«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


«ՄԱՍԻՍԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

Շուրջ տասնամյա ընդհատումից հետո, հոկտեմբերի 15-ին Բեյրութում վերսկսեց հրատարակվել «Հայ կաթողիկե պատրիարքարանի հրատարակութիւն «Մասիս» ազգային, քաղաքական, մշակութային շաբաթաթերթը»: Խմբագիրը նույնն էՙ Հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Կռանյանը (նա պատասխանատու խմբագիրն է նաեւ «Հայկազեան հայագիտական հանդէսի»): «Մասիսը», 1980-90-ականների նման, լույս է տեսնելու ամսական պարբերականությամբ:

«Նոր շրջան, թիւ 1, հոկտեմբեր 2005» նշումները կրող, Ա-4 ձեւաչափի 68 էջ ծավալով առաջին համարը բացվում է հայ կաթոլիկների հոգեւոր առաջնորդ Ներսես- Պետրոս ԺԹ. կաթողիկոս-պատրիարքի օրհնության գրով, ուր մասնավորապես ասվում է, թե պարբերականը «պիտի ըլլայ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ ու համայնքին խօսքըՙ Հայութեան ու Հայաստանին, ընկերութեան եւ միջազգային ընտանիքին, ինչպէս նաեւ Լիբանանին եւ լիբանանահայութեան վերաբերեալ բոլոր հարցերուն մէջ»:

Խմբագրականում ասվում է, թե «Մասիսը» հիմնել է կարդինալ Աղաջանյանը 1947 թ. եւ նա էլ ընտրել է պարբերականի «որպէս զէնՙ ճշմարտութիւն» նշանախոսքը: Ապա խմբագիրը մտորում է ճշմարտության եւ մամուլի առնչությունների մասին ու գրում. «Մամուլը Ճշմարտութիւնը պաշտպանելու երկնատուր առաքելութիւնն ունի: Առաքելութիւն մը, որ դարերէ ի վեր իր զոհերն ու իր նահատակները տուած է»:

«Մասիսի» այս համարի ուշագրավ հրապարակումներից են 22-23 հուլիս 2005-ին Բեյրութում կայացած, Լիբանանի հայ կաթողիկե թեմական առաջին համագումարի մասին ընդարձակ ռեպորտաժը (էջ 4-10), խմբագրիՙ 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի թարմ տպավորության տակ գրած «Ռուսական ռուլետկա...» վերլուծական հոդվածը (ուր, փաստորեն, համամտություն է հայտնվում Արցախի հարցի լուծման գծով նախկին նախագահի քաղաքականության) (էջ 14-17), Լիբանանի նոր խորհրդարանում հայ ավանդական երեք կուսակցությունների ղեկավար անդամ երեք պատգամավորների հետ հարցազրույցը (էջ 20-29), Սիպիլա Մալյան-Փաչանյանի գրությունը ՀՀ երկքաղաքացիության հարցի շուրջ (էջ 40-43) եւ օգոստոսին Անթիլիասում կայացած «Հայաստան-սփյուռք համագործակցության հեռանկարներու որոնում» համագումարին մասնակցած, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ հարցազրույցը (էջ 50-53): Պատգամավոր Եղիա Ճերեճյանը համոզում է հայտնում, «որ լիբանանահայութեան երբեմնի դերին նուազումին հանդէպ թաքուն համախոհութիւն մը, նոյնիսկ ցանկութիւն կայ. այդ, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ տարբեր գաղութներու մէջ» (էջ 23), Սիպիլա Մալյան-Փաչանյանը միանշանակ պահանջում է սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիության հնարավորություն շնորհել, իսկ տիկին Աստղիկ Գեւորգյանը մի անգամ եւս հաստատում է, որ ՀՀ-ում չկա անկախ մամուլՙ գովազդի շուկայի ձեւավորված չլինելու պատճառով (էջ 52):

«Մասիսում» տեղ են գտել զանազան այլ հրապարակումներ, ժամանցային նյութեր, գովազդներ:

Բարի վերադարձ եւ անխափան երթ մաղթելով «Մասիսին», ազգային արժեքների (ներառյալՙ մայրենի լեզվի) վերաբերյալ չափազանց նախանձախնդիր Հ. Անդրանիկ Կռանյանի ուշադրությանը հանձնում ենք այն, որ միայն հայ ընթերցողի հասցեագրված «Մասիսում» պետք չէ տեղ գտնեն գովազդներ, որոնցում բացակայում է հայոց լեզուն, մասնավորաբար եթե գովազդատուն հայազգի է...

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4