«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2005-12-03 | #222, 2005-12-06 | #223, 2005-12-07


ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ. «ԹԻՐԱԽԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ Է ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ»

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը հերթական հաղորդագրությունն է տարածել Վրաստանում հակահայկական տրամադրությունների առնչությամբ: Վիրահայոց թեմը «խիստ մտահոգված է երկրի հայ բնակչության, նրա մշակույթի եւ պատմության նկատմամբ գոյություն ունեցող բացասական տրամադրություններից, որոնք, ցավոք, աջակցություն են գտնում Վրաստանի գիտական շրջանակներում եւ պետական իշխանության որոշ մարմինների ներկայացուցիչների կողմից»:

Թբիլիսիում նոյեմբերի 24-26-ը կայացած «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովում ներկայացվել է «Հայկական թեմը Վրաստանում. պատմություն եւ այժմեականություն» թեմայով զեկույց, որն էլ առիթ է դարձել Վրաստանի գիտական, ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու հասցեին վիրավորական արտահայտությունների: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանն «Ազգի» հետ հեռախոսազրույցում նկատեց, որ վերոնշյալ շրջանակներն ակնհայտ բացասական են տրամադրված հայ եկեղեցու, պատմամշակութային արժեքների հանդեպ:

«Թիրախը հայ եկեղեցին է, որովհետեւ եկեղեցին է վիրահայության ողնաշարը: Գիտաժողովում գրեթե բոլոր ելույթ ունեցողները, մանավանդ բացման օրն իրենց խոսքերում վարկաբեկում էին հայ եկեղեցուն: Նրանց դիրքորոշումը հետեւյալն էրՙ Վրաստանի բոլոր ձախորդությունների, անհաջողությունների մեղավորը հայկական եկեղեցին է: Իբր շատ-շատ վրացիներ 17-18 դարերում դարձել են Գրիգորյան եւ հետագայում իբր նրանք իրենց սխալմամբ համարել են հայ», ասաց սրբազանը եւ հավելեց, որ Կախեթում եւ մյուս բնակավայրերում հայությանը «վերադարձնում են» իրենց բուն արմատներին:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, հայատառ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը մտահոգված է, որ Հայաստանում վիրահայության խնդիրները համարժեք չեն լուսաբանվում լրատվամիջոցներում, ինչը Հայաստանի հասարակական շրջանակներում կարող է թյուր պատկերացումների տեղիք տալ: Բայբուրթյանը Վրաստանի տարածքում պատմական հուշարձանների մասին որոշ վրաց գիտնականների միտումնավոր տեսակետները սխալ է համարում անվանել հակահայ տրամադրություններ:

«Վրաստանի այսօրվա գործող իշխանությունները հակահայ հայտարարություններ չեն անում: Այսօր մթնոլորտն ավելի լավ է, քան նախկինում: Իշխանությունները հստակ ասել են, որ նրանք, ովքեր կանեն հակահայ հայտարարություններ, կպատժվեն: Կան մարդու իրավունքների խախտումներ, բայց դրանք լինում են ե՛ւ հայերի, ե՛ւ վրացիների, ե՛ւ ադրբեջանցիների նկատմամբ», ասաց նա: Բայբուրթյանն ընդունում է, որ Վրաստանում կան պատմաբաններ, որոնք որոշ եկեղեցիների պատկանելության հարցըՙ հայկակա՞ն է, թե՞ վրացական, վիճարկում են: «Սա վիճելի հարց է, եւ դա պետք է քննարկեն պատմաբանները»:

Վիրահայոց թեմի առաջնորդը եւս համաձայն չէ, որ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալով Վրաստանում հակահայ տրամադրությունների աճ է նկատվում: «Ճիշտ հակառակը, նախագահը փորձում է դրա առաջն առնել (հակահայ տրամադրությունների) հեռուստաընկերություններով: Հայ եկեղեցու, հայության դեմ արտահայտություններն ավելի շատ մամուլով են տարածվում», ասաց սրբազանը:

Մի քանի օր առաջ Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Թամազ Գամղրելիձեն թերթերից մեկում տված հարցազրույցում ասել է, որ երկրի նախագահը փորձում է փակել ակադեմիան, ապա հարց է տվել. «Եթե ակադեմիան ցրվի, հայերի դեմ ո՞վ է պայքարելու, եթե ակադեմիան չլինի: Հայերն իրենց եկեղեցիներն են ուզում»:

Վիրահայոց թեմը Վրաստանի կառավարությանը հորդորել է քաղաքական կամք դրսեւորել եւ օրենսդրորեն կարգավորել երկրում գործող կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում պատմական հայկական եկեղեցիները վերադարձնել վիրահայոց թեմին: Նկատենք, որ վերոնշյալ հարցերն էին հենց պատճառ դարձել գիտաժողովում Հայ առաքելական եկեղեցու հասցեին վիրավորական արտահայտությունների:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4