«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2007-01-26 | #15, 2007-01-27 | #16, 2007-01-30


ՀՐԱՆՏ ԴԻՆՔ «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՈՉԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ»

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլումՙ բոլորի աչքի առջեւ։ Տարիներ է, ինչ Դինքը զբաղվում է առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կոտորածի թեմայով։ Թուրքական դատարանը «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար կրկնակի հայց էր ներկայացրել նրա դեմ», գրում է գերմանական «Դի Վելթը» եւ հրատարակում Դինքի հետ Բորիս Կալնոկիիՙ անտիպ մնացած հարցազրույցը։ Ստորեւ դրա թարգմանությունըՙ «Դի վելթի» փակագծում արված հավելումներով։

- Պարոն Դինք, ի՞նչ կասեք դատավարության մասին։

- Իմ դեմ 3 դատական գործ կա։Առաջինի դեպքում կանգնելու ենք Գերագույն դատարանի առջեւ(Խմբ. կողմիցՙ Գերագույն դատարանը ավելի ուշ հաստատեց առաջին ատյանի դատավճիռը)։ 6 ամսով պայմանական ազատազրկման դատապարտվեցի ՙ գործով ապացուցված «թուրքական ինքնությունը վիրավորելու» 301 հոդվածի համաձայն։ Երկրորդ գործը վերաբերում է արդարադատության վրա ներգործելու իմ փորձին, որովհետեւ այդ վճիռը անարդար եմ որակել։ 3-րդ գործն Ուրֆայում է ընթանում։ Ինձ մեղադրում են այն բանի համար, որ մի կոնֆերանսում ասել եմ, թե թուրք չեմ, այլ Թուրքիայի քաղաքացի։ Դա էլ 301-ին է վերաբերում (Խմբ. կողմիցՙ Դինքի դեմ հետագայում 301 հոդվածով մի 4-րդ գործ էլ էին ուզում հարուցել այն բանի համար, որ նա մի հարցազրույցում 1915-ի հայոց եղեռնը ցեղասպանություն էր որակել)։

- Հայտարարությունը, որի համար Ձեզ դատապարտում են, դաժան է հնչում. թուրքական արյունն իսկապես թունավո՞ր է։

- Ես այդպես չեմ ասել։ Ասել եմ, որ հայերը պիտի թուրքերի հետ թշնամությանը վերջ տան։ Այդ թշնամությունը մեր սեփական արյունն է թունավորում, եւ մենք դրանից պիտի երես դարձնենք։ Ոչ թե թուրքական, այլ մեր սեփականը նկատի ունեի։

- Ի՞նչ կարծիք ունեք 301 հոդվածի եւ թուրքական արդարադատության մասին։ ԵՄ-ին համատեղելի լինելու ցանկություն կա, բայց մի հայացքով էլ հասկանալի է, որ ԵՄ թեկնածության կազմում լինելու համար հենց 301 հոդվածը բարեփոխման կարիք ունի։

- Երբ բարեփոխման փաթեթի մասին բանավեճն ընթացքի մեջ էր, Եվրոպայում ապշած էին ամուսնական հավատարմության դրժման ծրագրված քրեականացումից։Երբ դա հետո չկայացավ, թեթեւացան։ Այդ ժամանակ 301 հոդվածն այնքան էլ պարզ չընկալվեց, որովհետեւ բոլորը ամուսնական հավատարմության դրժման հոդվածն էին ուշադրության առնում։ Եվրոպական իրավական կուլտուրան անհատին պաշտպանում է պետության չարաշահումներից։ Թուրքիայում ճիշտ հակառակն է. օրենքները պետությանն են պաշտպանում են անհատից։ Սա, բնականաբար, հենց հակաեվրոպականն է։

- Վարչապետ Էրդողանը 301 հոդվածի վերաբերյալ ծանուցել է, թե անհրաժեշտության դեպքում կսրբագրվի։ Հոդվածն ի չիք կդառնա՞։

- Իմ կարծիքով, հազիվ թե։ Շատ դժվար է այդ հոդվածից ազատվել։ Դրա համար ողջ մտայնությունը (մենթալիտետը) պիտի փոխվի։ Միայն բյուրոկրատիան չէ, դրա թիկունքում «խորունկ պետությունն է»( գերմ.գործածված է «tiefe Staat» ձեւը, որն համարժեք է թուրք. «դերին դեւլեթ» -ին։ Նկատի ունի պետության խորքում թաքնված կրոնական, ազգայնական ոչ պետական կառույցները, որոնք պետության մեջ քաղաքական կարեւոր դերակատարում ունեն։- Ան. Հ. ) , որն այսպիսի օրենքների հիման վրա գոյություն ունի։ Ավելի շուտ վտանգն եմ տեսնում, թե այս օրենքներն դեռ ավելի կամրապնդվեն։

- Պարզվել է, թե գործարարների «Թյուսիադ» միության ներկայացուցիչների դեմ էլ սա է գործի դրվել, երբ վաչապետ Էրդողանը նրանց մեղադրել է արդարադատության վրա ներազդելու համար։(Խմբ. կողմիցՙ Նրանք քննադատել էին Փամուկի դեմ հարուցված դատական գործը)։

