«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ. ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ

Միացյալ Նահանգներում գործող «Միություն ընդդեմ զրպարտության» հրեական կազմակերպության Նոր Անգլիայի տարածաշրջանային կառույցի ղեկավար Էնդրյու Թարզին պաշտոնանկ է արվել, երբ ցանկություն է հայտնել, որպեսզի կազմակերպությունը ճանաչի անցած դարասկզբի Հայոց ցեղասպանությունը` ուղղակի բաց եւ ազնվորեն խոսելով Հայոց եղեռնի մասին:

Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ Թարզիին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է ուրբաթ օրը:

Էնդրյու Թարզին, որը ղեկավարել էր տարածքային կառույցը ավելի քան երկու տասնամյակ, «Բոստոն գլոբ» թերթին ասել է, թե կազմակերպության կեցվածքը «բարոյական տեսանկյունից աններելի է»: Թարզիի պաշտոնանկությունը կազմակերպության ղեկավարության եւ դրա տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի դեմ բուռն վրդովմունք է հարուցել տեղի հրեական համայնքում:

Գործարար, «Միություն ընդդեմ զրպարտության» տարածաշրջանային կառույցի խորհրդի նախկին անդամ Սթիվ Գրոսմանը, մասնավորապես, «Բոստոն գլոբ»-ին հայտարարել է. «Դա քինախնդիր, անհանդուրժողական եւ ապակառուցողական ակտ էր, այն էլ մի կազմակերպության կողմից, որի հիմնարար առաքելությունը հանդուրժողականությունը խթանելն է»: Նրա կանխատեսմամբ, «Ֆոքսմանի գործողությունները պատճառ կդառնան տարածաշրջանային կառույցում համատարած հրաժարականների, կբարդացնեն կազմակերպության հարաբերությունները ոչ հրեա համայնքի հետ»:

Ըստ նույն թերթի լավատեղյակ աղբյուրի, «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեն սատարում է Թարզիին, ավելին, որոշել է պաշտպանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որ ներկայացված է Կոնգրեսում:

«Բոստոն գլոբ»-ին հղած երեք էջանոց պատասխանում Ֆոքսմանը եւ «Միություն ընդդեմ զրպարտության» նախագահ Գլեն Լյուին գրել են, թե կազմակերպությունը ճանաչել է «Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը եւ Թուրքիային կոչ է արել ավելին անել` կանգնելու համար իր անցյալին դեմ-հանդիման եւ հաշտվելու Հայաստանի հետ»: Կազմակերպությունը, ըստ դրա ղեկավարների պարզաբանումների, նաեւ «պետք է պաշտպանի Թուրքիայի հրեական համայնքի շահերը, գործի հանուն Իսրայելի անվտանգության եւ պայքարի ծայրահեղականության դեմ»:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի խորհուրդը միաձայն որոշել էր կապերը խզել «Միություն ընդդեմ զրպարտության» հետ` վերջինի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4