«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Աշխարհի զգայական խաբկանքը երբեմն, շատ հազվադեպ իրեն քողազերծ է անում, մտքի ու տեսողության մեր հնարավորության մեջ փոքր մի ճեղք բացումՙ անսովորը տեսնելու ու գնահատելու կարողություն ստեղծելու շնորհն անելով: Պատճառը` ժամանակների մեջ շարունակվող մեր սխալներն են` (հնարավորությունների սահմանափակման կամ կույր տեսողության), կեղծիքի թանձրաշերտերը, որից կորցնում ենք ինքներս մեզ անկեղծորեն լսելու կա՛մ ցանկությունը, կա՛մ ունակությունը: Կյանքի շարունակականության գաղտնիքը, այնուամենայնիվ, կարծում եմ սիրո գոյությունն է: Հակառակ պարագայում կյանքն աստիճանաբար, ինչպես հիմա է, դատապարտված է անապատացման (օազիսները մխիթարանք են լոկ): Սիրո ուժն է կանգուն պահում տիեզերքը: Ու կարեւոր էլ չէ նույնիսկ թե ինչ, կամ ինչպես ես ստեղծագործում, երբ այնտեղ գործում է արարչության սիրո շնորհը` այդ Լույսն աներկբա ճառագում է:

Ես չգիտեմ` աստղերի հետ ինչպես եւ երբ է մտերմացել Գրիգոր Գուրզադյանը, բայց իր աչքերի կապույտը տիեզերական տարածությունների անհունի ոլորտ է տեղափոխում ունկնդրին, վարակում աստղային «հիվանդությամբ», եթե անգամ աստղերի մասին չես մտածել ու երբեմն-երբեմն երկինք նայելն էլ մոռացել ես նույնիսկ... «Բաց պատշգամբում եմ քնում. վերեւում լուսինն է, ինքն այնտեղ է, ես այստեղ, պատկերացնո՞ւմ եք»:

Ինչ են մտածում աստղերը վերեւում, ինչ օրենքներ են ստեղծել, ինչ երեւույթներ ու պրոցեսներ ունեն, ինչ «կյանքով» են նրանք ապրում, ինչ է տիեզերքն ու այս մոլորակը: Պատմում է իր վերջին գիտական գրքերից մեկի մասին` «Տիեզերքի դինամիկան», ամերիկացիների պատվերով անգլերենով գրված, ու գիտական բանաձեւումներով խորագրերի կողքին հանկարծ «Վերջին հառաչը մեռնող աստղի» քնարական վերնագիրը, որը գրքի հովանավորի հիացմունքն է շարժել: «Աստղը մեռնում է ինչպես մե՞նք», հարցնում եմ: «Այո՛»: «Բայց նա հոգի չունի»: «Ունի՜...»:

Ինձ այնպես է թվում, որ իր նկարած ծաղիկները աստղեր են ու նա ծաղիկներ չէ, որ տեսնում է, այլ` աստղեր, որոնք երկրի վրա ծաղկի ձեւ են ընդունել: Ու նկարում է այդ աստղերի հայացքը:

Պատկերասրահներում միշտ ցուցահանդեսների բացման օրը աղմուկը շատ է, մարդկային մարմինների հոսքը ընդվզելու չափ խանգարող, որ ծաղկանց շուրթերին սառած աստղի հայացքը կարդալ չի թողնում: Այդ գիրը կարդալ կարելի է միայն Գուրզադյանի առանձնասենյակում, ուր մթնոլորտը մատնում է գիտնականին, կամ... «դավաճանում»:

