«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2007-04-20 | #74, 2007-04-21 | #75, 2007-04-24


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ, ԲԵՌԼԻՆՈՒՄ, ՔՅՈԼՆՈՒՄ

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ առաջնորդարանի կազմակերպությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր միջոցառումը, ինչպես ամեն տարի, անցկացվեց Մայնի Ֆրանկֆուրտի հանրահայտ Փաուլսքիրշեում (Ս. Պողոսի տաճար) ապրիլի 22-ին, ժամը 16 -ին: Մյուս խոշոր միջոցառումներն ապրիլի 24-ին կանցկացվեն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինումՙ ժամը 18-ին, Ֆրանսիական Ֆրիդրիխշտադտ եկեղեցում եւ Քյոլնումՙ ժամը 19 -ին, Մեծ սուրբ Մարտին եկեղեցում:

Նախՙ ֆրանկֆուրտյան գլխավոր հուշահանդեսի մասին. Հրավիրյալների թվում էին Գերմանիայի քաղաքական, մշակույթի, գիտության ներկայացուցիչներ: Հուշաճառով հանդես եկան Բունդեսթագի Դաշինք- 90 Կանաչներ խմբակցության նախագահ Ֆրից Քուհնը, Էսսենի մշակույթի գիտական ինստիտուտի նախագահ, պատմաբան Յորն Ռյուսենը: Փաուլսքիրշեում ներկաներին դիմեցին Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Շավարշ Հովասափյանը: Հուշահանդեսն աղոթքով եզրափակեց գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի Բեռլինում անցկացվող հուշահանդեսի գլխավոր բանախոսներն են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը, Համբուրգի սոցիալ-հետազոտական ինստիտուտի դոկտոր, պրոֆ. Յան Ֆիլիպ Ռեեմցման: Ողջույնի խոսք կասեն Բեռլինի հայ համայնքից Վարդգես Ալյանաքը, Ֆրիդրիխշտադտ եկեղեցու ներկայացուցիչ Յուրգեն Կայզերը, ելույթով հանդես կգա ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Հայկական երգերի կատարմամբ ելույթ կունենա Բեռլինի հայ համայնքի երգչախումբըՙ Մելինե Պոպովյան- Բյուլովի ղեկավարությամբ, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, դաշնակահար Սիլվա Շմեդդինգ-Ֆարմազյանը կկատարեն Գրիգոր Մագիստրոսի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի երգերից, դերասաններ Յուտա Լամփըն ու Վերներ Ռեհմը կընթերցեն վերապրողների հուշերից: Նույն օրը, նույն վայրում, ժամը 15.30-ին կբացվի հայ նկարիչներիՙ Ավո Առաքելյանի, Անահիտ Մկրտչյանի, Արմինե Պետրոսյանի, Շավարշ Խաչատրյանի, Հրանտ Կոստանյանիՙ Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Մեծ սուրբ Մարտին եկեղեցում հավաքվածներին նախ կողջունի Քյոլնի հայ համայնքից Մադլեն Վարդյանը, այնուհետեւ Քյոլնի քաղաքապետ Յոզեֆ Մյուլլերը, իսկ գլխավոր բանախոսներն են Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի լանդթագի (երկրամասային խորհրդարանի) նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր. Թոմաս Շթերնբերգը, ինչպես նաեւ գրող, հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը:

Համերգային բաժնում ելույթ կունենա Քյոլնի եւ Ախենի երաժշտական բարձրագույն դպրոցների ուսանողների ուժերով 2004-ին կազմված Arcos լարային քառյակը (Հովհաննես Ղամբարյանՙ ջութակ, Մարինա Սարգսյանՙ ջութակ, Կարեն Յարազյանՙ ալտ, Հելոիզե Պիոլատՙ թավջութակ), որը կներկայացնի Կոմիտասի «Անտունի», «Կռունկ», «Գարուն ա» ստեղծագործությունները: Դանիել Վարուժանի, Վահան Թեքեյանի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունները, ինչպես նաեւ վերապրողների հուշերից հատվածներ կընթերցեն դերասաններ Յուրգ Լյովը եւ Սուզաննե Բարտը:

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում «Ընդդեմ ցեղասպանության» միությունը, թուրքական այլ կազմակերպությունների հետ ժամը 17-ից սկսյալ հսկողություն է սահմանելուՙ ի հիշատակ Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների, ասորիների: Շտուտգարդում եւ Գյոփփինգենում հիշատակի արարողություններ կանցկացվեն ապրիլի 24-ին եւ 28-ին: Շտուտգարդի գերեզմանոցի հայկական մասում ծաղկեպսակ կդրվի եւ հոգեհանգստյան պաշտոն կկատարվի, իսկ Հայ տանը ելույթ կունենա Թեսա Հոֆմանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4