«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2009-06-20 | #115, 2009-06-23 | #116, 2009-06-24


ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Չկա այնպիսի հիմարություն, որը հնարավոր չլինի ուղղել խելքի օգնությամբ, եւ չկա այնպիսի իմաստություն, որը հնարավոր չլիներ փչացնել հիմարության օգնությամբ:

ԳՅՈԹԵ

«Մի հիմար քարը գցեց ձորը ...» շարքից

«Նորամանուկ» մանկական հաղորդաշարի սցենար

Նորածինը բացում է աչքերը, դեմը հեռուստացույցն է, էկրանին` տարբեր քաղաքներից եկած հատուկ կարգավիճակով անձինք, որոնք իրար հերթ չտալով, ներկայանում են եւ արտասանում` «Շահել եմ ավտոմեքենա», «Ջնջեք, որ շահեք», «Հայերը խաղում են Հայլոտո»: Էկրանին խոշոր պլանով երեւում եւ անհետանում են ընտանեկան եւ ոչ ընտանեկան լոտոների ու զառերի ավտոմեքենաները, հեռուստացույցներն ու փոշեկուլները: Նորածնի կողմից զրո ուշադրություն: Նորածինն սկսում է թնգթնգալ, ուզում է քնել. կերակրման ժամն է, բայց չգիտես ինչու մայրիկը չի երեւում: «Կարո՞ղ է գնացել է ինձ համար կրկնուսույց գտնելու», մտածում է նորածինը: Էկրանին խոշոր պլանով երեւում է «Որբեր» հեռուստասերիալի գլխագիրը` երաժշտությամբ: Նորածնի մտքով լավ բան չի անցնում, բայց անմիջապես հիշում է, որ մայրիկն այդ ժամին ինքնամոռաց ու մանկամոռաց, հեռուստասերիալ է նայում: Լացելն անիմաստ է, ստիպված է սպասել մինչեւ գովազդային ընդմիջում:

Գովազդ` «Հայերը խաղում են «Հայլոտո»:

«Հայլուրի» անոնսը` «Այսօր խորհրդարանում բուռն քննարկումներից հետո վերջապես ընդունվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրենքի նախագիծը: ԱԺ նախագահը հավանություն է տվել ԱԺ բակում կառուցվող եկեղեցու ճարտարապետական նախագծին: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ մեր աշխատակիցները եղել են աղետի գոտում: Փոքր խաղատները (կազինոները) դուրս են գալիս մայրաքաղաքից: Խոշորները կարող են ազատ մուտք գործել: Այս եւ ուրիշ նորություններին ավելի մանրամասն ծանոթացեք «Հայլուրի» գլխավոր թողարկման ընթացքում` ժամը 21-ին:

«Հայերը խաղում են «Հայլոտո»:

Նորածինը գովազդից գովազդ մեծանում է:

«Մանկապարտեզՙ սիրո հանդես» հաղորդաշարի սցենար

Էկրանը բացվում է մի տեսարանով, որտեղ մանկապարտեզի սաները Արաշի երգի մեղեդու տակ պորտապար են սովորում` "У меня есть три жена, а четверты будешь ты":

Շնչակտուր ներս է մտնում մանկապարտեզի վարիչը գոռգոռալով.

- Այս ի՞նչ եք անում, բա դուք չեք ամաչո՞ւմ, մեր հայկական երգերը թողած, թուրքի երգի տակ եք պարել տալիս:

Պարուսույցը հոնքերը խոժոռելով դիմում է վարիչին.

- Տիկին, հայկական ո՞ր երգի տակ կարող են երեխեքը այսպես շախով պարել, ցավոք, չունենք:

Վարիչը թե`

- Ինչո՞ւ չունենք, բա մեր Նանան, Հայկոն ու Բղդոն, էլ չեմ ասում «Հայ տղերքը», Արտաշն ու Քարտաշը, Ջուսին ու Սյուզին, ինչ վատ է որ.

Ֆռա, ֆռֆռա, բախտի կարուսել,

Սիրո կարոտից այս երգն եմ հյուսել:

- Ախր դրանց մեջ մուղամն ու շախը քիչ է, երեխեքը շուտ կձանձրանան:

- Մեր Սիրուշոյի «Քելե, քելե»-ն ինչո՞վ է պակաս:

- Տիկին, փորձել եմ, էս երեխեքը քելե, քելեից հետո ասում են քելե էրթանք մըր էրկիր, չգիտեմ ով է դրանց ուղեղը մտցրել էդ բանը:

- Ուզում են, թող երթան, գիտեն` էրկիրը էրկիր է մնացել,- ապա հայացքով փնտրում է դաստիարակչական գծով իր տեղակալին, ասում,- ես քեզ փող եմ տալիս, որ զբաղվես երեխեքի դաստիարակությամբ, այս ի՞նչ վիճակ է մեզ մոտ:

- Լավ, տիկին, վաղը երեխեքին կսովորեցնենք «Մեր հայրենիք` թշվառ, անտեր»-ը:

- Ինչո՞ւ միայն դա, բա մեր «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ը:

Էկրանը փակվում է ծիածանի յոթ գույների հերթակայությամբ:

«Պարմանի» հաղորդաշարի սցենար

Դպրոցական ավարտական քննություն բուհ ընդունվողների համար: Քննասենյակում հայ պարմանիներն ու պարմանուհիներն են :Տիրում է լարված իրավիճակ: Ոմանք հուզմունքից շնչահեղձ են լինում, ոմանք հանգիստ: Նրանք իրենց պատճառներն ունեն: Թեստերը տպագրվել են Անգլիայում, հեղինակները ապրում են Հայաստանում: Նրանք, ովքեր ծնված օրվանից իրենց կողքին ունեցել են կրկնուսույցներ, չեն հուզվում, հանգիստ են. թեստերի հեղինակները կամ իրենց կրկնուսույցներն են, կամ նրանց ընկերները: Իսկ մյուսները անհանգիստ են, որովհետեւ չգիտեն իրենց գլխի գալիքը:

Ծրարը բացվում է վերջապես`

Հարց առաջին` Պետրոս Դուրյանը «Լճակը» գրելիս ոտքերին ի՞նչ գույնի մաշիկներ ուներ` կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ: Ճիշտ տարբերակը ընդգծել:

Հարց երկրորդ` «Վերվարածներ»-ի Արբին ի վերջո ո՞ւմ հետ կամուսնանա`

1. Համեստի, 2, Հոռոմսիմի, 3. Հուռիի, 4. Ինքներդ գուշակեք:

Հարց երրորդ` Այն ո՞ր հայ դերասանն է, որ «Որոգայթում» չորս անգամ սպանվում եւ դարձյալ նոր հերոսի դերում է հանդես գալիս: Դրանք են` 1. Վաղինակ, 2. Բարսեղ, 3. Յուստաս, 4. Ինքներդ գուշակեք:

Քննությունն ավարտվում է: Տասներկու հազար շրջանավարտներից 12-ին, այսինքն` հազարից մեկին է հաջողվում հարցերին ճիշտ պատասխանել: Նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել էին դպրոցական օլիմպիադաներին, անգամ «Հայասպետի» կոչմանն արժանացել` մրցույթից առաջ նախապես տրված հարցերի պատասխանները անգիր անելով, չկարողացան ճիշտ պատասխաններ տալ:

Բողոքի ակցիա: Կրթության նորանշանակ նախարարին շրջապատել են զայրացած ծնողները:

Ծնողներ.- Պարոն նախարար, այս ի՞նչ որոգայթ եք լարել երեխաների դեմ:

Նախարար.- Մեր խնդիրն էր ապահովել հավասար մրցակցային պայմաններ, ինչը եւ իրականացվեց:

Ծնողները համաձայն չեն նախարարի հետ, նրան պատին են դեմ տալիս: Նրանցից մեկն իր զայրույթն է հայտնում, ասելով, թե դպրոցականը ինչպե՞ս կարող է կռահել Պ. Դուրյանի մաշիկի գույնը եւ առհասարակ ի՞նչ կարեւորություն ունի դա:

Նրան պատասխանում են, որ դպրոցականը պիտի ունենա այնքան խոր տրամաբանություն` հասկանալու, որ Պ. Դուրյանը չէր կարող կրել կարմիր, կապույտ եւ նարնջագույն մաշիկներ, քանի որ դրանք մեր դրոշի գույներն են, նա մեր դրոշը ոտնատակ չէր առնի, ուստի պիտի հասկանալ, որ նրա կրած մաշիկները պիտի լինեին սպիտակ: Այսպիսի պատասխանի ծնողներից ոչ մեկը չէր սպասում, նման տրամաբանության դեմ նրանք անզոր էին:

Եղան ծնողներ, որոնք այնուամենայնիվ իրենց անհամաձայնությունը հայտնեցին քննական թեստերի մեջ «Վերվարածների» եւ «Որոգայթի» մասով հարցեր ներառելու առթիվ, երբ դրանք ուսումնական ծրագրերի մեջ չեն մտնում: Նախարարը պատասխան չէր գտնում եւ մտքի մեջ շարունակ կրկնում էր. «Ինչ ղալաթ արեցի, որ իմ հանգիստ գործը թողի, եկա էս փորձանքի մեջ ընկա»: Նախարարության աշխատողներից մեկը փորձեց շեֆին դուրս բերել անհաճո իրավիճակից.

- Ծրագրերում չկա, այս տարի կմտցնենք, վերջապես դպրոցը կյանքի հետ պիտի կապե՞նք, թե՞ ոչ:

Նախարարը հիացած էր աշխատակցի հնարամտությամբ:

Բողոքի ցույցերը, բաց նամակները վարչապետին, երկրի նախագահին շարունակվում են: Որոշ ծնողներ պահանջում են, որ քսան բալ ստացողները նորից քննություններ հանձնեն, կասկածում են, թե նրանք նախապես տեղեկացված են եղել թեստերի հարցերի պատասխաններին:

Երեւի թեստերը պիտի տպագրվեն ավելի հեռու երկրում, քան Անգլիան է: Դատախազության եւ ոստիկանության ուժերը բավարար չեն, բանակն էլ պիտի մասնակցի թեստերի գաղտնիության պահպանմանը:

Էկրանը դանդաղ մթնում է:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4