«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


ԵԶՐԱՍ ԵՊՍ. «ՆԵՐՍԻՍՅԱՆ. ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ»

Մոսկվա քաղաքի ճարտարապետական խորհուրդը հավանություն տվեց Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվելիք հայկական տաճարի նոր նախագծին: Մինչ այդ այն հաստատվել էր Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Սբ. Էջմիածնի ճարտարապետական խորհրդի կողմից: Վերջապես հնարավորություն է ստեղծվում կենդանացնելու շինության արդեն որերորդ տարին «հնացող» հիմքերը, եւ Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի հոգեւոր թեմի առջեւ բացվում է կառուցողական եռուն մի շրջան:

Առհասարակ ի՞նչ կյանքով է ապրում ռուսահայության հոգեւոր կենտրոնը, ի՞նչ հոգսերով է համակված նա մեր այս անհանգիստ ժամանակներում: Այս թեմայով էր մեր զրույցը թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ:

- Սրբազան հայր, ներեկեղեցական «խռովարար» իրադարձությունների ավարտից հետո առաջին անգամ ենք հանդիպում: Ի՞նչ է կատարվել Ձեր գլխով անցած «ամպերից» հետո:

- Մեր հոգեւոր առաքելությունը մնում է «անսասան» (ժպտում է). նպատակը եղել ու մնում է նույնը` մարդկանց մեջ սերմանել այն մաքուր, անկեղծ հավատքը, որ պիտի դառնա ապրելու իմաստը, ամրապնդել այն հոգեւոր արժեքը, որ պիտի ծառայի նրանց որպես կյանքի խարիսխ: Տվյալ դեպքում` ռուսահայության մեջ, հատկապես այս նոր իրողությունների պայմաններում, երբ հոգեւոր, բարոյական արժեքները զիջում են նյութականին, երբ, ցավոք, կարեւորվում է ժամանակավորը:

- Դուք հաճախ եք հիշատակում ավետարանական այն խոսքերը, որ հավատքը մեռած է առանց գործի: Եվ Ձեր հոգեւոր գործունեությունն էլ միշտ զուգորդվել է հիանալի նյութական արժեքների ստեղծմամբ, լինի դա եկեղեցաշինություն, կրթական, համայնքային, մշակութային, հրատարակչական գործ թե մի այլ բան: Ի՞նչ է արվել այս ընթացքում` մասնավորապես Մոսկվայում:

- Իրագործվել են որոշ մտահղացումներ եւ նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարվել որոշ խոշորածավալ կառույցների շինարարության համար: Մոսկվայում սկսել է հրատարակվել «Արմյանսկայա ցերկով» պարբերականը, առայժմ միայն ռուսերեն, քանզի ռուսահայության մի զգալի մասը, ցավոք, չգիտի կամ վատ գիտի մայրենի լեզուն: Հրատարակությունը կոչված է ճանաչելի դարձնելու հայ եկեղեցին նաեւ ռուս հասարակայնության շրջանում:

- Մինչեւ Ձեզ հետ հանդիպելը ծանոթացա առաջին երկու համարին. որակյալ հրատարակություն է` սեղմ, իմաստախորհուրդ նյութեր, հոյակապ լուսանկարներ, բարձրաճաշակ ձեւավորում: Անչափ տպավորիչ է, օրինակ, «Հայկական Երուսաղեմին» նվիրված լուսանկարաշարը:

- Շնորհակալ եմ: Մոսկվայի մետրոյի «Նովոսլոբոդսկայա» կայարանի մոտ շուտով կավարտենք երեք հարկանի շենքի հիմնանորոգումը, որտեղ կսկսի գործել Հայեցի դաստիարակության կենտրոնը: Սա ավելին կլինի, քան կրթական օջախը: Այստեղ կլինի դպրոց, որտեղ լեզվի ու գրականության հետ մեկտեղ կդասավանդվի հայ կրոնի պատմություն, կգործեն երգի, պարի, նկարչության, երաժշտության եւ շատ այլ խմբեր, կկազմակերպվեն բազմաբնույթ հանդիպումներ, ցուցահանդեսներ, տոնախմբություններ եւ այլն: Շատ բան կձեւավորվի ընթացքում: Խնդիրը մեկն է` հաստատություն մտնող անձը պիտի այնտեղից դուրս գա հայ ոգով պարուրված:

Այսուհանդերձ մեր գործունեության կիզակետը կդառանա նոր տաճարի կառուցումը Մոսկվայի հարգաշատ թաղամասերից մեկում` Օլիմպիյսկի պողոտայի վրա:

- Իսկ նոր նախագիծը ինչո՞վ է տարբերվում նախկինից:

- Առավելագույնս հաշվի են առնված մեր ավանդական ճարտարապետությունը ռուսական քաղաքի նկարագրին ներդաշնակեցնելու պահանջները: Ի դեպ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետը մեծ գովեստով արտահայտվեց նոր նախագծի մասին: Հետաքրքրական է, որ մերձակա որոշ աշխարհիկ կառույցներ կփոխեն իրենց պրոֆիլը մեր տաճարի «բարերար» ազդեցության տակ:

25 հազար քառակուսի մետր տարածություն զբաղեցնող հոգեւոր համալիրը կունենա առաջնորդարան, դպրոց, հրատարակչություն, թանգարան, վարչական բնակելի մասնաշենք, գրադարան, հյուրանոց, բարեգործական ճաշարան եւ այլն:

- Լսել եմ, որ ծրագրել եք այնտեղ բացել նաեւ ճեմարան:

- Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսահայությունն այսօր կազմում է սփյուռքի ամենաստվար հատվածը եւ նրա հոգեւոր բարգավաճման համար նպատակահարմար է սեփական կադրեր պատրաստել տեղում: Հարցը քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ եւ արժանացել ինչպես նրա, այնպես էլ Ռուսիո պատրիարքի օրհնությանը:

- Իսկ խոսակցությունները «Պոկլոննայա գորա» հուշահամալիրում հայ մատուռի կառուցման մասին:

- Քաղաքային իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա ընթացքի մեջ են համապատասխան ձեւակերպումները, որոնց վերջնական հաստատումով էլ պայմանավորված է շինարարության սկիզբը:

- Սրբազան, «մատերիալիստական» հարցերում Դուք հույս դնո՞ւմ եք տեղի հայերի վրա:

- Ես կուզենայի մի անկեղծ խոստովանություն անել: Երբ նոր էի տեղափոխվել Մոսկվա եւ բախվում էի Ձեր հիշատակած «խռովությանը», որոշ կասկածներ ունեցա մոսկվահայության մի մասի բարեպաշտության նկատմամբ: Մի պահ թվաց, թե հավատքի ու ազգասիրության գործոնն այստեղ տկար է, հոգեւոր հենքը` վտանգված մանրախնդրությամբ: Սակայն կյանքը ցույց տվեց, որ իրավացի չէին մեր մտավախությունները: Այսօր իմ վստահությունը լիակատար է. փառք եմ տալիս Աստծուն եւ հավաստում` Ռուսաստանում եւ Մոսկվայում ապրում են հայորդիներ, որոնք իրավամբ կրում են իրենց բարեգործ հայրերի` Լազարյանների, Մանթաշովների, Գյուլբենկյանների, Մանուկյանների եւ մյուսների ազգասեր վեհ ոգին:

- Գուցե որեւէ օրինա՞կ բերեք:

- Խնդրեմ, վերջերս տեղի ունեցավ հոգաբարձուների ժողով: Իրազեկեցի, որ նոր եկեղեցու կառուցման հարցը լուծվել է բոլոր մակարդակներով, եւ առանց որեւէ հավակնության պարզ հարցով դիմեցի նրանց` ի՞նչ ենք անելու: Ի զարմանս ինձ, կես ժամում «ստորագրվեց» մոտ 10 միլիոն դոլարի գումար: Ազգային հոգեւոր արժեքներին հավատարմության, արժանապատվության, հավաքական կյանքի, միասնական ոգու աննախադեպ տուրք էր սա` արժանի ամենախնամ օրհնությանը:

- Սրբազան, անկեղծ լինենք, նման պարագաներում նախկինում անառողջ լուրեր էին տարածվում շինարարության վրա կատարվող ծախսերի կապակցությամբ: Ձեզ կհաջողվի՞ խուսափել դրանցից:

