«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2008-05-30 | #103, 2008-05-31 | #104, 2008-06-03


ՄԻԱՅՆ ԱՆԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը հայոց մամուլում իր արտացոլումն է գտնում արտաքին նկարագրական թեքումով: Ակնհայտ է, որ հայ ընդդիմությունը հենվում է ժողովրդի անբավականության վրա, որ ծնունդ է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եւ նախապես առաջացած անարդար իրողությունների: Այդուհանդերձ, ի տարբերություն հայկականի, ռուսական լրջմիտ մամուլը միշտ էլ փորձում է վերծանել նմանատիպ քաղաքական բեկումնային գործընթացների ենթատեքստերը, ներքին ու արտաքին ազդեցության լծակները, գործողությունների շարժիչ ուժերը եւ այլն: Բերելով որոշ մեկնաբանություններ ու խորհրդածություններ, հիմնականում արտաքին ներգործությունների մասին, բնավ էլ խնդիր չի դրվում դրանք նույնացնելու հայ իրականության հետ: Բայց որոշ ենթադրություններ, երեւի, կարելի է անել:

Խորհրդային Միության քայքայումից հետո ԱՄՆ-ը, դառնալով աշխարհի միահեծան տնօրենը, ինքնահավանությամբ սկսեց գործել ուժի դիրքից եւ արկածախնդրության մեջ մխրճվեց Աֆղանստանում, Իրաքում, սպառնում է Իրանին: Սակայն Ամերիկան իր արտաքին քաղաքական շատ ներգործություններ իրականացնում է նուրբ ազդեցության քաղաքական տեխնոլոգիայի միջոցով: Ներկա պատմական ժամանակահատվածում այդօրինակ միջամտությունը բավականին արդյունավետ է գործում Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում:

Ամերիկացիներն այդ երկրներում իրենց շոշափուկները տարածելու նկրտումներում շեշտը չեն դնում դրանցում գործող կուսակցությունների վրա, որովհետեւ համոզված չեն, թե այդպիսիք գոյություն ունեն դասական իմաստով եւ կարող են գործել որպես մեկ մարմին: Այլ կերպ ասած, գործընթացն աշխատատար է եւ արդյունքի տեսակետից նվազ հուսալի: Ահա եւ նրանք փնտրում-գտնում են անհատների, որոնք ընդունակ են վերահսկելու տվյալ կուսակցությունը կամ համապատասխան ուժերը եւ գործելու Ամերիկային ձեռնտու ուղղությամբ: Ջանքերը կենտրոնացվում են հենց այդ ասպարեզում. գործի են դրվում ԶԼՄ-ները ինչպես տվյալ երկրում, այնպես էլ բուն Ամերիկայում այդ անձի դրական (դեմոկրատական-լիբերալ) կերպարը կերտելու համար, միաժամանակ առավելագույնս հեղինակազրկելով հակառակորդներին: Ընդսմին ամերիկացիներն իրենք մեծ գումարներ չեն ներդնում այդ երկրների ԶԼՄ-ների «գնման» վրա: «Դեմոկրատիայի» զարգացման կարգախոսով նրանք տեղի կառավարությանը ստիպում են ֆինանսներ հատկացնել սեփական բյուջեից: Ելցինի ժամանակ, օրինակ, Ռուսաստանի հեռուստատեսությունն ու մամուլը հայտնվեցին հրեաների ձեռքին, որոնք գովերգելով «մեծ դեմոկրատին», շրջափակում էին ընդդիմության ընդվզումները, հնարավորություն տալով ամերիկացիներին ոչ միայն վերահսկելու բուն նախագահի գործունեությունը, այլեւ «լիբերալ» մեթոդի արմատավորումով քայքայել էկոնոմիկան եւ «ազատության» (ըստ էության քաոսի ու ամենաթողության) միջոցով այլասերել ժողովրդին: Յանկիները Յուշչենկոյի համար «հարսնացու» ընտրեցին ուկրաինական ծագումով մի ամերիկուհու, որը գործիք դարձավ նրանց ձեռքին: Մերձբալթյան երկրներում պետության ղեկավարներ դարձան արեւմտյան «կոփվածքի» նախկին վտարանդիներ: Սաակաշվիլին Ամերիկայում թե Եվրոպայում ուսանելիս բազմակողմանիորեն ներծծվում էր արեւմտյան «արժեքներով»:

Ամերիկայում առհասարակ հատուկ ուշադրություն են դարձնում այլ երկրներից կրթության նպատակով եկած երիտասարդներին: Նրանց խորությամբ դաստիարակում են իրենց ոգով եւ որոնք, վերադառնալով հայրենիք, գործում են որպես գաղափարական համոզված գործակալներ ուղղակի կամ փոխաբերական իմաստով (լիբերալ միտքը հեշտ է թափանցել ու վերահսկել, ի տարբերություն տոտալիտարների):

Գրեթե նույն նպատակին են ծառայում ոչ կառավարական կազմակերպությունները, որ ԱՄՆ-ը ստեղծում է այդ երկրներում «հումանիստական» նկատառումներով: Իրականում նպատակը մեկն է` տեղացիներին` լրագրողների, սոցիոլոգների, տնտեսագետների, պատմաբանների, քաղաքականագետների եւ այլն, դաստիարակել նույն ամերիկամետ-արեւմտամետ ոգով:

Ընդսմին, իշխանության գլուխ բերելով իրենց դրածոյին, ամերիկացիները շարունակում են իրենց ձեռքում պահել սեփական աշխատանքի արդյունքները` գնված ԶԼՄ-ները, պատրաստված լիբերալ դասը, ոչ կառավարական կազմակերպությունները, դրանով իսկ կառավարչին պահելով իրենց ազդեցության ներքո: Վերջինիս ներկայացվում է կոնկրետ ծրագիր, որից այդ անձը ցանկության դեպքում անգամ չի կարող շեղվել: Հակառակ դեպքում շատ արագ նա կվերածվի «հակադեմոկրատի ու բռնակալի», դրանից հետեւող անմխիթար հետեւանքներով:

Մեկնաբանություններում հատուկ ընդգծվում է այն միտքը, որ մեղմ ազդեցության տեխնոլոգիան ամերիկացիների համար ոչ միայն քաղաքական գործողություն է, այլեւ յուրօրինակ խոշոր բիզնես, այն էլ` շահութաբեր: «Նվաճված» երկիրը նրանց համար դառնում է շուկա եւ հումքի աղբյուր, նրանք սեփականաշնորհում են (իրենց ձեռնտու գներով) պետական օբյեկտներ, մենաշնորհ են ձեռքբերում տնտեսության շատ ճյուղերում, բացվում է մուտք դեպի պետական բյուջե եւ այլն: Այսինքն, նրանք մտահոգվում են միայն իրենց շահերով:

Անշուշտ չի կարելի ասել, թե ամերիկացիներն իրենց մեղմ ազդեցությամբ հաջողության են հասնում ամենուրեք: Հատկապես վերջին ժամանակներս, կորցնելով միաբեւեռ աշխարհի արտոնությունները, նրանք հակազդեցության են հանդիպում ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Լատինական Ամերիկայում, ասիական աշխարհաշրջանում: Առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում թափանցել Բելառուս:

Սակայն ամերիկացիներն ամենամեծ պարտությունը կրեցին Ռուսաստանում, մի երկրում, որտեղ մեղմ ազդեցությունը փառահեղ արդյունքներ էր տվել. երկիրը ծնկի էր բերվել բոլոր առումներով` քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյական (Ելցինի առանցքային նախարարներին ամերիկացիներն էին նշանակում): Եվ թվում էր` անհայտ մեկին դարձնելով երկրի նոր ղեկավար, իրադարձությունները կշարունակեն զարգանալ հօգուտ Ամերիկայի: Սակայն Պուտինը ոչ միայն ինքնուրույն քաղաքական խաղացող դուրս եկավ, այլեւ ստիպեց հաշվի նստել իր հետ, ինչն առաջ է բերում ամերիկացիների եւ առհասարակ Արեւմուտքի անզոր կատաղությունը: Ինտերնետում կա մի կայք, որտեղ օպերատիվորեն ռուսերեն են թարգմանվում քաղաքական եւ այլ բնույթի հոդվածներ եվրոպական եւ ամերիկյան առաջատար թերթերից: Եվ եթե, ասենք, Սաակաշվիլուն նվիրված գրեթե բոլոր նյութերը դրական են, ապա Պուտինի մասին հրապարակումները` ծայրահեղ մերժողական: Դրանցից թույն է թափվում, որովհետեւ Պուտինը մտածում է իր երկրի մասին:

Ափսոս, որ Հայաստանը դեռեւս չի կարողանում գտնել իր երկիրը ոտքի կանգնեցնելու ընդունակ ղեկավարի:

ՌՈԻԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4