Իր հայացքի կապույտ տարածության մեջ գիտության, արվեստի, կյանքի մարդը միախառնված են` կոմպոզիցիոն սքանչելի գունային գամմա հնչեցնելու միտումով, իսկ բանավոր խոսքը կյանքի կատարյալ պոեզիան է ստեղծագործում: Սա «դավադրությո՞ւն» է, թե ընդունված չափանիշների հանճարեղ խախտում: Հիշեցի իր մի հոդված-էսսեն Տիտան մոլորակ ուղարկված ամերիկյան տիեզերանավի մասին. նյութի ոգեղեն մատուցման ինչպիսի՜ պոռթկում: Ու հասկացա, թե ինչու ամերիկյան մայր ցամաքից մեծ հայը երկու անգամ էլ Հայաստան գալուց ցանկացել է առանձնանալ միայն Գրիգոր Գուրզադյանի հետ: Վերջին այցին նրանց զրույցը այդպես էլ փակ պատերից դուրս չեկավ: XX դարի հայ 2 մեծերի` Վիլյամ Սարոյանի ու Գրիգոր Գուրզադյանի խոսքերը արձանագրվեցին բաց տիեզերքում` որոշակի մի տեղ` մեզ անհայտ: Այդ մասին ինքը ոչինչ չի պատմում, որովհետեւ Սարոյանին խոստացել է լռել. բայց սա այն լռությունը չէ գուրզադյանական, որին տեղյակ են իր կենսագրության ուղեկցորդները, սա սկզբունքի, կյանքի հավատամքի լռությունն է:

Մեծ կենսագրություն է բացում մտավորական գիտնականը, երբ խոսում է «Օրիոն-2»-ի ստեղծման տարիներից. անցնող դարի գիտական մտքի հզորների հետ իր համագործակցության, NASA-յում իր աշխատանքների, հանդիպումների մասին: Այդ բեղուն անցյալի գիտական, քաղաքական, պետական, հասարակական ահռելի անցուդարձերում, XX դարի տիեզերական էպոխայի պատմության մեջ իր եզակի ներդրումով ու նշանավորումով այս հայ մարդը մանկան պես պարզ ու անմիջական է մնացել առայսօր ու անկեցվածք. «Նրանք Գուրզադյանով չէին ոգեւորված, այլ գաղափարով»: Բայցեւ գաղափարակիրը ինքն էր, NASA մտած միակ գիտնականը Սովետական Միությունից, ու նա այդ օրերին Ամերիկայում, աշխատանքային գերլարված ու պատասխանատու ժամանակ հանկարծ նվեր է ստանում... ներկերի ու վրձինների հրաշալի մի փաթեթ: Նվիրողները, սակայն «շահագրգիռ» էին, ու նա ստիպված էր աշխատանքային հագեցվածությունից ժամանակ կորզել նկարելու համար. 100-ից ավելի աշխատանքներում Հայաստանն էր միայն, ու բոլորը նվիրում է, մեկը` «Արարատը», NASA-ի Տիեզերական ապարատների կառավարման կենտրոնի տնօրեն, աստղաֆիզիկոս պրոֆ. Կոնդոյին: Նկարը տեղ է գտնում նրա առանձնասենյակում` «Օրիոն-2»-ի լուսանկարի կողքին, որի գոյությունը այստեղ Գուրզադյանի համար էլ անակնկալ էր:

Այդպես է առհասարակ կյանքում. երբեմն անակնկալ պահեր են լինում, երբ կամա թե ակամա, թեկուզ շատ կարճատեւ մի պահի, մեծ կենսագրության մասնիկն ես դառնում, ու մտովի փորձում վերականգնել այդ անցյալի ուղին, ավելի շուտ` կայանները: Ճանապարհ, որ անցնում է աստղերի լույսից մարդկային հոգու երակի միջով, որտեղ գիտությունն ու արվեստը ձուլվում են իրար, գիտական բանաձեւումներն ու նկարչական գույնը, գիծն ու ծավալը տիեզերական տարածությամբ են շնչառու ու գեղեցիկ: Ու գեղեցկություններն այս գալիս են անտես հեռուներից` թեկուզ մեքսիկական Պոպոկատեպետլ լեռան 5452 մ բարձունքներից, որտեղ Գրիգոր Գուրզադյանը սառցե հսկայական ժայռեղեն ճեղքվածքի մեջ հայտնաբերում է փիրուզե անխառն, կուրացնող գույնի մաքրությունը: Խորապես ապրված ու ներշնչված օրեր. բանավոր պատումը այնքան է ներազդու ու պատկերային, որ աչքերիդ առաջ հառնում է լեռը` գործող հրաբխային կրակով, սառցե մեծ պատնեշները չհաղթահարած 15 ալպինիստների կյանքի ողբերգությունը, լեռան բարձունքին հայկական կոնյակի բույրը. «5100 մետրի վրա ես ողբ ապրեցի, հասկանալով, որ Արարատը ինձ համար սպորտային խնդիր չի կարող լինել»:

