«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՈՏՔ ԵՍ ԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ԱՆԿՅՈՒՆ` «ԱՐՄԵՆԻԱ» ՏԱՂԱՎԱՐ

Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (նախկին ԹԺծղ) «Արմենիա» տաղավարը դարձել է Մոսկվայում Հայաստանի էկոնոմիկան եւ մշակույթը արդյունավետ ներկայացնող անկյուններից մեկը: Այստեղ ներկայացված մշտական ցուցադրությունները պատկերացում են տալիս մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի ներկա մակարդակի եւ հնարավորությունների, հայ արվեստագետների ստեղծագործությունների, հայկական խոհանոցի յուրահատկությունների մասին:

Օրինաչափություն է դարձել, որ հայոց երկրով ու նրա ժողովրդով հետաքրքրվող շատ անձինք` պաշտոնով թե անպաշտոն, այստեղ են գալիս իրենց իմացությունը խորացնելու կամ թարմացնելու նպատակով: Հերթական հյուրն էր Մոսկվայի նշանավոր Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Անատոլի Վասիլեւիչ Տորկունովը: Ինստիտուտում սովորում են զգալի թվով հայազգի ուսանողներ, որոնց թվում նաեւ որոշակի քվոտայից օգտվող հայաստանցիներ, եւ ռեկտորին հետաքրքրում էին իր սաների ապագայի հեռանկարները: Բացի այդ, նման ոչ պաշտոնական նախաձեռնություններում ոչ պակաս դեր է խաղում նաեւ տվյալ երկրի նկատմամբ տվյալ մարդու անձնական վերաբերմունքի պահը: Իսկ Տորկունովը չէր թաքցնում իր մեծ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ:

Հյուրին ուղեկցում եւ պարզաբանումներ էր տալիս ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Ռեկտորը ոգեւորությամբ ծանոթացավ բոլոր տնտեսական ցուցադրություններին, հիացմունք արտահայտեց հայ նկարիչների, քանդակագործների, ոսկերիչների աշխատանքներից, «համտեսեց» հայկական կոնյակ եւ գինի: Մտերմիկ զրույցի ժամանակ Ասոյանի այն հարցին, թե Միջազգային հարաբերությունների ինստիտուտը չի՞ պատրաստվում մասնաճյուղ բացել Երեւանում, ակադեմիկոս ռեկտորը պատասխանեց, որ իրենք առայժմ արտասահմանում մասնաճյուղեր չեն ստեղծում, իսկ եթե նման գաղափար առաջանա, ապա Հայաստանը կլինի ամենահավանական թեկնածուների թվում: Նա նաեւ ասաց, որ ինքը հայ բարեկամներ շատ ունի, բարձր է գնահատում հայ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակը եւ որ անտարբեր չէ... հայկական խոհանոցի նկատմամբ: Բնական է, որ հանդիպմանը ներկա բոլոր հայերը շոյված էին նման շռայլ մոտեցումներից:

Ավելացնենք, որ հաջորդ օրվա հյուրը այլազգի չէր. տաղավար այցելեց պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ: Հասկանալի է, որ նրանք արդեն հայրենի օջախ էին ոտք դրել:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4