- Ես ինքս խորհրդի անդամների առջեւ դրել եմ ծախսերի թափանցիկության մեխանիզմի ստեղծման հարցը եւ պատրաստ եմ այն կարգավորել բոլոր շահագրգիռ անձանց հետ:

- Սրբազան, կուզենայի փոխել խոսակցության թեման եւ առնչվել Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություններին: Ասացեք խնդրեմ, նման երեւույթ հնարավո՞ր է Ռուսաստանում, նկատի ունենալով, մասնավորապես, «ռուս-կովկասյան» առնչությունների լարվածությունը:

- Ներգաղթածների այդպիսի «կրակոտ» ելույթներ ես բացառում եմ, որովհետեւ նրանք այստեղ երբեք ոչ միայն շոյված չեն եղել իշխանություններից, ինչպես Ֆրանսիայում, այլեւ միանգամայն հակառակը. նրանք գտնվում են լրիվ կախյալ, ընկճյալ վիճակում եւ հիանալի են հասկանում, որ նմանատիպ ելույթները միայն կվատթարացնեն իրենց դրությունը: Որեւէ ճնշում պետական մակարդակով` նույնպես բացառում եմ: Պետք է պարզապես օրենսդրականորեն կարգավորել ներգաղթի խնդիրը, եւ այդ գործընթացն սկսել է ակտիվանալ:

- Բայց չէ՞ որ, Ֆրանսիայի օրինակից ելնելով, հարգը սուր են դնում ռուս ազգայնական ուժերը, շարժումները, կուսակցությունները: Սկինհեդներն արդեն երթ են կազմակերպում Կրեմլի հարեւանությամբ` «Ռուսաստանը` ռուսներին», «Մոսկվան` մոսկվացիներին» եւ նմանատիպ այլ կարգախոսներով:

- Բայց չմոռանանք, որ Ֆրանսիան բնավ էլ Ռուսաստան չէ: Այս երկիրը պատմականորեն (եւ ոչ թե ներգաղթի հետեւանքով) բազմազգ ու բազմակրոն է, եւ ամեն մի քիչ թե շատ բանական պետական այր չի կարող չպատկերացնել, թե ինչ կործանարար հետեւանքների կհանգեցնի ազգամիջյան անհարիրությունների հրահրումը:

- Կվերհիշվի անմիտ, խելահեղ բունտը: Դուք զգո՞ւմ եք եկեղեցու հարաճուն դերը ռուսահայության կենսապահովության գործում:

- Ոչ միայն զգում եմ, այլեւ գործում: Ես Ռուսաստանի նախագահին առընթեր կրոնական խորհրդի անդամ եմ, որի մեջ մտնում են նաեւ ռուս ուղղափառ եկեղեցու, մուսուլմանների, հուդայականների, բուդդայականների ներկայացուցիչները: Մենք ուշադիր հետեւում ենք կրոնական բնույթի իրադարձությունների ընթացքին եւ հնարավորություն ունենք տարբեր հանձնարարականներով անմիջականորեն դիմելու պետության ղեկավարին: Երկուստեք փոխարդյունավետ համագործակցություն է պետական հույժ կարեւոր ու նրբանկատ հարցերում:

Ես կարծում եմ, որ հակակովկասյան ընդհանուր մթնոլորտի ֆոնի վրա հայերս համեմատաբար արտոնյալ վիճակում ենք: Համենայն դեպս չեմ հիշում մի դեպք, որ որեւէ հարցով դիմեմ տեղի իշխանական մարմիններին ու արժանանամ մերժման կամ, առավել եւս, անհարգալից վերաբերմունքի: Մյուս կողմից, մենք չպիտի մոռանանք, որ հայ լինելով, այս երկրի քաղաքացի ենք եւ պարտավոր ենք խստիվ պահպանել համակեցության կանոնները, մեր գործով, վարքով, կեցվածքով արժանի լինենք հինավուրց քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչը լինելու պատվավոր իրավունքին:

Ռուսահայության կյանքի ապահովությունը պիտի լինի բոլորիս հոգածության առարկան: Երբեք չմոռանանք, որ նա պատմական հայրենիքը սնուցող սփյուռք է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4