«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ»

Բեդրոս Կիրկորովը ծնկի գալովերգեց «Կռունկը»

Ներկա գտնվելով ռուս կինեմատոգրաֆիստների կողմից նկարահանված հայ եկեղեցու, եկեղեցական ճարտարապետության կոթողների մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին, ես զարմացա, տեսնելով այնտեղ... Բեդրոս Կիրկորովին: Պարզ հետաքրքրությո՞ւնն էր նրան բերել այստեղ, թե՞ իր արմատներին առնչվելու մղումը...

«Յուգո-զապադ» մոսկովյան հեռուստաընկերության ռեժիսոր Լյուբով Ակելինան երեք օր հյուրընկալվել էր Հայաստանում եւ զարմանալիորեն հասցրել օբյեկտիվի տակ առնել երկրով մեկ փռված մեր հոգեւոր-ճարտարապետական շատ հուշարձաններ: Անկեղծ ասած, մտավախություն էր առաջացնում ֆիլմի անվանումըՙ «Հայաստանի քարե արցունքները»: Չէիր ուզենա այս վավերական եկեղեցապատումը տեսնել որեւէ ողբերգական շղարշի ներքո: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ լուսավոր էր ու լավատեսական: Եվ այս պարագան, ասես կանխազգալով, պարզաբանեց ռեժիսորն ինքըՙ իսկ ինչո՞ւ արցունքները չեն կարող լինել ուրախությունից:

Միշտ էլ հետաքրքրական է, երբ քո մշակույթի մասին արտահայտվում են ուրիշները, տվյալ դեպքում եթե նույնիսկ նրանք քո բարեկամներն են եւ կարող են սուբյեկտիվ լինել: Եվ Ռուսաստանի մշակույթի ֆոնդում ներկա հայերիս համար այնքան հարազատ եկեղեցիներին, մեր հավատքին ռուս արվեստագետների տված բնութագրումները, իհարկե, շոյում էին մեր լսողությունը: Ֆիլմի վերջում Ակելինան ընդարձակ հարցազրույց էր ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Բ-ի հետ եւ Վեհափառն իր լայնահուն ժպիտով ու առինքնող բարյացակամությամբ ամփոփել էր ժապավենի լավատեսական լիցքը:

Ցուցադրությանը ներկա էին ռուս եկեղեցու, ռուս մշակույթի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը ի սրտե շնորհակալություն հայտնեց ռեժիսորին, նկարահանող խմբին մեր երկու ժողովուրդների բարեկամությանը նպաստ բերելու համար: Իսկ հետո... Հետո խոսք վերցրեց... հայր Կիրկորովը եւ, խոստովանենք, հայերիս համար միանգամայն անսպասելիորեն, խորապես հուզված երախտագիտություն հայտնեց «իր սիրելի հայրենիքին ու ժողովրդին» նվիրված հեռուստավավերագրության համար: Հետո նա ծնկի եկավ (պապն է նրան պատգամել) եւ երգեց Կոմիտասի «Կռունկը»:

Ցավոք, որդի Կիրկորովը չտեսավ այս իսկապես հուզիչ տեսարանը...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4