«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ՓԵՐԻՆՉԵՔՆ ԻՐ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՆԱԵՎ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հիշեցնենք, որ դատավարությունը սկսվել էր երեքշաբթիՙ մարտի 6-ին: Փերինչեքն իր ժխտողականությունը ցուցադրել է նաեւ դատարանումՙ կրկնելով 2005 թվականին Վաադտի, Ցյուրիխի, Բեռնի կանտոններում հնչեցրած իր ելույթների հիմնական ասելիքըՙ Հայոց ցեղասպանություն չի եղել: Երկու կողմերն էլ զանգվածաբար սպանությունների հեղինակ են, եւ դա որեւէ կերպ ցեղասպանություն որակել չի կարելի, համառորեն պնդել է նա: Ավելինՙ դատավարությունից առաջ նա համոզված հայտնել է, թե իրեն ազատ են արձակելու: Պետական մեղադրողը Փերինչեքի մեղքը «ծանր» է որակել եւ հիշեցրել, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելը Շվեյցարիայում անպատիժ չի կարող լինել, քանի որ դեռեւս 2003 թվականի դեկտեմբերին երկրի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (դրանից հետո Շվեյցարիա-Թուրքիա հարաբերություններում լարվածություն է առաջացել-

Ան. Հ.

Փերինչեքի փաստաբան Մորեյլլոնը փորձել է իր պաշտպանյալի ասածները հիմնավորել ամերիկացի պատմաբան Ջասթին Մըք Քարթիից մեջբերումներ անելովՙ որեւէ ապացույց չկա, որ թուրք առաջնորդները կարգադրել են ցեղասպանության ենթարկել հայերին:

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությանՙ Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստերն ամերիկացի պատմաբանը կեղծ է որակել: 1998-ին իր գիտական վաստակի համար թուրքերի պարգեւներին արժանացած պատմության պրոֆեսորին, ինչպես նաեւ թուրքական կողմի մյուս խոսնակներինՙ Նորման Սթոունին, Ժան Միշել Թիբոյին, Գերմանիայի Մյունստերի համալսարանի թոշակի անցած դասախոս Փաուլ Լայդինգերին հակադարձել են Թեսսա Հոֆմանը, Իվ Թեռնոնը եւ Ռայմոն Գեւորգյանը:

«Ցեղասպանության վերջին քայլը ժխտողականությունն է, դատարանում ասել է Սարգիս Շահինյանի շահերի պաշտպան Ֆիլիպ Նորդմանը: Նա նաեւ ընդգծել է, որ Փերինչեքը չի թաքցնում, այլ հպարտ է, որ «Թալեաթ փաշա» կոմիտեի գործադիր անդամներից է, ինչը շատ լավ ցույց է տալիս ոճրագործի իսկական դեմքը: Մեզ հետ հեռախոսազրույցում Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանն ասաց, թե դատարանի վճռից գոհ է եւ գնահատելով փաստը, այն որակեց որպես հայ ազգի հավաքական հաջողություն: Նա տեղեկացրեց նաեւ, որ ամբաստանյալը կարող է վճիռը բողոքարկել 5 օրվա ընթացքում, ավելի բարձր ատյանում: Թուրքական կողմը ցանկություն է հայտնել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սարգիս Շահինյանը մեզ փոխանցեց նաեւ մամլո ասուլիսում հնչեցրած իր խոսքըՙ դատարանի վճիռը հիշատակի տուրք է հայոց ցեղասպանության զոհերի, նաեւ շվեյցարացիՙ երկու օր առաջ մահկանացուն կնքած խորհրդարանական Ժան Քլոդ Վոդրոյի, ում ջանքերի շնորհիվ Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը:

Դատավարության 3 օրերին դատարանից դուրս հավաքված 300-400 թուրքեր ի համերաշխություն Փերինչեքի հանրահավաք էին կազմակերպել, որն անցել էր առանց միջադեպերի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4