«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2009-05-09 | #85, 2009-05-12 | #86, 2009-05-13


Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի սցենարով

Հեռուստախաղն այս անգամ նվիրված է քաղաքապետի առաջիկա ընտրությանը: Խաղավար.-Հեռուստախաղին մասնակցության հայտեր էին ներկայացրել Գվիդոնը (Գավառ), Մուշոն (Ապարան), Օնոն (Գյումրի), Վալոդը (Հրազդան), Գոքորը (Վանաձոր), Հովոն (Երեւան, Բանգլադեշ):

Նշված բառերը դասավորել այնպես, որ ստացվի սահմանադրության հոդվածներից մեկը: Ահա այդ բառերը` «իրավունք», «ազատության», «յուրաքանչյուր», «ունի», «մարդ», «խոսքի»:

Եվ այսպես` համակարգիչը հաղթող ճանաչեց Մուշոյին Ապարանից: Նա ճիշտ պատասխանը գտավ ամենից արագ` «Յուրաքանչյուր մարդ ունի խոսքի ազատության իրավունք»: Շնորհավորում եմ: Մուշո, ինչո՞վ է բացատրվում Երեւանի քաղաքապետի ընտրության մեր այս հեռուստախաղին հատկապես մարզերի բնակիչների ակտիվությունը, Երեւանից ընդամենը մեկ մարդ է մասնակցել:

Մուշո.- Երեւանցիներին այս խաղը չի հետաքրքրում, նրանք ուրիշ խաղերի մեջ են:

Խաղավար.- Իսկ ձեզ հատկապես ի՞նչը հետաքրքրեց, որ մասնակցեցիք այս խաղին:

Մուշո.- Այս ընտրության մասին ոմանք ասում են, որ մեր երկրի ապագայի ընտրությունն է լինելու, մյուս մասն էլ, թե մայրաքաղաքում ինչքան ազգուտակ ունեք, ոտի հանեք: Հենց նեղն ընկնում են նոր են մեզ հիշում:

Խաղավար.- Լավ, չշեղվենք խաղից: Ծանոթացնեմ խաղի կանոններին: Ասեմ, որ ունի որոշակի առանձնահատկություններ: Առաջին հարցի ճիշտ պատասխանի դեպքում կստանաք հինգ հազար դրամ, որն անձեռնմխելի է:

Մուշո.- Չէ հա, կարո՞ղ է դա ընտրակաշառք է:

Խաղավար.- Ոչ, ոչ, ի՞նչ եք ասում, հո խելքը հացի հետ չե՞նք կերել: Մեր խաղին հետեւում է ողջ հայությունը, դատախազը մեզ վրա հոդված կդնի:

Մուշո.- Դատախազից արխային, նա մեր մարդն է, քանի ես էստեղ եմ, նման բան մտքերովդ չանցնի:

Խաղավար.- Հարց առաջին. «Ովքե՞ր կարող են մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությանը»: Ա. Սփյուռքահայերը, Բ. Գավառահայերը, Գ. Վրացահայերը, Դ. Երեւանահայերը: Շահող գումարըՙ 5000 դրամ:

Մուշո.-Ա տարբերակը բացառում եմ. սփյուռքահայերը Երեւանից ոնց որ նեղացած են: Բ տարբերակը մի քիչ խելքի մոտիկ է, մայրաքաղաքում հիմա ավելի շատ գավառներից եկածներն են, քան բուն երեւանցիները, բայց բոլոր դեպքերում գավառցին մնում է գավառցի: Գ տարբերակը նույնպես բացառում եմ. վրացահայերը իսկի իրենց մոտ չեն կարողանում ընտրություն անել, ուր մնաց էստեղ մասնակցեն: Մնաց Դ տարբերակը` երեւանցիները:

Խաղավար.- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:

Մուշո.- (Մտքերի մեջ է ընկնում): Ի՞նչ, մտածում եք, որ եթե գործող քաղաքապետի օգտին չքվեարկեն, երեւանցիներին թույլ չե՞ն տա մասնակցել ընտրություններին:

Խաղավար.- Ես ոչինչ էլ չեմ մտածում, պատասխան տվողը դուք եք:

Մուշո.-(Վճռական) Տարբերակ Դ` երեւանցիները:

Խաղավար.- Այո: Ճիշտ պատասխանը` ... երեւանցիները: Մուշոն շահեց 5000 դրամ առաջին անձեռնմխելի գումարը:

Խաղավար.- Երկրորդ հարց. «Ի՞նչը սովորաբար չի արվում ընտրությունների ժամանակ»: Ա տարբերակ` Ասֆալտապատում, Բ տարբերակ` Մրցակցին ծեծուջարդ, Գ տարբերակ` Նախընտրական ծրագրի ներկայացում, Դ տարբերակ` Անձնագրերի հավաքագրում: Այս հարցին ճիշտ պատասխանելու դեպքում կստանաք 250 000 դրամ: Հիշեցնեմ, որ ունեք օգնության երեք հնարավորություն:

Մուշո.- Ա տարբերակն սկզբից եւեթ բացառում եմ:

Խաղավար.- Ինչո՞ւ:

Մուշո.- Որովհետեւ եթե ասֆալտապատում չանեն, ժողովուրդը որտեղի՞ց կիմանա, որ ընտրություններ են լինելու:

Խաղավար.- (հեգնանքով) Երկաթյա տրամաբանություն:

Մուշո.- Բ տարբերակը` ծեծուջարդը նույնպես ընդունված է, առանց դրա ընտրություն չի լինի: Սա էլ դուրս եկավ: Գ տարբերակը, անկեղծ ասած, մի քիչ հասկանալի չէ, ի՞նչ է նշանակում նախընտրական ծրագիր, այդ բանը առաջին անգամ եմ լսում, գուցե ինչ-որ բան սխա՞լ է գրված:

Խաղավար.- Ոչ մի սխալ բան չկա: Նախընտրական ծրագիրն այն է, որ թեկնածուն ներկայացնում է աշխատանքները, որոնք խոստանում է իրագործել ընտրվելուց հետո:

Մուշո.- Բա, որ չիրագործի, ի՞նչ է լինելու:

Խաղավար .- Ոչ մի բան, հաջորդ անգամ նրան չեք ընտրի, մյուսին կընտրեք:

Մուշո.- Բայց ի՞նչ իմանամ, թե էն մյուսը խոստումը կիրագործի:

Խաղավար.- Չգիտեմ, որոշողը դուք եք:

Մուշո.- Լավ, էս մի տարբերակն էլ թողնենք: Անցնենք Դ տարբերակին: Անձնագրերի հավաքում: Իմ կարծիքովՙ սա քաղաքակիրթ ձեւ է, ընտրվողը ուզում է մոտիկից ծանոթանալ իր ընտրողի հետ, իմանալ նրա հասցեն, ծննդյան օրն ու տարեթիվը, որ ընտրվելու դեպքում կարողանա ծնունդը շնորհավորել, չեմ հասկանումՙ ինչ վատ բան կա դրանում: Այս տարբերակը նույնպես բացառում եմ: Էս ինչ դժվար հարցեր եք դրել:

Խաղավար.- Կարող եք օգտվել օգնության հնարավորությունից:

Մուշո.- Լավ, 50/50 վերցնենք:

Համակարգիչը թողեց երկու տարբերակ` Բ տարբերակՙ Մրցակցին ծեծուջարդ, Գ տարբերակՙ Նախընտրական ծրագրի ներկայացում:

Մուշո.- Բ տարբերակը` ծեծուջարդը, կարծում եմ, անհրաժեշտ է, առանց դրա կարգուկանոն չի լինի: Գ տարբերակն է, այսինքն ծրագրերի ներկայացումը:

Խաղավար.- Դա վերջնակա՞ն պատասխանն է:

Մուշո.- Այո, որքան հասկացա` նախընտրական ծրագիրը թեկնածուների «ճանապարհային քարտեզն» է, որը հրապարակման ենթակա չէ:

Խաղավար.- Պատասխանը ճիշտ է: Դուք շահեցիք 250 000 դրամ:

Խաղավար.- Երրորդ հարց. «Եթե ազգանունդ չկա ընտրական ցուցակներում, ում է հարկավոր դիմել»: Ա տարբերակ` Ոստիկանությանը, Բ տարբերակ` Ընտրական հանձնաժողովին, Գ տարբերակՙ Դատախազությանը, Դ տարբերակՙ Թաղային հեղինակություններին: Այս հարցին ճիշտ պատասխանելիս կստանաք 500 000 դրամ:

Մուշո.- Ոստիկանությանը դիմելը, կարծում եմ, ճիշտ չէ, մենք հո գործ տվող չենք: Նրանցից ինչքան հեռու, էնքան ապահով: Ընտրական հանձնաժողովն, իր գործերով զբաղված, մեզ վրա չի էլ նայի: Իմ կարծիքով, սրանց բոլորի հետ էլ թաղային հեղինակությունները լավ հարաբերություններ ունեն, գուցե սրանց դիմելն է ճիշտ: Բայց ներքին ձայնս ասում է, որ պիտի դատախազին դիմենք, ոնց էլ լինիՙ մեր մարդն է:

Խաղավար.- Մի շտապեք, դեռ հնարավորություն ունեք արտաքին ձայնին լսելու. դահլիճի օգնությանը դեռ չեք դիմել:

Մուշո.- Ճիշտ ես ասում, դիմենք դահլիճին:

Դահլիճի քվեարկությամբ գերակշռողը ոստիկանությունն էր:

Մուշո.- Ինչ արած, պիտի համաձայնեմ, ձայն բազմաց, ձայն Աստծո:

Խաղավար.- Եթե ընդունում եք դահլիճի կարծիքը, պիտի ասեմ, որ ... դուք ճիշտ եք: 500 000 Ձերն է:

Խաղավար .- Վերջին հարցը. «Ով է դառնալու Երեւանի քաղաքապետ» Ա տարբերակ` ՀՀԿ ներկայացուցիչը, Բ տարբերակ` ԲՀԿ ներկայացուցիչը, Գ տարբերակ` ՀԱԿ ներկայացուցիչը, Դ տարբերակ` ՀՅԴ ներկայացուցիչը: Շահող գումարն է մեկ միլիոն:

Մուշո.- Որքան գիտեմՙ ՀՀԿ-ն «Առաջ, Հայաստան» գոռացողներն են, առաջ կգոռան հետ-հետ կերթան, ԲՀԿ-ն ասում է. «Միասին կառուցենք բարգավաճ երկիր», առայժմ միայն իրենք են բարգավաճում , ՀԱԿ-ը «Պայքար, պայքար մինչեւ վերջ» գոռացողներն են, որի վերջը այդպես էլ չի երեւում: ՀՅԴ-ն «Մահ կամ Ազատություն» կգոչե, եղբայր, մահը երբ ասես կլինի, ասա ազատությունը լինի: Չէ, երեւի գումարս վերցնեմ, դուրս գամ խաղից: Ինձ թվում է` սրանցից ոչ մեկն էլ չի անցնի:

Խաղավար.- Դուք դեռ օգնության մեկ հնարավորություն ունեք` զանգ ընկերոջը:

Մուշո.- Իսկապես, մոռացել էի: Զանգենք ընկերոջս:

Խաղավար.- Ձեր ընկերոջ անունը, ինչո՞վ է զբաղվում:

Մուշո.- Սոցիոլոգ է, առանց նրա ոչ մի ընտրություն չի լինում: Ահարոն Իբեկյան:

Զանգ Ահարոնին: Ժամանակացույցը աշխատում է:

Մուշո.- Ահարոն, «Ո՞վ է դառնալու Երեւանի քաղաքապետ» հարցին ճիշտ պատասխանի դեպքում մեկ միլիոն կստանամ:

Ահարոն.- Դոլա՞ր, թե՞ դրամ: Զգույշ եղիր, հաճախ դոլար են ասում, վերջին պահին դրամ են դարձնում, ես իմ դառը փորձից գիտեմ: Մի հարց էլ` գումարը հիմա՞ են տալիս, թե՞ ընտրությունից հետո:

Մուշո.- Երեւի ընտրությունից հետո: Իմ պատասխանի ճշտությունը, ասում են, ընտրությունից հետո կերեւա:

Ահարոն.- Դե, որ այդպես է, այնպիսի պատասխան տուր, որ ոչ մեկը գլուխ չհանի:

Մինչեւ Մուշոն կմտածեր պատասխանի մասին`

Խաղավար.- Ձեր ժամանակը սպառված է: Ձեր շահած գումարը կազմում է 5000 դրամ: Շնորհավորում եմ:

Մուշո.- Դե ասա, ընտրակաշառք եք տալիս: Սա ձեզ վրա էժան չի նստի:

Էպիզոդ.- Մուշոն դիմումը ձեռքին շարժվում է դեպի դատախազություն:

ՎԵՐՋ:

Հեռուստախաղը վարեց ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Հրազդան» հեռուստաընկերություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4