«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2009-02-20 | #30, 2009-02-21 | #31, 2009-02-24


ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ. «ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ, ԵՐԲ ԱՐԵՎ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ»

Այս խոստովանությունը հայ ճարտարապետության մեծ երախտավոր Արմեն Հախնազարյանը փոխանցել էր ինձ Գերմանիայի հինավուրց Աախեն քաղաքի իր առանձնատանը, իր հայախոս գերմանուհի տիկնոջ ներկայությամբ, երբ այցելել էի իրեն «Ազգ» -ի համար հարցազրույց վարելու: Քաղցկեղով ծանր հիվանդ հայ պատմագիտական հուշարձանների անխոնջ ու խիզախ պաշտպանը այդ օրերին մեծ փոթորիկ էր բարձրացրել ՄԱԿ-ում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ատյաններում Ադրբեջանի բանակի միավորների կողմից Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար քանդման պատճառով:

Արմեն Հախնազարյանի հետ ծանոթացել էի 1972-ին Աախենում, իրանահայ արձակագիր Խաչիկ Խաչերի (Գալստանյան) միջոցով: Երկուսն էլ ճարտարագիտական ուսանողներ` Աախենի համբավավոր համալսարանում: Այն ժամանակ ապագա գիտնականն ու հայկական հուշարձանների վերականգնողը պատմեց Իրանի թագուհի Ֆարահ Դիբայի հետ իր հանդիպման մասին, երբ խնդրել էր Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի վերականգնման օժանդակություն Իրանի պետությունից եւ հասել իր նպատակին:

Արմեն Հախնազարյանին դարձյալ հանդիպեցի մայր հայրենիքում` իր սիրելի մեծ գործի շարունակող Սամվել Կարապետյանի տանը: Նրանց համագործակցությամբ իրագործվեցին հայկական վանքերի, եկեղեցիների, խաչքարերի չափագրությունն ու վերականգնումը Հայաստանում եւ մեր բռնագրավված տարածքներում, Արցախում եւ այլուր:

Այս հսկայական աշխատանքների երկարամյա ֆինանսավորումը Արմեն Հախնազարյանը կարողացավ իրագործել աշխարհասփյուռ գործակիցների օգնությամբ: Միայն վերջերս հայրենի կառավարությունը, հասկանալով այս անգնահատելի աշխատանքի կարեւորությունը, կարողացավ որոշ օժանդակություն ցուցաբերել արխիվների տպագրական աշխատանքներում:

Արմեն Հախնազարյանի հայրը, ում Հայաստանի առաջին հանրապետությունը որպես տաղանդավոր ուսանողի Եվրոպա ուղարկեց, Նախիջեւանից տեղափոխվելով Իրան` սերունդներ դաստիարակեց հայ ժողովրդին ծառայելու համար: Դժբախտաբար անժամանակ կյանքից հեռացավ նրա հայրենասեր որդին, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդին:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Աախեն 1


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4