«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻՆ ՆՈՐ ՇՈՒՔՈՎ

Երեւանցիների ամենասիրելի ու գողտրիկ վայրերից մեկըՙ «Սիրահարների» այգին, 1949-ին ռուս մեծ բանաստեղծ Ալ. Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է Պուշկինի այգի: Սակայն 1995-ին Երեւան քաղաքի պատգամավորների խորհրդի որոշմամբ, զբոսայգին վերանվանվեց Սիրահարների, իրեն հարող Դեմիրճյան փողոցով, որը ժողովրդի կնքահայրությամբ կոչվել է նույնպես Սիրահարների: Մինչեւ 2006-ը այգին լքված ու ավերված վիճակում էր, չնայած խնամքը հանձնարարված էր նաեւ անհատների:

2000 թվականին «Պողոսյան» հիմնադրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ ստեղծեց հանրապետության նախագահի մրցանակ, որը տրվում է բնական, տեխնիկական եւ հումանիտար գիտությունների, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, արվեստի ու գրականության բնագավառներում ունեցած ձեռքբերումների համար: Բեյրութում լիբանանահայ բարերար Ռոբերտ Պողոսյանի ստեղծած հիմնադրամը սկզբում կոչվել է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ», այնուհետեւՙ «Պողոսյան» հիմնադրամ, որը ղեկավարում են Ժան (բնակվում է Բելգիայում) եւ Ալբերտ (բնակվում է Շվեյցարիայում) Պողոսյանները: Շուրջ 8 տարի «Պողոսյան» հիմնադրամի ջանքերով երկու տասնյակ մշակութային օջախներ, ջրամատակարարման ցանցեր են վերանորոգվել, օժանդակել են փառատոներ եւ այլն, արժանացել «Անանիա Շիրակացի» մեդալի: Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի կոչվելու պատիվը վաղուց է տրվել Պողոսյան եղբայրներին:

Պողոսյան եղբայրներին հուզել է, որ անկախության տարիներին մայրաքաղաք Երեւանում շատ կանաչ տարածքներ ոչնչացվեցին եւ քաղաքի օդային ավազանը մաքրելու, հանգստի գողտրիկ մի վայր ստեղծելու գաղափարով տոգորված, նրանք հանձն առան Սիրահարների այգու վերակենդանացման դժվարին գործը: Այգու նախագծման աշխատանքները հանձնարարվում է հանրաճանաչ ճարտարապետ Պիեռ Ռամբախին, որը հեղինակ է Շվեյցարիայում ճապոնական ոճով բազմաթիվ այգիների: Ճարտարապետը Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելությունների ընթացքում ուսումնասիրել է լանդշաֆտի առանձնահատկությունները, դրանք համադրելով ճապոնական ավանդական պարտեզների սկզբունքներինՙ Հայաստանում առաջին ճապոնական այգու ստեղծման համար:

Սիրահարների այգին այժմ զբաղեցնում է 1,5 հա տարածք, որտեղ կառուցվել են երկու արհեստական լճակՙ կղզյակներով: Դրանցից մեկը կլինի բեմահարթակՙ առջեւում 200 նստատեղով ամֆիթատրոն: Այգում կառուցվել են 2 ջրվեժներ, որոնցից հոսող ջուրը թափվելու է մեծ լճակի մեջ: Խաղահրապարակի հարեւանությամբ կառուցվելու են մանկական լողավազան, բացօթյա սրճարան, 5 տաղավարներ:

Հիմնադրամի ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանգստի գողտրիկ այգին կունենա մոտ 1,05 հա կանաչապատ մակերես, որտեղ 150 տարվա պատմություն ունեցող ծառերի կողքին կտնկվեն նորերը, մոտ 370 ծառեր կունենան իրենց անձնագիրը, կմշակվի նրանց երիտասարդացնելու խնդիրը: Կտնկվեն թփեր, ծաղիկներ, իսկ լճակների վրա կաճեցվեն գույնզգույն ջրաշուշաններ: Այգու բացումը նախատեսվում է հոկտեմբեր ամսին: Արդեն տեղադրվել են Արագած լեռան ստորոտից, Սեւանա լճի շրջակայքից, Վեդու տարածքից բերված տրավերտինից, բազալտից, տարբեր երանգների տուֆից ու խճաքարերից ձեւավորված եւ կառուցված ջրվեժները, արհեստական բլուրները, քարե կոմպոզիցիաները, որտեղ ձայնային եւ լուսային էֆեկտների հետ մեկտեղ կտեղադրվեն քանդակներՙ իրենց պատմություններով:

2007-ի մայիսից սկսված այգու շինարարության ընթացքում թարմացվել ու պարարտացվել է հողը, անցկացվել է ավտոմատ ոռոգման համակարգ, որով որոշվելու են հողի խոնավությունը եւ անհրաժեշտ ջրի չափը: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ն (տնօրեն Գեւորգ Մելիքյան) եւ մի շարք այլ ՍՊԸ-ներ:

Սիրահարների այգու բացումից հետո «Պողոսյան» հիմնադրամը ամբողջովին ստանձնելու է այգու խնամքն ու պահպանությունը 18 տարի շարունակ: Այգին իր նոր տեսքով նորություն կլինի ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի զբոսայգիների շարքում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4