«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐԸ

Հոկտեմբերի 22-ին «Այլընտրանքային «հայկական» գիտաժողով Անկարայում» վերնագրով «Ազգը» տեղեկացրել էր առաջիկա նոյեմբերին Անկարայի «Ղազի», իսկ 2006 թ. մարտինՙ Ստամբուլի համալսարանների այսպես կոչված գիտական նախաձեռնությունների մասին: 2006 թ. ապրիլի 20-22-ը գիտաժողով հրավիրելու նախաձեռնություն է ցուցաբերել նաեւ Կեսարիայի համալսարանը, որը Արգեոս լեռան անունով կոչվում է «Էրջիես»: Գիտաժողովի թեման էՙ «Գոյակցության արվեստը օսմանյան հասարակությունում. թուրք-հայկական հարաբերությունների օրինակով»:

Գիտաժողովին պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրվել են նախկին պետնախարար Քյամրան Ինանը, պաշտոնաթող դեսպաններ Բիլալ Շիմշիրը, Շյուքրու Էլեքդաղը, Նյուզհեթ Քանդեմիրը, Օմեր Լյութեմը, Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն եւ այլք: Ինչպես պատվավոր հյուրերը, այնպես էլ զեկուցողները, որոնց թվում է նաեւ Իլբեր Օրթայլըն, Հայոց ցեղասպանության հարցում այլ տեսակետ չեն ընդունում, քան Թուրքիայի պաշտոնական տեսակետն է:

Հատկանշական է, որ «Էրջիեսի» համալսարանը, ի դեմս ռեկտոր Մեթին Հյուլագուի, պատվավոր հյուրի կարգավիճակով գիտաժողովին հրավիրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Սակայն հրավերը պատասխան նամակով մերժվել է:

Մերժման մասին հոկտեմբերի 26-ին ինտերնետային էջում տեղեկացրել է պատրիարքարանի պաշտոնական օրգան «Լրաբեր» թերթը: Ահա թե, ըստ «Լրաբերի», նամակում ինչ է գրել ամենապատիվ պատրիարքը. «Պոլսո հայոց պատրիարքարանը թուրքահայերի հոգեւոր կենտրոնն է: Ես ճիշտ չեմ համարում, որ հոգեւոր այս կենտրոնը նախաձեռնություն ցուցաբերի այնպիսի հարցերում, որոնք ենթակա են քաղաքականացման եւ լարվածության հիմքեր են պարունակում, կամ մասնակցի այն միջոցառումներին, որոնցում քննարկվելու են անցյալի տխուր իրադարձություններ: Որքան ինձ հայտնի է, մեր համայնքի անդամների մեջ չկան այնպիսի մասնագետներ, որ ի վիճակի լինեն գիտական նպաստ բերելու համանման խնդիրների պարզաբանմանը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4