«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


ԱՆԱՂՄՈՒԿ, ԱՆՓՈՇԻ, ԱՆԿՐԱԿՈՑ ՔԱՂԱՔ...

Քաղաքապետի թեկնածուի ֆանտաստիկ գաղափարի մասին

Երեւանի քաղաքապետի ընտրությանը մասնակցող թեկնածուներից մեկի մտքով ֆանտաստիկ մի գաղափար անցավ. նախընտրական շտաբ հրավիրել բոլոր նրանց, ում անունով կոչվել են Երեւանի փողոցները: Նրա կարծիքովՙ սա չտեսնված, չլսված ժողովրդավարական նախաձեռնություն է, որի միջոցով ինքն առաջին ձեռքից տեղեկություն կստանա քաղաքի բոլոր փողոցների հիմնախնդիրների մասին, ինչի շնորհիվ այնուհետեւ ընտրողներին կարող է ներկայացնել համապարփակ նախընտրական ծրագիր:

SMS-ներ ուղարկեցին բոլոր անվանատերերին: Նշված ժամին գրեթե բոլորը ներկայացան: Առաջինը խոսեց Խաչատուր Աբովյանը:

- Անիծվի էն սհաթը, որ ոտքս մտավ էս փողոց: Բժշկական կոչված կանգառում էնպիսի մի իրարանցում, հարայհրոց, գոռում-գոչյուն, մեքենաների սուլոցների ձայներ լսեցի, կարծեցի ղզլբաշը վրա է տվել: Էդպես, եթե շարունակվի, էս թաղում բժշկական համալսարանի տեղը հոգեբուժական դիսպանսեր պիտի կառուցել: Գետնանցումների փոխարեն ավելի լավ է գետինն անցնես: Չէ, նորից գլուխս առնեմ, հեռանամ էս քաղաքից:

Հաջորդը Միքայել Նալբանդյանը խոսեց:

- Տարիներ առաջ, երբ հայտնի քանդակագործ Նիկողոսյանը հաճեցավ իմ հողեղեն մարմնին շունչ փչել, ես իմ փողոցում կրկին Ազատություն կոչեցի: Դիմացս Հանրապետության հրապարակն էր` Մասյաց սքանչելի պատկերներով: Հիմա հրապարակը աչքիս ոնց որ մեռելահարցուկ լինի. Մասիսների փոխարեն ինչ-որ քեոփսյան բուրգեր են տեսադաշտս փակում: Չեմ հասկանում ինչ է կատարվում Հայոց քաղաքում: Թամանյանը, որքան գիտեմ, Երեւան քաղաքի ճարտարապետությունը որպես սորա ուղիղ ճանապարհ քաշել-գծել էր...

Այդ պահին սրտահույզ ժպիտով խոսակցությանը միջամտեց Թամանյանը`

- Նալբանդյան ջան, ճիշտ է, ես Երեւանի համար ճարտարապետական նախագիծ ստեղծեցի, բայց հետո Երեւանը դարձավ որբի գլուխ, ով ասես վրան ճարտարապետություն սովորեց: Մոռացան ինձ էլ, իմ նախագիծն էլ: Հիմա բոլորը կենտրոնացել են կենտրոնի վրա, արդեն սանտիմետրերով են սկսել տարածքներ վաճառել: Պարոն քաղաքապետի թեկնածու, կխնդրեմ ընտրվելու դեպքում իմ անունը քիչ օգտագործեք...

Եզնիկ Կողբացին փիլիսոփայական ժպիտը դեմքին ընդմիջեց նրան.

- Թամանյան ջան, մի կեղեքվիր, Հայոց մեր երկրում շատ բաներ են եղծվել, մեր անուններով փողոցներ են կոչում, բայց մեզ հետ ոչ մի կապ չունեցող գործեր են կատարվում այդ փողոցներում:

- Օրինակ, իմ փողոցը,- խոսակցությանը միջամտեց Պերճ Պռոշյանը,- ես ամբողջ կյանքս նվիրել եմ հացի խնդրին, բայց իմ փողոցը հիմա միկիտանխաների ու սաունաների փողոց է դարձել:

Այդ պահին քաղաքի ծայրամասերում գտնվող մի շարք փողոցների անվանատերեր ինքնաբացարկի կոլեկտիվ հայտ ներկայացրին թեկնածուին` խնդրելով ընտրվելու դեպքում իրենց անունները հանել փողոցների անվանացանկից: Նրանք գտնում էին, որ իրենց բարի անունը եւ համբավը անարգվում են քարուքանդ եղած, փոշեկուլ փողոցներ կոչելիս:

- Ցավ ի խորոց ասեմ, եղբայրք,- խոսեց Մեծն Մաշտոցը,- բազում չարչարանոք հայոց գրեր արարեցի, որ իմ զավակունք ճանաչեն զիմաստությունս եւ զխրատս, իմանան զբանս հանճարո, սակայն հիմա իմ փողոցում հայերեն եւ հայատառ անունով գրեա թե ոչինչ չեմ տեսնում: Մի՞թե դարձեալ ենք այսորիկ օտարասեր եւ անինքնասեր: Իսկ Պատմահայր Խորենացին կբարբառե` «Զի թեպետ եւ եմք ածու փոքր...»:

Խորենացին զայրացկոտ հայացքով ընդհատեց Մաշտոցին`

- Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, զի ...

