«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Այս օրերին ուսանողությունը մեկ նպատակ ունի` ամեն գնով ստանալ ստուգարքներն ու քննությունները: Թե ով ինչպե՞ս է իրականություն դարձնում իր նպատակը, կախված է բուհից, ռեկտորից եւ ուսանողներից: Վերջիններից մի խումբ երեկ հաճելիորեն զարմացրեց մեզ: Ծնունդով ղարաբաղցի 6 ուսանողներ կազմակերպել են արցախյան օրեր իրենց սիրելի բուհում: «Նպատակն է, որ երիտասարդությունը լավ ճանաչի հայրենիքը», ասում է գլխավոր կազմակերպիչը` Վարդան Գալստյանը: Նա մեզ էլ է առաջարկում մասնակցել խորհրդանշական ակցիային: Յուրաքանչյուր հյուր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի վրայից պոկում է սահմանային գիծը, դրանով ապացուցելով, որ Հայաստանը մի է` Արցախը ներառյալ: Վարդանը մանրամասնում է ղարաբաղյան օրերին սպասվող միջոցառումներն իրենց ինստիտուտում. «Վաղը (այսօր-Ս. Մ.) Շուշիի հերոսամարտին նվիրված միջոցառումներ են լինելու: Բուհ է այցելելու Արկադի Տեր-Թադեւոսյանը, ինչպես նաեւ «Շուշի» հիմնադրամի ճարտարապետները, որոնք ուսանողներին պատմելու են Շուշիի հին ու նոր ճարտարապետական կոթողների մասին, երրորդ օրը հիմնականում ուսանողական կլոր սեղանի օր է: Կքննարկվեն Արցախի ուսանողության հետ շփվելու եւ համագործակցելու տարբերակներ: Նախատեսված է նաեւ Սպարտակ Ղարաբաղցյանի ֆիլմերից մեկի դիտումը` հեղինակի մեկնաբանությամբ: Իսկ վերջում կլինի մրցույթ: Կհաղթի այն ուսանողը, որ լավագույնս կտիրապետի Արցախի մասին պատերին փակցված ստենդների ինֆորմացիային, որը նաեւ լավագույն շարադրությունը կգրի Արցախի մասին: Մրցանակն է անվճար եռօրյա երթեւեկություն Արցախի ճանապարհներով»:

Բուհի պատերին բավականին որակյալ լուսանկարներով Արցախի բնությունն է, նաեւ Շուշիի գոյամարտը, ազատամարտիկներն ու զինվորները, պատմությունն ու իրադարձությունների նկարագրությունները: Ուսանողական ռեստորանում մեզ են սպասում Ղարաբաղից բերված հայտնի «թփահացը, ժինգյալով հացը, գոմշի մածնով թանը, ղարաբաղա ճղոպուրը (ընկույզ), խոռնով չայը» ու էլի բարիքներ, որ ոչ միայն մաքրության, այլեւ մանկության բույր ունեն: Բայց մինչ սիրելի ճաշատեսակները համտեսելը հյուրերը լսեցին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների օրհներգերը, ապա ուսանողների հյուրը` ԼՂՀ ներկայացուցիչը Հայաստանում, պարոն Ավետիսյանը խոսեց ուսանողական սերտ կապերն ամրապնդելու նպատակահարմարության եւ հնարավորությունների մասին:

Ուսանողների հետ զրուցում եմ խիստ տարածված տեղային պատկանելության կարծրատիպերի մասին: «Մենք նույնն ենք, կապ չունի, որ իրենք Հայաստանի մեկ այլ` ավելի հեռու շրջանից են: Իսկ եթե տարբերվում էլ են մեզնից, ապա նրանով, որ մենք երեւանցիներս այսքան շատ լինելով մի բան չենք կազմակերպել Երեւանի մասին, իսկ իրենք 6 հոգով նման մեծ միջոցառում են անում, մեզ էլ հրավիրում են», ասում է Սահակյան Էլինան: Երկու զույգ քույրիկներ էլ, որ Ղարաբաղից են, զուգվել են հայկական գեղեցիկ տարազով, բայց ամաչում են խոսել ձայնագրիչի առջեւ:

Իր հերթին Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն ընդգծեց նախաձեռնողականության կարեւորությունը Հայաստանում գործող ավելի քան 100 բուհերի ռեկտորների մակարդակով: «Կոնկրետ գործով կարող եմ հպարտանալ, ասում է ռեկտորը: Ընտրել ենք Շուշի քաղաքում դպրոցավարտ լավագույն շրջանավարտին (Արմինե Արամայիսի Ներսիսյան - Ս. Մ.), անվճար ուսուցում ենք տալիս մեր ինստիտուտում: Լավ սովորելուց եւ ավարտելուց հետո նա պետք է իր հայրենի քաղաքում տուրիստական կենտրոն բացի: Բայց մի մարդով չէ, որ կաշխատի այդ կենտրոնը կամ այլ կենտրոններ: Ինչո՞ւ բոլոր բուհերն այդ օրինակին չհետեւեն, կոնկրետ օգտակար գործ, համագործակցություն ու ներդրում չանեն», առաջարկում է Ռ. Մինասյանը:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4