«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Տոնավաճառՙ հանուն եկեղեցու կարիքների

Սեպտեմբերի 8-ը Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էր, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում նշեցին արժանավայել կերպով: Ծխական համայնքի անդամները կազմակերպել էին ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած գումարները պետք է ուղղվեն առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու եւ համայնքի կարիքները հոգալուն: Որքան օրինակելի եւ աստվածահաճո էր նպատակը, այնքան կատարյալ էր տոնական օրվա մթնոլորտը: Թեմի ծխական համայնքի եւ հայորդյաց տան սաների տասնյակ ձեռագործ աշխատանքները, նկարները, կավեղեն ու խեցեղեն իրերը դասավորված էին շատ յուրօրինակ ոճով: Ցուցահանդեսի այցելուների թվում էին մեծահարուստ եւ գործարար կանայք, որոնք հաճույքով դիտում էին արվեստի փոքրիկ այդ աշխարհը եւ գնումներ կատարում:

Արտգործնախարարի տիկինը` Նանիկ Օսկանյանը իր հիացական կարծիքը փոխանցեց «Ազգ»-ին: «Լինի հելունը, ասեղնագործը, թե կանվայի բացառիկ աշխատանքը` յուրաքանչյուրը մեր մայրերի եւ քույրերի աչքի լույսն է պարունակում իր զարդանախշերի մեջ: Սա շատ գեղեցիկ ցուցահանդես է, որտեղ շատ բան հավանեցի, որոշներն էլ սիրով գնեցի»:

Առաջնորդարանի նախասրահում «Ֆենիշեա» ռեստորանի տեր Նուբար Ջիվանյանը բոլորին հյուրասիրում էր արեւելյան խոհանոցի համադամ խորտիկներով: Իր «համեղ» եւ ճաշակով բարեգործությունը սփյուռքահայ հայրենակիցը բացատրեց այն բանով, որ նմանատիպ գործերով պետք է ապացուցվի այն միտքը, թե իրական եկեղեցին մեր գործնական ներկայությունն է Հայ առաքելական եկեղեցու պատերից ներս: «Սա մեր համոզմունքն է սփյուռքում, որ կամաց-կամաց պետք է փոխանցվի հայաստանցիներին, հատկապես նրանց, ովքեր նստած սպասում են Մայր աթոռի օգնությանը: Մինչդեռ առանց Մայր աթոռի հոգսը շատացնելու կարող ենք ինքնուրույն ձեւավորել թեմական աշխույժ եւ քրիստոնեավայել կյանք», ասաց ծխական խորհրդի անդամ պրն Նուբարը: «Ո՞վ է ասել, թե քրիստոնյա է նա, ով միայն պատարագին է մասնակցում եւ հաղորդություն ստանում: Այդ կոչումն իրապես պետք է վաստակենք մեր գործուն մասնակցությամբ, միասնությամբ ու ծառայությամբ մեր եկեղեցուն: Այո, բոլորս մեր մայր եկեղեցու շինարարներն ու միաժամանակ ծառաներն ենք», համոզված է գործարարը:

Բաբկեն քահանա Հայրապետյանը ողջունելի համարեց նախաձեռնությունը եւ ասաց. «Տոնական օրվա խաղաղությունն ու բերկրանքը կրկնապատկված է այս դահլիճում, ուր մեր մայրերն ու քույրերը իրենց հոգու աղոթքն են ներկայացնում գեղեցիկ ձեռագործներով»:

Մարիետա Հակոբյանը իր հելունագործ աշխատանքերի զարդանախշերը մեկնաբանում է յուրովի. «Իմ աշխատանքների մեջ միշտ իմաստ եմ դնում: Օրինակ, մեկ մետր տրամագծով այս աշխատանքը պատկերում է հայկական ընտանիք: Այն սկսվում է պսակադրությամբ, որի զարդերն ավելի տոնական են եւ ուրախ, պետք է շատ երեխաներ ունենան, որոնք պետք է ապրեն ծաղիկների մեջ, հույսով եւ հավատով, մոմերի լույսով պետք է շրջապատվեն, մնան մեր հայոց հողի վրա եւ պահեն մեր հայոց սարերը, ինչպես որ սարերն են շրջապատել իրենց»:

«Եկեղեցին հարազատ տան պես եմ զգում, ասում է Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը, ով ցուցահանդես էր բերել իր պատրաստած խեցեգործական իրերը: Ցանկացա իմ լավագույն աշխատանքներից մի փոքրիկ լումա էլ եկեղեցուն բաժին հանել, ինչպես կանեի իմ հոր եւ մոր տան համար», ասում է նա:

«Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ ապացուցեց հայ կնոջ հավատարմությունը եւ հոգածությունը առ իր մայր եկեղեցին», ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ ծխական խորհրդի անդամ Քրիստինե Արամյանը, - շատ հուզված եմ, որ միջոցառումը ստացվեց բոլորիս նվիրվածության շնորհիվ», ասաց նա:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4