- Մի շարունակիր, Պատմահայր, չլինի՞ թե Հյուսիսային պողոտայով ես անցել, նախընտրական այս օրերին բարբառը քո բանսարկություն եւ հակաքարոզչություն կհամարվի,- Խորենացու ականջին շշնջաց Ագաթանգեղոսը:

- Տիար Թամանյան, էդ ճի՞շտ է, որ Հյուսիսային պողոտան քո նախագծով են կառուցել,-խոսակցության թեման քաղաքական հարթությունից շեղեց դիվանագիտության մեջ խորացած Փավստոս Բուզանդը:

- Ի՞նչ ասեմ, սիրելի պատմիչ, գաղափարն իմն է, կատարումըՙ իրենցը:

- Ընգեր Փանջունին կասեր` «Գաղափարը քեզանից, բենզինը իրենցից»: Կերեւա հոս բենզին ծախողները կապրին,- ծաղրի վերածեց Երվանդ Օտյանը, թեեւ նա գիտեր, որ բենզինի մասին խոսքերը Փանջունիինը չեն:

- Սեպենք թե ազգային ջոջերի կամ մեծապատիվ մուրացկանների համար կառուցած է,- փորձեց հստակություն մտցնել Հակոբ Պարոնյանը: - Բան մը ըսեմ` աս քաղաքում գիշերներուն ռեստորաններու մեջեն կրակոցներ կլսվեն, ադիկա հոս հրավառություն կանվանեք, ջանըմ, դա ինձ շատ կվախեցնի: Ինձ` չէ, գոնե պստիկներուն խնայեք:

Անանիա Շիրակացու տեսքը հոգեխռով էր:

- Իմ անունով շքանշան են ստեղծել, շնորհակալ եմ, սակայն շնորհում են մարդկանց, ովքեր գիտությունից տիեզերաչափ հեռու են: Մի բան էլ ես ասեմ Հյուսիսային կոչված պողոտայի մասին, այդ շենքերը, որ կառուցել եք աշխարհին ցույց տալու համար, ճիշտ չեմ համարում, կարդացեք իմ «Աշխարհացույցը», կհասկանաք, որ դատարկ ու սառնաշունչ շենքերով աշխարհին չես զարմացնի, աշխարհացույցի համար մեր ուրիշ արժեքների վրա փողեր պիտի ծախսեիք:

Երվանդ Քոչարը չդիմացավ.

- Քո տունը Հյուսիսային պողոտայում չշինվի, Անանիա Շիրակացի: Սասունցի Դավթի արձանս աշխարհն է ճանաչում, գնա տես` ինչ օրի է ընկել: Մի օյինբազ երգչախմբի Հայաստան հրավիրելու համար 500 հազար դոլար են ծախսում, իսկ Դավթին քիչ է մնում Երեւանի մեջ զինաթափեն, էլ չեմ ասում, որ համբերության բաժակն արդեն եւս են արել, էլ համբերելու տեղ չեն թողել...

Կորյունը, որ խորագիտակ էր մեծաց վարքի մեջ, մինչ այդ լուռ լսում էր, ձայն խնդրեց.

- Եղբայրք, մենք այստեղ հավաքվել ենք չէ թե մեր պատմական ողբերն ու մեր քերթվածքները ներկայացնելու, այլ օգնելու, որ մեր ապագա քաղաքապետը նախընտրական իր քարոզչությունը ճիշտ կազմակերպի, չընկնի դռնեդուռ, ստորագրություններ, անձնագրեր եւ այլք հավաստագրեր չհավաքի, որ հետայսու քսու խաբեության ու պժգալի խարդախության զոհ չդառնա:

Քաղաքապետի թեկնածուն տեսնելով, որ իր այս գաղափարը հեռուն կտանի, մեր մեծերի հոգիները խռովյալ են, խոսակցության վերջն էլ չի երեւում, հրավիրվածներին խնդրեց իր համար երկու-երեք բառերից կազմված կարգախոս առաջարկել:

Հնչեցին հետեւյալ կարգախոսերը: Մաշտոցի ապսպրանքով դասավորեցին այբբենական կարգով`

Անաղմուկ քաղաք

Անկրակոց քաղաք

Անփոշի քաղաք

Ազատախոս քաղաք

Քաղաքապետի թեկնածուն կանխեց`

- Բավ է, էդքան բան հազիվ թե իրականացնեմ:

- Ազատախոս բառը առաջինը պիտի կարդայիր, զավակս,- ուղղում մտցրեց Մաշտոցը:

Գրիգոր Լուսավորիչը, որն իր փողոցը միշտ Խոր Վիրապի հետ համեմատելիս լավատեսությամբ էր տոգորվում, քարոզչական իր խոսքը բարբառեց.

- Սիրելի իմ զավակունք, ինչպիսի որոշում եւ վճիռ էլ կայացնեք, հիշեք, որ վասն հայրենյաց հարկ է, որ խաղաղություն լինի ամենեցուն, անկախ սեռից, կուսակցականությունից, մաշկի գույնից, կրթական եւ ունեցվածքի ցենզից, ընտրյալը կստանա փառք, պատիվ եւ իշխանություն, եթե արդարասեր ու մարդասեր, աչքաբաց, բայց ոչ աչքածակ արարած է եւ ամենակարեւորըՙ քրիստոնեական ճշմարիտ հավատքի մեջ է: Ամեն:

Գրի առավ թեկնածուի PR մենեջեր

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4