«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2008-10-21 | #194, 2008-10-22 | #195, 2008-10-23


ՌԵՊԼԻԿ

Երեւանը զինաթափվում է

Հիմա առանց վախ ու սարսափի կարող եմ գալ Երեւան: Հիմա քաղաքի փողոցներում նրանց նկարները հատուկենտ են երեւում: Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, ամեն ինչից երեւում էՙ վատ մարդիկ չեն: Նրանց մի մասին անձամբ ճանաչում եմ, ում էլ չեմ ճանաչում, կուզենայի ճանաչել: Անկեղծ ասած, ես ոչ թե նրանց նկարներից էի սարսափում, այլ նկարների տակ գրվածից:

Կարդում էիՙ

«Իմ զենքը Ձեր ժպիտն է», եթե դեմքիս ժպիտ կար, տեղնուտեղը սառչում էր:

«Իմ զենքը Ձեր առողջությունն է», թուքս բերանումս չորանում էր:

«Իմ զենքը թատրոնն է», վախից թատրոնի կողմ չէի թեքվում:

«Իմ զենքն իմ երգն է», ինչպիսի սադիզմ, շուրթերից երգի հետ կրակ ու հուր է թափում:

«Իմ զենքն իմ երաժշտությունն է», երեւի երաժշտության միջոցով մարդ է սպանում:

«Իմ զենքն իմ արվեստն է», եթե արվեստն էլ զենք են դարձրել, ուրեմն Երեւան մտնել այլեւս չարժե, ամեն քայլափոխի «Երկու աստղերը», «Հինգ աստղերը», «Ժողովրդական երգիչները», «Սուպերսթարները», «Ադամանդներն» ու «Աստղիկները» կելնեն դեմդ, ատրճանակը դեմ կտան քունքիդ եւ կասեն, չգիտեմ ինչ կասեն, վերջապես ինչ ուզենՙ կասեն, եւ սարսափելին այն է, որ դու չգիտեսՙ ինչ պատասխանես, որ կաշիդ փրկես նրանց ձեռքից:

«Իմ զենքը ֆուտբոլն է», Նիկիտա Սիմոնյանի դիմանկարի տակի այս տողերը կարդալուց հետո ես հաստատապես որոշեցի այլեւս չգնալ ոչ մի ֆուտբոլի, նույնիսկ պատմական համարվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Գուցե իմ նման ուրիշ մտածողներ էլ կային, այդ պատճառով այդքան քիչ մարդ էր գնացել խաղին:

Անկեղծ ասած, զինավառ այդ մարդկանց պատճառով ես արդեն քանի ամիս Երեւան չեմ գալիս: Զենքից վախենալու սարսափը մի կողմ թողնենք, ես նաեւ չեմ կարողանում հասկանալ, թե բոլոր այս երեւելի մարդիկ ինչո՞ւ են զինված, նրանց ինչի՞ն է պետք զենքը: Ումի՞ց են վախենում կամ իրենց զենքերով ո՞ւմ են ուզում վախեցնել: Սովորաբար երգիծական ժանրի լրագրողներն ու գրողներն են փոխաբերական իմաստով ասում, որ իրենց գրիչը իրենց զենքն է: Ես նրանց մի կերպ կհասկանայի: Պիտի ասեմ, որ մայրաքաղաքի փողոցները զարդարող պլակատներում ես այդպես էլ չտեսա Հայաստանի մի գրողի կամ լրագրողի դիմանկար, երեւում էՙ դրանցից Հայաստանում չկան: Իսկի չլիներՙ «Հայլուր»-ից մի լրագրող կճարվեր:

Ինչեւիցե, հետզհետե նրանց նկարներն իրենց բարձունքից իջնում են ցած, երեւում էՙ եկել է նրանց զինաթափելու շրջանը:

Հիմա էլ ուրիշ բան եմ նկատում մայրաքաղաքում: Թանկարժեք կոստյումներն ուսերին գցած, օսլայած վերնաշապիկներով, համակարգչային «ֆոտոշոպ» ծրագրով լավ մշակված դեմքերով երիտասարդների դիմանկարներ են ներխուժել մայրաքաղաք:

Դրանցից մեկի տակ գրված է. «Ես գալիս եմ աշխատելու»: Երեւի նկատի ունի, որ մյուսները գալիս են թալանելու, վատնելու, փչացնելու: Գուցե իսկապես ինքն էլ այդ նույն նպատակով է գալիս: Ինչպես «Մեծապատիվ մուրացկանի» Աբիսողոմ աղան կասեր. «Ես ասանկ կասեմ, դու անանկ հասկացի»:

Կամ մեկ ուրիշ նախընտրական գովազդի պլակատում գրված էՙ «Հաղթելու եմ»: Երեւում էՙ այս երիտասարդները դասեր չեն քաղում: Նման մի նախադեպի համար իշխանության բռնազավթման հոդվածով մարդիկ բանտ են նստել, եւ հայտնի չէՙ երբ կազատվեն:

Մայրաքաղաքի գովազդային վահանակներին եթե լրջորեն վերաբերվես, կկորցնես ոչ միայն առողջ դատողությունդ, այլեւ ցերեկային աշխատանքդ ու գիշերային քունդ: Երբեմն չես կարողանում կռահել, թե դրանք ում եւ ինչի համար են նախատեսված: «Ում»-ի հարցը դժվար է հասկանալ, իսկ «ինչի» հարցը միանգամայն հասկանալի է: Քաղաքը զարդարելու ամենահեշտ եւ ամենաեկամտաբեր գործն է սա: Ում մտքով ինչ անցնում է, թող ասի, միայն թե նախապես թող մուծի:

Հետո էլ գնում եվրոպացիներին գանգատվում են, թե մեզ մոտ խոսքի ազատություն չկա:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4