«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2005-10-05 | #179, 2005-10-06 | #180, 2005-10-07


ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿԻՍԱՔԱՆԴ ԵՆ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գրեթե յուրաքանչյուր գյուղում եկեղեցի կա, սակայն այսօր դրանք բոլորն էլ քանդվելու վտանգի առաջ են:

Խորհրդային տարիներին շրջանի եկեղեցիները պահեստներ էին, իսկ պատերազմի ժամանակ շատ շինությունների թվում ռմբակոծությունից տուժեցին նաեւ եկեղեցիները:

Մոտ 90-ամյա ընդմիջումից հետո այս տարի շրջանը վերջապես ունեցավ իր հոգեւոր հովիվը: Հայր Սահակ աբեղա Շաքարյանը ժամերգությունները, մկրտություններն ու եկեղեցական այլ արարողություններն անցկացնում է շրջանի համեմատաբար բարվոքՙ Թովուզ գյուղի Սբ. Ամենափրկիչ (15-րդ դար) եկեղեցում, որի տանիքը, սակայն, կիսաքանդ է, ու անձրեւաջրերն ազատ լցվում են ներս: Ամեն անգամ որեւէ արարողություն կատարելուց առաջ հարկ է լինում եկեղեցին մաքրել ջրակույտներից, պատերից ու տանիքից թափվող ծեփերից:

Չինարի գյուղի տարածքում գտնվող Խորանաշատի վանքը (13-րդ դար) զինադադարից հետո հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում: Մինչեւ պատերազմը հայ ճարտարապետների մի խումբ այնտեղ վերանորոգման ու չափագրման աշխատանքներ է իրականացրել: Եկեղեցու հիմքերն ամրացնելու համար պատերի տակ փոսեր էին փորել, բայց պատերազմն սկսվեց, ու եկեղեցու հիմքերը մնացին բաց: Զինադադարից հետո արդեն ոչ ոք չի համարձակվում մոտենալ կառույցինՙ վախենում են ադրբեջանցի դիպուկահարներից: Մանավանդ որ նրանք եկեղեցու ուղղությամբ հաճախ են կրակում: Գյուղացիները վկայում են, որ ադրբեջանական սահմանին նայող պատը կամաց-կամաց անցքերով է պատվում:

Վարագավան գյուղի մոտ գտնվող Նոր Վարագավանքի վանական համալիրը (11-րդ դար) սահմանից հեռու է, սակայն նույնպես կիսաքանդ է: Գմբեթի մի մասը քանդվում է, պատերից էլ պոկվում են սրբատաշ քարերը: 90-ամյա ընդմիջումից հետո շրջանի առաջին պսակադրությունը, որ կատարվեց եկեղեցումՙ հայր սուրբի ձեռքով, տեղի ունեցավ այստեղ: Ի տարբերություն Խորանաշատիՙ Վարագավանքն այցելուներ շատ ունիՙ ուխտավորներ, զբոսաշրջիկներ գալիս են Հայաստանի տարբեր մարզերից, բայց դրանից վանքի պատերին միայն գույնզգույն ներկերով ու կավիճներով արված գրություններ են ավելանում:

Վաղեմի գեղեցկության նշույլները դեռ պահպանվել են Ծաղկավան գյուղի տարածքում գտնվող Շխմուրադի վանքի կիսաքանդ պատերին (մոտ. 9-րդ դար): Այս եկեղեցին շրջանի թերեւս ամենալքվածն է: Բնակավայրից բավական հեռու է, այնտեղ տանող ճանապարհն էլՙ դժվար: Անձրեւները խաչքարերից սրբել-տարել են արձանագրությունները, պատերն էլ ամեն պահ կարող են փլվել:

Չորաթան գյուղում է գտնվում Սբ. Հռիփսիմե եկեղեցին (15-րդ դար): Այս եկեղեցու տանիքը եւս կիսաքանդ է, անձրեւներն այստեղ էլ անարգել իրենց գործն անում են: Գրեթե նույն վիճակում է նաեւ հարեւան Արծվաբերդ գյուղի եկեղեցին:

Ժամանակ առ ժամանակ շրջանում շշուկներ են տարածվում, թե շուտով վերանորոգվելու է այս կամ այն եկեղեցին: Ոգեւորությունը, սակայն, շուտով մարում է, ու եկեղեցիների մոտ դարձյալ մնում են խորհրդային ժամանակների բարձրագոչ ցուցանակները. «Պահպանվում է պետության կողմից»:

ՄԵՐԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4