«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ. ԳՈՒՑԵ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼԵԶՈ՞Ւ ՍՏԵՂԾԵՆՔ

Հավանաբար Գինեսի գրքի բոլոր ռեկորդները անսովոր են եւ նույնիսկ էկզոտիկ: Սակայն դրանք առավել տպավորիչ են, երբ վերաբերում են ինտելեկտուալ ոլորտին: Մոսկվացի մեր հայրենակից Սամվել Ղարիբյանը կրկնակի ռեկորդակիր է բառերի մտապահման գծով: Եվ ի՜նչ կա այստեղ ինքնատիպ, կասեն կասկածամիտները, բնությունը նրան հիանալի հիշողություն է պարգեւել: Բայց բանն էլ հենց այն է, որ, ինչպես Սամվելն է խոստովանում, սովորական կյանքում ինքը սովորական մարդ է սովորական հիշողությամբ: Պարզապես նա երկարամյա ջանքերով ստեղծել է ինֆորմացիայի արդյունավետ յուրացման ու մտապահման ունակությունների զարգացման սեփական տեխնոլոգիա: Այդ մեթոդիկան ինքնին գիտության, կրոնի, միստիկայի, ֆիզիկական աշխատանքի եզակի սինթեզ է:


- Ես ծննդով Ախալքալաքից եմ, պատմում է Սամվելը: Երբ սովորում էի Ռոստովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, հաճախ էի հայտնվում անհարմար վիճակում թերի հայերենիս համար: Հերթական անգամ կարմրեցի, երբ ռուս ընկերներիցս մեկը հայերենի մի գիրք ցույց տվեց եւ հարցրեց, թե ինչի մասին է: Դասագիրք ճարեցի եւ սկսեցի ինքնուրույն զբաղվել մայրենի լեզվի յուրացմամբ: Եվ քանի որ ես հոգեւոր մարդ եմ, սկսեցի միաժամանակ ուսումնասիրել մեր կրոնի պատմությունը, հետո հրապուրվեցի արեւելյան փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, յոգայով: Սակայն անսպասելիորեն տեսողության խնդիրներ ունեցա, բարդ վիրահատությունից հետո բժիշկներն ինձ մի քանի ամսով արգելեցին կարդալ: Բայց ինչպե՞ս քննություններ հանձնես առանց դասագրքերի, առանց կոնսպեկտների: Փաստորեն հայտնվել էի մի իրավիճակում, երբ կարող էի ինֆորմացիա ստանալ սոսկ լսողությամբ, հենվելով հիշողությանս վրա: Եվ այս խրթին պարագան ստիպեց ինձ մտածել ուսումնական ծրագրերի յուրացման այնպիսի մի եղանակի մասին, որը թույլ տար լուծել գոնե ընթացիկ խնդիրը` հանձնել կիսամյակի քննությունները:

- Այսինքն, այն ժամանակ չէիք պատրաստվում դառնալ «գուրու»:

- Ոչ, իհարկե, ամեն ինչ կանխորոշվեց որոնումների ընթացքում: Ամենահավաստի ուղին բնությանը հենվելն էր, իսկ այդ նույն բնության լավագույն արգասիքը մանուկներն են: Ինչո՞ւ են նրանք լավագույնս մտապահում բառերը: Որովհետեւ նրանց մեջ խոսքը թափանցում է սրտի, զգացմունքի միջով: Յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր նորություն նրանք հիշում են որպես իրենց երեւակայության ներքին աշխարհի մի կտոր: Այդ դիտարկումների հիման վրա էլ ես սկսեցի հիշողության զարգացման իմ մեթոդիկայի մշակումը:

- Անգլերենի եւ հայերենի ձեր դասագրքերը լի են ուրախ նկարներով, պատկերներով, հուշումներով:

- Ամենագլխավորն այն է, որ զուգորդումները, հատկապես երբ դրանք զվարճալի են, ընդունակ լինեն ներգործելու զգացմունքի վրա, իսկ զգացմունքները նպաստում են հիշելու գործընթացին: Ես մարդկանց մեջ զարգացնում եմ ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն, ապահովում եմ մտավոր գործունեության ֆիզիոլոգիական, հոգեբանական ու ֆիզիկական թիկունքը:

- Դուք անմիջապես քանի՞ բառ կարող եք հիշել:

- Երկու հազարից ավելի: Ես առաջին անգամ Գինեսի գրքի ռեկորդակիր դարձա, երբ միանգամից հիշեցի տասը ամենատարբեր լեզուներից թարգմանված հազար բառ, թույլ տալով ընդամենը քառասուն սխալ: Մյուս անգամ 1200 ռուսերեն բառ վերարտադրեցի այն նույն հաջորդականությամբ, որով դրանք կարդացվել էին. թերացումը կազմեց 32 բառ:

- Բայց չէ՞ որ կան մարդիկ, որոնք ընկալունակ չեն լեզուների նկատմամբ:

- Դա ոչ մի նշանակություն չունի: Չի ստացվում միայն, եթե չեն ուզում զբաղվել դրանով (ասենք, երբ ծնողները երեխաներին պարտադրում են հաճախել պարապմունքներին): Բոլոր մնացած դեպքերում դրական արդյունքն ապահովված է: Սկզբում ես ունկնդիրների ուղեղն եմ ներարկում բառերը, իսկ երբ բառապաշարն ապահովված է, քերականությունը հեշտ է յուրացվում: Ես երաշխավորում եմ, որ իմ դասընթացներին հաճախողները պարտադիր կհիշեն ավելի քան երեք հազար բառ:

- Ինչքա՞ն է տեւում նվազագույն դասընթացը:

- Տասնութ ժամ:

- Ձեր մեթոդը ուրիշները կիրառո՞ւմ են:

- Ոչ, իմ մեթոդի տեխնոլոգիական կողմը կազմում է ուսուցման 20 տոկոսը, մնացածը իմ խարիզմի արդյունքն է. ես թափանցում եմ մարդու ներաշխարհը եւ ներգործում նրա վրա: Դա անհատական որակ է, այդ պատճառով էլ ես աշակերտներ չունեմ:

- Ինչը՞ դրդեց ձեզ հրատարակելու հայոց լեզվի դասագիրք:

- Ես ապրում եմ Մոսկվայում եւ ցավով պիտի նշեմ, որ մոսկվացի շատ հայեր, հատկապես այստեղ ծնվածները, կամ վատ գիտեն, կամ էլ առհասարակ չգիտեն իրենց մայրենի լեզուն: Ես ի սրտե ուզում էի օգտակար լինել նրանց: Հատուկ մեկնեցի Երեւան իմ մեթոդիկայով դասագիրք ստեղծելու նպատակով եւ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի մասնագետների հետ հանգամանորեն քննարկեցի այդ հարցը: Ի վերջո հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանի հետ համատեղ հրատարակեցի դասագիրքը:

- Ես լսել եմ Հայաստանում «բաբելոնյան» շոու անցկացնելու ձեր ֆանտաստիկ գաղափարի մասին:

- «Շոուն» չափից դուրս արդիական հասկացություն է: Թույլ կտա՞ք փոքր-ինչ երեւակայել: Հայերս բիբլիական ժողովուրդ ենք, եւ գտնում ենք, որ Նոյի տապանը «պատահաբար» չնստեց «Արարատ լեռան վրա» (ժպտում է), եւ որ «Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում»: Ահա եւ պատկերացրեք «Հրազդան» մարզադաշտը, որտեղ հրավիրվել են մարդիկ աշխարհի բոլոր անկյուններից եւ տարբեր լեզուների բառերի խաղարկման միջոցով փորձում են ստեղծել համաշխարհային լեզու: Այսինքն, առաջարկում եմ իրականացնել մի ծրագիր, որը մտահղացված է բոլոր մանրուքներով:

- Հիրավի ֆանտաստիկա է: Եվ ինչո՞վ այդ լեզուն կտարբերվի էսպերանտոյից:

- Էսպերանտոն ստեղծել են մարդիկ, իսկ սա աստվածային ծագում կունենա...

Հարցազրույցը վարեցին ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ եւ ԺԱՆՆԱ ԱՎԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4