«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ

Լսումներ ԼՂՀ խորհրդարանում

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների թեմայով հերթական` երրորդ քննարկումներն Արցախի խորհրդարանում առավել ընդգրկուն էին: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած լսումներին մասնակցում էին նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ փոխարտգործնախարարը, ղարաբաղյան կարգավորման փորձագետներ: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած այս լսումներն, ի տարբերություն նախորդների, բաց ռեժիմով էին, լրագրողների համար մուտքն ազատ էր:

Ներկաներին ողջունեց Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը , որն անդրադարձ կատարելով տարածաշրջանային նոր զարգացումներին` իր նկատառումներն արտահայտեց դրանց առնչությամբ:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանը հանդես եկավ տեղեկատվությամբ: Բանախոսի տեսակետով` տարածաշրջանում առկա է նոր ուժային դասավորումների խնդիրը, որն անպայման կազդի միջազգային ընկալումների վրա: Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչվել են էթնիկ զտումների փաստարկների հիման վրա, սակայն չպիտի մոռանալ, որ Ղարաբաղն այդ փուլերն անցել է, եւ այս առումով ԼՂՀ-ի իրավաքաղաքական ու բարոյական հիմքերը խիստ ակնառու են, շեշտեց նախարարը: Գնահատելով Թուրքիայի նախաձեռնությունները կովկասյան անվտանգության պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, Գեորգի Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ թեպետ Թուրքիան պնդում է, թե իր առաջարկած տարբերակն այլընտրանք չէ կարգավորման մյուս տարբերակներին, սակայն դա կարող է վաղը հայտնվել բանակցությունների սեղանին: Ուստի, գտնում է արտգործնախարարը, մենք պետք է մեր դիրքորոշումը կարծր հստակության մեջ պահենք` առանց Ղարաբաղի հետ համաձայնության ոչ մի հարց չի կարող լուծվել:

Խորհրդարանի «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն այն կարծիքին է, թե Արեւմուտքի` Կոսովոյի ճանաչման հիմքը ոչ թե իրավունքի, այլ քաղաքական շահի տեսանկյունից էր: Նույն կերպ է մոտեցել նաեւ Ռուսաստանը Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելիս: Այս համապատկերին անհրաժեշտ է դառնում այլ երկրների կողմից ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացն սկսելը: Ղարաբաղը օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի` հատկանշելով, թե ինչ տարածքի վրա է կառուցվում անկախությունը: Իսկ տարածքների հետ կապված փոխզիջումն անթույլատրելի է, գտնում է պատգամավորը: Նրա այս տեսակետը պաշտպանեցին նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ընդ որում, Արցախի կոմկուսի ղեկավարը մտահոգության ավելի լայն շեշտադրում արեց: Քննադատելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի մոտեցումները, Հրանտ Մելքումյանը հիշեցրեց 1990-ական թվականների սկզբները, երբ ներքին պայմանավորվածությամբ Շահումյանը հանձնվեց, ադրբեջանական բանակն առիթից օգտվելով հասավ մինչեւ Չլդրան: Վտանգը` պայմանավորված պատերազմի հավանականությունն է, որի հետեւանքով հակառակորդը կարող է հասնել մինչեւ Ասկերան. մասնավորապես սա էր Հրանտ Մելքումյանի մտահոգության շտրիխը:

«Հայրենիք» պատգամավորական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն իր հերթին նկատեց, որ Ղարաբաղը կարգավորման սեփական փորձագետներ ու վերլուծաբաններ չունի, եւ հայաստանյան փորձագետների վերլուծությունները պարբերաբար լսելը օգտակար կլինի քաղաքական կողմնորոշումների առումով: Արթուր Թովմասյանի դիտարկմամբ, չպիտի բացառել ուժի գործոնը անկախության ճանաչման գործընթացում, քանզի Կոսովոն, Հարավային Օսիան ու Աբխազիան հենց դրա կիրառման արդյունքում են ճանաչվել: Ինչ մնում է ԼՂՀ ճանաչման մեխանիզմներին, ապա խորհրդարանականի կարծիքով, կարելի է լոբբիինգի միջոցով ճանաչումն սկսել Ռուսաստանի կամ թեկուզ Հայաստանի սուբյեկտներից: Նախ մարզերը կարող են ճանաչել մեզ, որից հետո պետությունները կօրինականացնեն իրավական փաստը: Այս համատեքստում նա հիշատակեց ԼՂՀ արտգործնախարարի արտահայտած այն միտքը, թե պետք է ճանաչման գործընթացն առանձնացնել բանակցային գործընթացից: Միեւնույն ժամանակ, Արթուր Թովմասյանը դժգոհություն հայտնեց, որ ԼՂՀ նախագահի շնորհավորանքի ուղերձները Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման առթիվ, չեն տեղադրվել այս երկու երկրների պաշտոնական կայքէջերում:

ԱԺ «ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը կոչ արեց պրագմատիկորեն վերաբերվել ստեղծված իրավիճակին: Կարգավորման ողջ կոմպլեքսը պետք է ընկալելի լինի, եթե դա չկա` ի չիք են դառնում ակնկալիքները: Դրա համար պետք է արտգործնախարարությունը իրադրությունից բխող նոր առաջարկներ ներկայացնի, որոնք բանակցություններում նոր տարրեր կավելացնեն, գտնում է Վ. Աթանեսյանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն , իր իսկ բնութագրմամբ, լսումներում հանդես եկավ ոչ թե պաշտոնական տեսակետով, այլ որպես փորձագետ: Այսպես, Նրա կարծիքով, երկրները փորձում են ճշտել իրենց խորքային դիրքորոշումները: Իրանն ու Ռուսաստանն իրենց ինքնաբավ են հայտարարել եւ պատրաստ են հարաբերություններ ստեղծել աշխարհի հետ: Թուրքիան այդ ճանապարհին է, իսկ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել` իբր թե ձգտում է դեպի Եվրոպա, սակայն իրականում ասիական բռնապետություն է: Իրավական առումով անթերի նախադեպ, որպիսին Ղարաբաղինն է, աշխարհում մեկ ուրիշը չկա, նշեց Քոչարյանը: Դահլիճում նստածների որոշ մտահոգությունները նկատելով, ՀՀ փոխարտգործնախարարը հավաստիացրեց` ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, որոշողը դուք եք լինելու, պետք է ամուր պահել ղարաբաղցուն հատուկ ոգին ու լուրջ քայլեր անել: Շավարշ Քոչարյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե իբր Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին պատրաստակամություն է հայտնել հողերը հանձնելու հարցում: Դա ադրբեջանական մամուլի տեղեկատվությունն էր, թուրքական մամուլում նման բան չի եղել, եթե լիներ` անպայման մեր կողմից պաշտոնապես կհերքվեր, լսումների մասնակիցներին հանգստացրեց ՀՀ փոխարտգործնախարարը:

Ուշագրավ էին ՀՀ-ից ժամանած փորձագետների տեսակետները: Ստեփան Գրիգորյանը , մասնավորապես, ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Ղարաբաղում հնչեցին այնպիսի կարծիքներ, որոնք Հայաստանում չեն հնչել: Նա գտնում է, որ մեր տարածաշրջանում մեկից ավելի «խաղացողն» ավելի ձեռնտու է, որովհետեւ առանձին վերցրած Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի բացարձակ ներազդեցության պայմաններում Ղարաբաղը հեշտությամբ կհանձնվի Ադրբեջանին: Ինչ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, փորձագետի կարծիքով, այն կքանդվի համանախագահության անդամ երկրների միջեւ առկա հակասությունների պատճառով: Ստեփան Գրիգորյանը ողջունում է ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները` ուղղված ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պահպանելուն:

ԼՂՀ նախագահի աշխատակազմին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի համոզմամբ, անընդունելի է, որ Հայաստանի բուհերում չեն ուսումնասիրում ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Անհրաժեշտ է Ղարաբաղը ճանաչելի դարձնել հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը չի կարող ինքնաբավ լինել, եթե պարտություն կրի Ղարաբաղի հարցում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը շեշտելով, որ գիտականորեն հիմնավորված հայեցակարգ չունենք, հետեւյալ միտքն ընդգծեց` ազգային խնդիրներին չպիտի մոտենալ կուսակցական դիրքերից: Կարեւորը ճիշտ բանաձեւումն է, սահմանների բացումն ու տարածքներ հանձնելը անհամադրելի արժեքներ են: Սահմանները վաղը կարող են նորից փակվել, բայց հանձնված տարածքները հնարավոր չի լինի վերադարձնել: Կա նաեւ քարոզչության բաժանման խնդիր, եւ այս հիմամբ նա կարեւորեց վերլուծական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը:

Փորձագետ Արմեն Այվազյանն իր ելույթում նշեց, որ Արցախը նույն չափով է պատասխանատու Հայաստանի համար, որչափ յուրաքանչյուր հայ: Բայց Արցախն ունի ինստիտուտներ, որոնք, չգիտես ինչու, չեն արձագանքում հայաստանյան իրադարձություններին, հատկապես իշխանությունների հայտարարությունների առնչությամբ: Արմեն Այվազյանը կասկածի ենթարկեց թուրքական պլատֆորմի գաղափարը, գտնելով, որ դրանցում հակասություններ շատ կան: Թուրքերն իրենց խաղն են անում, իմանալով, որ դա իրենց չի հաջողվի, համոզմունք հայտնեց փորձագետը:

Ամփոփելով լսումները, վարող Վահրամ Աթանեսյանն օգտակար համարեց հնչած տեսակետները, խոստանալով առաջիկայում բոլոր առաջարկներն ամփոփ ձեւով ներկայացնել գործադիրին` քաղաքական կողմնորոշումներին նպաստելու նպատակադրությամբ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4