«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


Ո՞Ր ԹԵԿՆԱԾՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի ներկուսակցական հակամարտությունը, ըստ երեւույթին, նախագահական ճանապարհ է հարթում հակադիր կուսակցության ներկայացուցիչ Ջոն Մակքեյնի համար: Եվ երբ ելնում ես համաշխարհային ու ռուսական մամուլի մեկնաբանություններիցՙ առնչված այդ թեկնածուի անհատականությանը, ապա հառնում է բավականին չարագուշակ մի կերպար: «Թող այսօր դա անհավանական թվա, գրում է եվրոպական թերթերից մեկը, սակայն մի քանի տարի հետո կարող է ստացվել այնպես, որ Եվրոպան ու ողջ աշխարհը կարոտեն Բուշի վարչակազմին: Դա հնարավոր կդառնա, եթե ԱՄՆ-ի բնակիչները նոյեմբերին նախագահ ընտրեն Ջոն Մակքեյնին»:

Մակքեյնը նացիոնալիզմով հագեցած նեոկոնսերվատոր է: Նա գտնում է, որ ԱՄՆ-ը հատուկ առաքելություն ունի աշխարհումՙ իր գերազանցությունն օգտագործելու ի բարօրություն մարդկության, հանուն բարու: Քրիստոնեական մարդասիրություն հիշեցնող այս թեզը, սակայն, հօդս է ցնդում, երբ պարզվում է, որ դրա հեղինակը այդ ամենին ուզում է հասնել գերազանցապես ուժի միջոցով: Նա Իրաքում հաղթանակի հասնելու կողմնակից է, դեմ չէ Իրանի վրա հարձակվելուն եւ այլն:

Ըստ երեւույթին, Մակքեյնը անտարբեր է Հայաստանի, Ցեղասպանության խնդրի նկատմամբ: Երբ դեմոկրատ թեկնածուները ազատորեն արտահայտվում են հայամետ դիրքորոշումներով, հանրապետականը անվրդով է: Սակայն նա չի թաքցնում իր մեծ համակրանքը հարեւան Վրաստանի նկատմամբ, մինչ այդ եղավ նաեւ այդ երկրում եւ Սաակաշվիլին նրան «հռչակեց» ԱՄՆ-ի հաջորդ ղեկավար: Մեծ քաղաքականության մեջ դատարկ սեր չի լինում, եւ ինչքան էլ Մակքեյնը հավաստիացնի, որ ինքը հիացած է Թբիլիսիի «դեմոկրատական» կողմնորոշմամբ, նրա մոտեցումների հիմքը բոլորովին այլ շարժառիթներ են:

Մակքեյնը ամերիկյան քաղաքական վերնախավի ամենառուսատյաց ներկայացուցիչներից մեկն է: Հիշո՞ւմ եք, թե նա ի՜նչ կրքոտությամբ էր հանդես գալիս Ռուսաստանին ութնյակից վտարելու օգտին: Եվ նա երբեք չի համաձայնի (եթե նախագահ դառնա), որ Ռուսաստանը ազդեցություն ունենա Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրա: Ավելին, նա կարող է Վրաստանին հրահրել ուժային գործողությունների, որից դժվար է ասել, թե ով կշահի: Կարելի է չկասկածել, որ Մակքեյնը կարագացնի նաեւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա իր մեծապետական մոլուցքով հաշվի չի նստի նաեւ Եվրոպայի հետ: Զգացվում է, որ Մոսկվայում պատրաստվում են դիմակայելու հավանական ծայրահեղականին:

Այս հենքի վրա եւս պետք է բացատրել Մակքեյնի «անտարբերությունը» Հայաստանի ու նրա խնդիրների նկատմամբ, մի երկրի, որը ձգտում է հավասարակշռել իր հարաբերությունները Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: Իհարկե, քաղաքականության մեջ եզակի չեն դեպքերը, երբ ռազմատենչ թեկնածուն, դառնալով երկրի տիրակալ ու խորությամբ ծանոթանալով մերկ իրողություններին, գործում է շատ ավելի խոհեմ: Սակայն, ելնելով ներկա իրավիճակից, թերեւս ճիշտ կլինի, եթե ամերիկահայերը քվեարկեն դեմոկրատ թեկնածուի օգտին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4