- Դա վկայում է թուրքական արդարադատության ճգնաժամի մասին։ Հենց այս դեպքը ցույց է տալիս, թե որքան է քաղաքականությունը ներազդում արդարադատության վրա։ Բայց երբ մեկը քննադատում է, նրան հետո ասում են, թե իրավունք չունի արդարադատության վրա ազդեցություն բանեցնել։Քաղաքականությունն ու արդարադատության ապարատն իրար մեջ ներհյուսված են, ոչ միայն կառավարությունը, «խորունկ պետությունն» է օրենքների մի մասը որոշում, մեծավ մասամբ դրանք այն օրենքներն են, որ անարդարացի են, եւ քննադատությունը կասեցվում էՙ արդարադատությունն անկախ է փաստարկով։

- Ցեղասպանության քննարկումների մասին։ Թուրքիան պահանջում է պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելՙ փաստերը հստակեցնելու նպատակով։ Ի՞նչ կասեք։

- Արտաքուստ դրական քայլ է երեւում, նույնիսկ ասվել է, թե պետք եղած դեպքում ներողություն էլ կխնդրվի, եթե պարզաբանումները դրան հանգեցնեն։ Հայ պատմաբաններն այդ հրավերը չպետք է մերժեն։ Բայց դա չկարողացավ համոզել հայոց աշխարհին. առաջին հերթինՙ մի քիչ վախ կա, թե թուրքերն անկեղծորեն դրա մտադրությունը չունեն։Երկրորդՙ կան հստակ միջոցառումներ, որ առավել անհապաղ ենՙ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների սկսումը։

- Ինչպե՞ս կարող է մի այդպիսի հանձնաժողով կազմվել։ Թուրքերին այն թվում է մի տեսակ դատական ատյան, որ վերջում դատավճռի պիտի հանգեցնի։

- Չեմ կարծում, թե այդպիսի հանձնաժողովը կարող է խնդիրներ լուծել։ Հայերը համոզված են ցեղասպանության հարցում եւ համոզված էլ կմնան։ Թուրքերը համոզված են, որ որեւէ ցեղասպանություն չի եղել եւ համոզված էլ կմնան։ Երկու կողմերն էլ իրենց պիտի հարց տանՙ ինչու՞ է հակառակ կողմն այդպես մտածում եւ դրա վերաբերյալ հասկացողություն զարգացնեն։Քանի որ թուրքերը խորշում են ցեղասպանության ոճիրից, նրանք չեն կարող պատկերացնել, թե իրենց հայրերն են դա արել։Եվ հայերն էլ նմանապես իրենց հայրերի հանդեպ պատասխանատվություն են կրում։ Թուրքերը պիտի հասկանան, որ դա մի բաց վերք է։ Երբ երկու կողմերը գիտակցեն, թե ըստ էության ուզում են իրենց նախնիներին պաշտպանել, կնշանակիՙ մենք մի քայլ արել ենք։ Այնպես որ չի օգնի թուրք զոհերի զանգվածային գերեզմաններ պեղել եւ հետո հայերին ասել, թե նրանք էլ նմանապես պիտի ցույց տան իրենց զոհերի գերեզմանները, եթե իհարկե կարող են ինչ-որ բան ցույց տալ։

- Իրականում երբեւէ չի խոսվում թուրքերի զոհերի մասին, այնպես չէ՞։Թուրքերի շարադրանքից Դուք ի՞նչ կարծիք եք կազմում. ամեն ինչ հայերի ապստամբությունից է սկսվել, ամենից առաջ թուրք ժողովուրդը հայերի կողմից ջարդի է ենթարկվել ու հալածվել, որովհետեւ հայերն առաջին համաշխարհային պատերազմում իրենց սեփական պետությունն էին ուզում ստեղծել։

- Չեմ ուրանա այս գործոնները։ Ի դեպ ես մեկն եմ նրանցից, ով անպատճառ թուրք զոհերի մասին մատնանշում է։ Երբ օսմանյան կայսրությունն ավելի փոքր ու թույլ էր դառնում, եւ մեծ ուժերի ներազդեցությունն ավելի էր աճում, տարածաշրջանի ժողովուրդներն իրենք էին իրենց համար լուծումներ փնտրում։Հայերըՙ նույնպես։ Եվ թեպետ նրանք այնքան էլ ահաբեկչական չէին, որքան այսօրվա PKK, բայց նրանց մեջ էլ ահաբեկիչներ եղել են։ Բայց դրա հիման վրա չի կարելի մի ամբողջ ժողովրդի տեղահանությունն արդարացնել։

- Օսմանյան առաջնորդներն ուզու՞մ էին հայերին ոչնչացնել։

- Ինձ չի հետաքրքրում ՙ կար ոչնչացման դիտավորություն, թե չկար։ Կյանքը միշտ իր շրջապատի հետ հարաբերության մեջ է, եւ տեղահանությունը կտրեց հայ ազգն իր արմատներից։

- Կարո՞ղ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցում լինել առանց ցեղասպանության մասին բանավեճի հստակեցման։

- Մերձեցումը պիտի հասարակություններից, մարդկանցից սկսվի։ Դրա համար է սահմանների բացումն այդքան կարեւոր։Եթե սկզբում մարդիկ իրար հանդիպեն, հետո ինչ-որ ժամանակ մնացածը կհետեւի։ Մենքՙ աշխարհի հայերը պիտի իրար մոտ գանք ու երկխոսություն սկսենք, թուրքերըՙ նմանապես, դրանից հետո միմյանց հետ կերկխոսենք։ Միգուցե այդ ժամանակ գիտակցենք, որ առջեւում մի ճանապարհ կաՙ առանց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու գիտակցենք նաեւ, որ պատմությունը կարող է ապագայի խոչընդոտը լինել։

«Դի վելթից» թարգմանությունը Անահիտ Հովսեփյանի, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4