«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2009-05-27 | #97, 2009-05-28 | #98, 2009-05-29


ԶՈՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Սոցիոլոգիական հետազոտման մեթոդներով

Կենդանաբանական այգու (խոսակցական լեզվով` գազանանոցի) տնօրենությունը լուրջ մտատանջությունների մեջ էր: Առջեւում գազանանոցին (խոսակցական լեզվով` զոնին) նայող ուժի ընտրությունն էր լինելու: Առանց այդ ընտրության գազանանոցն անկառավարելի էր դառնում, էլ չենք ասում, որ Գազանանոցների եվրոպական ասոցիացիան առիթը բաց չէր թողնում ամեն անգամ հիշեցնելու, որ անհրաժեշտ է գազանանոցի կարգավիճակի հստակեցում` միջազգային չափանիշներին համապատասխան:

Եվ այսպես, ընտրության օրերը մոտենում էին: Գազանանոցի տնօրենության հուզախռով վիճակը օրեցօր սաստկանում էր. տարբեր վանդակներից, տարբեր գազաններից գրեթե ամեն օր տագնապալից լուրեր էին ստացվում գազանների բախումների, գզվռտոցների, միմյանց հոշոտելու վերաբերյալ:

Թվում էրՙ զոնը նայողի թեկնածուների նախնական առաջադրումն արդեն հաջողությամբ կայացել էր: Թեկնածուները հիմնականում առավել ուժեղ կենդանիներն էին: Թեեւ թեկնածուների կազմում չէին ընդգրկվել ընտրվածներից ոչ պակաս ուժեղ կենդանիներ, օրինակ` փիղը, ուղտը, ռնգեղջյուրը, էլ չենք խոսում, որ տնային կենդանիներից ոչ մեկը, ասենք` եզն ու ձին, ավանակն ու ոչխարը այդ ցուցակի մեջ մտնելու շանսեր բոլորովին չունեին: Որովհետեւ նախնական ընտրափուլում սրանք չէին գտել իրենց օգտին աշխատող ճիշտ կարգախոսներ եւ անհաջողության էին մատնվել: Իսկ, օրինակ, առյուծը շատ ճիշտ էր ընտրել իր կարգախոսը` դրոշի վրա գրելով. «Իմ ուժն իմ մռնչոցի մեջ է»: Վագրը գրել էր. «Իմ ուժն իմ ցատկի մեջ է»: Օձն էլ գրել էր. «Իմ ուժն իմ խելքի մեջ է»: Բորենին ընտրել էր. «Իմ ուժն իմ սուր ժանիքների մեջ է» կարգախոսը, իսկ շնագայլը, որին ավելի հաճախ շաքալ էին անվանում, գրել էր. «Իմ ուժն իմ արագ կողմնորոշվելու մեջ է»:

Ընտրապայքարում ձայներ չշահեցին էշն ու ոչխարը, որոնք ընտրել էին համապատասխանաբար «Իմ ուժն իմ էշության մեջ է» եւ «Իմ ուժն իմ ոչխարության մեջ է» կարգախոսները: Մի խոսքով` ամեն մեկը գտել էր ուժի ցուցադրման իր բանաձեւը, ինչն էլ նրանց հաջողությունների կամ անհաջողությունների գաղտնիքը կամ պատճառն էր համարվում:

Որպեսզի գազանանոցում կրքերը հանդարտվեն եւ ընտրությունները խաղաղ պայմաններում անցկացվեն, գազանանոցի տնօրենությունը որոշեց գտնել քաղաքակիրթ մի եղանակ: Այդ նպատակով ընտրությունից մի քանի օր առաջ հրավիրեց հայտնի կենդանաբանին, որն էլ խոստացավ առանց աղմուկի, գազանների գլուխները հարդարելով, կենդանաբանական հետազոտություն անցկացնել գազանանոցում: Մշակվեցին հարցման ռազմավարական եւ մարտավարական ծրագրեր, կոնցեպտուալ խնդիրների հստակեցման հայեցակարգ, վերջում որոշվեց հարցման համար վճարվող գումարի չափը:

Առաջին բանը, որ արեց զոոլոգը, գումարի բաշխումն էր: Գումարն այնքան էլ մեծ չէր (այսպիսի դեպքերում տնօրենությունը սովորաբար մատնանշում էր տնտեսական ճգնաժամը եւ միջոցների սղությունը):

Բնական է` մեծ մասնաբաժինը պիտի վերցներ գլխավոր զոոլոգը: Այնուհետեւ, ինչպես կարգն է, որոշակի բաժին հանվեց զոոլոգիական հետազոտության հարցեր մշակողին, գրասենյակային ծախսերին, տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներին, տակը գրեթե բան չմնաց բուն հարցումն անցկացնողներին: Սրանք սովոր էին քչով բավարարվող ժուժկալ կյանքի, շեֆի բնավորությունն էլ լավ գիտեին, ասացին` Շեֆ, քեզ ի՞նչ է պետք:

Շեֆը թե` «Ինձ պետք է, որ ընտրությանը հաստատ մասնակցելու որոշում կայացրած լինի հարցվածների 37,5 տոկոսը, որոնց ձայնը բաշխվելու է հետեւյալ կերպ` 57 տոկոս առյուծին, 23 տոկոս վագրին եւ 13 տոկոս օձին: Մնացածն էլ բորենուն, շակալին եւ մյուս թեկնածուներին, որոնք առայժմ չեն կարողանում հաղթահարել յոթ տոկոսի արգելքը»:

«Եղավ, շեֆ, խնդիր չկա», ասացին հարցում կատարողները:

Ընտրությունից տասն օր առաջ գլխավոր զոոլոգը մամլո ասուլիսում հրապարակեց հարցման արդյունքները: Ինչպես նախատեսված էր. «Առյուծին` 57 տոկոս, վագրին` 23 տոկոս, օձին` 13 տոկոս: Զոոլոգը նաեւ ասաց, որ վագրի վարկանիշը վերջերս աճել է 3 տոկոսով` շնորհիվ իր ցուցադրական ցատկերի, առյուծինը աճել է 0,9 տոկոսով, կարող էր ավելին լինել, եթե առյուծը մեկ-մեկ ցույց տար, որ կարող է մռնչալ: Իսկ օձին ընտրողների թիվը նվազել է մոտ 7 տոկոսով, որովհետեւ օձը քաղաքականացրել է ընտրությունը, մինչդեռ գազանանոցի բնակիչները ընտրությունը միայն ընտրակաշառքի տեսքով են ընկալում:

Լրագրողներից մեկը գլխավոր զոոլոգին հարց տվեց, թե անցած ընտրությանը նույնպես զոոլոգը օձին քիչ տոկոս էր նախատեսել, սակայն նա երկրորդն էր: Գլխավոր զոոլոգը այդ հարցին փիլիսոփայական պատասխան տվեց. «Հոսող նույն ջրի մեջ երկրորդ անգամ ոտք չես դնի, գետը միշտ գերան չի բերի»:

Սակայն գազանանոցի տնօրենի մտատանջությունները զոոլոգիական հարցումից հետո էլ չպակասեցին: Առջեւում լուրջ, անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակներ էին սպասվում:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4