստ պատմություն եւ դարեր շարունակ պայքարել է իր կրոնը պահպանելու համար: Այս ժողովուրդը պատմականորեն իր կարեւոր դերն ունի քրիստոնեական աշխարհում, ուստի անհրաժեշտ է, որ ունենա իր եկեղեցին այստեղ, ինչպես ռուսներն ունեն իրենց ուղղափառ եկեղեցին Իսպանիայում: Որեւէ քրիստոնյա ազգի պես հայերն էլ դարեր շարունակ պահպանել եւ նեցուկ են կանգնել եկեղեցուն, իսկ եկեղեցին պատմության դժվար պահերին միշտ ժողովրդի կողքին է եղել:

Երբ մարդ արարածի աշխարհիկ կյանքի հնարավորությունները սահմանափակվում են, երբ ո՛չ փողը, ո՛չ էլ կոչումները չեն կարողանում թեթեւացնել նրա երկրային կյանքի տառապանքները, այդ ժամանակ միայն ամենակարող Աստվածն է օգնում, ձեռք մեկնում, մարդ արարածին տալով ներքին հանգստություն: Կյանքը բաղկացած է ալիքներից. ուրախություն, տխրություն.... Դժվար պահերին մենք համոզվում ենք, որ կա ավելի բարձր, ավելի կարող մի ուժ, որը երբեք չի լքում մեզ, եւ այդ ամենակարողն է օգնում գտնել մեզ անհանգստացնող հարցերի լուծումները ավելի պարզ, հստակ ճանապարհով, հանգիստ խղճով եւ հոգեւոր հանգստությամբ:

Այսօր Իսպանիայում բնակվող մոտավորապես 45 հազար հայ կարիք ունի հոգեւոր սնունդի, ինչպես մարմինն, այնպես էլ հոգին պետք է, որ ստանա իր սնունդը պարբերաբար: Անհրաժեշտ է, որ մատուցվեն սուրբ պատարագներ, որպեսզի ժողովուրդը իր մայրենի լեզվով լսի Աստծո խոսքը, լինեն հայկական եկեղեցական կնունքներ, հարսանիքներ:

Եկեղեցին անհրաժեշտ է Աստծո խոսքը իր ժողովրդին հասցնելու համար:

Հարցազրույցըՙ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


http://www.azg.am/AM/2008120402

© AZG Daily, 2008