Գրիգոր Գուրզադյան երեւույթը հոգու ու մտքի ազատության իր մեծ վերելքը տիեզերական չափումների ու աստղալույսի ոչ միայն ներշնչումով է արձանագրել, այլ գիտական աշխատանքի ազնիվ նվիրումով. այս նվիրումի կողքով անտարբեր անցնելու իրավունքը մենք չունենք ու ժամանակը չի ների: Իր վերջին` «Տիեզերքի դինամիկան» գրքի տպագրության առիթով «Tailor & Francis» (ԱՄՆ) հրատարակչական ընկերությանը գրված նամակում Քեմբրիջի աստղագիտության ինստիտուտի պրոֆ. Ջերի Ջիլմորը գրում է. «Սա բացառիկ գիրք է, ես դա պնդում եմ ու համոզված եմ ավելի քան. այս գիրքը կդառնա կլասիկա իր բնագավառում` երկնային մեխանիկայում եւ կոսմոսի դինամիկայում»: Գիրքը ներկայացված էր ՀՀ նախագահական մրցանակաբաշխությանը, բայց մրցանակ չստացավ...

Իր խոսքերն անընդգրկելի, արտահայտելի բառերս` սակավ են: Երբ բացվում է վարագույրը իր ներքին կենսագրության` անհավատալիորեն երազուն-քնարական, մեծ գիտնական-արվեստագետի խենթ ու փխրուն հոգով` ափեափ լի դրամատիկ ապրումներով, դառնությամբ: «Արխիվից հրաժարվելը, ոնց որ կյանքից հրաժարվել է, հա՞...», տարիների նամակներ, գրություններ, ձեռագրեր, հսկա քանակություն` մի ամբողջ կյանք նետված թղթերին. դրանց բացակայությունն այսօր իր կողքին` ամայություն է...Հիշողություննե՜ր. «Քրոմոսի» ակնթարթային հայտնագործում` Գառնիի լեռներում թափառելու մի պահի ու նույն գիշերվա մեջ 120 էջ գրված գիտական ծրագիր ու այդպես անթիվ անքուն գիշերներՙ այդ գիշերներին` աչքը տիեզերքին, տիեզերքը` ափի մեջ, իսկ շուրջը մարդկային կյանքի այս անհասկանալի քաոսն ու այս մոլորակը` «Օտար է, չէ՞», հարցնում է, տխրությունից սիրտս փլվում է, հասկանում եմ մենության դրաման այս մեծ մարդու, մեծ հայի: Իսկ սա հասկանալու համար գեթ մի պահ ունկնդիր պետք է լինես իր խոսքի թեկուզ մի պատառիկի... «Անուշի» իր առաջին ունկնդրումից հետո թափառումները Լոռու ձորերում, Հաղպատի գիշերները: «Բալա ջան, չմրսես» ու գյուղացի ծեր կինը ծածկում է քարին քնած պատանուն. առավոտյան կողքին` հաց ու պանիր... «Այսպիսին է հայ մարդը», աչքերը խոնավանում են, հիշողությունները` դեպի արեւմտահայի իր ակունքները ու դրանից էլ` մարդկության հեռավոր անցյալը. «Ասես ապրել եմ հունա-հռոմեական այն հին շրջանում»...

... Ինձ թվում է` Գրիգոր Գուրզադյանի ծաղիկների գույները եթե ծանոթ-երկրային են, իր հոգին աստղի հարազատությամբ, երկնային ծագում ու գույն ունի: Եվ հետո ինձ թվում է` իր մասին ոչ թե գրելն է ճիշտ (անկատար է ստացվում շատ), այլ` իրեն լսելը... առնվազն արձանագրելը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4