«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2007-07-20 | #137, 2007-07-21 | #138, 2007-07-24


ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ. «ՇԱՏ ՄԻՆԱԿ ԶԳԱՑԻՆՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ»

7 տարի պահանջվեց, որ 2007-ի ապրիլի վերջին Բրյուսելում հավաքված ԵՄ պետությունների արդարադատության նախարարները ի մի գան հակառասիստական եւ օտարատյացության մասին համընդհանուր որոշման շուրջը: Թուրքիան բնականաբար իր դժգոհությունն էր հայտնել խնդրի առնչությամբ. «Թուրքիայի ձայնին ԵՄ-ը խուլ է», «Turkish Daily News»-ին փոխանցել էր Բրյուսելի թղթակիցը: Միաձայն որոշումը ե՞րբ օրենք կդառնա, ավստրիական լրատու աղբյուրը չէր հստակեցնում, փոխարենն ընդգծում էր, որ Թուրքիան վախենում է, որ այդ որոշումը ԵՄ սահմաններում պատիժ է սահմանելու Օսմանյան կայսրությանՙ հայերի դեմ գործած ցեղասպանությունն ուրանալու համար:

Որոշումը որոշում, բայց հստակ օրենքի բացակայությունը անկարելի է դարձնում, օրինակՙ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հաքքի Քեսքինին ազատազրկել Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու մեղադրանքով մի երկրում, որի պառլամենտը 2005-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ որտեղ մեկ ուրիշ ցեղասպանություն կասկածի տակ առնելը պատժելի հանցագործություն է:

Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են, որ հիշյալ օրենքի առկայության պայմաններում, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նպատակամղված ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ մարտին 2,5 հազար դոլար տուգանքի, նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրա փոխարեն 7 հազար դոլարի չափով տույժի դատապարտել Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին: Վճիռը հաստատեց նաեւ հունիսին երկրորդ ատյանի դատարանը: Նույն ամսին Ցյուրիխում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար ձերբակալվեցին եւս երկու թուրքեր: Աշխարհի քաղաքական մեծ թատերաբեմում «չեզոք» կեցվածք որդեգրած ալպյան այս երկրում արդարադատությունը հաստատում է բառակազմական իր արմատները:

Դատավարության մանրամասները ստորեւՙ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանի հետ մերՙ արեւելահայ-արեւմտահայ չխմբագրված զրույցում: (Սարգիս Շահինյանի մաքուր արեւմտահայերենը «զարգացման» բնականոն ուղի ընտրեց, երբ շվեյցարահայն ամուսնացավ երեւանցի Հասմիկի հետ: Միգուցե սա՞ է արեւմտահայերենը «փրկելու» եւ արեւելահայերենը հարստացնելու ճանապարհը):

- Ապրիլին շվեյցարացի հեռուստալրագրողների հետ Հայաստան գնացիքՙ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու առիթով: Ֆիլմն արդեն պատրա՞ստ է:

- Զվիցերիո իտալախոս կողմի պետական հեռուստատեսությանՙ TSI-2 ալիքը սեպտեմբերի 26-ին ժամը 21-ին ցուցադրելու է ճանաչված ռեժիսոր Վերներ Վայքի Հայոց ցեղասպանության հիշողության մասին վավերագրական ֆիլմը «Հայաստան. բաց վերք» վերնագրով: Ծրագրի շուրջ մեկ տարի աշխատեցանք: Ֆիլմը փորձ մըն է պարզելու, թե անցյալ եւ ներկա սերնդի հիշողության մեջ ի՞նչ դեր (ժխտական կամ դրական) կկատարե ցեղասպանության իրողությունը: Բեմադրիչը կփորձե հասկնալ, թե ինչպե՞ս ոճրի իրագործումից 92 տարի վերջը պահանջքը դեռ կա, ինչո՞ւ է այսքան հզոր եւ ո՞ւր կարող է այն տանել ոչ այնքան քաղաքական, այլ անձնական գետնի վրա: Ի՞նչ կպատահի անձի մեջ այդ պրոցեսի ատեն:

- Ֆիլմում ներկայացված եք նաեւ Դուք: Շվեյցարական Լուգանոյում ծնված Սարգիս Շահինյանի ընտանիքն ի՞նչ ճակատագիր է ունեցել:

- Հայրս ծնվել է 1915-ի օգոստոսի 15-ին, այսինքն տեղահանության որոշումեն 7 օր առաջ, Շահինյանների 44 հոգանոց գերդաստանը 7 տարի աքսորվեցավ. սկզբումՙ Մոսուլ, Ուրֆայի ճանապարհով, չհասնելով Դեր Զորՙ ճամփան շարունակեց դեպի Բաղդադ: Երբ երիտթուրքերի կառավարությունն ինկավ, որոշեցին վերադառնալ: Բայց տեսնելով, որ Աֆիոն Գարահիսարում իրենց բոլոր կալվածքները թուրքերի կողմեն զավթված էին, որոշեցին այդ շրջանին Արեւմտյան Անատոլիայի այն մասերը երթալ, ուր դեռ քրիստոնյաներ կայինՙ Իզմիր: Հոն ապրեցան մինչեւ 9 սեպտեմբեր 1922: Նույն թվականին Մուստաֆա Քեմալի զորքը կմտնա Իզմիր, քարուքանդ կընե, ամբողջ քաղաքը կայրե: Հույների հետ մնացորդ հայերն ալ մեկ անգամ եւս կենթարկվին աքսորի, այս անգամ կհասնին Հունաստան, ուր որ հայրս կանցկացնե իր կյանքի զգալի մասը: Սակայն 44 հոգուց Աթենք հասան 7-ը: Հայրս Հունաստան Բարեգործականի պատասխանատուն էր, շատ կճամփորդեր: Հայրս ու մայրս իրարու հանդիպեցան Իտալիո մեջ, ես միակ զավակն եմ իրենց: Հայրս 50 տարեկան էր, երբ 1964-ին ծնա: Ունեցած անձնական փորձառությունըՙ պատերազմի, արյունի, հեղափոխության, նաեւ ցեղասպանության մասին հիշողությունը ուզեց փոխանցել ինձ:

Հայկական դպրոց չեմ հաճախած, մեր տան լեզուն հայերենն էր: Մայրս պոլսեցի էրՙ 1930-ի ծնունդ: Մեծցած էր թրքական պաշտոնական պատմագրության գաղափարախոսությամբՙ ցեղասպանություն չէր եղած, հայերը պատերազմին ստացած էին ան, ինչ իրենց կհասներ: Այսինքնՙ իրենց մեղքի պատճառով կոտորածը եղավ: Այդ պատճառով շարունակ վիճաբանություն կար մեր տանը: 1970-ականներին սկսան հայ վրիժառուների շարժումները, մտածեցի բան պիտի անել, բայց ի՞նչ ուղղությամբՙ հետո պիտի պարզվեր:

- Շվեյցարական մամուլը վերջին շրջանին շատ գրեց Հայոց ցեղասպանության մասին: Շվեյցարացիները որքա՞ն տեղյակ են խնդրին:

- Անկարելի է Զվիցերիո մեջ ըսել, թե մարդիկ չեն գիտեր Հայոց ցեղասպանության մասին: Շատ լավ աշխատանք տարվեցավ այս ուղղությամբ:

- Դրան իհարկե նպաստեց նաեւ Փերինչեքի դատավարությունը: Միջազգային լրատվամիջոցներն ընդգծեցին, թե Փերինչեքն առաջին թուրքն էր, որ դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով: Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց Շվեյցարիայում հնարավոր եղավ հաջողության հասնել:

- Որովհետեւ այստեղ հակառասիստական օրենքը գործում է: Ինչ կվերաբերի մեզ, հաջողությունը նաեւ մեր խմբային վճռական կամքի, ամենօրյա աշխատանքի արդյունք կարելի է նկատել:

- Պարոն Շահինյան, 2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել էր նույն մեղադրանքով դատարան ներկայացած 12 թուրքերի: Փերինչեքի դեպքն առաջինն էրՙ 1995-ին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվեց Հայոց ցեղասպանության առնչությամբ: Ի՞նչը նպաստավոր եղավ:

- Մի քանի գործոններ: Նախՙ դատավորին եւ դատախազին պատրաստվածությունը շատ բարձր էր: Մեր ներկայացրած փաստանյութերը պարզաբանում էին Փերինչեքի բուն նպատակը: Երկրորդ գործոնն այն էր, որ թե՛ քաղաքական, թե՛ կանտոնալ, թե՛ դաշնային մակարդակով հարցը լիովին ճանաչում էր ստացել: Երրորդըՙ Փերինչեքի վերաբերմունքն էր դատական գործընթացին. թե՛ դատավորին, թե՛ դատախազին նա շարունակ փորձում էր բացատրել, թե ինչու ինքը ժխտելու իրավունք ուներ: Արդարադատություն իրականացնողները դժգոհ էին, որ Փերինչեքը հստակ պատասխաններ չէր տալիս: Հավելենք նաեւ թուրք գործչի պաշտպանական կողմե ներկայացված շատ թույլ հեղինակություն ունեցող վկաների փաստերը:

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունն, ինչպես գիտեք, հրավիրել էր Թեսա Հոֆմանին, Իվ Թեռնոնին, Ռայմոն Գեւորգյանին:

Թուրքական կողմի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական ճնշումը այս դատավճռի ընթացքին եւ դրանից առաջ, անընդունելի եղավ: Եվրոպայի չորս անկյուններեն թուրքեր եկած էին դատարանի առջեւՙ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Սա Զվիցերիո ժողովրդավարության համար անհասկանալի էր: Հավելենք նաեւ, որ Փերինչեքի եւ թրքական կառավարության դիրքը զգալի տկարացուց Փերինչեքին պաշտպանելու գործընթացներու մեջ թրքական պետության ուղիղ մասնակցությունը: Ավելին ասեմՙ մի վկա, որ Փերինչեքի կողմե հրավիրվեցավ դատավարության, անսպասելի ձեւով արտահայտեց, որ իրեն Լոզան հրավիրողը եւ իր ծախսերը հոգացող մարմինը Թուրքիո արտաքին գործոց նախարարությունն էր:

Դառնանք 2001-ի դատավճռին, որով 12 թուրք գործավորներն ազատ արձակվեցին: Նրանք, ի տարբերություն Փերինչեքի, իրենց ժխտողականությունը չկրկնեցին: Փերինչեքը 4 ամսվա ընթացքին 7 անգամ ժխտեց Հայոց ցեղասպանությունը, այնուհետեւ Թալեաթ փաշա կոմիտեի անվան տակ մեկ տարի անց Բեռլինում, հետոՙ Լիոնում, այնուհետեւՙ Փարիզում նույն պատմությունը կրկնեց: Այսինքնՙ 2001-ի դատավարության ընթացքին այս պրովոկացիոն բնույթը չկար: Ի դեպՙ ժխտողականությունը Զվիցերիո մեջ Հայոց ցեղասպանության մասին երկար գրելու հնարավորություն տվավ: Կարելի է արձանագրել, որ 2001-2006 թվականներին Հայոց ցեղասպանության կամ ժխտողականության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքները կրկնապատկվեցան. ամեն տարի 5-6 հոգի 16-20 տարեկաններ մեր ընկերակցության կդիմեն փաստանյութ, գրականություն տրամադրելու խնդրանքով: Մինչեւ 2001 թվականը նման բան չէր եղած:

- Շվեյցարաբնակ հայ համայնքի, անձամբ Ձեզ համար անակնկա՞լ էր դատարանի նման վճիռը: Ինչպե՞ս կգնահատեք դրա նշանակությունը:

- Եթե մինչեւ այժմ նման վճիռ չէ եղած, ուրեմն պատմական նշանակություն ունի: Անակնկալ էր դատավոր, դատախազի կողմե այսքան փայլուն նախապատրաստությունը: Եվ հստակ է վճռի անհետադարձությունը: Դատավորը համոզվեց, որ Փերինչեքի արարքը անձի եւ անձերու դեմ արժանապատվության ստորացում էր: Սա շատ կարեւոր է, մեծ կշիռ ունի:

- Հաջողությունը կարելի՞ է վերագրել նաեւ փաստաբանի ունակություններին:

- Այո: Հրեական ծագում ունեցող մեր փաստաբանը ժամանակին մեծ դերակատարում ունեցած էր Շվեյցարիայում հակառասիստական օրենքի ստեղծման մեջ: Իսկ հիշյալ դատավարությանը շատ լավ էր պատրաստվել:

- Իսկ մյուս կողմի փաստաբանը համոզված էր, որ ցեղասպանություն չի՞ եղել, թե՞ քաջածանոթ լինելով իրականությանըՙ իր գործն էր կատարում:

- Իհարկե համոզված էր, որ եղել է: Բայց կջանար ցույց տալ, որ դիտավորյալ ձեւով, կազմակերպված ձեւով տեղի չէ ունեցած: Օրենքի ամենաթույլ մասն այն է, որ շատ դժվար է փաստել դիտավորյալ բնույթը, ռասիստական շարժիչը: Բայց Փերինչեքի պարագայում դա ակնհայտ էր:

- Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահը հայտարարել էր, թե վճռաբեկ դատարանում անհաջողության դեպքում դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ո՞ր գործոնն է այստեղ ծանրակշիռՙ համերկրացիների աչքին երեւալ որպես համարձակ մարտնչող, թե՞ ժամանակ շահելով պատժից խուսափել:

- Ինչ խոսք, ինքը Թուրքիո մեջ պետք ունի քաղաքական հերոս դառնալու: Վերջին պառլամենտական ընտրություններին ստացավ 0, 51 տոկոս: Այս վճռեն ետք իր վարկանիշը բազմապատկեց 10-ով. տակավին չի բավեր, քանի որ թրքական Մեջլիսին մեջ առնվազն պիտի 10 տոկոս ունենա: Սակայն եթե ինքը իր նպատակին հասնի, արդեն դժվար պիտի ըլլա կառավարություն ստեղծել առանց իր եւ այլ ծայրահեղ կուսակցություններու մասնակցության: Ինչ որ բավական վճռական անկյունադարձ պիտի ստեղծե Թուրքիո պատմության մեջ: Թուրքիո ռազմավարական վիճակը, մանավանդ Իրաքի դեպքում, բավականաչափ խախուտ է: Եթե այս տեսակ ծայրահեղ ուժեր գան կառավարության գլուխ, կրնանք երեւակայել, թե Մոսուլի եւ Քըրքուքի ճակատագիրը կրնա փոխվիլ, եւ այդ պահուն արդեն կոնֆլիկտը կսկսի տարբեր բնույթ ստանալ եւ ոչ ի նպաստ Թուրքիո:

Փերինչեքն իրականում կգործե ստվերային ուժերու կողմե, ի դեպ, դատավճռի օրը որոշ ղեկավարներ ներկա էին դահլիճում: Օրինակՙ Թուրքիայի փաստաբաններու միության նախագահ Քեմալ Քերինցիզը, ով բուն հեղինակն է 301 հոդվածի հիման վրա դեմոկրատական ուժերի դեմ ուղղված դատական գործերի: Թուրքիո կառավարությունը նրբամտությունը չունեցավ Փերինչեքի եւ «խորքային պետության» կողմե կազմակերպված քայլերեն ինքզինքը զատ պահել: Եվ ոչ միայն Փերինչեքը, այլեւ թրքական կառավարությունը դատապարտվեցավ:

- Շվեյցարական մամուլը խստորեն քննադատեց նաեւ երկրի արդարադատության նախարարին: Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունն էլ քննադատեց նախարար Քրիստոֆ Բլոխերինՙ հակառասիստական օրենքի պատժելիությունը ռեւիզիայի ենթարկելու համար:

- Բավական անհասկանալի եւ իհարկե անընդունելի է, որ Զվիցերիո արդարադատության նախարարը իր թուրք գործընկերը հրավիրե այս տեսակ դատավարության սկիզբեն երեք օր առաջ Զվիցերիո մեջ պաշտոնական խոսակցությունների համար: Մեկ ամիս հետո կարող էր դա անել, իսկ ինքը հնարավորություն տվավ, որ Թուրքիան ճնշում գործադրե կամ, պիտի ըսեի, շանտաժ բանեցնե Զվիցերիո կառավարության վրա, որ կառավարությունն էլ այդ ճնշումը փոխանցեր Լոզանի դատավորին: Վստահ եմՙ դատավարության ճակատագրին վրա ոչ դրական ազդեցություն ունեցավ միջադեպը: Այս տեսակ քաղաքական եւ օրենսդրական խառնակությունը միայն եւ միայն ժխտական արդյունքի կրնա հանգեցնել: Իբրեւ արդարադատության նախարար նա իրավունք չուներ, մանավանդ Թուրքիո մեջ, կասկածի տակ դնելու Զվիցերիո ժողովրդի քննարկումն անցած եւ վավերացված օրենք մը:

- Ինչո՞վ է դա պայմանավորվածՙ Շվեյցարիա-Թուրքիա հարաբերությունները չվտանգելու գործոնո՞վ, թե՞ տնտեսական շահագրգռությամբ:

- Զվիցերական արդյունաբերական որոշ ուժերու կորսնցուցած հնարավորության կառնչվի: Թուրքիո օդանավեր ծախելու կես միլիարդի կորստի մասին է խոսքը: Բլոխերը ունենալով իրավաբանության դոկտորի կոչում, իր կյանքը հատկացուցած է արդյունաբերության, այսինքն իր ականջը շատ զգայուն է արդյունաբերության փոփոխություններին: Քանի որ ինքն է արդարադատության նախարարը, ուրեմն ինքը հնարավորություն ուներ ճնշում բանեցնելու օրենսդրության վրա: Այսինքնՙ իր պաշտոնական դիրքը կչարաշահեր, ինչի համար քննադատվեց: Իրեն համբավն արդեն ինկած էր, բայց Անկարայի մեջ ունեցած նրա ելույթը, ապա նաեւ դատավարությունից մի երկու օր առաջ Թուրքիայի իր պաշտոնակից Չիչեքին հրավիրելը առիթ տվեց, որ կառավարության իր պաշտոնակիցները սուր քննադատեն նախարարին:

- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին: Ինչո՞ւ:

- Թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի մեջ զանազան հայկական կազմակերպություններ փորձում են Հայոց ցեղասպանության ճանաչման գետնի վրա կարեւոր քայլեր առնել, կիրառել եւ հաջողություն մեջտեղ բերել: Եվ ամբողջ այս պրոցեսի մեջ Հայաստանի կառավարությունը անհասկանալի անտարբերություն մը կամ հեռավորություն կպահե, որը չեմ կարողանում որեւէ ձեւով բացատրել: Կզգամ, որ դժբախտաբար շատ հեռու ենք միացյալ ռազմավարական գիծ մը բռնելե: Հայոց դեմ գործած ցեղասպանության միջազգային ճանաչումը սեպվում է, կամ ինչպես ՀՀ նախագահն ասաց Փարիզի մեջ, ազգային անվտանգության կարեւորագույն գործոններեն մեկը: Եթե այդպես է, ինչու պատահական հարաբերություններու թողնել այս տեսակ կարեւոր մի գործոն: Ավելինՙ մենք շատ մինակ զգացինք այս ամբողջ դատավարության ընթացքին: Ինչ քայլ որ կառներ Փերինչեքը, իրեն շուրջ ամեն ինչ կհուշեր, թե դա ազգային խնդիր է: Հայաստանի կառավարությունը այս խնդրի մասին ստրատեգիկ, տակտիկ հստակ սկզբունք չէ որոշած: Անոր համար կդժվարանամ հասկնալ Հայաստան-սփյուռք այս տիկնիկային խաղերը, երբ ամեն ինչի մասին կարելի է խոսիլ, գործունյա քայլերեն բացի: Ավելին ըսեմՙ եթե 3 տարիեն Թուրքիո կառավարությունը մեկ կամ մյուս պատճառով որոշե, որ պիտի ճանչնա Հայոց ցեղասպանությունը, չեմ ուզեր նույնիսկ երեւակայել, թե ինչ տեսակ կացության մեջ պիտի գտնվինք, որովհետեւ ոչ ալ հույս ունիմ, թե Հայաստանի կառավարությունը մինչեւ 3 տարի հասունացած դիրքորոշում մը պիտի ունենա այս ուղղությամբ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4