«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2008-05-20 | #96, 2008-05-21 | #97, 2008-05-22


ԴԻՎԱՆԱՏԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԸ` ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ, ԱՄՈՒՐ ՈՒ ՉՈՐ ՀԻՄՔԵՐՈՎ

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Վերջին ժամանակներում Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նմանվել է մի մեծ շինհրապարակի: Մայրավանքի տարբեր անկյուններում շինարարներ են, քարտաշ մեքենաներ ու շինարարական եռուզեռ: Վերանորոգում են, վերակառուցում, նորը կառուցում, միաժամանակ պահպանելով ծաղկազարդ ու մաքրամաքուր կանաչապատ տարածքները:

Երեկ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ բացվեց եւ օրհնվեց նորակառույց դիվանատան շենքը: Ավելի քան 25 սենյակներով երկհարկ շինությունը, որ նաեւ նկուղային հարկաբաժին ունի, կառուցվել է 3 տարում: Տեղակայված է վեհարանի ձախ թեւի հետնամասում: Կառուցված է գեղեցիկ ու մայրավանքի մյուս շինություններին ներդաշնակ ոճով: Հայկական ճարտարապետական ավանդույթներին հավատարիմ, ներսից կամարակապ շինությունը հրաշալիորեն զուգորդում է ժամանակակից հարմարավետությունն ու զուսպ, ճաշակով ներքին հարդարումն ու ձեւավորումը: Շինությունը նաեւ վերելակ ունի:

Դիվանատան նորակառույց այս շենքում գործելու են կաթողիկոսական գրասենյակը, առանձին բաժիններ, որոնք համակարգելու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները Հայ եկեղեցու թեմերի, զանազան պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ու կառույցների հետ:

Շենքի հանդիսավոր բացման եւ տնօրհնեքի արարողության ժամանակ Գարեգին Բ Վեհափառ հայրապետն իր շնորհավորանքի խոսքում օրհնությամբ հիշատակեց ամերիկահայ բարերարներ Արտեմիս եւ Նազար Նազարյաններին, ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին եւ շինարարին` «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին, որի ղեկավարությամբ տարիների ընթացքում բազում շինարարական աշխատանքներ են իրականացել Մայր աթոռում: «Մենք մեր բարձր գնահատանքն ենք բերում Գ. Գալստյանին ցուցաբերած ազնվության, պարտաճանաչության, նախանձախնդրության համար եւ նրա կուրծքն ենք զարդարում Հայ եկեղեցու բարձրագույն Ս. Ներսես Շնորհալու անունը կրող շքանշանով», նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառը նաեւ հիշեց. «Դիվանատունը գործում էր սուղ պայմաններում, վեհարանի ընդամենը 4-5 սենյակներում 10 պաշտոնյաների միջոցով: Մենք վստահ ենք, որ այս նորակառույցը պիտի առավել արդյունավետ դարձնի դիվանատան գործունեությունը, որը միայն անցյալ տարի շուրջ 4000 նամակ է առաքել, չհաշված կոնդակները, օրհնության գրերը եւ այլ գրագրություններ: Բնականաբար, սրանից հետո գրագրությունն ավելի պիտի աշխուժանա»:

Այս շենքը առաջիկա 2 տարիներին կծառայի որպես վեհարան, քանի որ վեհարանի ավելի քան կեսդարյա հնության շենքը հիմնարար վերանորոգության է ենթարկվելու: Մայրավանքի գլխավոր ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը հավատացնում է, որ հսկա շինհրապարակի վերածված մայրավանքը երկու տարվա ընթացքում ամբողջովին բարեկարգված կլինի: «Մենք կունենանք նոր մկրտարաններ` մեծահասակների եւ փոքրահասակների (համարյա ավարտին են մոտենում կառուցապատման աշխատանքները), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դիմաց արդեն հիմքերից բարձրացել է Հրեշտակապետաց նոր, կլոր եկեղեցին, որը պիտի բացվի նաեւ քաղաքային կենտրոնական հրապարակի վրա: Պատրաստ է ավտոտնտեսության նոր շենքը, նորոգվելու են ճեմարանի նախկին հանրակացարանային շենքը` Երեմյան խցերը, հին վեհարանը: Մտածում ենք կառուցել գորգերի եւ վարագույրների թանգարան, որը կլինի հավանաբար միակը ողջ տարածաշրջանում», մանրամասնեց Ա. Նազարեթյանը:

Գլխավոր ճարտարապետին հարցնում ենք մայրավանքում (չնայած, առաքելական մեր գրեթե բոլոր եկեղեցիներում այդ խնդիրը կա) տիրող խոնավության մասին: «Վաղարշապատ քաղաքի տարածքի եւ հատկապես Մայր աթոռի տարածքի հիդրոերկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ստորգետնյա ջրեր կան, որոնց մակարդակը հասնում 4 կամ 4,5 մետրի: Կաթիլային խոնավությունը հիմքերի միջոցով բարձրանում է պատերի վրա: Խոնավության բարձրությունը տարվա եղանակից է կախված: Նախկինում այդ խնդիրը չի եղել, քանի որ դրենաժային համակարգ է գործել մայրավանքի ամբողջ տարածքում. հորերի միջոցով ջրերն ուղղորդվել են դեպի Ներսիսյան լիճ, որտեղից էլ ջուրն օգտագործվել է ոռոգման կարիքների համար: Հիմա ոչ թե դրենաժային համակարգն ենք վերականգնում, այլ ուրիշ միջոցներով ենք փորձում խոնավությունից ազատել շենքերը: Մի փորձ արել ենք տպարանի շենքում` հիմքերը օդափոխության ենք ենթարկում բնական ճանապարհով, եւ ջրի մակարդակը մնում է հիմքերի մեջ, որն ինքնին անվտանգ է հիմնատակի գրունտների հաշվին: Ինչ վերաբերում է նորակառույց դիվանատան շենքին, այն մի քանի շերտերով, հատուկ նյութերով խոնավազրկված, ջրամեկուսացված հիմքեր ունի», նշեց գլխավոր ճարտարապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4