«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2008-09-09 | #164, 2008-09-10 | #165, 2008-09-11


ԱՄԵՆԱՏԵՍ

Հայտնի է, որ մարդն առանց օդի մեկ-երկու րոպե կարող է դիմանալ, առանց ջրիՙ մեկ-երկու օր, իսկ առանց հումորի եթե մարդը մեկ շաբաթից ավելի մնաց, ուրեմն միայն վիրաբուժական նշտարով կարելի է նրա միջից հեռացնել աննկատելիորեն սողոսկող բոլոր տեսակի մաղձերն ու թույները: Որպեսզի նման իրավիճակի առջեւ չհայտնվենք, բացում ենք «Ամենատես» երգիծական թերթոնը, որը հեռակա կարգով վարում է ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Հրազդանից: Այստեղ, ի թիվս այլ երգիծական գրչահարվածների, կերեւան նաեւ մեր հեռուստատեսային եթերից մատուցվող տեսիլքներ, որոնց ճիշտ ընկալման համար հարկավոր են...

Չշտապենք, կարդանք:

Ինքնաբուժում Pressalgin-ից

Բժիշկները Հայաստանում նոր հիվանդություն են հայտնաբերել: Ես զգացել եմ այդ հիվանդության ախտաբանական դրսեւորումները: Նախանշանները ես վաղուց էի զգում: Օրվա մեջ ամեն ինչ աչքիս մեկ մի տեսակ է երեւում, մեկՙ մի այլ տեսակ:

Դիմեցի բժշկի:

- Կարո՞ղ է խմիչքի սեր ունես,- հարցրեց բժիշկը:

- Չէ, բժիշկ, բերանս առած չունեմ:

- Կարո՞ղ է կանաչեղեն շատ ես օգտագործում:

- Էդքան էլ շատ չէ: Ինչի՞, դրանի՞ց է լինում:

- Մտածում եմ` կարող է կանաչի մեջ պատահաբար խելառ խոտ ընկած լինի:

- Դժվար թե: Բայց փոքր ժամանակ խելառ խոտ կերել եմ: Կարող է մեջս մնացե՞լ է:

Բժիշկը ուշադիր նայեց աչքերիս մեջ, հետո մտքերով ընկավ:

- Արի քեզ ուղարկեմ հոգեբույժի մոտ:

Գնացի հոգեբույժի մոտ:

Հոգեբույժին պատմեցի գանգատս: Մի քանի անձնական բնույթի հարցեր տվեց` պահանջելով պատասխանել անկեղծորեն, առանց քաշվելու: Ես նրան պատմեցի, որ ամուսնացած եմ, կնոջս հետ նորմալ քնում, արթնանում եմ, աչքս դուրսը չէ, աշխատանքի տեղում էլ պետիս հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, տրանսպորտային խցանումներն իմ վրա չեն ազդում, քանի որ օգտվում եմ մետրոյից, իմ տունն էլ սրճարաններից ու ռեստորաններից հեռու է. գիշերային աղմուկի ու անկանխատեսելի հրավառության եւ կրակոցների ձայն չեմ առնում, ջրամատակարարումը մեր թաղում գրաֆիկով է, որը, կարելի է ասել, պահպանվում է, գազից ու էլեկտրացանցից բողոքներ չունեմ, մեր բակում ժավելի սպիրտ ծախողի կանչը առավոտները քնահարամ չի անում, ամիսը մեկ անգամ լսվի, թե չլսվի, միակ բողոքս` ամեն ինչ աչքիս մեկ մի տեսակ է երեւում, մեկ` մի այլ տեսակ:

Այս ամենը լսելուց հետո, երեւում է, բժիշկը որեւէ եզրակացության չհանգեց:

- Հիմա պատմի, թե ազատ ժամանակդ ինչպես ես անցկացնում,- հարցրեց բժիշկը խորհրդավոր ժպիտը դեմքին:

- Բժիշկ ջան, ուրիշ բան մի մտածի, ամբողջ օրը թերթ եմ կարդում եւ հեռուստացույց նայում:

- Գտա, գտա,- բացականչեց բժիշկը էվրիկա արած մարդու խանդավառությամբ,- քո հիվանդությունը հենց դրանից` թերթեր կարդալուց եւ հեռուստացույց նայելուց է, այդ հիվանդության անունը pressalgin է:

- Բժիշկ, ամբողջ Հայաստանն է թերթեր կարդում եւ հեռուստացույց նայում, եկավ, եկավ էդ անտեր հիվանդությունը միայն ի՞նձ տեսավ:

- Սխալվում ես, սիրելիս, հիմա այդ հիվանդությամբ ամբողջ Հայաստանն է տառապում:

- Ինչի՞ որ:

- Բանն այն է, որ դու կարդում ես այն թերթերը, որտեղ ամեն օր գրում են, որ այս երկրում ոչ մի լավ բան չկա, բոլորը խաբում են, սկսած համատիրության նախագահից մինչեւ կրտսեր ոստիկանը, նրա պետը, պետի պետը, բոլոր ատյանների դատավորները, գլխավոր ու ոչ գլխավոր դատախազները, նախարարներն` ուժային եւ անուժ, երկրի գլուխը, ոտները, թիկունքը, բոլորը ստախոսներ ու խաբեբաներ են: Էդ հանձնաժողով կոչեցյալներն էլ քնաբեր նյութով լցված սրվակներ են, որ ստեղծվում են հատուկ մարդկանց ուղեղը թմրեցնելու համար: Իսկ հարկայինն ու մաքսայինը այս երկրի ուղտի սապատներն են, որոնք երբեք չեն դզվի: Երկրում թե մի բան փոխվի, Հյուսիսային պողոտայից սպասեք: Ազատությունՙ Ազատության հրապարակին:

Էսքան բան կարդալուց հետո մտածում ես` բա սա երկի՞ր է, էստեղ ապրել կլինի՞, չէ, արի քոչս քաշեմ, գնամ էս երկրից...

Բժիշկը մի փոքր շունչ քաշելուց հետո շարունակում է.

- Տնիցդ հեռանալուց առաջ ռուսի սովորությամբ մի հինգ րոպեի չափով նստում ես ճամպրուկիդ վրա եւ վերջին անգամ միացնում հեռուստացույցը:

Եթերում «Հայլուրն» է:

Ո՞ւր ես գնում, պարոն, դու չգիտե՞ս, որ Հայաստանը երկիր դրախտավայր է:

Հյուսիսային պողոտա ունենք, աշխարհը չունի, մեր գիշերային ակումբներն ու խաղատները ինչով են պակաս Լաս Վեգասից, չե՞ս տեսնում, որ մեր բազեներն ամեն օր նոր բարձունքների վրա են ճախրում, մեզ մնում է «երեսուներկու ատամներս» բացել ու հիանալ «երկու աստղերով», հպարտանալ երկրի տնտեսական թռիչքներով:

Ալիքը փոխում ես:

Հ2: Այստեղ էլ թաքնված տեսախցիկն է շրջում երկիր դրախտավայր Հայաստանում: Մարդիկ սկզբում հուզումների մեջ են ընկնում, հետո երբ հասկանում են, որ իրենց խաբում են, ուրախություններին չափ ու սահման չկա:

Փոխում ես ուրիշ ալիք: «Շանթ»-ի Ռուբինյան Հակոբն է հորդորումՙ «Մնացեք մեզ հետ, մնացեք Հայաստանում»:

Մի տեղ Հայկոն ու Մկոն են ծիծաղում, ու չես հասկանում ում եւ ինչի վրա են ծիծաղում:

Մի ուրիշ տեղ Ճպլն է փորձում համոզել` «Ու՞ր ես գնում, այ ընկեր, էն ա Չինաստանում Փայլակը տակ է տվել, քոռ ու փոշման տուն է եկել»:

Հերթով փոխում ես բոլոր ալիքները: Այդ ժամին բոլոր ալիքներով էլ մարտաֆիլմեր են, մտածում եսՙ չլինի Առնոլդ Շվարցենեգերը մեր հեռուստաալիքները բիրիքով է վերցրել: Մի մարտաֆիլմին հաջորդում է մյուսը, կրակոց, ջարդոց, հեռուստացույցից ուր որ է արյան շիթեր են դուրս հորդելու, չես հասկանումՙ էս երեխեքը ինչո՞ւ են գիշերները քնած տեղը «ռենջեր, ռենջեր ակտիվացիր» գոռում:

Մտածում ես` երեւի հեռուստատեսությունները որոշել են սադիստների ու մազոխիստների համար մարդ ծեծելու, մարդ մորթելու մարտարվեստի վերաբերյալ անվճար դասընթացներ անցկացնել, լավ կանեն` մարդակերություն էլ սովորեցնեն, եւ վերջապես «կարգին հաղորդումներ» կտեսնենք մինչեւ համաշխարհային աղետի վրա հասնելը:

- Կարգին հաղորդում ասացիք, հիշեցի, բժիշկ, լսե՞լ եք «Արմենիա»-ն նոր հաղորդաշար է բացում:

- Չէ, չեմ լսել:

Ապերո-Բուլոները շուտով բացելու են «Մաքուր պահենք հայոց ժարգոնը» նոր հաղորդաշարը:

Չեմ կասկածում, որ այդ հաղորդաշարը երկար կյանք կունենա. «Արմենիա»-ն այդ ասպարեզում ուսանելի փորձ ունի:

- Բժիշկ, դուրս եկավ, որ ոչ մի լավ բան չկա մեր հեռուստաեթերում:

- Կա, ինչու չկա: Մեր մեջ ասած, մենք հեռուստատեսային ազգ չենք, մենք կարգին ուրախանալ եւ ուրախացնել չենք կարողանում: Առայժմ կարծես միայն «Շանթում» ինչ-որ բան ստացվում է: Նրա «Ժողովրդական երգիչը» հիշեցնում է, որ մեր նախնիները հայ են եղել, ժողովրդական ու աշուղական երգեր են ունեցել: Չնայած այս դեպքում էլ օրվա որոշ թերթեր կարդալուց հետո առանձին երգեր պետք է փոփոխության ենթարկվեն, օրինակՙ «Ձախորդ օրերը մարտի մեկի նման կուգան ու կմնան», «Աշխարհս մե պողոտա է, նստացույցերից բեզարիլ եմ»: Իսկ, ասենք, Ջիվանու «Իրենք սնունդ չունեն ապրելու համար, հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք»-ը փոփոխության ենթակա չէ. եկեղեցին պիտի հեռու մնա քաղաքականությունից:

- Բժիշկ, տեսնում եմ, քո լեզուն էլ չի պտտվում մի լավ բան ասես: Կարո՞ղ է հանրահավաքները քո վրա էլ են ազդել: Հա, մոռացա ասեմ, որ ես մեկ-մեկ էլ հեռուստասերիալներ եմ նայում, դրանց մասին ի՞նչ կասես:

Եթե Հ1-ի հեռուստասերիալներն ես նայում, ուրեմն մեկընդմիշտ մոռացիր, որ գտնվում ես Հայաստանում, հեռավոր Բրազիլիայից, Մեքսիկայից ու Արգենտինայից քեզ տուն բերել չի լինի: Մի կողմից շատ լավ է, որ այդ սերիալների հերոսները մեզանից հեռու են ապրում: Այդ սերիալներում, որպես պարտադիր պայման, բոլորը բոլորի տակ են փորում: Ինտրիգներ, խարդախություններ, կեղծիքներ, մենք նման բաների սովոր չենք: Մյուս կողմից էլ թվում է, թե մենքՙ հայերս, այդ սերիալներից չենք կարողանում հագենալ: «Սիրո օրենքը» շուտով հայկական պատվերով են նկարահանելու: Հ1-ի ղեկավարները գտնում են, որ դրանցում ուսանելի շատ բաներ կան հայերի համար, օրինակՙ կանայք եւ տղամարդիկ պարտադիր պիտի դավաճանեն միմյանց իրենց տեգրերի ու քենիների, թիկնապահների եւ սպասուհիների հետ: Երեւի մտածում են, որ հայերս աշխարհից կտրված չպիտի մնանք:

Միայն մի բանից պիտի զգուշանալ. վերջում հիշողությունդ էլ քեզ է դավաճանելու: Իրար հաջորդող տարբեր սերիալների միանման դեպքերը եւ հերոսները կարող են շփոթեցնել քեզ, նույն մարդը մի սերիալում մեռնում է, հաջորդում կրկին հայտնվում: Խորհուրդ է տրվում իրար չխառնելու համար հատուկ քարտարան պահել: Մեռավ մարդըՙ վրան խաչ քաշի, նորից աչքիդ երեւաց, դիմիր հոգեբույժին:

- Դե լավ է, ձեզ համար գործ է բացվում: Բժիշկ, բայց ես ավելի շատ «Շանթի» եւ «Արմենիայի» սերիալներն եմ նայում:

- Իսկ եթե «Շանթ»-ի եւ «Արմենիա»-ի հեռուստասերիալներն ես նայում, ուրեմն դու այլեւս չես կասկածի, որ մեր երկիրը հաստատապես քրեականների ձեռքում է, մնում է նրանց հետ կապեր ստեղծելու «պովոդ» գտնել, թե չէ իմունիտետից կզրկվես:

- Բժիշկ, կարո՞ղ է իմանաս, «ԱԼՄ»-ի Տիգրան Կարապետյանը ե՞րբ է արձակուրդ գնալու:

- Ինչի՞ համար ես հարցնում:

- Որ մենք էլ հանգստանանք:

- Նա չի կարող հանգստանալ, մինչեւ վերջին հագարացուն դուրս չհանի երկրից:

- Բժիշկ, երեւում է, Կարապետիչին Գեւորգ Մարզպետունու հետ խառնեցիր, նա ընդամենը կենտրոնամետ է:

- Եթե կենտրոնամետ է, թող «Կենտրոն»-ում աշխատի:

- Բժիշկ, կարո՞ղ է դու արդեն ինձ գժի տեղ ես դրել: Թե էնքան ես գժերի հետ աշխատել, որ դու էլ ես գժվել:

- Չէ, չէ, պարզապես ուզում էի քեզ ապացուցել, որ աչքիդ երկու պատկերների երեւալը կապված է թերթեր կարդալու ու հեռուստացույց նայելու հետ:

- Ի՞նչ ես ասում, բժիշկ, էլ թերթ չկարդա՞մ, հեռուստացույց չնայե՞մ:

- Ես դա չասացի, դու ասացիր:- Բժիշկը նայեց չորս կողմը:- Հիմա պատերն էլ ականջ ունեն:

- Բա ի՞նչ անեմ, բժիշկ:

- Մոտ արի, ասեմ: Շարունակիր թերթ կարդալ եւ հեռուստացույց նայել: Ջոկի՞ր:

- Չե, չջոկի:

- Շան կծածին շան մազը կբուժի: Pressalgin -ի ամենաարդյունավետ բուժումն այն է, որ կարդացածդ ու լսածդ սրտիդ մոտիկ չընդունես, մի քիչ ավելի ուշադիր նայիր շուրջդ, կհասկանաս` ինչն է ճիշտ, ինչը` սխալ, ով է ում ջրաղացին ջուր լցնում, ով ում թասին երգ երգում, ով է կորցնում, ով գտնում, ով է կատարողը, ով` պատվիրողը:

- Բժիշկ, հիմա ես ի՞նչ անեմ, բանուգործս թողնեմ, թերթերի ու հեռուստացույցների ճիշտն ու սխալը որոշելո՞վ զբաղվեմ: Եթե իսկապես բժիշկ ես, բուժիր, չէ, գնամ ուրիշ բժշկի մոտ:

- Ում մոտ ուզում ես, գնա, այս հիվանդությունը բուժում չունի:

- Եվրոպայո՞ւմ էլ չեն բուժում:

- Այո, այնտեղ էլ, աշխարհի ոչ մի երկրում չեն բուժում:

- Բա ի՞նչ անեմ, բժիշկ, գնամ մեռնե՞մ:

- Չես մեռնի, մի վախիր, այս հիվանդությունից ոչ ոք չի մեռել:

- Քո ասելով` ոչ ոք էլ չի բուժվել: Ուրեմն ամբողջ կյանքս տառապե՞մ:

- Կա միայն մի բուժում:

- Ո՞րն է:

- Ինքնաբուժում:

- Ի՞նչ է պետք դրա համար:

- Վերցնում ես երկու ակնոց:

- Սովորակա՞ն:

- Չէ, մեկը սեւ, մյուսը վարդագույն:

- Առա:

- Սեւ ակնոցով հեռուստացույց ես նայում, վարդագույնով քո էդ թերթերն ես կարդում: Մեկ-մեկ էլ կարող ես հակառակն անել: Հետո գիշերը քնից առաջ տեսածիդ ու կարդացածիդ մասին մի քիչ մտածում ես, աչքերդ իրենք իրենց փակվում են: Բարի գիշեր:

- Բարի գիշեր: Բժիշկ ջան, չի լինի՞, որ ոչ թերթ կարդամ, ոչ էլ հեռուստացույց նայեմ:

- Չի լինի, ասացի, կյանքից հետ կմնաս: Դա էլ արդեն ուրիշ հիվանդություն է:

Դրան ուղեկցող ախտածին երեւույթներին կանդրադառնանք մեր հաջորդ հանդիպմանը:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4