«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՑԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՋԻՆԱՍԻԱՑԻՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Ըստ երեւույթին Ռուսաստանում հանգրվանած միլիոնավոր միջինասիացիները ինչ-որ տեղ մեղմացնում են հակակովկասյան կրքերը: Կովկասցիների համեմատ աչքի են զարնում առաջինների քանակական գերազանցությունը եւ որակական ցածրությունը: Թեեւ մուսուլմանական այդ հանրությունն առայժմ ագրեսիվություն կամ լկտիություն չի դրսեւորում եւ այս երկրում կատարում է որակավորում չպահանջող ցածրավարձ աշխատանքներ:

Սակայն կա մի հանգամանք, որը գուցե նպաստի միջինասիացիների նկատմամբ դրսեւորվող ռուսների արհամարհանքի վերածմանը ատելության: Տարեկան Ռուսաստան է մուտք գործում մոտ 20 միլիոն արտասահմանցի, որի գերակշիռ մասըՙ աշխատանքի որոնումներով: Բնական է, որ այդ ահռելի զանգվածը չի կարող կիրառելի դառնալ որպես աշխատուժ: Ներգաղթողների գրեթե չկարգավորվող այս հոսքն իր հետ բերում է նաեւ հանցագործությունների աճ: ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով, արտասահմանցիների կատարած հանցագործությունների թիվն անցյալ տարվա համեմատ ավելացել է 23,6 տոկոսովՙ կազմելով 50 հազար: Եվ այս ընդհանուր քանակի մեջ հետաքրքրական միտումներ են դրսեւորվում: Եթե նախկինում ներգաղթողների վերաբերյալ քրեական ամփոփագրերում առաջատարը կովկասցիներն էին, ապա այժմ եռյակում միջինասիացիներն ենՙ ուզբեկներն ու տաջիկները, եւ ուկրաինացիները (ադրբեջանցիները, օրինակ, «իջել» են չորրորդ տեղը):

Այստեղ կարեւոր է նաեւ, որ կովկասցիներն արդեն «հնաբնակ են. Ռուսաստանի աշխատանքի շուկայում, կարողացել են էապես բարձրացնել իրենց բիզնեսի մակարդակն ու խուսափել «մանր-մունր» հանցագործություններից: Նրանք նաեւ խիստ սերտաճել են տեղի բյուրոկրատիայի հետ, ինչից դեռ շատ հեռու են միջինասիացիները:

Ի դեպ, հանցագործությունների աճ է նկատվում նաեւ Ռուսաստան ներգաղթած «իսկական» արտասահմանցիներիՙ չինացիների, վիետնամցիների, թուրքերի շրջանում: Սակայն սրանք խիստ ներփակ հանրություններ են եւ օրենքի հետ նրանց բախումները եւս խիստ յուրահատուկ են:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4