«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2008-06-21 | #119, 2008-06-24 | #120, 2008-06-25


ԲԻԶՆԵՍՈՒՄ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾ Է

Երբ ծանոթանում ես «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կենսագրությանը, զարմանում ես, թե ինչպես է ջահել երեւանցին, կոմերիտականը, կենսասեր լավատեսը հայտնվել ֆինանսների «մռայլ» աշխարհում: Մինչդեռ «առեղծվածի» լուծումը պարզ է: Գերազանց ավարտելով Երեւանի թիվ 20 դպրոցը, նրան որպես ազգային հեռանկարային շրջանավարտի ուղարկել են Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, ինչը Ռուբենը նույնպես ավարտել է ուսման առաջամարտիկի կարմիր դիպլոմով: Բայց հենց այստեղ նրա կյանքում տեղի է ունեցել անսպասելին. քանդվել է հսկա տերությունը, եւ Ռուբենը հայտնվել է, ինչպես ինքն է ասում, «ուրիշ» մի երկրում: Ի՞նչ անել գիտելիքների հսկայական տեսական պաշարով: Ծանրութեթեւ անելով իրավիճակը, նա որոշել է զբաղվել ֆինանսական ինդուստրիայի այն ուղղություններով, որոնք փաստորեն բացակայում էին կործանյալ Խորհրդային Միությունում: Խութառատ իրական կյանք թեւակոխած երիտասարդ մասնագետը առաջնորդվում էր մի քանի «արմատական» սկզբունքներով, որոնցից մեկը հռչակել էր հայրը` ճարտարապետության պրոֆեսոր Կարլեն Վարդանյանը. «Մարդ պետք է ձգտի բացարձակ սահմանագծի»: Եվ այդ հայրական կենսախորհուրդը որդուն դարձրեց հավակնոտ` եթե գործի ես լծվում, հասիր առավելագույնին:

Առհասարակ գեների հարցում Ռուբենի բախտը բերել է: Ցեղասպանությունից փրկված էրզրումցի պապը` Համո Վարդանյանը, հանգրվանելով Երեւանում, հետագայում դարձավ պատմագիտության դոկտոր: Իսկ մոր կողմով պապը եղել է... իշխան: Հայրը երկար տարիներ ճարտարապետություն է դասավանդել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, մայրը քիմիկոս է: Ի վերջո պատահական չէ, որ քույրը, չնայած իր էկզոտիկ անվանը` Մարինե Ալես, Հայաստանի երաժշտասերներին ծանոթ երգահան է:

Իսկ հիմա մի կողմ դնենք զգացմունքները եւ խորանանք խստադեմ մի հարցում` ի՞նչ է այն ընկերությունը, որ գլխավորում է մեր հայրենակիցը: «Տրոյկա Դիալոգը» Ռուսաստանի առաջատար անկախ ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել է 1991 թվականին: Գործունեության առաջատար ուղղություններն են` առեւտրական գործողություններ արժեթղթերով, ներդրումային-բանկային ծառայություններ, ակտիվների վստահական կառավարում, ուղղակի վենչուրային ներդրումներ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, մասնաճյուղեր կան Ռուսաստանի 19 քաղաքներում, Նյու Յորքում, Լոնդոնում, Կիեւում, Կիպրոսում: Անցյալ տարի ընկերության գործարքների ծավալը կազմել է 635 միլիարդ դոլար: Իսկ կառավարման տակ գտնվող ակտիվների ընդհանուր ծավալը անցնում է 10 միլիարդ դոլարից:

Եթե շարունակենք այս «թվաբանությունը», շնչահեղձ կլինենք: Ինձ նման հումանիտարի համար սոսկ պարզ է դառնում, որ դա լավ ֆիրմա է: Իսկ ահա պրոֆեսիոնալների համար... Ռուբեն Վարդանյանի վերելքն այնքան սրընթաց ու տպավորիչ էր, որ հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին պնդել, թե բիզնեսմենը հաջողությունների համար պարտական է իր... ամերիկացի հարուստ կնոջը, որ, իբր, նա օգտագործել է... հայկական մաֆիայի փողերը: Սակայն գոնե հայերս հասկանում ենք, որ նման ստահոդ լուրերի հիմքը մարդկային ամենակուլ չար զգացումն է` նախանձը:

Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել «Տրոյկա Դիալոգի» մի անսովոր յուրահատկության. պրոֆեսիոնալ առումով գերբարձրակարգ ընկերությունը առանձնանում է նաեւ իր անբասիր վարկով: Եթե, իհարկե, զարգացնենք այս միտքը եւ հանգենք այն հետեւության, թե ֆիրման այդ իմաստով գրեթե եզակի է ռուսական հախուռն խոշոր բիզնեսի ասպարեզում, ապա մեզ, անտարակույս, կմեղադրեն, թե հայերն էլի սկսեցին գլուխ գովել: Սակայն, համենայն դեպս, Ռուբեն Վարդանյանի եւ նրա բիզնեսի անունը չի հիշատակված ոչ մի հրապարակային կամ անհրապարակ սկանդալի մեջ: Մեր համերկրացին իր գործունեությամբ ապացուցեց, որ բիզնեսում ազնիվ լինելը շահավետ գործ է:

Ընկերության 1400 աշխատակիցների մեջ կան ե՛ւ ռուսաստանցիներ, ե՛ւ արտասահմանցիներ: Բնական է, որ այնտեղ չեն կարող չլինել նաեւ հայեր: Եվ ոչ թե այն պատճառով, որ գործատերը կուզենա մեկ-մեկ սիրտը քաղցրացնել հայերեն խոսքով: Ո՛չ, իհարկե: Նրա հայերը բոլորն էլ բարձրակարգ մասնագետներ են եւ կարգին մարդիկ: Հակառակ պարագայում կարող էին լինել միայն Վարդանյանի ընկերը, բարեկամը, ծանոթը:

Երեւանից հետո սովորելով Մոսկվայում, այնուհետեւ Եվրոպայում, Վարդանյանը լավ գիտի կրթության գինը: Եվ հումանիտար ուղղությունը նրա գործարար գործունեության մեջ սկզբունքային տեղ է գրավում: Նրա ստեղծած միջազգային մակարդակի կառավարման մոսկովյան «Սկոլկովո» դպրոցը արժանացավ Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի մեծ ուշադրությանն ու հավանությանը:

Բնականաբար, Ռուբեն Վարդանյանը որպես ազնիվ հայորդի, որպես նորահայտ մոսկովյան համայնքի աչքի ընկնող անդամ չէր կարող անտարբեր լինել իր մայր հայրենիքի նկատմամբ: Խոշոր բիզնեսմեն-համախոհների հետ նա ստեղծել է «Հայաստան-2020» նախագծի կոորդինացիոն խորհուրդ եւ իր շուրջը համախմբելով Հայաստանի ու սփյուռքի մասնագետներին, խնդիր է դրել հանգամանորեն ուսումնասիրել հանրապետության էկոնոմիկան եւ կանխագծել նրա զարգացման գերադաս ուղղությունները: Նրա կարծիքով, 21-րդ դարի գլխավոր պաշարը մարդիկ են, իսկ Հայաստանը հարուստ է տաղանդներով, հետեւաբար նա ոչ թե սոսկ պիտի գոյատեւի, այլեւ բարգավաճի:

Ռուբեն Վարդանյանը առանձնակի սիրով ու պատկառանքով է վերաբերվում Հայ եկեղեցուն: Նա հաճախ է լինում Էջմիածնում, ընդ որում ոչ միայն որպես նրա նվիրյալ աստվածասեր որդի` իր նախաձեռնություններով ու օգնության առաջարկություններով. նա Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ է` մեկը հինգ աշխարհականներից: Իսկ Մոսկվայում նա, ամեն անգամ Օլիմպիյսկի պողոտայով անցնելիս, ժամանակ է գտնում այցելելու այնտեղ հառնող հայկական եկեղեցական համալիրը, որի կառուցմանը շոշափելի ֆինանսական նվիրաբերումներ է կատարել:

Ռուբեն Վարդանյանի անունն անգամ լսելիս տեղի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի դեմքը պայծառանում է: Հսկա կառույցը հսկայական միջոցներ է պահանջում եւ ով, եթե ոչ մեր մեկենասի նման մարդիկ կարող են աջակցել այդ ազնիվ գործին: Հենց նրանց մասնակցությունն է հույս ներշնչում, որ մոսկովյան հոգեւոր կառույցի շինարարությունը կավարտվի ժամանակին:

Օրերս լրացավ Ռուբեն Վարդանյանի ծննդյան 40-ամյակը: Հիանալի տարիք, ինչպես ասում են, նոր մեծագործությունների համար:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4