«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


Europe & Orient ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

  «Ազգի» խմբագրությունը Փարիզից ստացել է Europe & Orient («Եվրոպա եւ Արեւելք») պարբերականի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ համարները: Պարբերականը «Չոպանյան ինստիտուտի» հրատարակությունն է, տնօրենը Վարուժան Սիրապյանն է, գլխավոր խմբագիրըՙ Ժան Կյուրեղյանը: Խմբագրակազմում (որը պարբերաբար նորացվում է) ընդգրկված են հայեր, թուրքեր, ֆրանսիացիներ, Բալկանների եւ Արեւելքի ժողովուրդների ներկայացուցիչներՙ պատմաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ, փիլիսոփաներ եւ այլն: Նյութերի մեծ մասը ֆրանսերեն է, կան նաեւ անգլերեն հոդվածներ:

Ինչ վերաբերում է Փարիզի «Չոպանյան ինստիտուտին», դա Հարավային Կովկասի, Փոքր Ասիայի եւ Միջին Արեւելքի հետազոտությունների անկախ կենտրոն է, որն զբաղվում է նաեւ հայ-ֆրանսիական մշակութային փոխհարստացման հարցերով:

Պարբերականի 6-րդ համարում վերլուծական հոդվածներից մեկը նվիրված է Կոսովոյի անկախացումից հետո Բալկանների վերաիսլամացման հնարավորություններին (իսլամացման առաջին փուլը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանն էր): Հրապարակված են հոդվածներ Լեւենտ Յունսալդիի «Զինվորականությունը եւ քաղաքականությունը Թուրքիայում» գրքից (Փարիզ, 2005):

«Իրաքի պատերազմը եւ Միջին Արեւելքը» հոդվածում մասնավորապես նշվում է, որ պատերազմի հետեւանքով առավել հալածված եւ վտանգված են Իրաքի եւ հարեւան երկրների քրիստոնյաները: Բանն այնտեղ է հասել, որ Սիրիայի եւ Հորդանանի քրիստոնյաների ավելի քան 60 տոկոսը ստիպված բռնել է գաղթի ճանապարհը, իսկ մնացյալները մշտական սպառնալիքի տակ են, տեղահանվում են կամ սպանվում:

Հարութ Սասունյանի հոդվածում այն եզրակացությունն է արվում, որ ԱՄՆ-ը փաստորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խոսքը Արդարադատության միջազգային դատարանին ամերիկյան կառավարության հանձնած մի փաստաթղթի մասին է, որը մաս է կազմում 1951 թ. մայիսի 28-ի «Վերապահումներ ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիայի կապակցությամբ» զեկուցագրի: Դատարանի զեկուցագրի 25-րդ էջում գրված է. «Ցեղասպանության կոնվենցիան ելնում է անմարդկային եւ բարբարոսական արարքներից, որոնք տեղի ունեցան որոշ երկրներում Երկրորդ աշխարհամարտից առաջ եւ դրա ընթացքում, երբ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ամբողջ խմբեր վտանգվեցին եւ ենթարկվեցին կանխամտածված բնաջնջման»:

Դա վերաբերում է նաեւ հայերին: Այսօր ամերիկյան կառավարության այդ քննադատական փաստաթուղթը հանված է արխիվներից, եւ ոչ ոք չի կարող Կոնգրեսում վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը, մանավանդ որ Ներկայացուցիչների պալատը 1975-ին եւ 1984-ին ընդունել է 247-րդ եւ 148-րդ բանաձեւերը ի հիշատակ ցեղասպանության զոհերի:

Պարբերականի 7-րդ համարում վերլուծական հետաքրքրական հոդվածներ կան Եվրոմիության կառավարման դժվարությունների, Թուրքիա-Իսրայել ռազմավարական անխախտ դաշինքի, ռուս-վրացական հակամարտության, վիրահայոց ճնշումների, Լեռնային Ղարաբաղի ապագայի կանխատեսումների, Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին: 8-րդ համարում Կլոդ Մութաֆյանն արձանագրում է, որ ԱՄՆ 50 նահանգներից 42-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց նախագահ Օբաման 2009-ի ապրիլին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Հոդվածներ կան «Հարավային հոսք» գազամուղի, Եվրոմիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության հեռանկարների, թուրքական մամուլում ապատեղեկատվության տարածման եղանակների մասին: Մասնավորապես նշվում է, որ թուրքական մամուլը մշտապես ապատեղեկացնում է, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է: Տվյալ դեպքում աճպարարություններից մեկը միեւնույն տեղեկատվության երկու տարբերակների հրապարակումն է:

Իսկապես լուրջ հրատարակություն է Europe & Orient-ը, որը կարեւոր ներդրում է նաեւ քաղաքական հայագիտության մեջ:

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4